Արգիշտին կարող էր պատիվ բերել հայոց եռագույնին, այնինչ…

Տեղադրված է at Հունիս 3, 2022
2351 0

Մայիսի 11-ին ՀՀ ՊԲ զորամասերից մեկում զինվորի` ինքնասպան լինելու լուրը ցնցեց 44-օրյա պատերազմից դեռեւս արցունքահոս երկիրը: Իսկ երբ հայտնի դարձավ զինծառայողի անուն-ազգանունը` Արգիշտի Արմենի Եղյան, ցնցման կենտրոնը դարձավ Սիսիանի Շաքե գյուղը` Արգիշտիի ծննդավայրը, որը 44-օրյա պատերազմում արդեն կորցրել էր իր 7 զավակներին: Ոչ մեկը, ով շփվել էր Արգիշտիի հետ, քիչ թե շատ ծանոթ էր նրան, չհավատաց այդ լուրին: Նրա մասին բոլոր գրառումներն ուղեկցվեցին նույնանման մեկանաբանություններով ` նրա նման խելացի, կրթված, կայացած, հավասարակշիռ, կենսասեր, ժպտադեմ, բարի ու պատասխանատու երիտասարդը, ով դեռեւս 18 տարեկանում հասել էր լուրջ հաջողությունների, ունեցել բազում-բազմաթիվ ձեռքբերումներ, ում բոլոր երազանքներն ու նպատակները կապված էին ապագայի հետ, չէր կարող ինքնասպան լինել:

Դպրոցական տարիներից Արգիշտին տարբերվել է հասակակիցներից: Ծնղները երբեմն ստիպել են իջնել գյուղամեջ, շփվել, ժամանակ անցկացնել գյուղի տղաների հետ, բայց նա դա համարել է ժամանակի վատնում, ու ողջ օրը խորասուզված իր համակարգչային ծրագրերի մեջ, հարստացրել իր գիտելիքները, բացահայտել նորանոր գաղափարներ: Առաջին դասարան է գնացել արդեն որպես պատրաստի աշակերտ: Մի փոքրիկ հանրագիտարան ուներ, անգիր էր արել: 3-4 –րդ դասարանում անգիր գիտեր ոչ միան աշխարհամասերը, մայրցամաքները, այլեւ` քարտեզի բոլոր պետություններն ու երկրները` իրենց կոորդինատներով, տարածքով: Հավասարապես սիրել է թե հումանիտար, թե` ճշգրիտ առարկաները եւ հավասարապես սովորել: Երբ հասակակիցները ապարդյուն վատնում էին իրենց ժամանակը, Արգիշտին մասնակցում էր Սյունիքի մարզում բազմաթիվ հկ-ների կողմից կազմակերպվող ծրագրերի, ներգրավվում հասարակության մեջ երիտասարդության դերի բացահայտման քննարկումների, բանավեճերի, ճամբարների, անձի զարգացման համընդհանուր հմտությունների, տղաների անձնային որակների կատարելագործման, սոցիալական նորարարության ճամբաների, բանավեճի արվեստը` ժողովրդավարության հիմք համայնքային ու բազմաթիվ այլ ծրագրերի, անգլերենից կամավոր թարգմանություններ անում, մարզային, հանրապետական օլիմպիադաներում տեղեր գրավում ու միշտ աչքի ընկնում իր գիտելիքներով, կազմակերպվածությամբ, նախանձախնդրությամբ, պատասխանատվությամբ, նվիրումով: Գծագրել էր իր ապագան, որոշել իր դերը, իր տեղը: Մեծ հեռանկարներով է ապագա առաջնորդների փոխանակման FLEX ծրագրով սովորել ԱՄՆ-ում, ինչը պիտի ընդլայներ ոչ միայն իր աշխարհընկալումը, պատկերացումները, այլեւ` իր ապագայի նկատմամբ վերաբերմունքը: Գիտեր` ինչ է անում, ինչ է ուզում: Ամերիկայն մի հյուրընկալ ընտանիքում, հանձին նրա, տեղացիները ճանաչեցին հային, իմացան հայ ժողովրդի պատմությունը, ազգային առանձնահատկությունները, խոհանոցը, ու հարազատ որդու պես սիրեցին Սիսիանի Շաքե գյուղից իրենց մոտ ապրող եւ սովորող երիտասարդին: Արգիշտին սովորեց եւ սովորեցրեց: Ազատ էր, անկաշկանդ, ինտելեկտուալ միջավայրում` ինչպես ձուկը ջրում… Բայց քովիդի պատճառով կիսատ մնաց ուսումը եւ վերադարձավ հայրենիք, ավարտեց Շաքեի միջնակարգ դպրոցը:

«Արգիշտին ամեն ինչի ինքնուրույն է հասել, իր հասակակիցները չգիտեին` ծրագրերն ինչ են, ինքը ճարպիկ էր, պրպտող: Հատուկենտ ծրագեր էին դպրոցից` մեղու, կենգուրու, մնացածն ինքն էր փնտրում-գտնում: Ապշել էի, որ իմ համալսարանական կուրսընկերների հետ 2018-ին ծրագրերի էր մասնակցում, շրջապատը մեծ էր, մտահորիզոնը` լայն, ամեն տեղ կար, շատ բան մենք հիմա ենք բացահայտում: Նպատակը Ամերիկայն համալսարանում սովորելն էր, բայց տեխնիկական պատճառներով չկարողացավ հայտն ուղարկել, ու, որպեսզի ուսումնական տարին չկորցնի, 2021 թ.-ին ընդունվեց ԵՊՀ օտար լեզուների եւ հաղորկակցությունների ֆակուլտետի իտալերենի բաժինը: Մտադիր էր բանակից հետո էռասմուս կրթական ծրագրով, որը համալսարանն էր ապահովում, ուսումը շարունակել արտերկում: Փառք էինք տալիս, որ պատերազմն անցավ, ուրախությամբ ենք ճանապարհել բանակ, բայց մեզ համար սա նոր պատերազմ էր»,- ասում է քույրը` Նելլին:

Կես տարի սովորելուց հետո 2021-ի փետրվարի 28-ին Արգիշտին զորակոչվեց բանակ: Նույն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ ծառայում էր Վարդենիսի Սոթքի զորամասում: Իրենից 7 եւ 8 տարով մեծ քույրերը, որ պահել, սիրել, մեծացրել էին իրենց փոքր եղբորը, ուրախություն ու բերկրանք ապրեցին նրա` հայոց բանակի զինվոր դառնալիս. «Իմ ամենախելացի, իմ ամենանպատակասլաց, իմ հարազատ, իմ միակ, իմ ուժ ու հպարտություն, իմ Արգիշտի, մեր հերթն էլ եկավ զինվորի քույր լինելու, գիշեր-ցերեկ աղոթելու քո ու մեր բոլոր զինվորների համար ու մեր երկրում աստծուց խաղաղություն խնդրելու: Վստահ եմ, որ պատվով կանցնես կյանքիդ այս էտապն ու արժանապատիվ կվերադառնաս տուն…»,- իր ֆբ էջում գրեց ավագ քույրը` Սեդան:

Համավարակի պատճառով ծնողները չկարողացան ներկա լինել որդու զինվորական երդման արարողությանը, բայց հանգիստ ու վստահ էին, որ նրա ծառայությունն էլ կանցնի նույնքան կազմակերպված, պատասխանատու, ինչպես մնացյալ բոլոր հարցերում: Խելացի, ինտելեկտուալ Արգիշտին ծառայության ընթացքում էլ չի կտրվել գրքերից, տնից իր անգլերենի գրքերն է խնդրել, որ ե՛ւ ինքը պարապի, ե՛ւ լեզու սովորել ցանկացող զինակիցներին սովորեցնի: Ծնողներն ասում են, որ երբեւէ չի տրտնջացել ծառայությունից, որեւէ անգամ չի դժգոհել, իրենք հանգիստ էին, վստահ, որ ամեն ինչ կարգին է: Դեպքի նախօրյակին զանգահարել-շնորհավորել է քեռու ծննդյան օրը, նույն օրը երեկոյան լավ տրամադրությամբ զրուցել հոր հետ: Մոսկվայում եւ Արարատում ապրող քույրերին խնդրել էր հուլիսին, իր հերթական արձակուրդին, Շաքե գալ, որ ընտանիքը  միասին լինի: Բոլորը սպասում էին այդ օրվան: Սակայն, ի ցավ բոլորի, «ընտանիքի հանդիպումն ավելի վաղ կայացավ»… Ամեն հերթափոխից հետո զորամաս իջնող որդու զանգին հեռախոսը ձեռքին սպասող մայրը մայիսի 11-ի առավոտյան չստացավ այդ զանգը: Նույն օրը ամպրոպի նման պայթեց Արգիշտիի` ինքնասպան լինելու մասին չարագույժ լուրը:

