ՏԻԳՐԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՔՈ ԺՊԻՏԸ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՏՎԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է…

Տեղադրված է at Հունիս 17, 2021
1874 0

Երեք ամիս հետո Մանուկյանների ընտանիքում խնջույք պիտի լիներ. Տիգրանը պիտի ավարտեր ծառայությունը, տուն գար եւ տունը լցներ իր ծիծաղով, իր ժպիտով, իր ծով բարությամբ ու ազնվությամբ, իր անափ սիրով ու նվիրումով… Մայրը` Լիլյան, իր պատրաստած ամեն պահածոյի, իր եփած ամեն ճաշի, իր սարքած ամեն մուրաբայի մեջ մայրական անհուն սերն էր դնում, Տիկոյիս համար է, ասում էր, տղաս երկու տարի տան եփած չի կերել, ասում էր, ու սպասում, անհամբեր սպասում… Տիգրանը Ջրականում էր ծառայում, գոհ էր ծառայությունից, նրան սիրում էին բոլորը` հրամանատարներից մինչեւ նորակոչիկներ… Մաքրակենցաղ էր նաեւ զորամասում, անթերի հագ ու կապով, նիստ ու կացով, կոկիկ ու իսկական զինվոր… Համ էլ Տիգրանին հնարավոր չէր չսիրել… Մի լուսփայլ ժպիտը բավական էր, որ բոլորը տպավորվեին ու հիշեին այս սիրուն ժպիտով սիսիանցի զինվորին… Առողջական թեթեւ խնդիր է ունեցել, բայց` բանակի համար` ոչ անկարեւոր, առաջարկել էին մնալ-բուժվել, հետո գնալ ծառայության, հրաժարվել էր, շտապում էր զինվոր դառնալ, իսկապես, շտապում էր օր առաջ հագնել զինվորի համազգեստը, օր առաջ մտնել բանակային կյանք, ուժեղ, պինդ տղա էր, քիք-բոքսինգ էր պարապել Սիսիանի «Արիամարտ» կենտրոնում, ճարպիկ էր ու ճկուն, եւ ուզում էր բանակում էլ ցույց տալ իր ճարպկությունն ու ճկունությունը… Տանն ամեն օր զինվորական համազգեստ էր տեսել, զինվորական կարգապահություն, հայրը` Աշոտ Մանուկյանը, պայմանագրային զինծառայող էր Սիսիանի զորամասում, գուցե նաեւ դա՞ էր պատճառը, որ Տիգրանն ավելի վաղ էր իրեն նախատապրաստել զինվոր դառանլու, հայոց բանակում իր սրբազան պարտքը կատարելու մտքին… Գուցե…

Տիգրանն ինքնուրույն էր արդեն ուսանելիս: 2017-ին ընդունվել եւ սովորում էր Երեւանի ճարտարագիտական համալսարանի ռադիոէլեկտրոնիկայի բաժնում, ամեն օր իր եփած համեղ ճաշերը նկարում եւ ուղարկում էր մորը… «Էնքա~ն ինքնուրույն էր, էնքան կայացած, որ ոչ մեկին չէր ուզում նեղություն տալ, ոչ մեկից ոչինչ չէր խնդրում, բայց ինքը էնքան սիրով ու հաճությամբ էր կատարում բոլորի խնդրանքը, էլ ասելու չէ… Երբ տնից ուզում էինք գումար ուղարկել, ասում էինք` տղա է, չնեղվի, ձեռքին փող լինի, հակադրվում էր, չէր ուզում նեղություն տալ, ասում էինք` բա ո՞ւմ համար ենք աշխատում, մեր մինուճարն ես…»,- ասում է Լիլյան` հայացքը տղայի լուսանկարին, հույսը` դեռ վառ, որ որդին գալու է, մի օր գալու է… Թեեւ նրա աճյունն արդեն ամփոփվել է Սիսիանի քաջաց պանթեոնում, բայց Լիլյան հույսը չի թաղում, որովհետեւ երբ վերջին անգամ խոսել է որդու հետ հոկտեմբերի 1-ին, Տիգրանը մորն ասել է` ոչ մի բանի եւ ոչ մեկին չհավատաս, միայն ինձ, մամ, լսո՞ւմ ես, միայն ինձ… Ու Լիլյան մայրական ներքին զգացողությամբ հավատում է միայն իր Տիկոյին…

