ՏՂԱՍ ԱՆԳԱՄ ԻՐ ՄԱՀՈՎ «ՕԳՏԱԿԱՐ ԵՂԱՎ» ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ… Զոհված Վահագն Գրիգորյանի մայր

Տեղադրված է at Նոյեմբեր 4, 2021
1726 0

Իմ հեռախոսազանգն ու այցը անակնկալի բերեցին Սիսիանի նախկին ուսումնարանի հանրակացարանում բնակվող 44-օրյա պատերազմի նահատակ Վահագն Արտուշի Գրիգորյանի մորը` Լուսինե Բաբայանին: Չթաքցրեց ոչ հուզմունքը, ոչ` ուրախությունը, ոչ` զարմանքը, ոչ` երախտագիտությունը, ոչ` կորստի ցավը, ոչ, անգամ, իմ այցին երկար սպասած լինելու երազանքը: Պատմեց, նույնիսկ, որ իմ ընկերուհիներից մեկին խնդրել էր ինձ հիշեցնել, որ «ուսումնարանի հանրակացարանում ապրող կորած-մոլորած մի որդեկորույս մայր էլ կա…», ու հույս չի ունեցել, որ կլինի մեկը, որ իր դուռը կթակի, կհարցնի որդու մասին, կզրուցի հետը, կկիսի վիշտը, կհասկանա ցավը…

Հիշողությունս «չէր պահպանել ընկերուհուս հուշումը», բայց սիսիանցի բոլոր զոհվածների ծնողներին այցի իմ հերթական հասցեն հենց Վահագն Գրիգորյանի ընտանիքն էր… Մեկ տարի է անցել Վահագնի զոհվելուց, ու տիկին Լուսինեն, ինչպես ինքը խոստովանեց, դառնորեն մտածել է, որ իրենց մոռացան, իր տղային մոռացան, ասես` չի էլ եղել, իրենց ցավը մնաց իրենցը, իրենց կորուստը` միայն իրենցը, ու իմ այցը նաեւ երախտագիտությամբ ընդունելով` շնորհակալ եղավ, որ իր զոհված որդուն դեռ հիշողներ կան, դեռ կարեւորողներ կան, արժեւորողներ, խոնարհվողներ ու փառավորողներ կան… Փարատելով նրա մտահոգությունն ու ցավը, ասացի, որ նրանց պարտական ենք` հավերժ, նրանց երախտապարտ ենք` ազգովի, նրանց գնահատողը եւ պահող-պահպանողը պատմությունն է եւ այս տարեգրությունը, որ մեծագույն պատասխանատվությամբ ստեղծում է իմ գրիչը, նրանց հավերժ հիշատակը` հաղթարձան պանթեոնը…

