ՎԱՀԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԻՍԱՏ ՄՆԱՑ…

Տեղադրված է at Փետրվար 2, 2023
1205 0

Մեր ցավահյուս օրերի շղթան չի ընդհատվում: «Մի նոր աղետ, մի վնաս, գալիս է մեզ անպակաս»: 2022-ի նոյեմբերի 18-ին Սիսիանի զինվորական պանթեոնում ավելացած նոր շիրմաթումբը նոր աղետ էր: 2022-ի սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դիրքերում թշնամու ագրեսիայի զոհ դարձած Սերժ Հովսեփյանի կողքին ամփոփվեց նոյեմբերի 15-ին Մեղրու մարտական հենակետերից մեկում ծառայակցի կողմից արձակված հրազենային վիրավորումից մահացած Վահե Հովսեփյանի աճյունը: Մինչ օրս էլ, նույնիսկ շատ հեռվից, պանթեոնում նշմարելի է Վահեի անվան տառերով հյուսված ծաղկեշղթան, որ կարծես պոկվել է սգակիցների սրտերից ու ցավի եւ ափսոսանքի լեզվով տխրորեն համրացել-մնացել այնտեղ… Ընդամենը 19 գարուն ապրած Վահե Հովսեփյան: Կիսատ մի կյանք, կիսատ մի սեր, կիսատ երազանքներ, կիսատ թռիչք, որ այնքան «շռայլորեն ու շքեղորեն» պահ տրվեց պանթեոնին…

Ով չճանաչեր Վահեին, նույն օրերին նրա մասին ընկերուհիների` Լարիսայի, Ռուզանի, Գոհարի հրեղեն-ցավեղեն-վշտաբեկ տողերը կարդալիս պիտի հասկանար, թե ի~նչ պայծառ երիտասարդ զրկվեց կյանքից, ի~նչ եզակի մարդու կորցրեց մեր հանրությունը, ի~նչ տաղանդավոր ֆուտբոլիստ կորցրեց մարզաշխարհը եւ ի~նչ հիմնասյուն կոտրվեց Հովսեփ Հովսեփյանի եւ Թերմինե Մարգարյանի ընտանիքում…

Ֆուտբոլը Վահեի ամենամեծ սերն էր, մինչ կհանդիպեր իրական սիրուն7-8 տարի հաճախել է Սիսիանի ֆուտբոլի դպրոց, իր տարիքային խմբում ճանաչվել հանրապետության ամենաուժեղ կիսապաշտպանը, երազանքը Եվրոպա գնալ Հենրիխ Մխիթարյանի ակումբում խաղալն էր: Հենոյի քույրը Վահեի հորաքրոջ հարեւանուհին էր, ասում են, նույնիսկ, Հենոն գիտեր այդ մասին, հավանություն է տվել` եթե, անգամ, գնդակն էլ չի ճանաչում, թող գա… Չնայած բարձր հասակին, թիմակիցները Ճուտո էին ասում. մեջներից տարիքով փոքրն էր, բայց եւ` ամենասիրվածը: Վահեին սիրում էին դպրոցում, դասարանում, Գայի թիվ 7 շենքում, բակում, թաղում: Սիրում էին անկեղծության, շիտակության, բարեկրթության, դաստիարակվածության, մեծերի ձեռքից ծանր տոպրակները վերցնել-տուն հասցնելու, աղջիկներին «թիկունք» լինելու համար: Իր ներկայությամբ որեւէ մեկը չէր կարող վիրավորել եւ կոպիտ լինել աղջիկների հանդեպ, իսկ եթե նման մի բան լսե~ր…

Մինչ Վահեի` ավագ դպրոց տեղափոխվելը Լարիսային, ինչպես իրենք էին ասում` Լարիսիկին, առավոտյան ուղեկցում էր դպրոց, դասերից հետո` տուն, հետո միայն գնում իր ֆուտբոլի պարապմունքներին: Վահեի անմահանալու դեպքից մի քանի օր անց, ահա, Լարիսա Հարությունյանը գրեց` Հիմա դպրոցական մեր նստարանին քո նկարած ֆուտբոլի դաշտում մնացել եմ միայնակ: Հիմա իմ ձեռքը չես բռնելու ու դժվարություններովս ինձ հետ անցնելու: Հիմա էլ ինձ քո քաղցրությամբ քույրիկս ասող չի լինելու ու ծննդյանս տարեդարձին քեզնից անակնկալներ չեմ ստանալու։ Ինձ միշտ ձեռք մեկնած, թև ու թիկունք եղած ԴՈՒ, ընկերսինչու՞ չգրկեցիր նորից ու ականջիս չշշնջացիր` «քույրիկս»

