#ՀԱՂԹԵԼ ԵՍ… ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ. ԱՍՏԾՈՒՆ ՓԱՌՔ, ՈՐ ՈՐԴԻՍ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՆ…

Տեղադրված է at 21:28
469 0

Նարեկ անունով հինգերորդ զինվորն է հավերժանում Սիսիանի քաջաց պանթեոնում: Վաչե Պետրոսյանից հետո` Իշխանասար գյուղից երկրորդ նահատակը… Համագյուղացի երեք էլ վիրավոր ունեն, ու բոլորի մաղթանքը նրանց շուտափույթ ապաքինումն է, որ գյուղի դեմքին ժպիտ բացվի, որ գյուղի տխրամած սիրտը մի քիչ ուրախանա…

Նարեկը Բաբայանների տան հույսն էր եւ ուրախությունը, տան հոգեհանն էր, երկու քույրերի եւ երկու եղբայրեների թեւն ու թիկունքը, հենարանն ու ապավենը հատկապես հոր մահից հետո: Դեռ տարիուկես չկա, որ Նարեկի հայրը` Աշոտը, հեռացել է կյանքից, բայց հոգին հանգիստ էր. Նարեկը տան ղեկը ձեռքը կվերցնի, տան հոգսը` ուսերին կառնի, քույրերը, թեպետ արդեն ամուսնացել-օջախ են կազմել, նրանց էլ աչքաթող չի անի, իսկ ամենաշատը` կհոգա առողջական խնդիրեր ունեցող եղբայրների մասին… Էդպես էլ կար…

Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Նարեկ Բաբայանը մեկնել էր Ռուսաստան ` հորեղբոր մոտ աշխատելու, բայց երկար չէր կարողացել մնալ. ընտանիքն իր կարիքը շատ ուներ: Վերադարձել էր եւ պայմանագրային ծառայության անցել Սիսիանի զորամասում: Զինվորական գործին էլ ծանոթ էր. հայրենիքի հանդեպ պարտքը կատարելը զուգադիպել էր ապրիլյան քառօրյային, եւ Նարեկն արդեն առել էր զենքի «համն ու հոտը», տուն զանգահարելիս հայտնում էր, թե ոնց են էդ շներին ջարդում, սատկացնում, փշրում… Էս ոգով էլ զինվորական ծառայության էր անցել: Նպատակներ շատ ուներ, մտադիր էր դիրքերից իջներ, վարկ վերցներ, տունը վերանորոգեր, լավ պայմաններ ստեղծեր հատկապես եղբայրների եւ մոր համար, որ հոր հոգին էլ երկնքում խաղաղվեր եւ հանգստանար… Աչք դրած աղջիկ ուներ, կամուսնանար, տան կիսատ ուրախությունը կամբողջացներ, մոր գործերն էլ կթեթեւացներ… Բայց պատերազմը անկատար թողեց նրա բոլոր երազանքները…

Հոկտեմբերի 8-ին Սիսիանի ջոկատի հետ իջել էին դիրքերից: Արցախ գնալուց առաջ քրոջը պատմել էր, որ ինչ-որ երկաթի կտոր է մտել ոտքը-վնասել, բայց հանկարծ մորը չասի, թե չէ չի թողնի գնալ… Իսկ հոկտեմբերի 9-ին արդեն Հադրութում էր: Հոկտեմբերի 14-ին զանգել է մորը, ասել, որ չանհագստանա, չզանգի, եթե պետք լինի, ինքը կզանգի… Հետո զանգերը լռել էին… Հոկտեմբերի 16-ին Նարեկի հեռախոսահամարից չարագույժ զանգեր են եկել… հնչել են թուրքին հարիր չարաղետ խոսքեր, լսվել քնած մարդուն կացնահարող չմարդ տեսակին բնորոշ` նույնանման պատմություններ, հետո անասնական հրճվանքով հրճվել են, որ համացանցում կտեսնենք ձեր գլխատված տղային ու կիմանաք` ով է արել… Մայրը` Գայանեն, նայել էր ու ասել` իմ տղան չէ, ինքը էսպիսի շորեր չուներ… Մոր սիրտ է, ի՞նչ ասես… Ամեն բան մտածել է, բացի` անհավատալիից…

