ՏԱՐՈՆԻՆ ԾԱՓԵՐՈՎ ԵՆՔ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀԵԼ…

Տեղադրված է at Ապրիլ 8, 2022
1310 0

Սիսիանի պանթեոնի` 44-օրյա պատերազում հուղարկավորված երկրորդ նահատակը Տարոն Ֆիլիպոսյանն է: Նրանից առաջ, սակայն, պանթեոնում նոր շարքը տավուշյան դեպքերի ժամանակ զոհված Գրիշա Մաթեւոսյանն էր «բացել»: Գրիշային հուղարկավորելիս բոլորս իրարից թաքուն մի անորոշ հայացքով նայել ենք շուրջբոլորը ու իրարից անկախ աղոթել, երազել, փափագել, ցանկացել, որ այդտեղ էլ վերջակետվի 1992-ից սկսված, բայց` չավարտված պատերազմը: Սակայն Գրիշայից հետո 44-օրյայի առաջին զոհ եւ առաջին կին նահատակ Հասմիկ Արզումանյանին հուղարկավորեցինք: Բայց հետոն ավելի դաժան էր գալու, ու պանթենում նոր շարքեր էին բացվելու, ու պանթեոնը շնչահեղձ էր լինելու իրեն «առատորեն պահ տրված ոսկեհունդերից» եւ տարածվելու էր, «դուրս էր գալու» ինքն իր ափերից, մեծանալու էր մեր ցավի հետ, ահագնանալու էր մեր կորստի հետ, հավերաժական անեցք էր դառնալու բոլոր նրանց խղճին, ովքեր հոշոտեցին ճակատագրի այս շքեղ ու փառահեղ սերնդի կենաց ծառը…

Տարոնը: Պայծառ երիտասարդ, մի տաղանդավոր սիսիանցի` տարբերվող, յուրահատուկ, խոստումնալից: Էությամբ, մտածողությամբ, նկարագորվ, կերպարով արվեստագետ էր, մշակույթ կրող, մշակույթ կերտող, որ պիտի իր ստեղծած արվեստի գործերով, քանդակներով բազում ցուցասրահներ լցներ եւ հիացմունքի հազարավոր ծափեր կորզեր… Բայց ծափերը հետմահու էին` վերջին հանգրվան ճանապարհելիս…

Արցախում սեպտեմբերի 27-ին նահատակված 20-ամյա Տարոն Հրայրի Ֆիլիպոսյանին սեպտեմբերի 30-ին ամփոփեցինք ընկերոջ` Գրիշիկի կողքին ոչ թե ողբով, ոչ թե` կոծով, այլ` զսպված ցավով, հոգեհանգստյան աղոթքով, եռագույնով, պետական օրհներգով, զինվորական համազարկերով, անասելի ափսոսանքով, նաեւ` ծափերով…

Դամբանախոս զինվորական Լեւոն Մարտիրոսյանը հազար փառք տվեց Տարոնի նման զավակ երկնած մորը, որ նման քաջորդի է պարգեւել ազգին, հազար փառք տվեց Տարոնի հորը, որ դաստիարակել է նրա նման հայրենասեր ու ազգանվեր որդի, համոզված, որ նման ընտանիքներն են պետության հզորացման եւ հարատեւումի հենասյուները: «Տարոնը եւս մեկ անգամ ապացուցեց, որ այսօրվա անկախության սերունդը նվիրված, հավատարիմ ու արժանի է իրենց պապերի հայրենանվեր գործին»,- իր խոսքն ամփոփեց Լեւոն Մարտիրոսյանը:

Հայաստանի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց.«Այս սիրուն, առնական տղան` Ֆիլիպոսյան Տարոնը, Հայաստանի Պետական Ակադեմիայի ուսանող էր, ուզում էր դառնալ քանդակագործ եւ կդառնար, որովհետեւ շնորհալի էր եւ աշխատասեր, բայց զոհվեց հանուն Հայրենիքի եւ սրբացավ: Խորը կսկիծով ցավակցություններս եմ հայտնում հերոսի հարազատներին, ընկերներին եւ մեզ բոլորիս։ Աստված հոգին լուսավորի»:

Տարոնը քանդակագործ չդարձավ, բայց նրա լուսապսակ անունը քանդակվեց-մնաց հայոց հերոսամարտի ոսկեմատյանում, քանդակվեց-մնաց բոլորիս անափ ափսոսանքներում, քանդակվեց-մնաց ծնողների, քրոջ, եղբոր, հարազատների անմխիթար հառաչանքներում ու ապրում, հավերժում է այդպես…

