20-ամյակներ, որ նշվում են պանթեոններում…

1583 0

Այսօր էլ արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Արման Կարապետյանի 20-ամյակն էր: 19-ը ամյակը լրացել էր 2020-ի հոկտեմբերի 14-ին, երբ Արմանն իր պարտքն էր կատարում հայրենիքի հանդեպ, բայց… պատերազմ էր, ու Արմանը զոհվել էր` անգամ 19-ամյակը չլրացած…

20-ամյակն էլ նշվեց առանց Արմանի, նշվեց Սիսիանի քաջաց պանթեոնում… Ու մինչ Արմանի հարազատների` պանթեոն գալը երկու երիտասարդ աղջիկ եկան, շնորհավորեցին Արմանին, ծաղիկներ դրեցին նրա` միշտ ծաղկաշատ շիրմին ու լուռ հեռացան…

Արմանի 20-ամյակը նշվեց այնպես, կարծես ինքը ներկա էր, մասնակից էր… Ներկա էին ընկերները, հարազատները, բարեկամները: Նրանք հոգացել էին, որ ամեն ինչ պատշաճ լինի, ջանացել էին, որ ծննդյան որեւէ խորհրդանիշ պակաս չլինի, մտածել էին այնպես, որ Արմանի 20-ամյակը նրա կենսասեր, ուրախ ու բարեհոգի սրտով լինի… Հարազատները կոնյակ բացեցին, ծննդյան տորթ կտրեցին, ծննդյան վարդեր բերեցին, բայց խնկահոտը ուրիշ բանի մասին էր խոսում, լուռ հոսող արցունքները` ուրիշ բանի, պանթեոնում իշխող քար լռությունը` ուրիշ բանի, գերեզմանաթմբին հեղվող կոնյակը` ուրիշ ցավի…

Արմանի հարազատները հիշեցին, որ քսան տարի առաջ էլ հոկտեմբերի 14-ը արեւոտ, տաք, սիրուն օր էր, երբ Արմանը ծնվեց: Քսան տարի առաջ էլ Ռուդիկ Կարապետյանի եւ Արմինե Թավմասյանի տանը տորթ էին պատրաստել եւ աչքալուսանք էին տալիս` առաջնեկի ծննդյան առթիվ…

Որքա~ն 20-ամյակներ նշվեցին պանթեոններում… Որքա~ն 19-20-ամյա տղաներ ընկան անողոք պատերազմում, ընկան, որ 20-ամյակներ այլեւս պանթեոններում չնշվեն…

Շնորհավոր քո երկնային 20-ամյակը, լույս տղա, հայոց բանակի հավերժ զինվոր… Հավերժ փառք քեզ ընդամենը 19-ը աշուն ապրած Արման Կարապետյան, հավերժ խոնարհում քո գալիք բոլոր ամյակներին…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

14.10.2021

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Երբեմն նեղանում եմ աստծուց, թե ինչու է ինձ այսքան ուժեղ ստեղծել… 44-օրյա պատերազմի նահատակ Արեգ Ազարյանի այրի

Տեղադրվել է - Նոյեմբեր 24, 2021 0
Արեգ Ազարյանի եւ Հերիքնազ Աղաջանյանի ընտանիքները Սիսիանի շրջանի Մորենի գյուղ են արտագաղթել 1992 թվականին` Շահումյանի շրջանից: 1994-ին Արեգի ծնողները տեղափոխվել…

ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. ՍԱԿՐԱՎՈՐԸ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ Է «ՍԽԱԼՎՈՒՄ»…

Տեղադրվել է - Սեպտեմբեր 11, 2023 0
Սեպտեմբերի 4-ին Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորվեց սեպտեմբերի 2-ին Սեւ լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով`…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code