Առաջին պատերազմը կեսրայրիս տարավ, 44-օրյան` տղայիս… Արայիկ Կիրակոսյանի մայր

Տեղադրված է at Հունվար 10, 2022
1013 0

Գյուղամիջում արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնն է: Անգեղակոթը շատ զոհեր տվեց Արցախյան պատերազմներում: Զոհվածներից ոմանք հուղարկավորվեցին Սիսիանի պանթեոնում, ոմանք` Եռաբլուրում, 15 հոգին էլ` հայրենի գյուղի պանթեոնում: Վերջին երկուսը` 44-օրյա պատերազմի նահատակներ Արայիկ Կիրակոսյանն ու Պարույր Եսայանն են…

Պանթեոնում վեր է խոյանում Անդրանիկի հուշարձանը, կողքին` եղեռնի 100-ամյակի հուշաքարն է, վերջերս ավելացել է նաեւ նահատակ Պարույր Եսայանի` կիթառի նմանությամբ հուշաղբյուրը…

Արայիկ Կիրակոսյանի հուշաքարին հայրը` էդիկը, որդու անուն-ազգանվան կողքին փակագծում գրել է նաեւ Մխո… Ասում է` գյուղում բոլորը նրան Մխո գիտեն, նույնիսկ շարային ներկա-բացակայությունների ժամանակ երբ հնչել է նրա` Արայիկ Կիրակոսյան անուն-ազգանունը, որդին երբեմն ռեկացիա չի տվել, մինչեւ կողքից ընկերները բոթել են նրան ներկա ասել… Ինքն էլ էր իրեն Մխո կոչում… Թե որտեղի՞ց էր այդ մականունը «կպել» Արայիկին, հայրն էլ չգիտի, միայն ասում է, որ դպրոցական տարիներին ինչ-որ բանաստեղծություն է արտասանել, որտեղ եղել է այդ բառը, ու էդպես էլ Արայիկի համար դարձել է մականուն եւ կպել- մնացել, ինչը որդին հոժարակամ կրում էր:

Անգեղակոթի միջանկարգ դպրոցն ավարտելուց հետո Արայիկ Կիրակոսյանը 2008-2010 թ.թ.-ին ծառայել է բանակում: Ծառայությունն անցել է Ջրականում, Արա Լեռ զորամասում: Բանակից զորացրվելուց հետո գնացել է Ռուսաստան, որոշ ժամանակ աշխատել այնտեղ, ապա վերադարձել հայրենի գյուղ, ամուսնացել եւ պայմանագրային ծառայության մտել Սիսիանի զորամասում: Զինակից ընկերների հետ Շաղատի դիրքերն էին հսկում:

Պատերազմի նախորդող երեք ամիսը դիրքերից գրեթե չիջան: Ամենից շատ երեխաներին էր կարոտում` 3-ամյա էդիկին եւ 5-ամյա Խաչիկին: «Մի անգամ իջել էր դիրքերից` ջուր տանելու, զանգեց հորը, խնդրեց իջնել Շաղատ` իրեն տուն բերի, որ իր քոթոթներին տեսնի: Երեխաներին քոթոթներս էր ասում կամ` գոջոներս… Դա նրա վերջին տեսնելը եղավ… Հետո պատերազմը սկսվեց, Արայիկս գնաց ու էլ չեկավ… Հոկտեմբերի 8-ին իջան Շաղատի դիրքերից, գնացին Արցախ: Վերջին անգամ հետը խոսեցինք հոկտեմբերի 9-ին, Հադրութից, ասում էր` էստեղ ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ, ոնց որ մեր սահմանները… Բայց ամսի 10-ի առավոտվա կողմերը անօդաչուն արդեն հարվածել էր Արայիկիս մեքենային… Արայիկս ավագ սերժանտ էր, ինքն էր վարել մեքենան… Նրա հետ էլի տղաներ զոհվեցին` Գեւորգը, Հրահատը, Աշոտը, Անուշավանը, ջոկից փրկվել են միայն 3 հոգի, որ վիրավորվել էին, ու հիմա ողջ են… Ընկերները հետո պատմել են, որ Արայիկը շատ լավ էլ զգացել է, թե ինչ է սպասվում իրենց, զինակիցներին խնդրել է ոչ ոք մեքնայից չթռչի, եթե մի բան լինի, թող բոլորին միասին լինի, ասել է` մեկս բոլորի համար, բոլորս` մեկի… Միասին ծառայել ենք, միասին էլ կզոհվենք: Արայիկիս զոհվելու լուրը ամենաուշը մենք ենք իմացել, հոկտեմբերի 24-ին ստացել ենք դնթ անալիզի պատասխանը, հոկտեմբերի 26-ին որդուս աճյունը հանձնել են մեզ, իսկ 29-ին հուղարկավորել ենք մեր գյուղի պանթեոնում…»,-ասում է Արայիկ Կիրակոսյանի մայրը` Սահականուշը` երբեք չհաշտվելով որդու կորստյան մտքի հետ:

Արայիկը Էդիկ Կիրակոսյանի եւ Սահականուշ Կարախանյանի երկրորդ զավակն էր, երկու քույրերի միակ եղբայրը: էդիկի օջախում էին մեծանում նաեւ ամուսնալուծված քրոջ երկու աղջիկները, ու Արայիկը 4 քույրերի հոգին ու արեւն էր, խինդն ու ուրախությունը, որ հետո պիտի չորսին էլ դաղեր իր կորստով, որ հետո պիտի նրա տեղը հավերժ թափուր մնար սիրող քույրերի սրտում… Եվ տանը, որտեղ մի ժամանակ երեխայի խինդ ու ծիծաղ էր, հիմա ծանր լռություն է… Եվ տանը, որ հետո Արայիկի երկու տղաների չարաճճիություններն էին, հիմա, ինչպես շատ ցավոտ սրտով ասաց Սահականուշը, տղային ու թոռներին օրացույց է սարքել, կպցրել պատին ու ողջ օրը նրանց նկարների հետ է խոսում…

Չարաղետ պատերազմը ոչ միայն Արայիկ որդուն է խլել նրանցից… 51-ամյա Սահականուշն ու 58-ամյա Էդիկը կարծես կորցրել են նաեւ ապրելու իմաստը, մխիթարությունը… Որդու կորստյան անամոք ցավը մի կողմ դրած` հիմա էլ թոռների բացակայությունից են խեղճացել, վհատվել, մոլորվել… Արայիկի կինը, ամուսնու զոհվելուց 6-7 ամիս հետո, գյուղում ապագա չտեսնելով երեխաների համար, նրանց վերցրել-տեղափոխվել է Երեւան եւ Ավանում վարձով է ապրում: Հարսի եւ երեխաների հեռանալուց հետո Արայիկի ծնողները թեւաթափ են, հուսահատ, իսկ երբեմնի բազմամարդ, համերաշխ, կենսուրախ տունը ընկճվել է դատարկությունից, սառնությունից, ջերմության պակասից… Մայրն ասում է, որ երեխաները վերջին անգամ հոր շիրմին այցելել նրա ծննդյան օրը` մայիսի 16-ին, ու այլեւս չեն եկել այս կողմերը…

«Դաշտերից մանդակ-մասուր բերելով, անասուն պահելով, հող ու դաշտ վարելով տուն ենք դրել, երեխա ենք պահել, էսօրվա օրով դատարկ նստել ենք… Արայիկս արդեն չէր թողնում դաշտ գնայինք, ասում էր` ես աշխատում եմ, դուք մենակ երեխաներին պահեք… Երկու թոռներիս ծոցիս մեջ եմ պահել, տղայիցս հետո նրանք էին մեր ապրելու իմաստը, նպատակը, բայց էս չարաբաստիկ պատերազմը համ տղայիս տարավ, համ` թոռներիս… Խաչիկս ծանր ապրումներ ունեցավ հոր կարոտից, նույնիսկ` նեւրոզ տարավ: Երեխա էր, բայց ամեն ինչ հասկանում էր, ասում էր` թուրքերը պապայիս տարան, բայց պապաս երկնքից մեզ տեսնում ա, պապաս մեր գյուղի սահմանները պահում ա»,- ասում է տիկին Սահականուշը, հետո ավելացնում, որ դեռ արցախյան առաջին պատերազմի ժամանակներից է իրենց օջախը պատերազմի դառնությունը ճաշակել…«1991-ին կեսրայրս ոչխարի հոտի հետ անհյատ կորավ Նախիջեւանին սահմանակից մեր սարերից: Երբ առաջին թոռնիկս ծնվեց, նրա անունով Խաչիկ անվանակոչեցինք, ասացինք` էդ անունը թող մեր տանը միշտ հնչի, երկրորդ թոռանս անունն էլ ամուսնուս անունը դրեցինք` էդիկ, բայց էսօր էդ անունները միայն տան դատարկ լռության մեջ ենք օրը հազար անգամ հնչեցնում, ու չգիտենք` ինչու…»,- տրտմորեն հավելում է Սահականուշը, մղկտում, մրմռում, տանջվում…

