ԼՈՒՅՍԸ ՈՐՈՆԵԼԻՍ… Շնորհանդես Սիսիանի ավագ դպրոցում

Տեղադրված է at Մայիս 8, 2021
1115 0

Սիսիանի ավագ դպրոցի իրավագիտական հոսքի 11-րդ դասարանի աշակերտներն ու  ուսուցիչները, դասղեկ Վեներա Դավթյանը, մեծ պատասխանատվություն էին վերցրել իրենց վրա` ավետելու նոր տաղանդի ի հայտ գալու մասին: Խոսքը վերաբերում է դպրոցի սան, 17-ամյա Մհեր Վիգենի Մարտիրոսյանին: Պատանին ստեղծագործում է, գրում, մտորում, խորհում, երազում, եւ այդ զգացումները բառեր, մտքեր, տողեր են դարձել ու ամփոփվել «Բանաստեղծություն եւ ճշմարտություն» վերնագրված գրքում: Նրանք մեծ նախանձախնդրությամբ էին կազմակերպել գրքի շնորհանդեսը, որն անցավ բավականին հասուն, լուրջ քննարկումներով եւ վերլուծություններով: Շնորհանդեսի մասնակիցներն ու ներկաները միաբերան ու միաձայն փաստեցին, որ չափազանց համեստ, սակավախոս, լուռ, իր մեջ ամփոփված պատանին հայտնություն էր իրենց համար, բացահայտում, անակնկալ, միաժամանակ` անժխտելի իրողություն, որ Մհերը, հիրավի, լուրջ հայտ է ներկայացնում ապագայում իր մասին ավելի շատ խոսելու, ավելի մեծ լսարաններում նրա խոհա-փիլիսոփայական, քնարական, դրամատիկ մտքերը քննարկելու, վերլուծելու համար…

Մայրենի լեզվի ու գրականության ուսուցչուհի Վարդուհի Իվանյանը նշեց, որ Մհերը գրքի հեղինակ է, ով ասելիք ունի այս աշխարհում, ով անելիք ունի այս աշխարհում, ով իր ճանապարհն անցնելու գիծ է փնտրում, եւ այն անցնելուց հետո հետագիծ է համարելու իր իսկ ստեղծագործությունները: «Մհերը հայտնություն է առհասարակ գրականության բոլոր դասերին, Մհերը հայտնություն է ամեն միտք արտահայտելիս: Մհերի խոսքի մեջ խորքի, փիլիսոփայական ընկալման, եւ, առհասարակ, սեփական ինքնությունը հաստատող դրսեւորումները կարելի է տեսնել գրականության ամեն դասին, բայց գիրքն արդեն ինքնահաստաման ամենավառ ապացույցը դարձավ»,- ասաց ուսուցչուհին ու հավելեց, որ  Մհերի գիրքը ապրումի անկեղծ թրթիռ է, եւ սեփական եսից բխող ապրումի բազմազանությունը, կյանքի հանդեպ փիլիսոփայական խորքը, առհասարակ զգացմունքներում տաբուների մեջ աստվածային ազատությունը կարելի է գտնել գրքում եւ հավաստիացրեց, որ յուրաքանչյուր ոք այնտեղ կգտնի ամենապայծառ ապրումների արտահայտությունը, ազատություն փնտրող զգացմունքի ծիլը, որ ուզում է լույս գտնել, ինչպես Մհերն է ասում` ուզում է լույսը վառել, լույսի մեջ տեսնել մութը, որպեսզի լույսով ցրի մութը, որ մարդկային անկեղծության մեջ գտնի ապրումի հեզությունը, որ անկեղծության մեջ գտնի նաեւ ապրումի գույնը:
Վարդուհի Իվանյանը վստահություն հայտնեց, որ այս գիրքը Մհերի ապրումների բազմերանգ արտահայտությունն է, առաջին ծիծեռնակը, որը նոր գարուններ է բերելու, եւ այդ գարունը ունենալու է անուն` Մհեր Մարտիրոսյան…

