ՈՉ ՄԻ ՎԱՅՐԿՅԱՆ ՉԵՄ ՓՈՇՄԱՆՈՒՄ, ՈՐ ՆԱՐԵԿԻ ԿԻՆՆ ԵՄ ԵՂԵԼ…

1404 0

Պատերազմը սկսելու օրը Նարեկը զինակից ընկերների հետ Սիսիանի դիրքերում էր: Հաջորդ օրը լսեցին Արցախում ծառայող քեռորդու` Տարոն Ֆիիպոսյանի զոհվելու բոթը: Միայն սահմանին կանգնած եւ դիրքապահ զինվորը կպատկերացնի ու կհասկանա, թե ինչ է նշանակում նման լուրը… Իջել է դիրքերից, սեպտեմբերի 29-ին Սիսիանի պանթեոնում մասնակցել Տարոնի հուղարկավորությանը եւ հաջորդ օրը վերադարձել ծառայության վայր…

Հոկտեմբերի 8-ին զանգահարել է տուն, կնոջն ասել, որ երեխային չքնեցնի մինչեւ ինքը չգա, բայց չի ասել, որ իրենց Արցախ են տանելու: Սիսիանի զորամաս հասնելուն պես մտել է տուն… Հոկտեմբերի 9-ի գիշերը զանգահարել են, դուրս է եկել, ասել, որ իրենց տանում են Արցախ որպես պահեստազոր… Դրանից հետո կապ չեն ունեցել Նարեկի հետ… Հոկտեմբերի 10-ին, ժամը 5-ի սահմաններում, Հադրութում, Կարմիր Շուկայի մոտ, 15 զոհվածների թվում էին նաեւ Նարեկ Սարգսյանը, Գեղամ Սաֆյանը: Գեղամը ճանաչելի էր, նրա աճյունը շուտ հանձնվեց հարազատներին: Նարեկ Սարգսյանի աճյունը ավելի ուշ` հոկտեմբերի 27-ին: Հոկտեմբեի 28-ին Սիսիանի պանթեոնում Հրահատ Կարապետյանի, Գեւորգ Բաբաջանյանի հետ նույն օրը, նույն ժամին Նարեկ Սարգսյանը հանձնվեց հայրենի հողին:

Հայրը` Ջիվան Սարգսյանը պատմում է, որ Նարեկի կյանքում կարծես ամեն ինչ խիստ ճակատագրական էր: Նարեկը ծնվել է, երբ պատերազմ էր` 1993 թիվ, Նարեկը զոհվեց, երբ պատերազմ էր: «Նրան զինվորական մեքենայով տարանք ծննդատուն, նրան զինվորական մեքենայով տարանք վերջին հանգրվան… 1993-ին պատերազմ էր, բենզին չկար, խնդրել էի զինվորական ընկերոջս` Հրաչին, մի քիչ բենզին գտնել… Քիչ հետո մեր դուռը թակեցին, 3 լիտրանոց բանկայով մի անծանոթ բենզին էր բերել, քիչ անց էլ կնոջս եղբայրը` Ռոբերտ Ֆիլիպոսյանը ինչքան ոստիկան ընկեր ուներ, ուղարկել էր մեր տուն, որ Լուիզային ծննդատուն տանելիս կողքիս լինեին»,- ասում է Նարեկի հայրը` Ջիվանը, հետո պատմում, որ շատ անգամներ է փորձել Նարեկին իր հետ Գերմանիա տանել, որտեղ ինքը, աշխատանքի հույսով, գնացել էր դեռեւս 1999-ին, քանիցս առաջարկել է մեքենամասերի եւ մեքենաների վերանորոգման արհեստանոց դնել Սիսիանում, որեւէ խանութ, որեւէ սպասարկման կետ բացել, բայց Նարեկի սրտով չի եղել, Նարեկը չի սիրել նման աշխատանքներ, ու շարունակել է իր պայմանագրային ծառայությունը Սիսիանի զորամասում: 2017-ին հայրը Նարեկին նորից առաջարկել է իր հետ Գերմանիա գնալ, այս անգամ էլ Նարեկն ասել է, որ մի լավ աղջկա է աչք դրել, ամեն ինչ շատ լուրջ է, ուզում է ամուսնանալ, եւ կրկին հոր հետ Գերմանիա գնալը չի ստացվել…