Լուսինեն պատմեց, որ ապրել են շատ վատ պայմաններում, ընտանեկան անախորժությունների պատճառով դեռեւս 17 տարի առաջ վերցրել է իր երեք անչափահաս երեխաներին եւ հայտնվել դրսում: «Կեսուրենքս էլ բան չունեին, որ տային ինձ, վերցրել եմ երեխաներիս, փոքրս` Ասյան, ընդամենը 5 տարեկան էր, նրանց շորերը, մեկ սեղանիկ, որ նվիրել էին իմ աշխատանքի դիմաց, 3-4 պարկ  պահածոյի դատարկ բանկաներ ու դուրս եկել տնից…Մի կերպ տեղավորվել եմ ուսումնարանի հանրակացարանի 20 քառակուսի մետր սենյակում, երեք երեխաներիս մեծացրել եմ վատ կենցաղային պայմաններում, մեծ դժվարություններով, անտանելի անհարմարություններով, Վահագնս 13 տարեկանից աշխատել է, բեռնակրություն է արել խանութում, որտեղ նաեւ ես էի աշխատում, օգնել է ինձ, դժվար եմ պահել, բայց դժվար պահված երեխան է, որ ամեն ինչի հարգը գիտի, ծնողի հարգը, մոր հարգը, նրա տված դաստիարակության հարգը»,- ասում է Լուսինեն ու հավելում, որ սոցիալական պայմաններից ելնելով սկզբում Վահագնին տեղավորել է Սիսիանի գիշերօթիկ դպրոցում, բայց երբ տղան 3-րդ դասարան էր, լուսահոգի Սեյրան Մակարյանը հորդորել է նրան հանել գիշերօթիկից եւ տանել որեւէ հանրակրթական դպրոց, որովհետեւ տղան խոստումնալից էր: Մայրը նրան տեղափոխել է Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոց: 9-րդ դասարանն ավարտելուց հետո Վահագնը մտադիր էր սովորել Սիսիանի ավագ դպրոցում, բայց նախընտրեց Սիսիանի պետական քոլեջը: Նպատակը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սովորելն էր: «Չստացվեց… Ասացի` ես այդ հնարավորությունները չունեմ: Երեւանում էր, ընկերներից մեկի մոտ, զանգահարեց- ասաց` մամ, շնորհավորիր ինձ, վաղվանից սովորելու եմ «Պահապան արծիվներ» թիկնապահների դպրոցում, Արկադի Տեր-Թադեւոսյանի ղեկավարությամբ»,- պատմում է մայրը, հետո հիշում, որ Արկադի Տեր-Թադեւոսյանը ցավակցական հեռագիր էր ուղարկել իրեն` Վահագնի զոհվելու կապակցությամբ, խորապես ափսոսանք հայտնել նման որդի, նման շնորհալի երիտասարդ, նման նվիրյալ զինվորական կորցնելու համար:

Թիկնապահների դպրոցն ավարտելուց հետո Վահագն Գրիգորյանը ծառայել էր հայոց բանակում` Նոյեմբերյանի զորամասերից մեկում: «Տղայիս երդմնակալությանը չկարողացանք մասնակցել, կարմրուկի համավարակ էր, երդմնակալություն չեղավ, նրան տուն ուղարկեցին` մայրական խնամքի: Ապաքինվեց, վերադարձավ ծառայության»,- ասում է Լուսինեն ու ցավ ապրում, որ բանակից հետո չկարողացան որեւէ աշխատանք գտնել որդու համար, հարեւաններից մեկը Ռուսաստան էր գնում, Վահագին էլ իր հետ տարավ, մոտ մեկ տարի աշխատելուց հետո վերադարձան: «Երբ հասավ Սիսիան, միասին գնացինք խանութ, մահճակալներ, սառնարան գնեց, ես աշխարհի երջանիկ մայրն էի, որ որդիս իր վաստակածով արդեն տուն էր պահում, հոգսս էր թեթեւացնում: Հարցնում էր` էլ ի՞նչ գնենք տան համար, ես փառավորվում էի, որ իր փոքր ձեռքերով աշխատած գումարը տղաս մտածում էր ծախսել ոչ թե իր, այլ` ընտանիքի համար: Դեռ քոլեջում սովորելիս 5 հազար դրամ կրթաթոշակ էր ստանում, զանգահարում էր-ասում` բիձեն ի՞նչ առնի տան համար ու ծիծաղում էր, իրեն բիձա էր ասում, քանի որ թոշակ ստանում էին բիձեքը… ու ամեն ամիս իր ստացած թոշակը տան վրա էր ծախսում…»:

Նույն ժամանակ ծառայությունն ավարտել եւ տուն էր վերադարձել նաեւ ավագ եղբայրը` Նարեկը, ով աշխատանքի էր անցել Սիսիանի զորամասերից մեկում: Վահագնը աշխատանքի անցավ Նորավանի զորամասում: Իր վաստակածով մի մեքենա էր գնել, շատ բանի կարող էր հասնել, ձգտումները մեծ էին…

