#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ. ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ. Իբրեւ արծիվ` կսավառնես երկնքում…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
485 0

Սա հարյուր տարի առաջ չհաղթանակած, թերի, անավարտ թողնված մեր նորօրյա կռիվն է: Սա հարյուր տարի հետո չտալիք մեր վերջին կռիվն է, մեր վերջին` Սասնա Դավթի երրորդ զարկը` միայն մերը, որպես հաղթանակի զարկ, որպես հաղթական զարկ… Ու էս կռվին հայրերը որդիների հետ են մասնակցում, եղբայրները` միմյանց հետ, կանայք` ամուսինների, մայրերը` զավակների հետ… Ու հաղթնակը անտարակուսելի է, հաղթանակը, որ արդեն կռել ենք մեր մտքում ու հոգում, կրակների տակ կերտվում է խրամատներում, մարտական դիրքերում, բլինդաժներում, սահմաններին…

Այդ հաղթանակի հետեւից էր հենց պատերազմի առաջին օրերին մարտական դիրքեր մեկնել ոչ միայն առաջին հերոսամարտի եւ ապրիլյանի մասնակից ազատամարտիկ Գագիկ Ստեփանյանը, այլեւ նրա 37 ամյա հուր-հրաչ Հրաչյա որդին: Գնացել էին, որ պապիկի անունը կրող Գագիկ զավակի ուսերին ու ճակատագրին չմնա մեր կիսատ կռիվը, մեր չնվաճած հաղթանակը:

Ճակատագրի կամոք` Գագիկը եկավ, Հրաչին բերեցին… Գագիկը երեք օր առաջ էր վերադարձել մարտական դիրքերից, նույն օրը ստացել էր որդու զոհվելու լուրը…

Ազատամարտիկի ընտանիքում ծնված եւ դաստիարակված Հրաչյան, որ մեծացել էր հոր եւ նրա մարտական ընկերների զրույցների ներքո, տեսել նրանց` հաղթանակը մինչեւ վերջ չհասցնելու մտահոգությունը, ժառանգել հայրենիքի համար մարտնչելու ոգեղենությունը, 2005-ից զինվորագրվել էր հայոց բանակին: Տարիների ընթացքում հմտացել էր, կայացել, առաջընթացներ ու ձեքբերումներ ունեցել, արդարացրել ազատամարտիկ հոր հույսերը եւ գնացել նրա բացած ճանապարհով… 37 ամյա Հրաչյան իր հերոսական կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի, հանուն կիսատ գործը ավարտին հասցնելու…

Ընկավ` հերոսին վայել, ընկավ` զենքը ձեքռին, ընկավ` հաղթանակի ճանապարհին: Մայրը ողբաց` իմ հերոս որդի, հպարտ եմ քեզանով, դուստրը ողբաց` իմ հերոս հայր, հպարտ եմ քեզանով…Ազգը խոնարհվեց` մեր հերոս նահատակ, հազար փառք քեզ, հավերժ խոնարհում…

Իրենց մարտական ընկերոջ որդուն հրաժեշտ տալու էին եկել նաեւ առաջնագծից օրեր առաջ վերադարձած Գագիկ Ստեփանյանի մարտական ընկերները… Գլխահակ, մտախոհ, բայց` վճռական ու վրեժխնդիր…

«Գագոն մեր երկրապահի առաջամարտիներից է եղել, մասնակցել է առաջին մարտերին, ապրիլյանին, վիրավորվել է, այս պատերազմում էլ ամսի 28-ից էր առաջանագծում: Հրաչյան հետախույզ էր, սկզբում Սիսիանում էր ծառայում, բայց որպես լավ հետախույզ, հրամանատարությունից առաջարկություն էր ստացել տեղափոխվել Կապան, համաձայնվել էր…առավոտյան զանգահարել է, խոսել կնոջ հետ, ասել, որ կոտրվել չկա, ընկճվել չկա, որ մենք անհաղթ ենք… ժամեր հետո ստացվել է ցավալի լուրը: Սա մեր վերջին կռիվն է, նախորդները կիսատ են մնացել, զոհեր ունենք, բայց դա մեզ չպիտի ոչ վախեցնի, ոչ կանգնեցնի, ոչ` ընկճի: Հայրենական պատերազմին հայ ազգը օրական երկուհարյուրց ավելի զոհ է տվել, սա էլ մեր հայրենականն է, չեմ վախենում սա բարձրաձայնել, չեմ վախենում, որ ինձ հետ չհամաձայնողներ էլ կլինեն, չհամաձայնողները թող գնան Արեւմտյան Հայաստանը բերեն, մեկուկես միլիոն զոհ տվեցինք ու երկիր կորցրեցիքն, իսկ հիմա մինչեւ վերջ պիտի կանգնենք եւ պահենք մեր երկիրը: Մեր զոհված տղաներն էլ միանշանակ դա են ուզում, որովհետեւ այդ նպատակով են գնացել հայրենիքի կանչին: Այստեղ, այս պանթեոնում ննջողների մեջ կամ զինծառայողներ են, կամ` կամավորներ: Չկա մեկը, որ ասի` ստիպողաբար են տարել, բոլորն իրենց կամքով են գնացել: Բոլորն էլ մտածել են, որ սա վերջին կռիվն է, եւ ես մեծ հույսեր ունեմ, որ դա այյդպես էլ լինելու է: Համբերություն մեր նահատակների ընտանիքներին, փառք տղերքին, ասել եմ ու ասում եմ` այս պատերազմում պիտի վերաձեւենք աշխարհի քարտեզը եւ վերջակետ դնենք մեր մեծ ազատամարտին»,-ասաց պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Մկրտիչ Դիլանյանը:

Մարտական ընկերոջ որդու հուղարկավորությանը իր կամավորական Արո որդու հետ մասնակցում էր մեկ ամսի դիրքերում անցկացրած եւ միայն երկու օր առաջ առաջնագծից վերադարձած ազատամարտիկ շաքեցի Ժիրայր Օհանյանը: Քչախոս, խոսել չսիրող հայր ու որդի միայն մեկ բան ասացին` այս հաղթանակի համար մենք պատրաստ ենք ամեն ինչի…

Ննջիր խաղաղությամբ, ազատամարտիկ հոր զինվոր որդի, հավերժ փառք քեզ, հուր-հրաչ Հրաչյա Ստեփանյան, քո հոգին, իբրեւ արծիվ կսավառնի հայոց հաղթական երկնքում ու կփառավորի մեր հաղթանակը…

Հավերժ փառք, հավերժ խոնարհում…

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

1 նոյեմբերի

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Ես մամային ասում եմ` հույսդ չկորցնես, պապան մի օր գալու է… 44-օրյա պատերազմի անհայտ զինվոր Արա Ավագյանի որդի

Տեղադրվել է - Հունիս 30, 2023 0
Քառասուն տարուց ավելի փոստատար Ամալյա Օհանյանը թերթեր, նամակներ, բացիկներ ու թոշակներ է բաժանել: Սիսիանի գրեթե բոլոր թաղերն ու հասցեները անգիր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code