#ՀԱՂԹԵԼ ԵՔ. ՎԱՀԵ ԱՎԱՆԵՍՅԱՆ. ՆԱ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ, ԲԱՅՑ` ՎԱՀԱՆԻ ՎՐԱ…

Տեղադրված է at 10:13
602 0

Ճիշտ է` մեր առավոտները խաղաղ չեն բացվում, ճիշտ է` մեր երեկոները խաղաղ չեն մթնում, մեր գիշերն ու ցերեկը խառնվել են իրար, մեր տագնապներն ու ցավերը անամոք ու անսփոփ են, մեր երազները` խաթարված, մեր երկիրը` հուսահատ, մեր հայրենիքի մի չքնաղ հատվածը` կորուսյալ, մեր մահապարտներից ոմանք` գերյալ, անհայտ ու անհասցե, բայց անխարդախ ու անխաթար է մեր սերը մեր երկրի, մեր հավատը` մեր զենքի, մեր ծնրադրումը` մեր բանակի, մեր կամքը` մեր վերընձյուղումի հանդեպ…

Եւ որքան էլ դժվար լինի, պիտի դիմանանք, եւ որքան էլ ծանր լինի մեր խաչը եւ մեր փշե պսակը, պիտի կրենք, քանի որ դա է անմահների հրամայականը, դա է նահատակների պատգամը, դա է հայրենիքի համար զոհվածների անմեռ ցանկությունը…

Ու արցունքը` զսպած, ու կսկիծը` զմռսած, ու ցավը` կողպեքած, ու հուսահատությունը` բանտած, ու անմիաբանությունը` մերժած, ու հավատի դրոշը պարզած` գնում ենք հայրենի հողին հանձնելու իր սուրբ նահատակին, իր հերոս որդուն, իր նվիրյալին, մեր ապրելու հպարտությունը, մեր ազգային նկարագիրը անխաթար պահած, մեր լինելիության հաղթաթուղթը դարձած զինվոր որդուն` 28 ամյա մեր Վահե Ավանեսյանին…

Սեպտեմբերի 27-ից ի վեր իմ գրիչը միայն հույսի եւ սիրո թանաքմանում եմ թաթախել, անգամ` միաժամանակ վեց, չորս, երեք նահատակի հուղարկավորելիս փորձել եմ լալահառաչ տողեր չգրել, ու հիմա էլ, երբ ունենք դրախտավայր երկրի կորուսյալ հատված, երբ ունենք առայժմ անհամրելի նահատակներ, երբ ունենք տունդարձի կարոտ գերյալներ, միեւնույն է, Վահեի մասին գրելիս էլ պիտի գրիչս թաթախեմ միայն սիրո, վրեժի, հայրենիքը ետ բերելու անմեռ հավատի, նահատակներին արժանի լինելու սիրանյութի ներկապնակում, որովհետեւ այլ կերպ չի կարող լինել…

Սոչիից ծննդավայր Աշոտավան վերադարձած երիտասարդը փորձել էր հայրենիքում կայանալ, հայրենիքին տալ այն ամեն նվիրականը, ինչին ի զորու էր: Ավարտել էր ագրարային համալսարանը, սեփական բիզնես հիմնել, աշխատում էր, դուռ-պատուհան սարքում, էլեկտրատեխնիկա նորոգում, ձեռքը գցում ամեն գործի, որ եւ տնեցիներին օգներ, եւ հարեւաններին, եւ համագյուղացիներին, եւ իրեն դիմող ցանկացած մեկին:

Վահեն կամավոր էր գնացել հայրենիքի կանչին` հայրենիքի համար ամենաբախտորոշ, ամենաճակատագրական, ամենավճռական պահին: Զինակից ընկերներն ասում են, որ ցավոք, չէր էլ հասցրել թշնամի սատկացնել, չէր էլ հասցրել վրեժը լուծել, երբ հոկտեմբերի 15-ին չարաշունչ անօդաչուն Քելբաջարի դիրքերից մեկում հարվածել էր տղաներին: Նույն դիրքում զոհված երկու զինվորների հանձնեցինք հողին, բայց հետո դիրքերը կորցրեցինք, ու մյուս նահատակների մասին տեղեկություններն էլ կորան, դիրքը մնաց թշնամու վերահսկողության տակ` տղաների` անհայտ, անորոշ ճակատագրով, կենդանի մնացած լինելու աղոտ հույսի փայփայումով մինչեւ հրադադար, մինչեւ այն ժամանակ, երբ Կարմիր խաչի միջոցով նրանց մարմինները դուրս բերվեցին հայրենիքի գերյալ տարածքներից…

Վահեն զոհվել է հոկտեմբերի 15-ին` Քելբաջարում: Ամենազարմանալին եւ ամենահետաքրքիրն այն է, որ զոհվելուց ընդամենը մի քանի օր առաջ` հոկտեմբերի 12-ին, իր ֆբ էջում կիսվել էր Շուշիի ռմբահարված սուրբ Ղազանչեցոց եկեղեցում հնչող Կոմիտասի «Կռունկի» կատարման վիդեոյով…

