ԷԴԳԱՐՆ ԱՅԼ ԿԵՐՊ ՉԷՐ ԿԱՐՈՂ…

Տեղադրված է at Մայիս 15, 2022
1035 0

44-օրյա պատերազմը մեր ժողովրդի ոգու, կամքի, հայրենավիրումի եւ ինքնազոհաբերման զարմանալի բացահայտումներ արեց: Շռայլորեն ի ցույց հանեց նրա հոգու ոսկեհատիկը, առողջ միջուկը, որ դարեր շարունակ ժողովրդին ժողովուրդ է պահել, ազգին` ազգ, տարածքը` երկիր ու հայրենիք, հողը` սրբության սրբոց: Պատերազմը որքա~ն դեպքեր արձանագրեց, երբ  հայրն է որդու փոխարեն առաջնագիծ գնացել, կամ` որդու մոտ` կողք-կողքի կռվելու թշնամու դեմ, երբ հայր ու որդի են միասին գնացել, կամ` եղբայրներն իրար հետ… ու բոլոր պատումները հուզիչ են, ապրեցնող, երկիրը` երկիր պահող, տունը` տուն, հայրենիքը` հայրենիք…

Դարբասցի Էդգար Սարգսյանի պատմությունն էլ մեկն է դրանցից, որ խնկարկումի հետ նաեւ հիացմունքի է արժանի, ծնրադրման է արժանի, ձեռն ի սիրտ խոնարհումի է արժանի… Էդգարը չորս եղբայրներից ավագն էր, մեծացել են անհայր, ինքն ընդամենը 18 տարեկան էր, փոքրը` 5, երբ զրկվել են հորից, բայց իրենից փոքրերին ոչ միայն եղբայրություն է արել, այլեւ` հայրություն ու հոր եւ եղբոր պատասխանատվությամբ 44-օրյա պատերազմին նախընտրել իր կյանքը դնել հայրենիքի զոհասեղանին: 

Պատերազմի հենց առաջին օրը Էդգարն անհանգիստ էր, տագնապած: Միջնեկ եղբայրը` Պարույրը զորակոչով պատերազմի դաշտում էր, ծանուցագիր էր ստացել նաեւ Ստեփանը: Արագ կապվել է Շամբ-Դարբաս համայնքի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանի հետ, ասել, որ իրեն կամավորագրի: Երբ ամիսներ առաջ Սաշան ինձ պատմում էր այդ դեպքը, աչքերը լցվում էին: Էդգարը Երեւանից վերադարձել է Սիսիան, դուստրն ուսանող էր, այնտեղ էին ապրում, ներկայացել զինկոմիսարիատ, պատրաստակամություն հայտնել գնալ պատերազմի ամենաթեժ տեղը, որտեղ որ կուղարկեն… Հոկտեմբերի 1-ին արդեն Նորավանի զորամասում էր, ապա զորամասի ջոկատներից մեկի հետ` Մեղրիի դիրքերում…

Կինը` Քրիստինեն պատմում է, որ որեւէ մեկը, նաեւ` ինքը, ոչ միայն փորձ չի արել Էդգարին ետ պահել իր որոշումից, անգամ` չի էլ մտածել. անիմաստ էր, քանի որ Էդգարը պատրաստ էր կյանքը տալ իր ընտանիքին, եղբայրներին, մորը, զավակներին: Իր ընտրությունը գիտակցաբար էր կատարել:

«Պատերազմի ընթացքում մեզ լուրեր էին հասնում, որ մարտադաշտից փախչողներ, դասալիքներ կան, Էդգարին ասում էի 14 օր մնացել ես, հերիք է, դու էլ փախի-արի, ես խնդրում էի, ինքն ասում էր` բա որ բոլորը գան, ո՞վ մնա, ո՞վ պաշտպանի: Երբ դեռ Մեղրիում էր, նրան հայտնել էինք իր բարեկամ Մելիք Սողոմոնյանի զոհվելու լուրը: Էդգարը կարծես կանխազգում էր իր հետ կատարվելիքը, մեզ հիշեցրել էր 5-6 տարի առաջվա իր ծանր ավտովթարի մասին, երբ ոտքի մեջ երկաթ էին տեղադրել ու ասել, եթե իրեն ինչ-որ բան պատահի, էդ երկաթով կգտնեն: Ողջ դառնությունն այն է, որ այդպես էլ եղավ: Զոհվելուց երկու ամիս հետո է գտնվել նրա աճյունը: Որոնողներն առաջինը երկաթն են նկատել ոտքի մեջ, ու եղբայրները չեն էլ սպասել որեւէ անալիզի պատասխանի. Էդգարի ոտքի մեջ ամրացված երկաթը անհերքելի պատասխան էր: Այնպիսի զգացողություն ունեմ, կարծես ծանր ավտովթարից ողջ էր մնացել` ուրիշ առաքելությամբ. եղբոր կյանքը փրկելու եւ հանուն հայրենիքի նահատակվելու»,- ասում է Էդգար Սարգսյանի կինը` Քրիստինե Մնացականյանը եւ հավելում, որ նույն կանխազգացմամբ զոհվելու նախօրեին Էդգարը զանգահարել է բոլոր բարեկամներին, անգամ` մոսկվաբնակ, խնդրել տեսակապով ցույց տալ աներորդու նորածին երեխային, որին չէր տեսել, խոսել է իր Ռիտուշիկի (դստերն այդպես էր դիմում) հետ, փարատել բոլոր անհանգստությունները, բոլորից տեղեկություն իմացել ու…

Էդգարը վերջին անգամ կնոջը զանգահարել է հոկտեմբերի 15-ի առավոտյան, ասել` Գորիսի մոտակայքում են, բայց արդեն Ջրականում էին: Ընկերները հետո պատմել են, որ նա իր զրահաբաճկոնը, գլխարկը, զինվորական սապոգները բաժանել է երիտասարդ զինվորներին, ասել` նրանք ջահել են, թող ապահով լինեն, ես մեքենայի մեջ եմ լինելու, ինձ բան չի պատահի…

«Հենց այդ գիշեր սրտիս մեջ տագնապ կար, անբացատրելի անհանգստություն, ամբողջ գիշեր Աստվածաշունչը գրկած-նսել եմ, այն պահին, երբ Էդգարը զոհվել է, ինձանից ոնց որ ինչ-որ բան պոկվեր-գնար: Երբ հաջորդ օրը չզանգեց, ամեն ինչ պարզ էր: Էդգարը Երեւան-Մոսկվա բեռնափոխադրող մեքենայի վարորդ էր, մինչեւ ամեն առավոտ տնեցիներից, եղբայրներից, մորից, ընտանիքից տեղեկություն չիմանար, ճանապարհ չէր ընկնի, հանգիստ չէր լինի: Դա նրա կենսակերպն էր, բնույթը, էությունը, ու երբ հոկտեմբերի 16-ին չզանգեց, համոզված էի, որ էլ չկա, բայց թաքցնում էի բոլորից: Էդգարն էն մարդն էր, որ քարն էլ հեռախոս կսարքեր-կզանգեր` տնից տեղեկություն իմանալու, երբ չզանգեց, ամեն ինչ պարզ էր»,- ասում է Քրիստինեն:

Երկու ամիս Էդգարի եղբայրները նրան փնտրեցին ամեն հնարավոր ու անհնարին տեղերում, էլ դիահերձարաններում, էլ գերիների մեջ, էլ` զոհվածների, էլ` վիրավորների, բայց գտան հենց այն նույն վայրում, որտեղ զոհվել էր: Իր հնարամտության շնորհիվ նախատեսված կոորդինատից մի քանի տասնյակ մետր հակառակ դիրք էր ընտրել այնպես, որ երբ մեր կորցրած դիրքերից թշնամին տարել էր մեր տեխնիկան, Էդգարի մեքենան, նրան ու Պողոս Ներսիսյանին չէին տեսել, այլապես, ինչ իմանաս` ինչ կանեին նրանց նահատակված մարմինների հետ: «Էդգարն Արցախում էնքա~ն հունձ է արել հենց այդ նույն վայրերում, տեղանքն անգիր գիտեր: Դրա համար ճիշտ էր կողմնորոշվել»,– ասում է Քրիստինեն ու հավելում, որ դա էր Էդգարը, հանուն իր եղբայրների, հանուն իր ընտանիքի պատրաստ էր ամեն ինչի, նաեւ` կյանքի գնով, ինչը եւ արեց:

41-ամյա Էդգար Սարգսյանի եւ 51-ամյա Պողոս Ներսիսյանի աճյունները գտնվեցին դեկտեմբերի 17-ին: Դեկտեմբերի 20-ին նրանք կողք-կողքի ամփոփվեցին Սիսիանի պանթեոնում:

Թեեւ դժվարին է եղել էդգարի ճակատագիրը, բայց աստված նրան տվել էր շռայլ, բարի, գորովագութ սիրտ, ազնիվ հոգի ու անչափ պատախանատու բնույթ: Պատասխանատու էր իր մերձավորի, իր ընտանիքի, իր ընկերոջ ու բոլորի հանդեպ: Սիրված էր ոչ միայն հայրենի Դարբասում, այլեւ` Ձորերում, Արցախում, Սիսիանում, ամենուր, որտեղ աշխատել էր, օգտակար եղել, բոլորին մեկնել իր բարեհաս ձեռքը: Դեռեւս պատանի հասակից էր ստանձնել իրենից փոքր երեք եղբայրների, մոր, տատի, հորաքրոջ հոգսը ու տարել մեծի լրջությամբ, մեծի սրտացավությամբ, հոգատարությամբ: Վերցրել էր ոչ միայն հոր բացակայությունը «լցնելու» անչափ ծանր բեռը, այլեւ` նրա գործը` մեխանիզատորությունը, վարորդությունը. արտ ու դաշտ էր վարում, ցանում, հնձում, մարդկանց տանջանքն ու չարչարանքը «տեղաց անում»: 2003-ին կոմբայն էր գնել, (Դարբասում այդ ժամանակ կոմբայն չկար), որ մարդկանց բերքը դաշտում չմնա: Արցախ էր գնում, արցախցիների վարած-ցանածն էր հնձում, գիտեր, որ հնձի` մեկ օրվա ուշացումը բերքի կորուստ էր, ու մարդկանց հույսը չէր կոտրում, հուսախաբ չէր անում: Հաց արարելը լուրջ ու պատասխանատու  գործ էր, աստվածահաճո, մարդ արարելու պես մի բան, եւ Էդգարը դեռ փոքրուց դա գիտեր:

Նույն պատասխանատվությամբ երջանիկ ընտանիք էր ստեղծել, երկու դուստրերին տվել իր անչափ սիրելի տատի ու մոր անունները` Հասմիկ եւ Ռիտա, կնոջ հետ պահել, պահպանել հայրական տան ավանդույթները: Քրիստինեի` բա իմ երեխաներից մեկին ես անուն չդնե՞մ «դժգոհությանը» կատակի տալով պատասխանել էր` մի տղա բեր, անունը դիր… Բայց Քրիստինեն, ինչպես ինքն է ասում, երկու աղջիկներին կյանքի գնով էր լույս աշխարհ բերել` թունավոր հղիության պատճառով, ռիսկի չգնաց, ու որքա~ն լավ հասկացավ 40 տարեկանում այրիացած սկեսրոջ` հենց գիտես ես իմ 4 տղաներին հե՞շտ եմ բերել ակնարկը:

«Այնքան երջանիկ էինք, որ երբեմն վախենում էի իմ երջանկությունից: 20 տարի ապրել ենք միասին, դրանից առաջ 4 տարի ընկերություն արել, իմ ամենաթանկ հարստությունը հիմա իմ դուստրերն են, Էդգարի մեծ ընտանիքը եւ իմ անմոռանալի հիշողությունները: Եթե մտածեմ, որ այլ կերպ կարող էր լինել, ինձ չեմ համոզի. Էդգարը հենց այդպիսին էր: Հպարտ եմ, որ նրա կինն եմ եղել, եւ հարուստ` 20 տարի նրա հետ ապրած կյանքով»,- ասում է Էդգար Սարգսյանի կինը, ապա հավելում, որ Էդգարը բնույթով հանգիստ էր, բարի, մեղմ, ազնիվ: Նրա հետ հեշտ էր, կարող էին հաց-պանիր-կարտոֆիլով երջանիկ զգալ: Ինչպես սիրված ու շրջապատված եղել է Էդգարի կենդանության օրոք, նույնն էլ հիմա է. Էդգարի եղբայրները կողքին են, դուստրերին ջերմությամբ շրջապատած, ուշադիր, հոգատար, բայց անլցնելի է այն դատարկը, որ մնացել է ամուսնուց հետո, ու անլցնելի էլ կմնա: Էդգարն իր ճակատագիրը գիտակցված ընտրեց. Էդգարն Էդգար չէր լինի, եթե չաներ այն, ինչը արեց… Քրիստինեն հիմա միայն խաղաղություն է ցանկանում, որ անհայր երեխաներ, այրի կանայք ու որդեկորույս ծնողներ չլինեն…

Պատերազմները, ցավոք, կարծես գալիս են հատկապես երջանիկներին ցավեցնելու, նրանց երջանկությունը խլելու եւ տեղը մի անլցնելի դատարկություն թողնելու համար:

«Էդգարը սիրված էր ողջ Դարբասում իր աշխատանքով, իր ազնվությամբ, իր մարդասիրությամբ: Արտակարգ անձնավորություն էր: Ցանկացած պահի, եթե դիմեիր, ինչքան էլ զբաղված լիներ, իսկ նա միշտ բազմազբաղ էր, չէր մերժում, պատրաստակամորեն օգնում էր, հասնում էր: Հոր` Դավիթի, ոչ միայն գործը, այլեւ` բազմանդամ ընտանիքը ոտքի կանգնեցնելու դերը իր վրա էր վերցրել, բոլորին հավաքել, համախմբել իր շուրջը… Ողջ Դարբասն է ողբում, որովհետեւ շատ սիրված էր բոլորի կողմից: Էդգարը մեխանիզատոր էր, բոլորի հացը հավաքում էր դաշտից, օգնում էր հացը ցանելուն, հացը հնձելուն, ափսոս, այսօր այդ հացը սգի սեղանի հաց դարձավՀազար ափոս Էդգարին»,- նրա հուղարկավորման օրն ասել էր համագյուղացի Սենիկ Միքայելյանը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Հ.Գ. Քրիստինե Մնացականյան. Էդգարի հեռախոսն իմ անունով էր: Համարը վերականգնել էի: Բեռնափոխադրումների սեզոնին էնքա~ն զոնգեր ստացա` Էդգարին էին ուզում… Զանգահարողները, հավանաբար, տեղյակ չէին նրա զոհվելու մասին: Իմանալով` անկեղծորեն ցավում էին: Անտանելի ցավոտ էր, խելագարվելու չափ, բայց Էդգարի յուրահատկությունը հենց դա էր. նա պահանջված էր, սպասված ու օգտակար …

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ԻԳՈՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ԹՈՒՐՔԻ ԵՐԱԽԻՑ ՓՐԿՎԵՑ, ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ԹՈՒՐՔԻ ԳՆԴԱԿԻՑ…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Տասներկու-տասներեք տարեկան տղա էր Իգորը, երբ ծնողների, երկու քույրերի եւ հազարավոր հայրենակիցների հետ տեղահանվեց արյունռուշտ Բաքվի կոտորածներից, փրկվեց թուրքի արյունոտ…

ՊԱՆԹԵՈՆԸ …

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2022 0
Սիսիանի պանթեոնը անգթորեն ընդարձակվել է… Բայց այս պանթեոնը մահվան մասին չէ, այլ` հավերժումի, այս պանթեոնը զոհվելու մասին չէ, այլ` հերոսացման,…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code