Չափազանց ուսանելի եւ կարեւոր էր մայրենիի մույս ուսուցչուհի Անահիտ Ասատրյանի գնահատականը, որը լուրջ գրականագիտական ուղեցույց էր պատանի ստեղծագործողի համար: Ողջունելով գրքի տպագրությունը եւ շնորհավորելով հեղինակին, Անահիտ Ասատրյանը միաժամանակ նշեց, որ շնորհալի որեւէ մեկի մասին խոսելիս պետք է չափազանց զգույշ եւ պատասխանատու լինել, որովհետեւ ցանկացած շատ բարձր ասված գովասանական խոսքը, կամ` մի անզգույշ նկատողությունը կարող է քար լինել նրա ճանապարհին, որ տանում է դեպի տաղանդի զարգացում, իսկ որ մենք գործ ունենք տաղանդի հետ, դա միանշանակ է: Ուուցչուհին հավելեց, որ Մհերն ունի վարպետ գրիչ, կարողանում է կառուցել փայլուն երկխոսություններ եւ մաղթեց հաջողություններ գրողի, կամ` բանաստեղծի, կամ` գրականագետի եւ լրագրողի նրա հետագա ճակատագրում, որի գնահատականը միայն ժամանակը կտա…

Դպրոցի տնօրեն Դոնարա Ասրյանը նշեց, որ Մհերն իր համար հայտնություն չէ, քանի որ նրան գիտի դեռեւս Բռնակոթի դպրոցից, երբ 7-րդ դասարանի դասալսումներից մեկի ժամանակ տպավորվել էր նրա դատողություններով, լեզվական զգացողություններով, վերլուծական մտքով ու հենց այդ ժամանակ էլ հորդորել է ուշադիր լինել նրա նկատմամբ, ու չի սխալվել, քանի որ արդեն ավագ դպրոցում Մհերը դրսեւորվեց իր լավագույն որակներով, բանաձեւեց ճշմարտությունը` հասցնելով առաքինության: Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ եւ եվրոպական բարձր գրականությամբ ներշնչված պատանուն տնօրենը մաղթեց մեծ ճանապարհ, ինչպես որ հեղինակն ինքն է փնտրում այդ ճանապարհը իր ստեղծություններում, եւ շեշտեց, որ Մհերն արդեն բացել է սեփական ճանապարհը եւ աստվածային շնորհներով օժտված` փորձում է դարձնել լայնահուն…

Գրքի հեղինակը երախտագիտություն հայտնեց բոլորին, ովքեր մեծ սեր եւ մեծ ջանք էին ներդրել` գրքի շնորհանդեսը կազմակերպելու համար եւ անդրադարձավ Լեոն Լամարթին գրական կեղծանվանն ու գրքի` «Բանաստեղծություն եւ ճշմարտություն» վերնագրին: Նշեց, որ շատ վաղ տարիքից է սկսել կարդալ եվրոպական, մասնավորաբար` ֆրանսիական գրողներին, խորապես տպավորվել եւ ազդվել է նրանցից, ինչպես նաեւ` ֆրանսիական մեծ հեղափոխությունից, իսկ Լեոն անունը վերցրել է Ֆլոբերի «Տիկին Բովարի» գրքի հերոսից, վերնագիրը` Գյոթից, որն իրեն ավելի պատասխանատու է դարձրել եւ բանաստեղծության ու ճշմարտության փնտրտուքի ճանապարհին, հակադրության-համադրության միջոցով փորձում է գտնել իր ուղին, իր ճանապարհը, իր լույսը…

«Որոտան»

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Էս կռիվը մեր կռիվն է, ու մենք այն պիտի մինչեւ վերջ տանք… 44-օրյա պատերազմի նահատակ Ռաֆիկ Սիմոնյան

Տեղադրվել է - Փետրվար 25, 2022 0
Պատերազմի լուրը լսելուն պես, սեպտեմբերի 28-ին, առանց ծնողներին, միակ քրոջը տեղյակ պահելու Ռաֆիկը Մասիսից եկել է Սիսիան, կամավորագրվել հրետանային վաշտում:…

ՄԵՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ. ՅՈՒՐԻ ՋԱՎԱԴՅԱՆ-80. «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ, ՄԻՇՏ ՕԳՆԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ»

Տեղադրվել է - Մայիս 20, 2022 0
Հանդիպեցինք պատահաբար: -Այս ո՞ւր այսպես վաղ,-ասաց իմ «հարյուր տարվա ընկեր» Գագիկ Ոսկանյանը,-այս ժամին խմբագիրներն աշխատանքի չեն գնում, միայն ուսուցիչներն ու…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code