#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…Արմեն Գալստյան. Ես մի զարկն եմ քո բազկի, հայրենի երկիր…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
749 0

Այս զինավառ, հրացայտ հայցքով, դուխով լուսանկարը Արմենը դիրքերից էր ուղարկել մորը: Մոր հեռախոսը լեցուն է զինվոր որդու լուսանկարներով, ու հիմա արդեն դրանք կլինեն նրա միակ հարստությունը, նրա միակ մխիթարությունը… Ինքը` Արմենը, որպես իր երկրի հզոր բազկի մի զարկ, գնաց միանալու իր նման մարտիրոսներին, իր նման անպարտներին ու քաջերին: Արմենը դիրքեր գնալուց առաջ հոգում արդեն հաղթել էր, մտքում հաղթել էր, սրտում հաղթել էր իր երկրի դարավոր ոսոխին, իր դեմ ելած արյունարբու թուրքին, ու իր ֆեյսբուքյան էջով արդեն միացել համազգային` #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ հեշթեգին…Վերջին անգամ հոկտեմբերի 15-ին մոր հետ հեռախոսով խոսելիս հավաստիացրել, որ տղերքի հետ խրամատ են փորում, որ ապահով են, միայն թե իրենք իրենց լավ պահեն, մինչեւ վերադառնա… Արմենին, սակայն, բերեցին… Բերեցին եռագույնով, բերեցին վահանի վրա, բերեցին համազգային խոնարհումով ու հավիտենական փառքով…

«Բոլորի ցավն ենք սգում, բոլորն էլ մեր զավակներն են, բայց Արմենը մեր աչքի առաջ է մեծացել, մենք գիտենք, թե ինչ հրաշալի մարդ էր, ինչ լավ տղա, խելոք, դաստիարակված, շատ լավ տղա էր, ինչ ոսկի սրտի տեր, ինչ կենսասեր, բոլորին հասնող, գյուղում բոլորը Արմենին մի ուրիշ ձեւի էին սիրում, ինքն էլ` գյուղացիներին: Ընտանիքի, հաշմանդամ ծնողների  հույսն ու հավատն էր: Ամբողջ գյուղով սգում ենք: Հավերժ փառք իրեն»,- սրտի անհուն կսկիծով ասաց Արմեն Գալստյանի համագյուղացի Տաթեւիկ Հարությունյանը:

Արմեն Անդրանիկի Գալստյանը ծնվել է 1998 թվականի մարտին, Սալվարդ գյուղում: Տեղի ութնամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Հացավանի միջնակարգ դպրոցում: 2016 թվականին ծառայել է հայոց բանակում: Զորացրվելուց հետո հայրենի գյուղում զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ, տան միակ արու զավակը լինելով` իր վրա վերցրել տան-տնտեսության, ծնողների խնամքի ողջ պատասխանատվությունը, եւ պատվով հաղթահարել բոլոր դժվարությունները: Բայց կար ավելի մեծ ու ավելի վեհ մի խնդիր էլ, որի լուծմանը Արմենը անմասն չմնաց, եւ չէր կարող մնալ` հայրենիքը իր կարիքն ուներ, եւ նա առաջիններից էր, որ գնաց երկրի սահմանները թշամուց պատշպանելու, ընկերների հետ համալրելու հայոց մարտնչող, կռվող, խոյացող բանակի շարքերը եւ դառնալու այդ հզոր բազկի մի զարկը…

…Հիմա նայում եմ այս լուսանկարներին ու մտածում, թե որքան քնքշորեն ու սիրառատ է գրկել զինվորը իր զենքը, իր ապավեն զենքը, իր հենարան զենքը, իր պատվի եւ արժանապատվության զենքը… Արմենը, ցավոք, չհասցրեց նույն կերպ գրկել հայկական օջախի մի հալալ կաթնակերի, չհասցրեց թոռներ պարգեւել ծնողներին, չհասցրեց քեռի դառնալ իր միակ քրոջ ծնվելիք զավակների համար, ով հեռավոր Գերմանիայից արդեն կգա-կհասնի միայն նրա ծաղկահեղեղ շիրմաթմբին… Չհասցրեց… Բայց հասցրեց հերոսանալ, հասցրեց անմահանալ եւ փառքով ու հավերժական խոնարհումով հանգչել Սիսիանի հաղթարձան-հաղթական պանթեոնում…

Ննջիր խաղաղությամբ, Արմեն Գալստյան: Հավերժ փառք քեզ, զինվոր …

#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

17 հոկտեմբեր

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ` ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ…

Տեղադրվել է - Հունիս 4, 2021 0
Վերջին զանգ, որ հնչեց վերջին, վերջին անգամ… Բոլոր զանգերից ամենապարտավորեցնողը, բոլոր զանգերից` ամենահուզիչը, բոլոր զանգերից` ամենապատասխանատուն, բոլոր զանգերից` ամենազիլը, բոլոր…

ՍԻՍԻԱՆՍ…

Տեղադրվել է - Դեկտեմբեր 2, 2022 0
Սիսիանս… Ամեն անգամ ինքնակենսագրական վեպեր կարդալիս որոշում եմ ես էլ մի գիրք գրել իմ համեստ, մաքառող, տուժած ու պաշտպանվող քաղաքի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code