Բայց սկսվեց պատերազմը… Իրենք այդ ժամանակ Ռուսաստանում էին ամուսնու, առողջական խնդիրների պատճառով զինվորական աշխատանքը թողած եւ արդեն ամուսնացած Նարեկ որդու ու նրա կնոջ հետ… Լուսինեն մեծագույն ցավով է հիշում այդ ծանրագույն ժամանակները… Վահագնի հետ վերջին շաբաթները չեն խոսել, ոչինչ չգիտեն` նրա ապրումների, նրա տրամադրության մասին, բայց, ինչպես ասում է մայրը, պատերազմ էր, հո նկար չէր, որ ռետինը վերցնես-ջնջես, ու շատ լավ էր պատկերացնում, թե ինչեր կարող են լինել պատերազմում: Վահագնը այդ ընթացքում խոսել է հիմնականում հորեղբոր կնոջ հետ… «Աշխատավայրում էինք,-ասում է Լուսինեն, -մեկ էլ տեսա` հարսս լեղապատառ վազեց տան կողմը, չհասկացա` ինչ եղավ, կով էի կթում, թողեցի աշխատանքս, գնացի հարսիս ետեւից, հարցրեցի` հը՞, Ժաննա… Երբ Ժաննան ասաց` հոպարի կինն է զանգել… ամեն ինչ պարզ էր… Ամուսինս ու Նարեկը մնացին, ես ու հարսս եկանք Հայաստան, հոկտեմբերի 23-ի առավոտյան Սիսիանում էինք, նույն օրը պանթեոնում հողին հանձնվեցին Վահագնի, Սամսոնի, Արեգի, Տիգրանի, Մարատի, Վլադի աճյունները, ես խելագար վիճակում էի, բոլորն էին խելագար, աշխարհն ասես փլված էր, ուրիշ բան չեմ հիշում…»,-պատմում է Լուսինեն ու ասում, որ իր տղաները մեծացել էին, նոր-նոր պիտի մարդավարի ապրեին, կուշտ փորով հաց ուտեին, իրենց հացը հարամվեց, ցավը եկավ դեմ առավ կոկորդին ու մնաց, ու կմնա, քանի որ մոր համար, ծնողի համար ոչ մի մխիթարություն չկա, որեւէ սփոփանք չկա, դժվարին պայմաններում զավակ պահես-մեցածնես ու…  

«Վահագնս էնքան ընտանիքասեր էր, ծնողասեր, հարազատասեր, անհամբեր սպասում էր` հոպար դառնար, բայց` զոհվեց, էդպես էլ չտեսնելով եղբոր դստերը` Լյուսիին, որ մեկ ամիս առաջ է ծնվել, չի տեսնի նաեւ քրոջ` Ասյայի բալիկին, որ շուտով լույս աշխարհ կգա… Բայց Վահագնս երկնքից տեսնում է եւ ուրախանում: Պետության տրամադրած գումարով Տոլորսում տուն գնեցինք Նարեկի համար, ես գիտեմ, որ Վահագնս հենց այդպես կուզենար, նա շատ կուրախանա, որ անգամ իր մահով «օգտակար» եղավ իր ընտանիքին, որ իր «արյան գնով», գոնե, եղբոր ընտանիքը սեփական ծածկ կունենա, նրա երեխաները տանիք կունենան… Նա էդպիսի տղա էր, նա ուրիշ զավակ էր… 24 տարեկան էր, բայց իր տարիքից շատ հասուն էր, առողջ էր մտածում ու դատում»- ասում է 46-ամյա մայրը, ապա հիշում, որ հանրակացարանի առաջին հարկի հարեւանուհին պատմել է, որ երբ մուտքի մոտ տեսել է Վահագնին, հարցրել է` մայրը գիտի, որ պատերազմ է գնում: Շտապելիս բոյով մեկ գետնին փռված Վահագնը վեր է կացել, թափ տվել շորերը եւ ասել` հաջող, Սիրուշ տոտա, պատերազմ եմ գնում:

Հետո Լուսինե Բաբայանը, մի կողմ թողած իր մեծ վիշտը, վրդովված պատմում է սիսիանցի զոհված տղաների տապանաքարերի, որոշ իշխանավորների ապերախտության, որոշ պաշտոնյաների ամբարտավանության, անբարեկրթության ու ապաշնորհության մասին, ովքեր, փոխարեն հոգատարությամբ, ուշադրությամբ շրջապատեն նահատակների ծնողներին, իրենց դուռը գնացածների երեսին նետում են` «դե զզվեցրիք» արտահայտությունը, ու չի բացառում, որ մի օր էլ կասեն` թող չգնային, ես ինչո՞վ եմ մեղավոր, որ քո որդին զոհվել է… եւ` ասել են… Սակայն հետո հավելում է, որ նմանների կողքին կան նաեւ երախտագետ մարդիկ, գիտակից մարդիկ, ցավը կիսող եւ կարեկից մարդիկ, ու առաջինը նշում իր նախկին գործատու Վաչիկ Առաքելյանին, ներկա գործատու Արմեն Խուդավերդյանին, որ ամենայն ուշադրությաբ ու հոգատարությամբ են շրջապատել իրեն` որպես զոհվածի մայր…Մի առանձնակի սիրով էլ խոսում է նախկին ուսուցչուհի Շամամ Գեւորգյանի մասին, ով իր եւ իր Վահագնի համար իսկական տատ է եղել…

Վահագնը Լուսինե Բաբայանի միակ կորուստը չէ 44-օրյա դաժան ու անհասկանալի պատերազմում: Զոհվել է նաեւ եղբոր` Հայկազի 18 ամյա որդին` Աբել Ասատրյանը, որն ընդամենը երկու ամսվա ծառայող էր, ապրել էին Իշխանասար գյուղում, հետո տեղափոխվել Մասիս, Աբելը հուղարկավորված է այնտեղ, զոհվել է հորեղբոր որդին` բալաքեցի 37-ամյա Անդրանիկ Մանասերի Բաբայանը, ով նույնպես հուղարկավորված է Սիսիանի պանթեոնում…

Բոլորն էլ մերն են` լինի ազգական, թե` ոչ, բոլորն էլ յուրային են ու նահատակվել են հանուն հայրենիքի…Վահագն Գրիգորյանը ետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Ժամանակը չի բուժում, ժամանակը չի մեղմում ցավը, ու Լուսինեն ամենաշատ ափսոսում է էս լույս տղաներին, հազար անգամ ափսոսում, որ նրանիցից ամեն մեկը մի երեք զավակ կպարգեւեր ազգին, կշատանայինք, կավելանայինք, բայց… Ու, այսքանից հետո, փառք է տալիս աստծուն, որ իր որդին, եղբորորդին, հորեղբոր որդին շիրիմ ունեն, գերեզման ունեն… Ցանկանում է, որ անհող նահատակները եւս հողի արժանանան, որ խաղաղվի նրանց հոգին, որ խաղաղվի ցնորված աշխարհը…

Աշխարհին խաղաղություն է մաղթում, բոլոր տներում` մանկան ճիչ, ուզում է, որ պատերազմ չլինի երբեք, ուզում է, որ մեր երկիրը, մեր քաղաքը հզորանա մեր սիրով, բարիանա մեր բարությամբ, շենանա` մեր սրտացավությամբ, իրար թեւ-թիկունք լինելով դուրս գանք այս աղետալի վիճակից…Եւ չի մոռանում իր ու աստծո օրհնությունը տալ նաեւ ինձ, որ մի երկու ժամ տրամադրեցի իրեն, զրուցեցի, սփոփեցի, փորձեցի մխիթարել եւ բարի ընթացք ու բարեհաջող ավարտ է ցանկանում իմ «նախաձեռնած կարեւոր գործին»…

Թող որ այդպես լինի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Իրանը հայ արվեստագետների աչքերով» խորագրով ցուցահանդեսը

Տեղադրվել է - Նոյեմբեր 2, 2021 0
Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդների միջև հաստատվել են…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code