#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՇԱՔԵՆ ԻՐ ՎԵՑԵՐՈՐԴ ԶԱՎԱԿԻՆ ՆՎԻՐԵՑ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ…

Տեղադրված է at Ապրիլ 17, 2021
539 0

Գագիկը Գրիգորյանների տան փոքր զավակն էր: Իրենից մեծ Իշխան եղբոր, Շամիրամ ու Արփի քույրերի Գագիկ արքան, մեծ գերդաստանի սիրելին, բոլորին հասնողը, ճարպիկը, ակտիվը: Զինվոր էր էությամբ, կերպարով, նկարագրով, վարքով ու վարմունքով: Ծառայություն անցկացրել էր Հադրութում: Զորացրվելուց երեք տարի հետո կրկին զինվորագրվել` անցնելով պայմանագարային ծառայության Սիսիանի զորամսում:

Շաքեում ծնված-մեծացած Գագիկը թեեւ չէր տեսել թուրքերին, որ, իբրեւ թե ինտերնացիոնալ-համակեցությամբ նույն գյուղում ապրում էին հայերի հետ, երեսուն տարի առաջ, երբ ինքը ծնվել էր, քոչվորները իրենց քոչը հավաքել-հեռացել էին, բայց ծնողներից, տատ ու պապից, գյուղի մեծերից լսած պատմություններից քաջածանոթ էր թուրքին, գիտեր նրա` հայի արյան ծարավ էությունը, ու պատահական չէր, որ զինվորագրվեց հայոց բանակին: Աչքի ընկավ նվիրվածությամբ, համարձակությամբ: Հրամանատարությունը նկատեց նրա նվիրումը զինվորական գործին, եւ վերապատրաստման ուղարկեց ԱՄՆ: Վերադառնալուց հետո ավելի հմուտ զինական էր, ավելի գիտակ զինվորական:

Երբ պատերազմը սկսվեց, Գագիկ Գրիգորյանը Սիսիանի դիրքերում էր: Բայց հենց առաջին օրերին գնաց առաջնագիծ` պաշտպանելու իր Հադրութը, որտեղ զինվորական մկրտությունն էր ստացել: Պատերազմ գնալիս գիտեր, որ գնում է թշնամու բերան, գիտեր, որ նայելու է մահվան աչքերին, գիտեր, որ իր մանկահասակ երկու զավակներին կարող է այլեւս չտեսներ, գիտեր, որ մայրն իր երեսին կարոտ կման, որովհետեւ երբ պատերազմը սկսվել էր, հայրն ու մայրը Հայաստանում չէին, եւ երբ վերադարձան, ինքն արդեն մարտադաշտում էր, գիտեր, որ արդեն մեկ անգամ մեծ հարված ստացած կինը` Թագուհին, որ նույն պատերազմի սկզբում կորցրել էր իր սիրասուն Կարեն եղբորը, հնարավոր է, որ… Գիտեր, բայց` գնաց… Չգնալ չէր կարող: Էությամբ հասնող, օգնող էր, ինչպե՞ս կարող էր չգնալ, երբ հիմա էլ հայրենիքն իր կարիքն ուներ… Թեժ մարտերի մասնակցեց Ջաբրայիլի դիրքերում: Ամիսներ հետո միայն հրամանատարից իմացան այն սխրանքների, քաջագործության եւ անձնազոհության մասին, որ կատարել է Գագիկը` մարտական ընկերներին փրկելիս: Հրամանատարը պատմել է, որ ավագ սերժանտ Գագիկ Գրիգորյանը կրակների տակ կարողացել է իր մեքենայով դուրս բերել չորս վիրավոր զինվորի եւ փրկել նրանց կյանքը: Որքա՜ն է ուրախացել Գագիկը` չորս տան ճրագ վառելու համար, ու մտածել, որ էլի կարող է նոր կյանքեր փրկել… Կարող էր հաջորդ անգամ չգնալ, նրան ոչ ոք չէր ստիպում, բայց միտքը, որ նոր կյանքեր է փրկելու, նոր վիրավոր զինվորներ է դուրս բերելու փրկության ափ, կրկին հանձն է առել մտնել դիրքեր, ասելով, որ ճանապարհը լավ գիտի, միայն ինքը կարող է մտնել տարածք… Պայմանավորվել են զինակիցների հետ հանդիպել կոմկրետ մի վայրում… Որոշ ժամանակ անց կապ է տվել ընկերներին, որ վիրավոր է, ու եթե մեկ ժամից չհասնի պայմանավորված վայրը, իրեն էլ չսպասեն… Հոկտեմբերի կեսերն էր… բայց սպասեցին…

