Անկախություն-30. Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել, Որ պահենք այս հողը մի բուռ…

2028 0

Գուցե օրինաչափ է, որ այսօր ամենամարդաշատ վայրը պանթեոնն էր: Գուցե օրինաչափ է, որ մեր երկրի անկախության օրը առաջին հերթին նույնականացվում է հանուն այդ հայրենիքի նահատակված քաջորդիների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելով: Գուցե օրինաչափ է, որ հայրենիքի անկախության տոնը ասոցացվում է իրենց կյանքը պետականության զոհասեղանին դրած նահատակների հետ: Եւ այսօր մեր բոլոր ճանապարհները պանթոններ տարան` նրանց հետ եւ նրանց կողքին նշելու 30 տարի առաջ վերստացած մեր երկրի անկախության օրը, ինչը կորցրել էինք շատ դարեր առաջ: Նրանց հետ եւ նրանց կողքին նշելու այն անկախության օրը, որը առավել թանկացել ու անգին է դարձել հենց նրանց թափած արյամբ, նրանց տիեզերական զոհաբերությամբ եւ նրանց կյանքերի գնով:

Պանթեոնում լուռ խնկարկող հայրեր են, վշտից ճկված մայրեր, պանթեոնում տարեցներ են, մանուկներ են, այրեր ու կանայք, մեծեր են, փոքրեր, եւ բոլորի ցավը նույնն է, բոլորի զգացողությունը նույնը, որ այս քաջարիներն ընկան հանուն հայրենյաց, իսկ հանուն հայրենիքի ընկածը հավերժ ներկա է ու հավերժ կենդանի երկրի անկախության համար դրվող ամեն քարի մեջ, հասկացան, որ նրանց թափած արյամբ են շաղախվել-ամրացել հայրենիքի անկախության հիմքերը, պետություն եւ պետականություն ունենալու արժանապատվությունը:

Թեպետ անկախության 30 տարիների ընթացքում հանիրավի արժեզրկվեց անկախության գաղափարն ու ընկալումը, թեպետ անցած տասնամյակներում շարունակաբար եւ հետեւողականորեն խարխլվեց անկախության հիմքը, թեպետ «երկրի եւ պետականության շալակը ելած» անարժանների վարքաբանությամբ անկախությունը չկարողացանք ըստ արժանվույն ծառայեցնել համայն հայոց շահերին, բայց փառք ու պատիվ մեր ունեցած այն պետությանը, որ երկիր Հայաստան է կոչվում, հավերժ երկրպագում եւ խոնրահում այն եռագույնին, այն օրհներգին եւ այն զինանշանին, աստղալույս ճանապարհ անցած այն մայրենիին, երբեմն` երկաթագիր ու բոլորագիր, երբեմն` ծաղկագիր ու թռչնագիր այն այբուբենին, որոնք անկախ պետականության կարեւոր խորհրդանիշներն են, եւ մեզ իրավունք են տալիս լինել այդ անկախության կրողը, պահպանողը եւ շարունակողը…

Շնորհավոր անկախության տոնդ, Հայաստան: Շնորհավոր անկախության օրդ, հայոց բանակ եւ հայ զինվոր: Շնորհավոր երկրիդ անկախության օրը հողի հետ կռիվ տվող, մտքի հետ կռիվ տվող, ոգու հետ կռիվ տվող, բառի ու տառի հետ կռիվ տվող, քարի հետ կռիվ տվող աշխատող, ստեղծող, արարող հայ…

Անկախության երեսնամյա ճանապարհին մի պահ կանգ առնենք, շնորհավորենք իրար եւ Սահյանաբար հասկանանք, որ…

Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Արյունի ծովեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:
Քրտինքի ծովեր ենք տվել,
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճար ու ոստան պահենք:

Այս մի բուռ քարեղեն հողում,
Այս մի բուռ քարեղեն հողում
Դեռ ինչքան ջանք է հարկավոր,
Որ պահենք հացը հոգևոր:
Եվ պահենք մեր քայլը` այս խենթ
Քառատրոփ թռչող կյանքի հետ:
Եվ պահենք մեզանով լեցուն
Մեր հոգուն տարեկից լեզուն:

Սեփական մեր բույրը պահենք,
Եվ պահենք մեր համը սեփական,
Սեփական մեր գույնը պահենք,
Եվ ապրենք տանը սեփական:
Եվ տոհմ ու գերդաստան պահենք,
Եվ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

  1. 09.2021

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ… Խաղաղ ժամանակ քրտինք պիտ խառնես հողին, պատերազմի ժամանակ` արյուն…

Տեղադրվել է - Ապրիլ 6, 2021 0
Արցախյան ազատամարտի հերոսական ուղի անցած Սիսական ջոկատի մարտակոչով կրկին Սիսիանի` Սիսակ Նահապետի անունը կրող հրապարակում էին հավաքվել սիսիանցի ազատամարտիկները` միանալու…

#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ԻԳՈՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ԹՈՒՐՔԻ ԵՐԱԽԻՑ ՓՐԿՎԵՑ, ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ԹՈՒՐՔԻ ԳՆԴԱԿԻՑ…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Տասներկու-տասներեք տարեկան տղա էր Իգորը, երբ ծնողների, երկու քույրերի եւ հազարավոր հայրենակիցների հետ տեղահանվեց արյունռուշտ Բաքվի կոտորածներից, փրկվեց թուրքի արյունոտ…

ՍՅՈՒՆԻՔԻ ԴԱՐՊԱՍԸ

Տեղադրվել է - Հունիս 22, 2023 0
Այնտեղ, ուր մայրաքաղաքից եկող ճանապարհը մտրակում է Որոտանի լեռնանցքի փեշերն ու դուրս գալիս դեպի գագաթ, սկսվում է Սիսիանի տարածաշրջանը: Վայքի…

Համո Սահյան -110. ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Տեղադրվել է - Ապրիլ 11, 2024 0
1993 թվականի գարնան վերջերին Համո Սահյանի առողջական վիճակը բավականին վատացել էր։ Գանգատվում էր հատկապես շնչառական անբավարարությունից։ Դեղերն էլ քիչ էին օգնում: -Երբեմն…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code