Ծնողներն անհավանական համարեցին Արգիշտիից նման արարք: «Երբ տղայիս ճանապարհում էինք ԱՄՆ` FLEX ծրագրով սովորելու, չէր ուզում բաժանվել գրկիցս, կրկնում էր` պապ, մամային լավ կպահես: Նա մորը, քույրերին, բոլորիս այնքան էր սիրում, որ նման ցավ չէր պատճառի մեզ: Գիտեր, որ մենք էլ իրեն ենք սիրում, ու մեզ հետ այդպես չէր վարվի: Արգիշտին իր բոլոր նպատակները, երազանքերը, ծրագրերը կապում էր ապագայի հետ, էնքան բանի էր հասել, էնքան երազանքներ ուներ, ոնց կարող էր խաչ քաշել այդ ամենի վրա: Ծառայության մեկուկես տարին անցած զինվորը, որ դեռեւս 9-րդ դասարանում նամակ-շարադրություն էր գրել Բան Կի Մունին` ահաբեկչությունները կանխելու «դեղատոմսը» համարելով բանակացությունները, չէր կարող «լեզու չգտնել» կողքինների հետ…»,- ասում է հայրը:

Մայրը` Մարինեն չի պատկերացնում` ինչպես է այսուհետ ապրելու առանց որդու: «Իմ տղան կյանքը շատ էր սիրում, նրա բոլոր պլանները ապագայի հետ էին կապված, ու էդ ապագան էնքան գեղեցիկ էր պատկերացնում: Մեր բոլորի ապագան էր գեղեցիկ պատկերացնում, ու պիտի փոխեր այն: Մեզ ասում էր` դուք ճիշտ չեք ապրում, շատ եք չարչարվում: Արգիշտին էս կյանքում միայն մի «թերություն ուներ», նրան խորթ էին փողոցային «բարքերը», կռիվները, բարի էր, լրիվ ուրիշ աշխարհի մարդ, չէր պատկերացնում, որ կարող են դեմքին ժպտալ, հետեւից դավեր նյութել, չէր տարբերում լավ ու վատ մարդկանց, որովհետեւ ինքն էնքա~ն մաքուր էր, բոլորին իր նման էր պատկերացնում, իր միակ «թերթությունը» դարձավ ճակատագրական: Արգիշտիս ընկավ մի ոհմակի մեջ, որ չգիտեին նրա արժեքը, հոշոտեցին էրեխուս: Եթե պատերազմ լիներ, եթե թշնամու գնադկից լիներ, կասես` հա, պատերազմ է, բայց ներսի թշնամին դրսի թշնամուց ավելի սարսափելի է: Չեմ կարողանում հասկանալ` ինչու ե՛ւ վաշտի հրամանատարը, ե՛ւ որեւէ մեկը տեղյակ չի եղել` ինչու է Արգիշտին այդ օրը կրկնակի հերթապահության կանգնել դիրքում: Ինչո՞ւ բանակը կարգ ու կանոն չի պահում, ախր էս երեխեն մեր ազգին, մեր հասարակությանը էնքան պիտանի մարդ պիտի դառնար: Էսքան անտարբերությու՞ն… էրեխեքին բանակ են տանո՞ւմ, թե` սպանդանոց: Էս ամենը հրամանատարության անտարբերության արդյունք է, ու դեռ ասում էին` ամենակարգապահ վաշտն է: Մենք երեխա ենք վստահել իրենց, իրենց երեխաների հետ էդպե՞ս կվարվեին: Ինչո՞ւ հաշվի չեն առել զինվորի անհատական որակները, ինչո՞ւ են -2,75 տեսողությամբ զինվորին միայնակ դիրք ուղարկել: Արգիշտիի ակնոցը ջարդվել էր, մինչ մենք նորը կուղարկեինք, առանց ակնոց դիրք է կանգնել… Ինչո՞ւ են այդքան անտարբեր: Չգիտեմ` սրա պատասխանն ով է տալու, ով է մեղավոր, բայց հույս ունենք, որ նրանք կպատժվեն»,– ասում է մայրը, հավելում, որ արդեն կորցրել են իրենց որդուն, այլեւս ոչինչ չի կարող ետ բերել նրան, բայց ուզում են, որ ճշմարտությունը բացահայտվի, մեղավորները պատժվեն, բանակում տիրող «բեսպրեդելը» վերանա, նման դեպքեր չկրկնվեն, նոր ծնողներ որդեկորույս չդառնան:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, երկու ծառայակից ձերբակալվել է, կատարվում է գործի քննություն: Մարինեն հավատում է արդարությանը, հավատում իր որդու անմեղությանը, մեղավորների` արդար դատաստանին: Արգիշտիի ծնողները, հարազատները, բարեկամները որեւէ մխիթարություն չեն կարողանում գտնել, բայց նշում են, որ երբ լսեցին, կարդացին, տեղեկացան իրենց որդու մասին ետմահու գրառումները, կրկնակի ցավ ապրելով` մխիթարվեցին նրա` այդքան ճանաչված, գնահատված լինելու համար, որովհետեւ նա բացառիկ էր ոչ միայն իրենց ընտանիքի, այլեւ` շրջապատի, ընկերների, հասարակության համար: Արգիշտիի հուղարկավորմանը մասնակցող զորամասի գնդերեցն ու հոգեբանը միայն հիացմունքի խոսքեր են ասել նրա մասին, շեշտել, որ նրա նման խելացի, ինտելեկտուալ զինվորի հետ հաղորդակցվելը մեծ բավականություն էր, եւ մյուսները նրանից շատ բան ունեին սովորելու: Օրերս Արգիշտիի` ամերիկյան ընտանիքից նկարների նոր շարք են ստացել, նայում են ու չեն հավատում, որ կենսասեր, ամեն տեղ` ժպտացող, կատարյալ խաղաղ ու հանգիստ տղան այլեւս չկա, ով այնքա~ն սիրում էր կյանքը:

Ցավակցությունների հեղեղ էր, որ տեղաց: Ցավակցեցին գրեթե բոլոր կառույցները, ում հետ առնչվել էր Արգիշտին: Ցավակցեցին Շաքեի դպրոցն ու համայնքապետարանը, ընկերները, դասընկերները: Խորը կսկիծ հայտնեց ամերիկայն ընտանիքը, որտեղ ապրել էր Արգիշտին, ում սիրում էին հարազատ որդու պես: Ցավակցեց ԱՄՆ դեսպանատունը, ափսոսելով Արգիշտիին, ով օգնում էր իր երկրի երիտասարդներին դառնալ հայրենիքին օգտակար եւ ակտիվ քաղաքացիներ, իսկ նրա նման անհավանական երիտասարդին ճանաչելը պատիվ համարեցին:

Խորին ափսոսանքով ու ցավով Շաքեի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը Արգիշտիի կորուստը ոչ միայն ընտանիքինը համարեց, ոչ միայն` Շաքեինը եւ Սիսիանինը, այլեւ` երկրինը, որովհետեւ նրա նման բացառիկ երիտասարդը կարող էր իր խելքով, իր գործով, իր գիտելիքներով պատիվ բերել հայոց եռագույնին, բայց, ցավոք, անիմաստ մահով Շաքեի գերեզմանատանը ննջում է հայոց եռագույնի ներքո: Հուսաց, որ նրա հոգին կփառավորվի երկնային արքայության մեջ, եւ Արգիշտին կգտնի իր հոգու անդորրն ու խաղաղությունը:

Մայիսի 14-ին  քույրը` Սեդան, անհուն ցավով արձանագրեց` «… ու էսպես ավարտվեց մեր ապագա լեգենդի, մեր պարծանքի, մեր հպարտության, մեր հրաշքի կյանքի սիրուն պատմությունը…»:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՆՁ ԱՊՐԵԼ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀՈՂԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԸ ԵՎ ԳՐԵԼԸ… 44-օրյա պատերազմի անհայտ զինծառայող Կարեն Իսկանդարյանի հայր

Տեղադրվել է - Դեկտեմբեր 14, 2022 0
44-օրյա պատերազմի մասնակից սիսիանցի 5 զինծառայողի ճակատագիր դեռեւս անհայտ է: Նրանցից մեկը Սիսիանի զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ, հետախուզական դասակի հրամանատար…

ՍՅՈՒՆԻՔԻ ԴԱՐՊԱՍԸ

Տեղադրվել է - Հունիս 22, 2023 0
Այնտեղ, ուր մայրաքաղաքից եկող ճանապարհը մտրակում է Որոտանի լեռնանցքի փեշերն ու դուրս գալիս դեպի գագաթ, սկսվում է Սիսիանի տարածաշրջանը: Վայքի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code