Տիգրան Մանուկյանի մայրը ի~նչ երանությամբ է պատմում Տիգրանի զինվորական երդմնակալության օրվա մասին… Գնացել էին Ջրական, տեսել իրենց որդուն ու քիչ էր մնացել «չճանաչեին»… բոյ էր քաշել, ավելի ձիգ ու լրջախոհ էր դարձել, բայց ժպիտը նույնն էր, նույն տակնուվրա անող ժպիտը, նույն հոգեզմայլ ժպիտը, նույն առինքնող ժպիտը… «Այս լուսանկարը շատ եմ սիրում,-ասում է մայրը, հայացքը չկտրելով արդեն լուսանկար դարձած որդուց,- զինվորական երդմնակալության նկարն է, բոլորս միասին էինք, ու Տիկոս երջանիկ էր, զինվորս երջանիկ էր, զավակս երջանիկ էր… Այդ ժպիտը բերեցիքն մեզ հետ Ջրականից, ու խաղաղ եւ անվրդով սպասում էինք Տիկոյիս վերադարձին…,- ասում է Լիլյան, ու աչքերի մեջ միայն գորովանք է, միայն փաղաքշանք, միայն գուրգուրանք…,-այս ժպիտը միշտ կապրի ինձ հետ եւ իմ մեջ, ու ես մինչեւ կյանքիս վերջ կշարունակեմ ապրել հանուն այս ժպիտի»,-ասում է Լիլյան…

Բայց պատերազմը, հայասպան ու մարդասպան այս պատերազմը, ժպիտներ կոտրած, հոգիներ բզկտած, թեւեր ջարդած, մտքեր խաթարած, երազանքներ խորտակած այս չարաղետ ու լուսավոր մի սերունդ լափած պատերազմը…

Տիգրան Մանուկյանը վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 1-ին, ուրիշի հեռախոսով, ինքը հեռախոսը տուն էր ուղարկել, ենթարկվելով զինվորական կարգապահությանը, խոսել էր բոլորի հետ… Հոկտեմբերի 3-ին հորաքրոջ որդին` Արմեն Պետրոսյանը, որ նույնպես ծառայության մեջ էր, զանգահարել է տնեցիներին, եւ ասել, որ Տիկոյի հետ խոսել է, Տիկոյի համար հանգիստ է, մտահոգ է մույս ազգականի` Սամվելի համար… Բայց հոկտեմբերի 3-ին Տիգրանն արդեն զոհվել էր մարտական առաջադրանքը կատարելիս, զոհվել էր դիրքում, հրամանատարների հետ` ապահովելով զինակից ու մարտական ընկերների նահանջը, փրկելով բազում կյանքեր…

Տիգրանի հորաքրոջ որդին` Արմեն Պետրոսյանն էլ զոհվեց հոկտեմբերի 19-ին, գուցե լավ էր, որ այդպես էլ տեղյակ չեղան միմյանց զոհվելու մասին, պահեցին իրենցից գոնե մեկի` ողջ մնալու հույսը եւ անմահացան…

…Հետո սպասումի ինը ամիս, հետո տառապանքի ու դժոխային տագնապների ինը ամիս, հետո հույսի եւ փնտրտուքի ինը ամիս… Թե ո~նց դիմացան… Բայց դա դիմանա՞լ էր… հույսն էր, որ պահում էր, Տիգրանին ողջ կամ` գերի գտնելու հույսն էր, որ ուժ էր տալիս եւ ապրեցնում…

Այս ամիսների ընթացքում Արմեն Պետրոսյանին նվիրված հիշատակի արարողությունների ժամանակ հաճախ եմ հանդիպել Լիլյային, անծիր հավատով, մեղմ ժպիտով նայում էր աչքերիս ու ասում, որ իր մայրական սիրտը վկայում է, որ որդին կա, ողջ է, իսկ ես հոգուս խորքում մեղավոր էի զգում, որ չէի կարող նրա նման հավատալ եւ հույսը դնում էի աստծո վրա…

Իսկ ահա պանթենում, Տիգրանի հուղարկավորության ժամանակ, նույն հավատով Լիլյան նորից նայեց աչքերիս ու ասաց` Տիկոյիս համար լավ բաներ կգրես, Տիկոս գանձ էր… Տիկոս ուրիշ էր, Տիկոս տարբեր էր…

Տիգրանն, իրոք, ուրիշ էր, նրան սիրում էին թե Սիսիանի թիվ 1 ու ավագ դպրոցներում, որտեղ սովորել էր, թե հարեւանության մեջ, թե ընկերության ու բարեկամության: Նրան սիրել են նաեւ այն հիվանդանոցում, որտեղ ծառայության ընթացքում բուժում ստացավ…

Տիգրանի քեռին` Արկադյա Հովհաննիսյանը պատմում է այն անմարդկային զգացողությունների մասին, որ իրենց ընտանիքն ապրեց այս ինը ամիսների ընթացքում, երբ ամենուրեք փնտրում էին Տիգրանին, որոնում աճյունը, փնտրում որեւէ լուր, որեւէ տեղեկություն: «Դաժան մարտեր են տեղի ունեցել Ջրականի հենց այն հատվածում, որտեղ կռվել են Տիգրանն ու իր մարտական ընկերները: Դիմադրել են, կռվել մինչեւ վերջ, չեն ընկրկել, ձախողել են թշնամու` բլից-կրիգով պատերազմը հաղթելու զառանցանքը, զոհվել են, բայց չեն նահանջել: Տիգրանը զոհվել է դիմահայաց կրակոցից, ինչը վկայությունն է այն բանի, որ անգամ մերձամարտ են վարել թշնամու հետ… Հետո հանդիպել եւ զրուցել եմ Տիգրանի` ողջ մնացած զինակից ընկերների հետ, բոլորը միաձայն վկայել են, որ Տիգրանը իսկական զինվոր էր, նվիրյալ, որ բարձր է պահել հայոց բանակի եւ հայ զինվորի արժանապատվությունն ու ընկել պատվով… »…Ապա, որպես նրանց հիշատակի հավերժացում, հորդորում է, որ մեր մայրերը շատ Տիգրաններ, Արմեններ լույս աշխարհ բերեն ոչ միայն նահատակների վրեժը լուծելու, այլեւ նրանց հիշատակը այսկերպ հավերժացնելու համար…