Նարեկի մայրը, քույրերը, եղբայրները, հարեւանները, գյուղացիները չորս ամիս սպասել են հույսով, հավատով… Համագյուղացի Վարյա Անդրեասյանը պատմում է, որ, թեեւ արդեն դնթ անալիզի տվյալները հաստատվել էին, բայց մայրը դեռ հավատում էր, որ որդին կգա…«Փետրվարի 7-ին Նարեկի ծննդյան օրն էր, 25 ամյակը: Զանգահարել եմ Գայանեին, հարցրել` ի՞նչ է անում, ասել է` մեկ էլ տեսար Նարեկն իր ծննդյան օրը անակնկալ արեց-եկավ, կամ` բերեցին… Հինգ գերիների վերադարձի օրը, թեեւ նրանց անունները հայտնի էին, Գայանեն ինձ ասում էր` մի էդ ցուցակների մեջ նայիր, տես` Նարեկի անունը չկա՞… Հետո էլ ասում էր` բա մի տեղ չլինի`գնամ-իմ տղայի համար խունկ վառեմ, ծնունդը շնորհավորեմ, արցունք թափեմ, լաց լինեմ, հոգիս խաղաղվի… Յուրահատուկ տղա էր Նարեկը: Հասնող, օգնող, հումորով, ժպիտով, սրտաբաց, եթե մեկն իր օգնության կարիքն ունենար, ժամին չէր նայի, գիշեր էլ լիներ, ոտքով գյուղից կիջներ Սիսիան, կօգներ, ետ կվերադառնար: Դիրքերից զանգահարում էր ինձ ու հարցնում` մամաս ո՞նց է, ես խոսել եմ հետը, ոնց որ ձայնը լավ չէր, խնդրում էր գյուղի բուժքրոջը տանեմ-մորը նայի, նոր միայն հանգստանում էր: Էդքան ուշադիր ու հոգատար զավակ էր: Էդքան նվիրված էլ զինվոր էր… Ափսոս… »,- ասում է Վարյան ու հավելում, որ Նարեկի ծննդյան օրվանից երեք օր հետո` փետրվարի 10-ին նրա աճյունը հանձնվեց ընտանիքին, իսկ փետրվարի 12-ին Նարեկը գնաց-միացավ իր զինակից ընկերների այն լուսավոր ու ոգեղեն փաղանգին, ովքեր կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի:

Չորս ամիս որդու վերադարձին սպասող մայրը` Գայանեն, որ կոչ էր եկել-մի բուռ դարձել, իր հույս ու հավատ որդուն վերջին հրաժեշտը տալիս փառք տվեց աստծուն, որ որդին չմնաց թուրքի մոտ, որ վերադարձավ իր հողը, միացավ ընկերներին, որ արժանացավ հայրենի հողին ու սգի մեջ անգամ մեծ ցանկություն հայտնեց, որ բոլոր «անտուն» զավակները տուն վերադառնան, որ մոլոր ու հուսահատ մայրերը լացելու տեղ ունենան, խնկարկելու տեղ ունենան, մի բուռ հող ունենան հայրենի սրբացած նահատակների պանթեոնում… ու, ինչպես ինքն է սրանով մխիթարվում, մխիթարվեն, որ իրենց որդին ընկել է հայրենիքը պաշտպանելիս եւ հանուն հայրենիքի…

Հ.Գ. Հայրենի հողին ենք հանձնում քեզ, զինվոր Նարեկ, եւ քեզ հետ թաղում ենք հույսը, որ ծլելու է ցորյանի նման, որ դու եւ մեր բոլոր-բոլոր նահատակները հառնելու եք որպես կորցրածը ետ բերելու վրեժ, որպես ընկած, բայց երբեք չծնկածների, չպարտվածների եւ հաղթողների ընձյուղված ցասում, որպես անզուսպ ու կատաղի մռնչյուն եւ որպես հատուցում… Իսկ հիմա` հայոց երկրի զինվոր Նարեկ, ննջիր խաղաղությամբ, դու քո գործը արել ես` հայրենիքին տալով ամենաթանկը` կյանքը:

#ՀԱՂԹԵԼ ԵՍ… Հավերժ փառք քեզ ու հավերժ խոնարհում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

12 փետրվար

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հայրենական պատերազմի միակ վետերանը

Տեղադրվել է - Մայիս 9, 2022 0
Լորեցի 98-ամյա Հակոբ Լեւոնի Վարդանյանը Սիսիանի տարածաշրջանի` Հայրենական պատերազմի միակ վետերանն է: Հայրենական պատերազմի հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ նրան շնորհավորել, բարեմաղթանքներ…

ՀԵՐՈՍԻՆ ՉԵՆ ՈՂԲՈՒՄ, ՀԵՐՈՍԻՆ ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՆ… Խաչքար` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Գեորգի Միքայելյանին

Տեղադրվել է - Նոյեմբեր 13, 2021 0
Շամբի միջնակարգ դպրոցի պատին Մակիչ Ասրյանի եւ Մարատ Հակոբջանյանի հիշատակի ցուցապաստառների կողքին ավելացավ եւս մեկը` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Գեորգի…

#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ՄՀԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ. Հորեղբոր որդու աչքը էլ Մհերի ճամփան չի պահում. Հիմա նրանք հավերժ միասին են…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Երբ դեկտեմբերի 12-ին հուղարկավորված Արտակ Առաքելյանի շիրմաթմբի եւ դեկտեմբերի 20-ին հուղարկավորված մեր մյուս նահատակի` Էդգար Սարգսյանի շիրիմների արանքում որոշակի տարածք…

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ

Տեղադրվել է - Մայիս 14, 2021 0
Մեր բակերում, մեր փողոցներում, մեր շենքերի մոտ նոր ցայտաղբյուրներ, նոր խաչքարեր ու հուշարձաններ, նոր հուշաղբյուրներ են դրվելու մեր նորօրյա նահատակների…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code