Ջիվանը նշում է, որ Նարեկը ձեռքի մատների խնդիր ուներ, եւ կարող էր նաեւ ազատվել զինվորական ծառայությունից, բայց ինքը որդուն հորդորել է լիարժեք մարդ դառնալու համար ծառայել բանակում: Նարեկը բուժզննում է անցել, վերջին զննման ժամանակ երբ բժիշկն ասել է` բարի ծառայություն, իրենք ուրախացել են, որ իրենց որդին լիովին պիտանի է բանակին: 2011-2013-ին ծառայությունն անց է կացրել Վեդիի զորամասում, եղել է փայլուն հրետանավոր, անվրեպ նռնականետ, հմուտ վարորդ, ու ծառայության ավարտից հետո, այլ աշխատանք չգտնելով, 2013-ին պայմանագրային ծառայության է մտել Սիսիանի զորամասում:

2018-ի հունվարին, երբ Նարեկը զինվորական պայուսակը վերցրած պատրաստվել է տնից դուրս գալ` դիրքեր գնալու համար, Նոր տարին տանն անցկացնելու համար Գերմանիայից Սիսիան եկած հայրը, նկատելով, որ որդին գրկից բաց չի թողնում դստերը, կրկին հորդորել է թողնել ծառայությունը… Նարեկը պատասխանել է, որ թեեւ շատ դժվար է կնոջն ու երեխային թողնել-գնալը, բայց ամենադժվարը տնից դուրս գալու եւ մեքենա նստելու պահն է, հենց մի քիչ հեռանում ես, գիտակցում ես, որ գնում ես նրանց պաշտպանելու…

Հայրը պատմում է, որ Նարեկը շատ հետաքրքիր երեխա էր, հնարամիտ, վառ երեւակայություն ուներ, լավ պատկերացում, կարողանում էր մարդկանց, իրերը, երեւույթները կերպավորել… փայտի կտորներ էր տաշում, ասում` բջջային հեռախոս է, հատակի շրիշակին ռեմեն էր ամրացնում` ասում` դահուկ է, մի հարսանինքի ժամանակ բարեկամներից մեկի` կքանիստ պարել-բարձրանալը նմանեցրել էր Գեւորգի մեքենայի` իրենց բակի փոսերը մտնել-բարձրանալուն…

«Նարեկի զոհվելիս հասկացա` դժողքն ինչ է… Մխիթարությունս հարսիկս է, թոռնիկս, որ շատ նման է որդուս, շատ բաներ, որ մոռացել եմ տղայիս մանկությունից, թոռնուհիս վերակենդանացնում, է վերհիշեցնում, ու մխիթարվում եմ, որ որդիս, գոնե, այսպես շարունակվում է»,-ասում է Ջիվան Սարգսյանը:

Մայրը` Լուիզա ֆիլիպոսյանն ավելացնում է, որ այնպես չէ, որ Նարեկը ստիպված է մտել պայմանագրային ծառայության, ճիշտ է, ուրիշ աշխատանք չկար, բայց սիրում էր իր գործը, նվիրված էր, պարտաճանաչ, բարեխիղճ: Պայմանագրային ծառայության առաջին ժամկետը լրանալուց հետո, երբ արդեն ամուսնացել էր, երկրորդ անգամն էր երկարացրել պայմանագրի ժամկետը, բայց եկել էր մի պահ, որ ուզում էր դադարեցնել, ինքը հորդորել է մի քանի ամիս էլ մնալ, քանի որ 2021-ի մայիսին լրանում էր երկրորդ ժամկետը, եւ կարող էր հանգիստ, առանց պայմանագրի խախտման, դուրս գալ ծառայությունից…

