Թշնամին ցնծացել է «Լեգիոն» ջոկատի հրամանատարի զոհվելու լուրը լսելիս…

Տեղադրված է at Փետրվար 15, 2022
2904 0

Ույծեցի (նախկինում` Ուզ) հայտնի զուռնաչի Եղիշ պապը իր անունը կրող առաջին տղա թոռան ծնունդը զուռնա-դհոլով, քեֆ-ուրախությունով է նշել: Իր տոհմածառը շարունակող կար, իր ծուխը` ծխացող… Եղիշ պապի հույսերը Եղիշե թոռն արդարացրել է: Հինգ տարեկանում արդեն գրել-կարդալ գիտեր: Երբ հաճախեց Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոց, իր հայրենասիրությամբ եւ ընկալումներով տարբերվում էր հասակակիցներից: Հետո թեպետ 20 տարեկանից արդեն Սիսիանում չէր ապրում, ողջ կյանքում Սիսիանը եւ սիսիանյանը մնաց նրա հոգու հենարանը, մայրենիի ուսուցչուհի Նինել Աղասյանը` լեզուն եւ մտածողությունը անաղարտ պահելու պատգամախոսը, Օլյա Ակունցն ու ֆիզիկայի Խաչատրյանը` իմացության եւ իմաստության չափանիշը: Պատերազմի օրերին, երբ երկրի եւ ազգի բախտն էր կռվում, արցախյան գոյամարտի խաչուղիներում ով լսել է «Լեգիոնի» հրամանատարը սիսիանցի է, մոտեցել, հանդիպել, զրուցել է հետը, իսկ ինքը, երբ իմացել է շրջակայքում սիսիանցի կա, հանդիպել է, ցանկացել իմանալ`  ով է, ումանցից է…

Հայաստանի ճարտարագիտական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի ուսանողը 1986-ին զինվորական ծառայությունն անցել է խորհրդային բանակում, եւ քանի որ բարձրահասակ, ամրակազմ, թիկնեղ երիտասարդ էր, ընդգրկել էին ներքին զորքերում: Խորհրդային երկրի խախուտ հիմքերի երերմանն առաջին անգամ ականատես եղավ արդեն ծառայության ընթացքում, երբ Ուզբեկստանում ինչ-որ «խռովություն» եղավ, եւ ինքը, որպես ներքին զորքերի ծառայող, մասնակցեց դեպքերին: Իսկ բանակից զորացրումը զուգադիպեց արդեն Հայաստանում կատարվող անկախացման գործընթացներին, եւ երկու տարի տնից բացակայած Եղիշեն, տուն հասնելուն պես փոխեց զինվորական համազգեստը ու «նետվեց» Սիսիանի` այն ժամանակ Լենինի անվան հրապարակ, որտեղ Վուրգը, Կամոն, Սոկոլը, մյուս տղաները անկախացման եւ Արցախը Հայաստանին միավորելու առաջին միտինգներն ու ցույցերն էին կազմակերպում:

Սիսիանի առաջին կամավորականների շարքերում մասնակցեց Իշխանասարի (Մինքենդ) պաշտպանական մարտերին, բայց քանի որ պոլիտեխնիկի ուսանող էր, արդեն տեղում կազմավորված ջոկատի հետ 1988-ին մասնակցեց աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, ապա` Ջրականի, Քարվաճառի, Շահումյանի, Հադրութի, Օմարի ազատագրական մարտերին: Օմարի մարտերից մեկի ժամանակ դիրքում, մեկ հրացանով, մնում է մենակ: Մինչեւ օգնական ուժերը կհասնեին, ցեխի մեջ թաղված տեխնիկան հռնդյունով գործարկում է, որ առաջ եկող թշնամին մեքենայի աղմուկից ու խլացուցիչ հռնդյունից կարծի, իբր, շատ մարդ կա եւ առաջ չգա… Ծանր ճողվածք է ստանում, վիրահատվում Սիսիանի հոսպիտալում:

Ճակատագիրը ինչ հունով եւ ինչ ուղղությամբ էլ տարավ Եղիշեին, մնաց նույն հայրենատեր- հայրենասերը, ով ողջ կյանքում միայն մի նշանաբան ուներ` բանակ եւ կրթություն: Այս սկզբունքին հավատարիմ` 20 տարի առաջ Երեւանում հիմնեց «Լեգիոն» պահնորդական ընկերությունը` իր շուրջը համախմբելով պաշտոնաթող զինվորականների, զինվորական ծառայություն անցած սպաների, նախկին հետախույզների, շատ լավ իմանալով, որ հարաբերական խաղաղության մեջ գտնվող մեր երկրի համար նախկին զինվորական չի լինում, նախկին սպա չի լինում, եւ նրանց պիտի մշտապես մարտական տրամադրության ու զինվորականի հոգեբանության մեջ պահել: «Լեգիոնը» հանրապետությունում երրորդ ճանաչված պահնորդական ընկերությունն էր, որտեղ նախկին սպաները ե՛ւ աշխատում էին, ե՛ւ շարունակում մնալ հայրենիքին զինվորագրվածների շարքերում: Ապրիլյան քառօրյայի մարտական գործողություններին մասնակցեց իր հիմնած «Լեգիոն» ջոկատով, 15 օր դիրքերից տուն չեկավ, անընդհատ կրկնելով, որ մեր կռիվը դեռ չի ավարտվել, մշտապես համոզված, որ պիտի զինվենք, ավելացնենք պաշտպանությունը, մտահոգ, որ, միեւնույն է, թուրքն իր սեւ գործն անելու է…

«Եթե ուրիշների սեղանին «Աստվածաշունչն էր», որեւէ փիլիսոփայի կամ` բանաստեղծի գիրք, եղբորս սեղանի գիրքը «Գեւորգ Մարզպետունին էր», սիրած անունը` Գեւորգը: Երկու դուստր ուներ, բայց երազում էր որդի ունենալ, որ անունը Գեւորգ դնի: 50 տարեկանում երազանքը կատարվեց, տղա ունեցավ, անունը Գեւորգ դրեց… Որդին, որ հայրիկի հետ ապրեց ընդամենը մեկուկես տարի, եւ հիմա ապրում է մոր հետ, կցանկանամ, որ չմոռանա իր անվան պատմությունը ու հիշի, որ ինքն իր հայրիկի ամենամեծ երազանքն էր` Հայաստանը ազատ եւ հպարտ հայրենիք տեսնելուց հետո…»,- պատմում է Եղիշե Սիմոնյանի քույրը` Գայանեն, ապա հավելում, որ հոկտեմբերի 29-ին եղբայրը զանգահարել է, փութալով տուն մտնել, առանց ծնողների աչքերին նայելու հարժեշտ տվել, ասել` գնում է թուրքի տիրոջ հերն անիծի-գա, ու հանգիստ լինի, որ իր Գեւորգ որդին ապրի էն հայրենիքում, ինչի համար ոչինչ չի խնայել:

Հոկտեմբերի 2-ին Եղիշե Սիմոնյանի 14 հոգանոց «Լեգիոն» ջոկատը մեկնում է Արցախ: Հադրութի եւ Ջաբրաիլի մարտերում ջոկատից երկու հոգու ետ է ուղարկում տուն (մեկը` տարեց, մյուսը` հիվանդ) ու Հադրութում միանում «Հայդուկ» ջոկատին` փոխգնդապետ Անդրեյ Համզոյանի ղեկավարությամբ եւ մինչեւ հոկտեմբերի 14-ը ակտիվ մարտական գործողություններ իրականացնում:

2021 թվականի հոկտեմբերի 14-ին Հայկ Կիսեբլյանը իր ֆեյսբուքյան էջում նկար է տեղադրել ու գրել` ««Լեգիոն» ջոկատի հրամանատար Եղիշե Սիմոնյանն ու փոխգնդապետ Համզոյանը: Միասին հոկտեմբերի 7-ին հակագրոհի էինք մասնակցում: Վերջին անգամ տեսնվեցինք հոկտեմբերի 14-15-ին: Սա երեւվի թե իր կյանքի վերջին լուսանկարն էր»…

Հոկտեմերի 15-ին Կարմիր Շուկա-Վարանդա խաչմերուկում մի քանի ջոկատ միավորվել է: Իմանալով, որ «Լեգիոնի» հրամանատարը սիսիանցի է, նրան են միացել նաեւ սիսիանցի պայմանագրայիններ Դավիթ Գեւորգյանը, Աշոտը … Ցավոք, Դավիթն էլ զոհվեց, իսկ Աշոտը, բարեբախտաբար, ողջ է… Զուսպ, նկարվել չսիրող Եղիշեն չի մերժել Աշոտին… Նրա հետ Եղիշեի վերջին լուսանկարը հարազատների համար հիմա մասունք է… Աշոտը պատմել է, որ ընդամենը 7 օր է անցկացրել հրամանատարի հետ, բայց դա էլ բավական է, որ իմանա` իզուր չի ապրել…

«Հոկտեմբերի 15-ին Վարանդայում Անդրեյ Համզոյանի եւ Եղիշե Սիմոնյանի ջոկատները բաժանվել են երկու մասի եւ առաջ շարժվել «Թութակներ» կոչվող բլրի երկու կողմերով: Ամենաթեժ մարտը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին: Եղիշեն տարածքը հինգ մատի պես անգիր գիտեր… Բայց հանկարծակի հայտնվել է կրկնակի շրջապատման մեջ, երբ այդտեղ թուրք չպիտի լիներ… Քաոս է սկսվել, խուճապ, զինվորները ցանուցիր են եղել, էդ ընթացքում Եղիշեն հրահանգել է մտածել ոչ թե մեռնելու, այլ` ապրելու եւ հաղթելու մասին, որքան հնարավոր է` աթսի կրակներից պաշտպանել եւ թաքցրել է երիտասարդներին, բայց… Մեկ շրջապատումը ճեղքել են, սակայն երկրորդը ճեղքել չի հաջողվել… Ջոկատի 114 անդամները զոհվել են իրենց հրամանատարի հետ… Թուրքական թերթերը այդ օրերին ցնծությամբ գրել են, որ, վերջապես, ոչնչացրել են «Լեգիոն» ջոկատի հրամանատարին: Ոչ ոք չէր կարող հավատալ ու պատկերացնել, որ փորձառու, ռազմական գործին քաջագիտակ, տեղանքը հրաշալի իմացող ջոկատը իր հրամանատարի հետ միասին կարող էր ամբողջությամբ ոչնչացվել… »,- դառնորեն ասում է Գայանե Սիմոնյանը ու հավելում` իրենց պատմել են, որ Եղիշեն օգնություն է կանչել, որ հավաստիացրել են` օգնությունը շուտով տեղ հասցնել, բայց այդպես էլ չի հասել…

«Ինչո՞ւ… Մեզ համար մինչ օրս բազմաթիվ ինչուներ դեռեւս անպատասխան են… Եղիշեն զոհվել է հոկտեմբերի 20-ին… Դեկտեմբերի 20-ին «Լեգիոն» ջոկատի հրամանատար 52-ամյա Եղիշե Էմառլետի Սիմոնյանը հուղարկավորվել է Սմոյի գերեզմանատանը (Գետարգել գյուղի հարեւանությամբ)… Վստահ չեմ` կգա՞ այն օրը, երբ մենք կիմանանք, թե ինչո՞ւ «Լեգիոնը» հանկարծ հայտնվեց թշնամու կրկինակի շրջափակման մեջ, ինչո՞ւ օգնության ուժերը տեղ չհասան…Վստահ չեմ»,- ասում է Գայանե Սիմոնյանը ու պատմում, որ երբ իր ազգականները եւ Եղիշեի տեղակալները ծանր վիրավորում ստացած, հիվանդանոցում բուժվող փոխգնդապետ Համզոյանին հարցրել են «Լեգիոնից», Եղիշեից, նա միայն լուռ արտասվել է…

