ՍԻՍԻԱՆԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՆԱՀԱՏԱԿԸ

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
537 0

Պետական հիմնի հնչյունների ներքո, զինվորական պատվով ու կարգով, զուսպ ու արժանապատիվ այսօր Սիսիանի պանթեոնում հուղարկավորվեց սեպտեմբերի 27-ին ադրբեջանական լայնածավալ հարձակման հետեւանքով Արցախում զոհված զինծառայող Հասմիկ Սմբատի Արզումանյանը:

Նահատակ զինծառայողի հոգու խաղաղության համար Սյունյաց թեմի եւ Սիսիանի զորամասի հոգեւր դասի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Երբ ադրբեջանական հրոսակային ագրեսիայի առաջին օրվա ավարտին հրապարակվեցին առաջին զոհերի անունները, որոնց թվում էր նաեւ Հասմիկ Արզումանյանի անունը, շատերը տարակուսած ենթադրեցին, որ զոհվածի անունը սխալ է գրվել, կամ` վրիպակ կա, ու Հասմիկը տարընթեցում էին Համիկ, բնավ չպատկերացնելով, որ զոհվածը… կին է… Հետո միայն, երբ հարազատ-բարեկամները իրենց գրառումները թողեցին զոհվածների անունների ցուցակների տակ, շատերը մի պահ զգաստացան, մի պահ կարկամեցին, ու երբ իմացան, որ զոհված տղաների կողքին զոհվել է նաեւ կին` Հասմիկ Արզումանյանը, ոչ թե խեղճացան, ոչ թե` լացակումեցին, ընդհակառակը` ցասումը խորացավ, հավատքը բյուրապատկվեց, վրեժխնդրությունը ահագնացավ, ու գիտակցումը, որ հայոց երկրի ազատության համար, տղամարդկանց կողքին ու նրանց հետ կռվում եւ զոհվում է նաեւ հայ կինը, հայ մայրը, համոզվեցին ու համոզեցին, որ ոչինչ չի կարող հաղթել այս ժողովրդին, որ մղում է իր հայրենական մեծ պատերազմը, իր երկրի, իր հողի, իր տան ու իր հարատեւումի ահեղ պատերազմը…

Իր դամբանական խոսքում Սիսիանի զորամասի վաշտի հրամանատար Գագիկ Գեւորգյանը նշեց, որ սիսիանցի հերոս նահատակների թիվը, ցավոք, ավելացավ եւս մեկով, եւ հանուն հայրենիքի այս պատերազմում զինվորական պարտականությունները կատարելիս իր կյանքը զոհաբերեց առաջին կին սիսիանցին` Հասմիկ Սմբատի Արզումանյանը, որ զոհվել էր դավադիր թշնամու կողմից արձակված անօդաչու թռչող սարքի պայթյունից: «Մեր սիրելի Հասմիկը մարտի դաշտում հերոսաբար կատարեց իր վրա դրված պարտականությունները` բարձր պահելով Սիսական աշխարհի հերոսական անունը, կերտելով իր համար անմահության հերոսապատումի էջը, միանալով հայոց արծիվների դյուցազնավեպին: Նրա հայրենավեր գործունեությունը կրկին հաստատեց այն անժխտելի փաստը, որ հայկական լեռնաշխարհում առյուծն առյուծ է, լինի արու, թե` էգ…»,- ասաց վաշտի հրամանատարը:

Երեսունհինգամյա Հասմիկ Արզումանյանը Սիսիանի Նորավան գյուղից էր: Հրաժարվելով քաղաքացիական հեշտ ու անհոգ, առավել անվտանգ ու հարմարավետ կյանքից, Հասմիկն ընտրել էր դժվարին, բայց պատվաբեր` զինվորական ծառայությունը եւ 2014-ից համալրել հայոց բանակի շարքերը որպես կապավոր: Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը իրեն դրսեւորել էր որպես գրագետ, բանիմաց եւ կարգապահ զինծառայող:

Ինչպես նշեց Նորավան գյուղի վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը, մի տեսակ ուրիշ զգացում ես ապրում, երբ հայ կինը, հայ մայրն է նահատակվում հանուն երկրի, հանուն հողի, ինչը էլ ավելի է ոգեպնդում եւ խանդավառում հայ տղամարդուն` կյանքի գնով մինչեւ վերջ կռվելու հանուն հայրենիքի: «Եւ, իսկապես, իզուր չի, որ հայրենիքը համեմատում են մոր հետ, եւ երբ այդ հայրենիքի համար թափվում է նաեւ հայ մոր ու հայ կնոջ արյունը, այն առավել սրբազան ու թանկ է դառնում»,- հավելեց Սլավիկ Պապյանը:

Ծաղիկներով, ծաղկեպսակներով պատվեց հայրենիքի նահատակի թարմ շիրմաթումբը: Վաղուց` դեռուս արցախյան առաջին հերոսամարտերի ժամանակներից այս պանթեոնում խաղաղ ննջող սիսիանցի ազատամարտիկները, վստահաբար, վերից տեսան իրենց միացած նոր նահատակին, կին նահատակին, ու  ձայնեցին իրար, որ իրենց կիսատ թողած սուրբ գործը ավարտին է հասնելու, որովհետեւ հայ կինն էլ իր արյունը խառնեց հայոց հողի ազատագրման սուրբ գործին…

Ու երբ հայ զինվորի արյան հետ հայոց նվիրական ու հերոսական, աստածաշնչյան ու բիբլիական հողին վոթում է նաեւ հայ զինվորուհու արյունը, այսպես է հողը հայրենիք դառնում, այսպես է տարածքը երկիր դառնում, այսպես է սահմանը պետություն դառնում, այսպես է ժողովուրդը ազգ դառնում ու դրվում մեծ ու հզոր Հայաստանի վեմքարը…

#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

29 սեպտեմբեր

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՓԱԿ ԴՌՆԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՅՍ ՇԵՆՔԸ…

Տեղադրվել է - Օգոստոս 13, 2021 0
Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղեր աշխատանքային այցերի շրջանակում ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը օգոստոսի 11-ին աշխատանքային խմբով եղավ նաեւ Սիսիանում գտնվող…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code