Սակայն Նարեկի կյանքում ամեն ինչ կարծես ճակատագրորեն արդեն որոշված էր…

Ծնողները Նարեկի մասին երբեք անցյալ ժամանակով չեն խոսում: Մայրը` Լուիզան, առաջվա պես ասում է, որ երկու տղա ունի, մեկն ուղղակի ժամանակավորապես բացակայում է տնից, ու կգա ժամանակը, որ բոլորը միասին կլինեն… «Նարեկս խելացի էր, համեստ, նվիրված, ընկերասեր, վերջին կոպեկն էլ կտար ընկերոջը, անսահման սիրում էր ընտանիքին: Երբ ծնվեց թոռնիկս` էմիլիս, ասացի` ծնվել է փոքրիկ Նարեկս… Էմիլիս շատ է նման հորը, շատ սիրուն է, երբ ասում էի` Նարեկ, ինչքա~ն սիրուն տղա ես, ժպտում էր, իրոք, շատ սիրուն տղա էր: Հիմա էլ էմիլիս է նման իր պապային, բնավորությամբ, քայլվածքով, խոսքով, պահի տակ որ զայրանում է, նմանվում է իր պապային: Երեք տարեկան է, բայց շատ բան է հասկանում, երբ գնում եմ պանթեոն, հարցնում է` տատիկը գնում է տխուր տե՞ղ, երբ մայրը դրական է պատասխանում, ասում է` գնում է պապայիս մոտ… չգիտի` ինչ է կատարվել, բայց սպասում է իր պապային: Ասում է` պապիս գալիս ա, պապայիս հետը բերում ա, Նարեկիս հետը բերում ա… Իմ նմանությամբ` Նարեկս է ասում, բայց ես անընդհատ ուղղում եմ, որ ասի` պապաս, թող այդ բառը միշտ հնչի տղայիս համար… Իր երեխային սիրելու, զավակի համը-հոտը, քաղցրությունը զգալու ամենալավ տարիքն էր, բայց Նարեկս չկարողացավ վայելել իր հայրությունը… Ով կպատկերացներ… Նարկես գնալիս ասում էր` մարդ չեմ սպանելու, ասում էր` հենց որ դեմս դուրս գան, էդ ժամանակ եմ կրակելու, հենց էնպես պատահական չեմ կրակելու, ինքը ուրախ-ուրախ գնաց, չմտածելով, որ …»,-ասում է մայրը ու պատմում, որ դեռեւս պատերազմից մի երկու շաբաթ առաջ վատ երազ էր տեսել, վեր էր թռել ու ասել` էս ինչ երազ էր, եկել- նստել էր հյուրասենյակում, գլուխը բռնել ու կրկնում էր` էս ի՞նչ էր, էս ի՞նչ վախենալու երազ էր… Բայց այդպես էլ չասաց, թե ինչ էր տեսել երազին… «Տղաս խելացի էր, խելացի կին ունի, հասկացող կին, ինքը մեր Նարեկն է, մեր աղջիկն է, միակ մխիթարությունս Էմիլիս է, որ իմ կողքին է, ինչքան տխուր լինեմ, ինչքան վատ լինեմ, ինքը ինձ ուժ է տալիս, ուրախացնում է»,-ասում է Լուիզան եւ անհուն ցավ ապրում այն մայրերի համար, ում զավակները դռեւս մի բուռ հողի չեն արժանացել անգամ պատերազմից մեկ տարի անց, որ ինքը տղայի հետ հանդիպելու, զրուցելու, խնկելու տեղ ունի, իսկ նրանք չգիտեն իրենց զավակների տեղը…

Դժվար է բոլորի համար, բայց ամենադժվարը Նարեկի կնոջ` Տաթեւի համար է, զուլալ, ազնիվ, վճիտ հոգով երիտասարդ մի կին, որ 26 տարեկանում արդեն այրի է, բայց իրեն հերոսի կին է զգում, ու մեծ պատասխանատվություն է վերցրել իր նրբիկ ուսերին` իրենց միակ դստերը մեծացնել որպես հերոսի աղջիկ, մեծացնել արժանապատիվ եւ իրականություն դարձնել այն բոլոր երազանքերը, որ ինքն ու Նարեկը որոշել էին իրենց դստեր համար:

Սիսիանում ապրել են հարեւանությամբ, բայց ծանոթացել են Երեւանում, երբ Նարեկը ծառայում էր Վեդիում, ինքը սովորում էր Երեւանի պետական մանկավարժական համալսարանում: Առաջին իսկ հանդիպումից երկուսն էլ զգացել են, որ իրար համար են…«Նարեկը մարդկային, պարզ, անկեղծ, բնական, կյանքը սիրող մարդ էր, ապրում էր օրով, որովհետեւ միշտ մտածում էր` վաղը չգիտես ինչ կլինի, շատ ժամանակ էր նվիրում ընկերներին, բայց ես եւ Էմիլին իր կյանքի կարեւոր մասն էինք: Նարեկը ուրիշ տեսակ էր, հիմա չկա էդ տեսակը, իր մարդկային արժանիքներով այլ էր, անծանոթին պատրաստ օգնելու` առանց որեւէ ակնկալիքի… Նրա մասին միշտ ներկայով կխոսեմ, որովհետեւ միշտ ներկա է…»,-ասում է Տաթեւը:

Անգամ` այս կարգավիճակով, չի փոշմանում, որ ամուսնացել է Նարեկի հետ, չի պատկերացնում, որ Նարեկից բացի մեկ ուրիշը կարող էր լինել իր կողքին, հպարտանում է, որ Նարեկի կինն է: Փխրուն, համեստ, երիտասարդ կին է Տաթեւը, բայց Էմիլիին մեծացնելու եւ Նարեկի երազանքներն իրականացնելու մղումը ուժ են տալիս նրան, ամրացնում հոգին, լցնում պատասխանատվությամբ, որ Նարեկի չարածն էլ անի, Նարեկի տեղն էլ հոգա, Նարեկի համար էլ սիրի, պահի եւ մեծացնի դստերը…

Անհունորեն ծանր են եղել այն ապրումները, երբ այս տարի հոկտեմբերի 3-ին, իր ծննդյան օրը, 3-ամյա Էմիլին արթնացել, նստել է անկողնում եւ միանգամից ասել` ուզում եմ պապաս գա էսօր… Էմիլին երբեմն մոտենում է հոր նկարներին, պաչում եւ տատիկի նման ասում` իմ Նարեկս է… Երբեմն էլ տատիկին է ասում` գնանք պապայիս մոտ, պապաս աստղերի մոտ է…

Տաթեւն աշխատում է Գորայքի դպրոցում, դասվար է, իր տխրությունը չի պարտադրում ոչ աշխատանքային ընկերներին, ոչ էլ` սաներին, բայց շրջապատված է սիրով, հոգատարությամբ, գուրգուրանքով, ու հիանալի հասկանում է, որ հայրենիքի նահատակի կինը լինելը մեծ դեր ունի այստեղ…Ամենակարեւորը, ասում է, ճիշտ է, հիմա իրենք տխուր են, այլ կերպ չի լինի, Նարեկ են կորցրել, բայց դստերը տխուր չի մեծացնելու: Նրան չի ասել, որ պապան գալու է, որ երբ դուստրը մեծանա, հանկարծ խորը հիասթափություն չապրի հայրիկի չգալով, բայց ասել է, որ պապան աստղերի մոտ է, ու մի օր իրենք հանդիպելու են…

Ցանկությունն է, որ նրանց մասին գրվի, խոսվի, որ սերունդները ճանաչեն մեր հերոս տղաներին, իմանան նրանց քաջության մասին, եւ ինքը շատ ուրախ կլինի, որ իր աղջիկը մեծանա ու կարդա այդ ամենը, իմանա, որ իր հայրը եւ մյուս նահատակները հայրենիքի հերոսներն են…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

20.10.2021

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԵՍ ԶՈՀՎԵԼ ԵՄ ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՈՒ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԶՈՀՎԵԼ… Զոհված Արայիկ Սաֆյանի մայր

Տեղադրվել է - Սեպտեմբեր 16, 2021 0
Հոկտեմբերի 12-ին միաժամանակ չորս նահատակ զինվոր էինք հուղարկավորում Սիսիանի պանթեոնում: Հոկտեմբերի 12-ի թաղման թափորի մեջ լուսանկարներ անող ֆոտոխցիկս մեկեն կանգ…

Երբեմն նեղանում եմ աստծուց, թե ինչու է ինձ այսքան ուժեղ ստեղծել… 44-օրյա պատերազմի նահատակ Արեգ Ազարյանի այրի

Տեղադրվել է - Նոյեմբեր 24, 2021 0
Արեգ Ազարյանի եւ Հերիքնազ Աղաջանյանի ընտանիքները Սիսիանի շրջանի Մորենի գյուղ են արտագաղթել 1992 թվականին` Շահումյանի շրջանից: 1994-ին Արեգի ծնողները տեղափոխվել…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code