Ե՛ւ ծնողները, ե՛ւ համագյուղացիները, ե՛ւ ընկերներն ասում են, որ Արայիկը շատ բարի, ազնիվ, հոգատար, հանուն կողքինի իրեն զոհաբերող տղա էր: 29 տարեկան էր, բայց մի անգամ ծնողների խոքը չէր կոտրել, իր բոլոր հարցերը նրանց հետ էր քննարկում, իր բոլոր որոշումները նրանց հետ էր կայացնում: Հումորով էր, սրտաբաց: Անգամ իր անձնական գումարներն էր ներդնում` իրեն վստահված մեքենան սարքելու, մեքենայի քրքրված ծածկը փոխեց, որ զինվոր ընկերները անձրեւից պաշտպանվեն, համեստ էր, հարգալից, նույնիսկ էդ տարիքում` ծնողների մոտ չէր ծխում: «Գոնե մի վատ արարք արած լիներ, մեկիս խոսքին պատասխան տված լիներ, մեկիս մի բանով նեղացներ… Ծանր կորուստ էր ոչ միայն մեր ընտանիքի, այլեւ` ողջ գյուղի, դասընկերների, զինակիցների համար… Երբ գնամ նրա շիրմին այցի, իսկ ամեն օր եմ գնում, աշխատավայրիս` մանկապարտեզին մոտ է, նրա շիրմին միշտ թարմ ծաղիկներ են, ընկերներն են… Դա ինչ-որ տեղ մեզ մխիթարում է, բայց այդպես էլ չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ե՛ւ հողերը կորցրեցինք, ե՛ւ տղաներին…»,- ասում է Սահականուշը:

Եւ եթե մայրը խոսում, արցունք է թափում, ցավն ու կսկիծն է կիսում ինձ հետ, հայրը` Էդիկը լռում է… Երբ փորձում եմ իմանալ վաղվա օրվա հեռանկարը, ասում է, որ հիմա իրենց միակ նպատակը թոռներին մոտ լինելն է, վաճառել են ամբողջ անասունը, խոզերը, մտադիր են վաճառել նաեւ տունը եւ Երեւանում տուն գնել` թոռներին մոտ լինելու համար… Արայիկի երազանքը եղել է գյուղի տունը վերանորոգելն ու զավակներին ապահով մեծացնելը… Գյուղի տունը այդպես էլ չվերանորոգվեց, բայց զավակներին ապահով մեծացնելու` Արայիկի երազանքն իրականացնելը ծնողները փայփայում են այնպես, ինչպես որ իրենց նահատակ որդուն կփայփայեին, ու հանուն դրա պատրաստ են ամեն ինչի…

«Հարսս լավ աղջիկ էր, համեստ, նրանից վատ բան չենք տեսել, Արայիկից հետո նրան սիրում էինք նաեւ Արայիկի տեղ, Արայիկի կարոտը, ջերմությունը նրանից էինք առնում, մտադիր էինք տուն գնել թոռներիս համար, բայց…Եթե ծնողը զավակի կորստից հետո թոռներով է մխիթարվում, մենք այդ մխիթարությունից էլ զրկվեցինք»,- ասում է տիկին Սահականուշը` անզոր հաղթահարելու իրենց համակած ցավն ու թոռների` մաշող կարոտը, ապա հավելում, որ պատրաստ են դիմելու անգամ օրենքին` իրենց թոռներին տեսնելու օրինական իրավունքից իրենց չզրկելու համար: «Էդ երեխաները հո երկնքի՞ց չեն ընկել… Էդ երեխաները նաեւ մեր երեխաներն են եւ արդար չէ, որ մենք զրկված ենք անգամ նրանց տեսնելու հնարավորությունից…»,- ասում է տիկին Սահականուշը:

Ի պատասխան Արայիկի կնոջ հետ որեւէ կերպ կապ հաստատելու իմ մտադրությանը` տիկին Սահականուշը նշում է, որ թեեւ Ավանում ապրող տալոջ միջոցով երբեմն տեղեկություններ ստանում են թոռներից, բայց որեւէ կերպ չի կարող օգնել, քանի որ իրենք էլ չունեն այդ հնարավորությունը…

Պատերազմը սրտեր կոտրեց, օջախներ ցանուցիր արեց, ճակատագրեր բեկեց: Հարցնում եմ` ինչո՞վ մխիթարեմ որդեկորույս ծնողներին, ասում են, որ իրենց միակ մխիթարությունը հիմա միայն իրենց թոռներն են, որ թեեւ հեռու են, բայց ամեն ինչ անելու են` նրանց մոտ լինելու համար…

Ինձ մնաց հավելել միայն` պատերազմը բաժանեց, թող նահատակի խնկելի հիշատակը եւ նրա հանդեպ բոլորի սերը միավորի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆ` ԲՆՈՒՆԻՍ, «ԷԴԳԱՐԻ ՏՈՒՆ». Պատը շարվի պիտի, ուրիշ հնար չկա, Կյանքն ապրվի պիտի, ուրիշ հնար չկա…

Տեղադրվել է - Օգոստոս 25, 2023 0
Սեպտեմբերի 27-ին Հադրութի զորամասերից մեկի զինծառայող, առաջին պաշտպանական գծի նռնակաձիգ Էդգար Մարգարյանի ծննդայն օրն էր. լրանում էր 20-ամյակը: Զորակոչվել էր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code