Սպասողներն այս անգամ ծնողներն էին, քույրերն ու հարազատները, սիրտը խոցված կինը, աշխարհի չար ու բարուց դեռեւս անտեղյակ մանկահասակ տղան ու աղջիկը… Սպասեցին գրեթե չորս ամիս: Մայրը` տիկին Լորետան չհավատաց, մոր սիրտ էր, ասաց` չի խաբի սիրտը, ասաց, Գագիկը ճարպիկ էր, հնարամիտ… Սպասեց մինչեւ փետրվարի 2-ը, երբ որդին «վերադարձավ», բայց` եռագույնի վրա…

Հայրը` Հայկազ հորեղբայրը, որ հարսանիքների, ուրախությունների համ ու հոտը տեղը պահող խոսքաշեն մարդ էր, բառեր չգտավ, խոսքեր չգտավ` իր Գագիկ արքա-որդուն վերջին հանգրավան ճանապարհելիս… Իսկ արտերկրում գտնվող Իշխան եղբայրը այդպես էլ կարոտ մնաց եղբոր գոնե վերջին հրաժեշտին…

Շաքեն իր վեցերորդ որդուն նվիրեց հայրենիքին: Գյուղացիներն ասում են, որ աշխատող, արարող, ստեղծող, համեստ ու պարզ հայկական ընտանիք է Հայկազ Գրիգորյանի ընտանիքը, որ զավակների մեջ ինքն է փոքրուց սեր ներարկել հայրենիքի հանդեպ, ինքն է ընտրել իր երեխաների եւ թոռների` հայահունչ անունները, մտածելով, որ դա էլ է դաստիարակություն, ասացին, որ ծանր է ու դժվար հատկապես մոր համար, ով այդպես էլ չտեսավ որդու դեմքը ու հավերժ կարոտ կմնա… Անսփոփ ու անմխիթար է կնոջ` Թագուհու համար, որ Կարեն եղբոր կորստյան ցավին նոր ցավ ավելացավ, ասացին, որ Գագիկը թեեւ դպրոցում առանձապես աչքի չի ընկել ուսման մեջ, եւ նրա լուսանկարը երբեք չի փակցվել լավ սովորողների լուսանկարների կողքին, բայց նա սերտել էր ամենակարեւոր եւ ամենապատասխանատու` հայրենասիրության եւ հանուն հայրենիքի զոհաբերման դասը… Ու հիմա նրա լուսանկարը հավերժորեն կփակցվի Շաքեի դպրոցի նահատակների փառքի պատին` որպես բաց դաս ներկա եւ գալիք բոլոր սերունդներին ի տես, քանի որ վասն հայրենայաց ընկավ, ընդմիշտ ապրեցավ…

Դու չես պարտվել, ավագ սերժանտ Գագիկ Գրիգորյան, դու չէիր կարող պարտվել, դու էությամբ հաղթող էիր ու մնացիր հաղթող… Հիշատակդ երբեք չի թառամի, երբեք չի խոտակալի այն ճանապարհը, որ դեպի քեզ է բերելու…

#ՀԱՂԹԵԼ ԵՍ. Հավերժ փառք ու հավերժ խոնարհում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

3 փետրվար, 2021 թ.

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Տեղադրվել է - Հունվար 11, 2024 0
Լրացավ աշխարհահռչակ գիտնական Նիկողայոս Ադոնցի ծննդյան 153 ամյակը։ Թեև այստեղ տապանաքար չունի, սակայն Բռնակոթում ﬓում է այն տունը, որտեղ ծնվել…

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ` ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ…

Տեղադրվել է - Հունիս 4, 2021 0
Վերջին զանգ, որ հնչեց վերջին, վերջին անգամ… Բոլոր զանգերից ամենապարտավորեցնողը, բոլոր զանգերից` ամենահուզիչը, բոլոր զանգերից` ամենապատասխանատուն, բոլոր զանգերից` ամենազիլը, բոլոր…

ՍԻՍԻԱՆՍ…

Տեղադրվել է - Դեկտեմբեր 2, 2022 0
Սիսիանս… Ամեն անգամ ինքնակենսագրական վեպեր կարդալիս որոշում եմ ես էլ մի գիրք գրել իմ համեստ, մաքառող, տուժած ու պաշտպանվող քաղաքի…

Կորած գարուններ. հերոսամարտ 2020… Անվանակոչություններ` Սիսիանի ավագ դպրոցում

Տեղադրվել է - Մայիս 22, 2021 0
Սիսիանի ավագ դպրոցի եւ «Միքայելյան» բարեգործական ՀԿ տնօրեն Տիգրան Միքայելյանի համատեղ ջանքերով Սիսիանի ավագ դպրոցում տեղի ունեցավ դասասենյակների անվանակոչության հանդիսություն`…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code