Համագյուղացի Արեւիկ Օհանյանը մեծ, անասելի մեծ կորուստ համարեց Վահեի մահը ոչ միայն Աշոտավան գյուղի, այլեւ` Սիսիանի, երկրի, ազգի համար, քանի որ նրա նման բարյացկամ, ձեռնահաս, օգնող, ստեղծող, ժպտերես, լավատես մարդիկ են հենց այսօր պետք ազգին` շտկելու մեր բեկված մեջքը: «Ձեռքից ամեն ինչ գալիս էր, ու չկա մեկը, որին իր օգնությունն ու աջակցությունը հասցրած չլիներ Վահեն: Նրա արած գործն էլ անթերի էր` իր նման, իր լուսավոր ժպիտի նման, իր բաց սրտի նման, իր պարզ ու շիտակ հոգու նման: Ողջ գյուղն է ցավում, ողջ գյուղն է մղկտում իր նահատակ զավակի համար»,- ասաց աշոտավանցի Արեւիկ Օհանյանը:

Վահեի ֆեյսբուքյան էջում արված գրառումներից զգացի այն անսփոփ կորուստը, որ ապրեցին հատկապես ընկերները: Դառնաղի սգացին Լուսինեն, Ադելինան, Նելլին, Արմանը, Կարենը, Առնոն, Էդգարը, շատերը, բոլորը: «Սիսիանի ամենապայծառ երիտասարդներից էր, ամենահաս, ամենասրտաբաց, ամենանվիրված: Նրան սիրում էին Սիսիանի երիտասարդական ակումբի բոլոր անդամները, նրանով հպարտանում էին իր խմբի տղաներն ու աղջիկները, որ այսօր Գորիսից ու Կապանից էլ են եկել վեջին հրաժեշտը տալու իրենց ավագ ընկեորջը: Երազում էր ավելի գեղեցիկ Սիսիան, երազում էր ավելի համախմբված երիտասարդություն, երազում էր ավելի հուսալի ապագա բոլորի, առավել եւս` երիտասարդների համար: Նրա երազանքները, նպատակներն ու ցանկությունները չեն մնա անկատար: Մենք` նրա ընկերները պարտավոր ենք իրականացնել դրանք` որպես նրա ամենավառ հիշատակ»,-ասաց Վահեի մտերիմ ընկեր, համատեղ ծրագրերի համակարգող Լուսինե Հարությունյանը:

Վահեին երկար սպասեցին ծնողները, հարազատները… Սպասումը տանջալի էր, սպասումը ցավագար էր, սպասումը մերթ` հուսավառ էր, մերթ` հուսաբեկ, մերթ` սպանող, մերթ` ապրեցնող… Հետո ափսոսանքի խոսքերի հեղեղ էր, որ հոսեց Վահեի ընկերների տողերում, մտքերում, գրառումներում… Ու այդ տողերի մեջ եւ տողերի տակ տեսա մի պայծառ երիտասադի, մի ընտրյալ ընկերոջ, մի վեհ սրտատերի, մի նվիրյալ սիսիանցու, մի հրաշալի աշոտավանցու, մի ինքնատիպ հայի, ում ապրած կարճ, բայց սիրուն ու լեցուն կյանքը եղել է միայն նվիրում երկրին, հայրենի գյուղին, ընտանիքին, ընկերներին, նպատակներին ու երազանքներին…Երեւի հենց Վահեի ու մեր բոլոր Վահեների համար է ասված` «ես կուզենայի, որ ամեն մի մահ կորսուտ հռչակվեր համազգային»…

Խոնարհվում ենք ձեր առաջ, Վահեի Սուսաննա մայրիկ, ծնկում ենք ձեր զուսպ, արժանապատիվ կեցվածքի առաջ, Վահեի Սերյոժա հայրիկ, համբուրում ենք ձեր ձեռքը, Վահեի քույրիկներ, որ անասելի ուժ էր եկել ձեր կանացի, նուրբ ուսերին` ցավատանջ ու երկար դեգերումներից հետո Վահեի աճյունը գտնելու եւ տուն բերելու համար…

Խոնարհվում ենք քո հերոսական հիշատակի առաջ, Վահե Ավանեսյան…Հայրենիքը միշտ եւ հավերժ պարտք է քեզ ու հազարավոր այն նահատակներին, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին` վսեմ պահելով հայ զինվորի եւ հայ զենքի պատիվը…

Հավերժ փառք, հավերժ խոնարհում եւ հավերժ խնկարկում…

#ՀԱՂԹԵԼ ԵՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

27 նոյեմբերի, 2020 թ.

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՊԱՆԹԵՈՆԸ …

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2022 0
Սիսիանի պանթեոնը անգթորեն ընդարձակվել է… Բայց այս պանթեոնը մահվան մասին չէ, այլ` հավերժումի, այս պանթեոնը զոհվելու մասին չէ, այլ` հերոսացման,…

Էս կռիվը մեր կռիվն է, ու մենք այն պիտի մինչեւ վերջ տանք… 44-օրյա պատերազմի նահատակ Ռաֆիկ Սիմոնյան

Տեղադրվել է - Փետրվար 25, 2022 0
Պատերազմի լուրը լսելուն պես, սեպտեմբերի 28-ին, առանց ծնողներին, միակ քրոջը տեղյակ պահելու Ռաֆիկը Մասիսից եկել է Սիսիան, կամավորագրվել հրետանային վաշտում:…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code