ԵՐԿՐՈՐԴ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ` ԱՌԱՆՑ ՀԱՅՐԻԿԻ…

1278 0

Տասնամյա Նելլին դեկտեմբերի 14-ին երկրորդ ծննդյան տարեդարձն է նշում առանց հայրիկի: Յոթնամյա քույրը` Լիլիան էլ դեկտեմբրի 17-ին է առանց հարիկի երկրորդ ծննդյան տարեդարձը նշելու: Հայրը չի կարողանա ֆիզիկապես ներկա լինել… Չէ՛, աշխարհում ամենից շատ նա իր երկու դուստրերին է սիրում… Պարզապես հիմա եւ այսուհետ նա միայն երկնքից է հետեւելու իր սիրասուն զավակների ծննդյան տոներին, նրանց կյանքի բոլոր իրադարձություններին, նրանց դպրոցական հանդեսներին, նրանց նշանադրությանը եւ շնորհակալ է լինելու, որ սիրելի կինը` Լիլիթը եւ իր երեք զավակներին, հիմա էլ` թոռներին անհունորեն նվիրված մայրը` Նելլին սրբորեն են պահպանում երեխաներին լավ պահելու իր վերջին խնդրանքը… Նելլիի եւ Լիլիայի հայրը` Նարեկ Հարությունյանը 2020-ի հոկտեմբերի 9-ին վերջին անգամ կնոջը` Լիլիթին զանգահարել է Կարմիր Շուկայից, ասել, որ ինքը լավ է, եւ միայն մեկ բան խնդրել` երեխաներին լավ կպահես… ու զոհվել է հաջորդ օրը…

Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Նարեկ Հարությունյանը ավագ սերժանտ էր, ջոկի հրամանատար, 2009-ից պայմանագրային ծառայության մեջ էր Սիսիանի զորամասում: Երեք եղբայրներից ավագն էր, բայց 5 տարեկանում արդեն կորցրել էր հորը եւ շատ արագ «մեծացել» ու դարձել երկու եղբայրների հենարանը…

Հիմա էլ իր երկու դուստրերը կորցրեցին իրենց հորը, ու մայրն ու տատն են դարձել նրանց ապավենը, նրանց բոլորանվեր սերը…

«Ես էլ ընդամենը 2 տարեկան եմ եղել, երբ արցախյան առաջին պատերազմում կորցրել եմ ազատամարտիկ հորս` գորիսեցի Արմեն Մարգարյանին, եւ որբության դառնահամը ինձ շատ է ծանոթ… Բայց երբ հանդիպեցի Նարեկին, կյանքս փոխվեց, ընդամենը երեք ամսվա ծանոթներ էինք, հոգեւոր այնպիսի կապ ստեղծվեց մեր միջեւ, որ չընդիմացա ինձ «փախցնելու» նրա ցանկությանը, ու երջանիկ էինք… Նարեկը անհունորեն սիրում էր աղջիկներին, մորը, ինձ, բոլորին… Մեր ընտանիքը ջերմության եւ սիրո օջախ էր, ու մեր դուստրերը այդ սիրո մեջ էին մեծանում… Նարեկի զոհվելուց հետո ոչ սիրտ կար, ոչ` տրամադրություն, ոչ` ցանկություն երեխաների ծննդյան օրերը նշելու, բայց այս տարի որոշել եմ Նելլիի ընկերուհիների հետ նշել նրա ծննդյան օրը: Նարեկն է ինձ այդպես պատվիրում, Նարեկն է ինձ հուշում, որ մեր երեխաներին տխուր չմեծացնեմ, անտոն չմեծացնեմ, երեխաները ուրախ մեծանան, չզրկվեն մանկությունից … ու որոշեցի, որ այս տարվա ծննդյան օրը մի քիչ տարբերվի անցյալ տարվա ծննդյան օրից, եւ Նելլին դասընկերուհիների հետ ուրախանա այսօր եւ այս տարեդարձը հիշարժան դառնա նրա համար… Երկրորդ ծննդյան տարեդարձը` առանց հայրիկի…

Աղջիկներս, իհարկե, լավ գիտեն` ինչի համար է զոհվել իրենց հայրը, ես լավ գիտեմ, որ իմ սրտի թացը երբեք չի չորանալու, իմ թեւ ու թիկունք սկեսուրս, որ մայր է ինձ համար, գիտի` ինչ է անդառնալի կորուստը, բայց մենք ջանում ենք կատարել Նարեկին տված մեր խոստումը` լավ պահել մեր երեխաներին… Մեր սիրո եւ կարոտի հասցեն նույն անունն ունի` Նարեկ, ու երկուսս էլ Նելլիի ու Լիլիայի մեջ Նարեկին ենք փնտրում, Նարեկին ենք գտնում, Նարեկին ենք տեսնում, Նարեկին ենք պահպանում, Նարեկին ենք ապրեցնում, Նարեկին ենք հավերժացնում…»,– ասում է հայրենյաց նահատակ Նարեկ Հարությունյանի կինը` գեղեցկադեմ, մաքրահոգի, սիրագորով Լիլիթը եւ մեղմորեն ժպտում… ժպիտը փշրված է, ժպիտը ցավոտ է, բայց` լուսավոր, որ փորձում է այնպես քնքշորեն, այնպես հավատարմորեն ու այնպես երկյուղածորեն կամաց-կամաց իրականացնել Նարեկի խնդրանքը… Թող որ դա լինի Նելլի դստեր ծննդյան 10- ամյակը նշելը:

Շնորհավոր ծննդյանդ օրը, տատիկի անվանակիր համեստագույն մարդ ու անմահ զինվոր Նարեկ Հարությունյանի Նելլի դուստր…

Բարի տարեդարձ: Հայրիկիդ հոգին հրճվում է երանությամբ, որ քո ծննդյան օրն է, չէ՞ որ դու ես նրան առաջին անգամ հայրության զգացումի բերկրանքը պարգեւել, ու նա միշտ ներկա է, մշտարթուն ներկա է քո բոլոր օրերում եւ ծննդյան բոլոր տարեդարձերին…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

14.12.2021

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՐ ՀԵՏ ՏԱՆԵԼՈՎ ՄԻ ՈՂՋ ԴԱՐԱՇՐՋԱՆ …

Տեղադրվել է - Փետրվար 14, 2024 0
Կյանքի 93-րդ տարում հունվարի 21-ին Սանկտ-Պետերբուրգում իր մահկանացուն կնքեց մեր հայրենակից, նշանավոր նկարիչ Զաքար Ավագի Խաչատրյանը: Զաքար Խաչատրյանը ծնվել է…

Կորած գարուններ. հերոսամարտ 2020… Անվանակոչություններ` Սիսիանի ավագ դպրոցում

Տեղադրվել է - Մայիս 22, 2021 0
Սիսիանի ավագ դպրոցի եւ «Միքայելյան» բարեգործական ՀԿ տնօրեն Տիգրան Միքայելյանի համատեղ ջանքերով Սիսիանի ավագ դպրոցում տեղի ունեցավ դասասենյակների անվանակոչության հանդիսություն`…

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ, ԶԻՆՎՈՐ…

Տեղադրվել է - Հուլիս 9, 2021 0
Որքան վաղուց իմ գրիչն ուրախ նյութեր չի գրել, որքան վաղուց իմ ֆոտոխցիկը ուրախությունից ճառագող դեմքեր չի տեսել, որքան վաղուց ես…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code