Եղիշե Սիմոնյանի ծնողները, քույրերը, հարազատները դեռ սպասում են բազում հարցերի պատասխանի: Դեռ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Եղիշեի նման փորձառու, հմուտ հրամանատարը եւ նրա ջոկատը կարող էր զոհվել անհասկանալի հանգամանքներում, բայց հավատում են, որ «մեղավորները» եթե ոչ` մարդոց, աստծու դատաստանին երբեւէ արժանանալու են…

«Հաղթանդամ էր ու խոշորամարմին, բայց երեխայի պես փխրուն հոգի ուներ, շատ զգացմունքային էր ու ջիգյարով, բայց եւ` լիդեր էր, առաջնորդող, գործարար: Սրտում երկու սեր կար` հայրենիքն ու հողը եւ զենքն ու գիտելիքը: 20 տարի ապրում էր Երեւանում, բայց հոգով եւ սրտով սիսիանցի էր, երբեմն խոսում էր Սիսիանի բարբառով ու վայելում դրա համն ու հոտը»,- ասում է Գայանեն:

Դժվար է ոչ միայն երկու քույրերի, երկու դուստրերի, առավելապես` 80-ամյա հոր եւ մոր համար: Մի կարգին հրաժեշտ էլ չտվեց, գուցե դա՞  է պատճառը, որ նրանց թվում է` հիմա դուռը կբացվի եւ Եղիշեն տուն կմտնի… Ինչո՞ ւ կարգին հրաժեշտ չտվեց, ինչո՞ ւ չնայեց ծնողների աչքերին… Շատ չէ՞ր մի հոգու համար ընդամենը 52 տարի ապրած կյանքում Արցախյան երեք պատերազմի մասնակցելը… Բայց այդքանից հետո էլ նրա երազած` «թուրքի տիրոջ հերը դեռ անիծված չէ»…

Խաղաղություն քո անհանգիստ հոգուն, նվիրյալ նահատակ, քեզ հավերժ փառք, իսկ «թուրքի տիրոջ հերն անիծելու» երազանքիդ երբեք չկասկածես…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՎԱՂԸ ՎԱՐԴԱՎԱՌ Է…

Տեղադրվել է - Հուլիս 22, 2023 0
Այս տարի ամռան ամենաշոգ օրերի ամենաուրախ եւ ջրառատ տոնը՝ Վարդավառը, Հայաստանի գյուղերում եւ քաղաքներում նշվել է հուլիսի 16-ին: Իսկ այ…

2016, ԱՊՐԻԼԻ 3. ԵՎ ԴԱՐԻՑ ԵՐԿԱՐ ՁԳՎՈՂ ՕՐԸ…

Տեղադրվել է - Ապրիլ 3, 2022 0
2016-ի ապրիլի 1-2-ին 18-20 տարեկան զինվոր- տղերքը սահմանին արդեն հաղթել էին մահին ու անմահացել, մինչդեռ մենք, անգիտությամբ բախտավոր, դեռ խաբար…

ՍԻՍԻԱՆՅԱՆ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐ…

Տեղադրվել է - Հոկտեմբեր 17, 2022 0
ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԲՆԱՇԽԱՐՀԻ ՍԻՐՈՎ Ուրախությունն ընդհանուր էր: Այդ օրը Սիսիանի շրջանային մշակույթի տան ցուցասրահի դռները լայնորեն բացվեցին արվեստասեր այցելուների առջեւ:…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code