Տիգրանը տան միակ արու զավակն էր… Քույրը` Լիլիթը, մնաց մենակ… Չէ, հավանաբար բառը սխալ ասացի` մենակ չէ, հավերժ 20-ամյա իր Տիկոյի հետ է… Պատրաստվում էր նշանվել, բայց ընտրյալին ասել էր` մինչեւ Տիգրանը չգա, նրա հետ չծանոթացնեմ, չեմ նշանվի… Տիգրանին էլ ասել էր` հենց գաս, առաջինը քեզ հետ եմ ծանոթացնելու… Տիգրանը չեկավ, նրան բերեցին նահատակվելուց ինը ամիս հետո, ու ծանոթությունը այսպես կայացավ…

Ցավոք, Մանուկյանների ընտանիքը Սիսիանում միակը չէ, որի միակ արու զավակը զոհվեց հայրենիքը պաշտպանելիս… Ցավոք, Մանուկյանների ընտանիքը միակը չէ, որ երկու, անգամ` երեք զավակ է զոհաբերել հայրենիքին…

Տիգրան Մանուկյանը հուղարկավորվեց Սիսիանի քաջաց պանթեոնում` նահատակվելուց ինը ամիս հետո` հունիսի 14-ին, որտեղ հավերժ փառքերի եւ հավերժ խոնարհումների մեջ ննջում է նաեւ իր հորաքրոջ որդի Արմեն Պետրոսյանը եւ մեր մյուս անմահ նահատակները…

Արցախի հանրապետության պետական սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար Արցախի հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող դիպուկահար, շարքային Տիգրան Աշոտի Մանուկյանը, ԼՂՀ նախագահի հրամանագրով, հետմահու պագեւատրվեց «Մարտական ծառայության» մեդալով, որը պանթեոնում հանձնվեց Տիգրանի հորը:

Սիսիանում ապրող Մանուկյանները եւ Լծենում բնակվող Պետրոսյանները հիմա ամեն անգամ պանթեոն գալիս պիտի խնկեն Տիգրանի եւ Արմենի շիրիմներին, միմյանց հենվելով` պիտի մխիթարեն ու սփոփեն իրար, ու ողջ խորությամբ այնպե՜ս զգան միմյանց ցավն ու կորստի ծանրությունը…

Իսկ ես, ինչ էլ գրեմ, ինչքան էլ գրեմ, ինչ բառեր էլ օգտագործեմ, վստահ չեմ, թե կարողացա կատարել Տիգրանի մոր` Լիլյայի ամենամարդկային ու պարզ ցանկությունը` լավ բաներ գրել իր գանձի` Տիկոյի մասին, որովհետեւ բառերն այնպես անզոր են ու տկար, բառերն այնպես քիչ են ու անասելիք` խոսելու էն անհուն վշտի, էն մեծ ցավի ու անսփոփ կորստի մասին, որ իրենք ունեցան… Բայց մի բան հստակ կարող եմ գրել` ի սփոփանք բոլորի եւ ի մխիթարություն ինձ`

Հայոց բանակի զինվոր Տիգրան Մանուկյանի այս լուսավառ ժպիտը աշխարհին նետված մարտահրավեր է…

Այս լուսավոր ժպիտը հայրենիքը պահող, մահին հաղթած, թշնամուն բարոյապես ոչնչացրած հայոց բանակի հաղթության զենքն է…

Այս լուսավոր ժպիտը մեր ապրելու, հարատեւելու, հավերժելու` հավերժախաչ քանդակն է` ժամանակի դեմքին, տիեզերքի սրտին, դարի վավերագրությանը…

Բերեք էն զենքը, որ պիտի ոչնչացնի էս ժպիտը, բերեք էն ուժը, որ պիտի մեռցնի մեր հավատը մեր զինվորի ուժի եւ անպարտ ժպիտի հանդեպ…

Բերեք էն թշնամուն, որ չի ծնկի էս հաղթական ժպիտի առաջ, բերեք էն ուժը, որ կխորտակի հայ զինվորի` հանուն հայրենիքի նահատակվելու անխորտակ կամքը…

Բերեք, եթե կա… Հայոց բանակի զինվոր Տիգրան Մանուկյանի այս ժպիտը աշխարհին ուղղված մարտահրավեր է…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code