Տարոնը նվագում էր, նկարում, քանդակում, ֆուտբոլ խաղում, անգլերեն սովորում, բնություն, կենդանիներ սիրում, հաճախում Սիսիանի գեղարվեստի դպրոցում գործող «Արեւորդի» ակումբի լուսանկարչության, առաջնորդների խմբերի պարապմունքների, մասնակցում մրցույթների: Ամեն ինչ հասցնում էր, ամեն տեղ` դրսեւորվում: Երբ դրսերից տուն էր գալիս, գրպանները լիքը թուղթ էր, ու տանն էր դատարկում, որ չաղտոտի շրջապատը: Նրա հոգում, սրտում, մտքում, հոգեբանության ու մտածողության մեջ վատը տեղ չուներ, ամեն ինչ սիրուն էր ու գեղեցիկ: Ամեն ինչ նաեւ ճակատագրական էր…

Տան փոքրն էր: Իրենից 9 տարով մեծ եղբայր եւ 6 տարով մեծ քույր ուներ: Բոլորի սիրելին էր: Պապը, որ խիստ մարդ էր, թոռներից միայն Տարոնին է դրել ուսերին-պտտել: Մայրը, որ Հայկին առաջնեկի սիրով էր սիրում, Նարեին` երազած դստեր, կարծես Տարոնին մի այլ կերպ էր սիրում: Ասում է` չի էլ կարող բացատրել` ինչու, բայց իր երեք երեխաների մեջ ամենաշատ Տարոնին է նկարել, ամենաշատ նրան է վիդեո արել, նրա հետ կապված ամեն ինչը հավաքել, պահել, սկսած` մանկապարտեզից, դպրոցից… Բոլորն են ամենաշատ սերը Տարոնին տվել: Քույրն այնքան հոգատար էր, սիրառատ, ուշադիր, հետեւողական, որ ցանկացավ ճարտարապետի` իր հետքերով տանել նրան, ու տարավ…

Տարոնը կարմիր դիպլոմով ավարտել է Սիսիանի երաժշտական եւ գեղարվեստի դպրոցները, բազմաթիվ պատվոգրերով` Սիսիանի ֆուտբոլի դպրոցը: 2015 թ.-ին մասնակցել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից «Ցեղասպանության բնութագրումը մշակույթի միջոցով» մրցույթին եւ յուրօրինակ ստեղծագործության համար արժանացել հավաստագրի: 2016 թ.-ին հաղթել անգլերեն հեռավար հարցազրույցում, ստացել կրթաթոշակ` ԱՄՆ-ի UWC-ի ամառային դպրոցի կողմից եւ մասնակցել Գլոբալ Լիդերների երկշաբաթյա Ֆորումին: Ինքնուրույն էր, կազմակերպված, պատասխանատու իր ու կողքինի հանդեպ:

2017 թ.ին ավարտեց Սիսիանի ավագ դպրոցն ու ընդունվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժին: Սովորում էր վճարովի, բայց լավ առաջադիմության համար հաջորդ տարի ուսումն անվճար դարձավ: Զուգահեռ, անգլերեն իմացության շնորհիվ, նաեւ աշխատում էր, վաստակում: Մայրն ասում է, որ դստեր` ճարտարապետ, եւ Տարոնի` քանդակագործ դառնալուն մեծապես նպաստել է Սիսիանի գեղարվեստի դպրոցի դասատու Աշոտ Ավագյանը, ում մոտ սերտել են ե՛ւ մասնագիտության, ե՛ւ մարդկային հարաբերություններ կերտելու բարդ լեզուն ու շնորհակալ եղել: Մեկուկես տարի սովորեց, գտավ իրեն, զգաց իր ձեռքը, իրեն ենթարկեց անմշակ նյութը` իր սերն ու հոգին դնելով արարված գործում, ճաշակեց ստեղծելու, գնահատվելու բերկրանքը: Հետո եկավ հայրենիքի հանդեպ պարտքը տալու ժամանակը, եւ 2019-ի հունվարի 16-ին զորակոչվեց բանակ:

Տարոնի հայրը` պահեստի փոխգնադապետ Հրայր Ֆիլիպոսյանը, որ 23 տարի ծառայել է համակարգում, ասում է, որ տղան բանակը չէր սիրում, արվեստագետի իր հոգին կարծես բանակի համար չէր, այդուհանդերձ` ողջ ծառայության ընթացքում գեթ մեկ անգամ չի տրտնջացել: Բանակը նրան շատ բան է տվել, ուժեղացրել, ուրախանում էր իր ձեռքբերումներով եւ հաջողություններով: Վեց ամիս ծառայել է Արմավիրի ուսումանական կենտրոնում, ապա` Ասկերանի գնդի մոտոհրաձգային վաշտում, հետեւակի մեքենայի հրամանատար էր: Բանակ չսիրող երիտասարդը դարձավ կարգապահ ու օրինակելի զինվոր, ու, ինչպես հրամանատարներն են ասել, մեկն ու մեկի բացակայության ժամանակ պատասխանատվությունն անվերապահ դրել են նրա ուսերին: Տարոնը մահացել է հրամանատարի ձեռքերի վրա:

Հրայրը շատ է ափսոսում, որ առաջին պատերազմում չլուծվեց արցախյան հիմնահարցը, երբ անհավասար պատերազմում հաղթել էինք, ու այն բարդեցինք եկող սերնդի ուսերին, ով իր արյամբ պահեց հայ զինվորի արժանապատվությունը, բայց խնդիրը դարձյալ մնաց չլուծված… Որքա~ն ցավ կա հոր աչքերում, որքան լճացած արցունք: Որդուն կորցրեց, քրոջ տղային` Նարեկ Սարգսյանին կորցրեց, բայց նրա հոգում զինվորը մշտարթուն է, ու Նարեկին հոկտեմբերի 10-ին թաղելուց հետո կամավորագրվեց եւ մինչեւ դեկտեմբերի 20-ը մնաց շարքերում:

«Ամեն օրվա նման սեպտեմբերի 26-ին էլ խոսեցինք երեկոյան: Տարիուկես ծառայության ընթացքում չի եղել մի դեպք, որ Տարոնն առավոտյան զանգեր: Բայց սեպտեմբերի 27-ին ժամը 8-ն անց 12-ին զանգ եմ ստացել, հետո ինչքան հետ եմ զանգել, անհասանելի էր: Նույն պահին խոսել է հոր, եղբոր հետ: Հայկին խնդրել է գումար փոխանցել իր հեռախոսին, որ կարողանա հետո զանգել… Հորն ասել է` մի քիչ խառն ենք, տագնապ է, կզանգեմ: Այդ ընթացքում արագ կազմակերպել են նորակոչիկների անվտանգությունը, տեխնիկան պատրաստության բերել, բայց աթս-ն հարվածել է»,- ասում է մայրը` տիկին Համեստը ու հավելում, որ սեպտեմբերի 27-ին ավագ որդին` Հայկը պիտի Երեւան գնար, Տարոնը խնդրել էր իր սիրած աղջկան` Նելլին էլ իր հետ տաներ:

Հայկը չգնաց Երեւան, տարբեր տեղերից լուրեր հասան Գորիսում գտնվող վիրավորների մասին: Արագ անջատել էր հառուստացույցը, ինտերնետ կապը, որ մայրը որեւէ տեղից լուր չստանար: Բայց արդեն հայտնել էին զոհերի մասին, որոնց մեջ նաեւ` Տարոնի անունը:

«Սեպտեմբերի 27-ին թաքուն արտասվում էի, աստծուն խնդրում պահպանել որդուս, բայց Տարոնս արդեն զոհվել էր: Ընկերը եկավ` Սուրենը: Տխուր կանգնեց դռան մեջ, հարցրեցի` խոսե՞լ ես Տարոնի հետ, խաբեց, ասաց` հա, բայց ինքն էլ արդեն գիտեր… Հուլիսին Գրիշիկին կորցրեց, սեպտեմբերին` Տարոնին: Թաղմանն անգամ չեկավ պանթեոն, թաքնվել էր մեր տան տանիքում, որ տղաներն իրենց համար արվեստանոց էին սարքել»,- ասում է Համեստը ու հոգու անհուն ցավով հավելում, որ Տարոնը շատ էր սիրում հունվարի 16 ամսաթիվը. այդ օրը պիտի զորացրվեր: Նախապես այնպես էր կազմակերպել, որ այդ օրը իրենց տանը հավաքվեին բոլոր հարազատները` ամերիկայում գտնվող քույրը, բարեկամները, ընկերները, սիրած աղջիկը` նկարչուհի Նելլին, որ ծնողների հետ ծանոթացնի իրենց տուն առաջին անգամ ոտք դնող ձեռքաջրով, շնորհաշատ իր սիրուն Նելլիին…

Նելլին առաջին անգամ եկավ Տարոնենց տուն, բայց ոչ` հունվարի 16-ին… Եկավ փշրված սրտով, ցաված հոգով, ձեռքին` նախապես ծննդյան օրվա` սեպտեմբերի 26-ի համար ընկերների միջոցով Տարոնի` իրեն ուղարկած նամակն ու մետաղից պատրաստած սեւ վարդը… Ինչո՞ւ` սեւ…Գուցե` հետո՞ պիտի գունավորեր, ինչպես` իր կյանքը: Տիկին Համեստն ասում է` մտքով ոչինչ չի անցել, չի էլ մտածել: Տարոնը քեռու աղջկան մի անգամ ասել է` վախենում եմ էլ չգամ… Սի՞րտն էր վկայում: Իսկ ինչ- որ տեղից լսել էր, իբր, 2019-ի հունվարի 16-ի զորակոչին պատերազմ է սպասվում: Հայրն էլ մի ցավոտ վիճակագրություն է ներկայացնում` 2019-ի հունվարի 16-ի զորակոչից չորս հոգի` Արտակ եւ Մհեր Առաքելյանները, Տիգրան Մանուկյանն ու Տարոնը, որ ծառայում էին տարբեր զորամասերում, զոհվեցին Արցախում: Նրանց հետ էր Ռուբիկ Մայիլյանի որդին, ով, փառք աստծո, ողջ է, բայց զոհվեց արցախյան բոլոր պատերազմների մասնակից կապիտան Ռուբիկը:

82-ամյա Թերեզա տատը կորցրել է հոգու անդորրը, աչքի քունը: Այս գիշատիչ պատերազմում երկու հրեղեն թոռ է կորցրել` Տարոնին եւ դստեր տղային` Նարեկին: Գիշերները զրույցները նրանց հետ է, ցերեկները` նկարների:

Տարոնի մայրը պատմում է, որ 2021-ի փետրվարի 10-ին Էջմիածնի Գեւորգայն ճեմարանում բացվել է Գեղարվեստի ակադեմիայի եւ մանկավարժականի գեղարվեստի բաժնի` 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը: Քանդակների մեջ եղել է նաեւ Տարոնի աշխատանքը` Ֆիլիպոսյան Տարոն, 2020 թիվ, Ասկերան, վերջին գործ մակագրությամբ: Ծնողներն ասում են` իրենք առաջին անգամ իրենց որդու աշխատանքը այդտեղ են տեսել, ու զարմանալի զուգադիպությամբ նորից ճակատագարկան ինչ-որ բան զգացել քանդակում. մակույկի վրա կանգնած մարդ է, որի սիրտը խոցված է ճիշտ այնպես, ինչպես Տարոնի սիրտը խոցվեց. Տարոնն այդպես է զոհվել` կրծքին մի փոքր անցք: Կանխազգացու՞մ էր: Ի՜նչ իմանաս…

Սփոփանք դժվար է գտնել: Բայց պահեստի փոխգնդապետ Հրայր ֆիլիպոսյանն ասում է, որ երբ հիշում է` ինչե~ր է տեսել 23 տարվա զինականի իր կյանքում, մխիթարվում է, որ Տարոնի աճյունը տուն են բերել ամբողջական, որդին ժպտում էր իր սիրուն ժպիտով, դեմքին` ոչ մի խազ, ոչ մի քերծվածք, կարողացել են գրկել, համբուրել նրան ու հանձնել հողին էդ սիրուն ժպիտը դեմքին: Տարոնի նման զավակ կորցրած ծնողները փափագում են, որ պատերազմ չլինի, ոչ թե հայրենի հողը հարստանա էս լուսաժպիտ տղաների աճյուններով, այլ` կյանքը զարդարվի նրանց գոյությամբ:

Հ.Գ. 2020-ի սեպտեմբերի 28-ին Սիսիանի հիվանդանոցում տղա է ծնվել: Նորածնի ծնողները որոշել էին անունը Գոռ դնել, հետո մտքափոխվել են եւ անվանել նահատակ Տարոնի անունով: Տիկին Համեստն ուրախ է, որ Տարոն անունով մի նոր կյանք է լույս աշխարհ եկել, ուրախ է, որ զինվորական Հակոբի տանը ապագա զինվոր է ծնվել: Իրենք մասնակցել են նորածնի մկրտությանը, նրա ծնողներն են ներկա լինում նահատակ Տարոնի արարողություններին: Կմեծանա փոքրիկը, կիմանա, որ կրում է այն զինվորի անունը, ում կյանքի գնով իր առավոտները խաղաղ են բացվում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. ՍԱԿՐԱՎՈՐԸ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ Է «ՍԽԱԼՎՈՒՄ»…

Տեղադրվել է - Սեպտեմբեր 11, 2023 0
Սեպտեմբերի 4-ին Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորվեց սեպտեմբերի 2-ին Սեւ լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով`…

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Տեղադրվել է - Հունվար 11, 2024 0
Լրացավ աշխարհահռչակ գիտնական Նիկողայոս Ադոնցի ծննդյան 153 ամյակը։ Թեև այստեղ տապանաքար չունի, սակայն Բռնակոթում ﬓում է այն տունը, որտեղ ծնվել…

ՀԱՂԹԱՆԱԿ, ՄԵՆՔ ՔԵԶ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ…

Տեղադրվել է - Ապրիլ 7, 2021 0
Հայոց նահատակ զինվորի հուղարկավորումից երեկ պանթեոնից վերադառնալիս Սիսիանի կենտրոնական հրապարակում հանդիպեցի այս հրաշք տղաներին… Քիչ է ասել, թե ցրվեց տխուր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code