Վահե Հովսեփյանը ծնվել է 2002 թ.-ի դեկտեմբերի 17-ին, Սիսիանում: Առաջին դասարան հաճախել է Սիսիանի թիվ 5, իսկ երբ ընտանիքը տեղափոխվել է Գայի թաղամաս, թիվ 4 դպրոց, որից հետո սովորել է Սիսիանի ավագ դպրոցում: Տան առաջնեկն էր, ծնողների առաջին հավեսը, իրենից երկու տարով փոքր եղբոր` Թելմանի թիկունքը: Հայրն ասում է` էնքան երազանքներ ուներ տղաների հետ կապված, մտածում էր` Վահեին կդիմավորի, Թելմանին կճանապարհի բանակ, մեծ քեֆ-ուրախություն կանի, բայց մուրազը կիսատ մնաց…

Հուլիսի 12-ին Սիսիանի զինկոմիսարիատից բանակ ճանապարհեցին: Ծառայությունը Լիճքում էր: Վահեն ինչպես կարգապահ, խելացի, կազմակերպված ֆուտբոլիստ էր, նույնքան էլ` կարգապահ զինվոր: Ծառայության վեցերորդ ամսում բարձրացել է դիրքեր, հենակետի ավագն էր: «Վեց ամիս հենակետ է կառավարել, դիրք է պահել, որեւէ խախտում, թերացում չի արձանագրվել, ու հրամանատրությունը առանձնակի հարգանքով է վերաբերվել Վահեին: Ասում էին` էսպիսի զինվոր դեռ չենք տեսել: Ծառայության ութերորդ ամսում դասակի հրամանատարին համոզել էր իրեն վստահել ջոկի հրամանատարությունը, այդքան վստահ էր իր ուժերին, համոզված` իր կարողությունների մեջ: Հենակետի ավագ հո ամեն մարդու չեն տա… ուրեմն ինչքան են վստահել նրան, որ նշանակել են »,- ասում է հայրը ու պատմում, որ Վահեն սիրած աղջիկ ուներ, նրան ասել է` ում մոտ գնամ-լացեմ, որ թույլ տան քո ծննդյան օրը` դեկտեմբերի 17-ին մի քանի օրով տուն գաս, տղան կատակել է` պապայիս, ու հայրը հրամանատարությանը խնդրել է ստեղծել այդ հնարավորությունը: Վահեն որոշել էր դեկտեմբերի 17-ին սիրած աղջկան բերեր ծնողների հետ ծանոթացնելու: «Ասացի` հանգիստ եղիր, հարցը կլուծեմ: Վահեին այնքան էին սիրում զորամասում, հրամկազմում, որ չմերժեցին խնդրանքս: Դեկտեմբերի 15-ին պիտի գար: Վահեն ընկերուհուն հայտնել էր լուրը: Վերջին անգամ խոսեցինք նոյեմբերի 15-ի երեկոյան 9-ին, խոսեց մոր, եղբոր հետ, հետո ասաց` առավոտյան կզանգեմ… Առավոտը այդպես էլ չեկավ… Նոյեմբերի 15-ի գիշերը ժամը երեք-երեքն անց քասանին տեղի է ունեցել չարաբաստիկ դեպքը»,- ասում է հայրը, ափերով փակում դեմքը, ու այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե ինչու այդ ամենը պատահեց իրենց հետ:

Ասում է` ինքն էլ է զինվորական եղել, 2013-2016 թ.թ.-ին պայմանագրային զինծառայող է եղել Սիսիանի զորամասում, հսկել Աղոթարանի դիրքերը, լավ գիտի զինվորական կարգ ու կանոնը, ու չի կարողանում հասկանալ, թե ոնց են ընդամենը երեք ամսվա ծառայող անփորձ զինվորին դիրքեր ուղարկել ու որոշ մանրամասներ է պատմում գիշերվա տխուր միջադեպից. երեք ամսվա ծառայող դիրքապահ զինակիցը, ինչ-որ ձայն լսելով, կրակոց է արձակել: Ի պատասխան ջոկի հրամանատար Վահե Հովսեփյանի` ինչո՞ւ կրակեցիր հարցին տվել է ձայն լսեցի պատասխանը, հետո Վահեի` ի ՞նչ ձայն հարցը մնացել է անպատասխան: Վահեն տագնապի ազդանշան է տվել, հենակետի բոլոր զինվորներին հրահանգել յուրաքանչյուրը մտնի իր խրամբջիջը, ինքը ձախ կողմով բարձրացել է բլինդաժի վրա` իմանալու ինչ է կատարվում: Դիրքապահ զինակիցը, պրոֆիլ նկատելով, գուցե` վախից, գուցե` խուճապից, գուցե` անփորձությունից, գուցե` իրադրությանը չտիրապետելուց ու չկողմնորոշվելուց, առանց գաղտնաբառ հարցնելու, երեք կրակոց է արձակել «երեւացող մարդու» ուղղությամբ, որից մեկը մահացու է եղել նրա համար: «Երեւացվող մարդը» Վահեն էր… Հովսեփ Հովսեփյանը որդու հետ պատահածը դիտավորություն չի համարում, այլ` դժբախտ դեպք, անփութություն, ինչն այդքան թանկ արժեցավ իրենց: Թեեւ գործը դեռ քննվում է, Հովսեփը չի բողոքում, չի ցանկանում անփութորեն իր որդուն կյանքից զրկած ծառայակիցը պատժվի, չի ցանկանում մի օջախ էլ դժբախտանա, մի երիտասարդ կյանք էլ խորտակվի, անփութությամբ իր տղայի կյանքը խլած զինվորին ընդունում է որպես իր Վահե, որ պիտի ապրի նրա չապրած կյանքը: «Էդքան երիտասարդ, արդեն իր ուսերին ինքը մի մեծ ու ծանր բեռ դրեց, որ պիտի մինչեւ վերջ տանի իր հետ: Իսկ գուցե «երեւացող մարդը» թշնամի՞ էր… »,- ինքն իրեն համոզել փորձելով` ասում է Վահեի հայրը, հետո ցավով պատմում, որ այդքանից հետո մի ծանր փորձություն էլ են հաղթահարել: «Սիսիանի համայնքապետարանից իրենց համաձայնությունը չեն տվել որդուս Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորենք, ասել են` «թուրքի գնդակից չի ընկել…»: (Ծանոթ պատճառաբանություն է, չէ՞.-Ա.Ա.): Վահեն գնացել էր հոպարի տուն քեֆի՞, թե՞ սարերում եղնիկ խփելու, կամ էլ` մանդակ քաղելու, որ զրկվել էր կյանքից: Վահես եղել է ծառայության մեջ, մարտական հերթապահության ժամանակ, մարտական դիրքերում… Ասացի` կգնամ պանթեոն, ինքս քլունգով իմ տղայի տեղը կքանդեմ, ու թող որեւէ մեկը խանգարի… Ի՞նչ է` չարի վերջն է՞, էս սարն իմն է, էս ծառն իմն է… Ամոթ է: Հետո դիմեցի համապատասխան տեղեր, զորագնդի հրամանատարությանը, ու պատկան կառույցների միջնորդությամբ տղաս նոյեմբերի 18-ին հուղարկավորվեց Սիսիանի պանթեոնում…»,- դառնորեն ասում է հայրը:

Ի պատասխան իմ` պատերազմի ժամանակ զավակ կորցնելը, գուցե, մի կերպ կարելի է ընկալել, բայց հարաբերական խաղաղ պայմաններում զինվոր որդի կորցնելը ի՞նչ ապրումներ է առաջացնում հարցին Հովսեփն ասում է, որ Վահեն էլ է իր ծառայության ընթացքում զրկվել կյանքից, մարտական դիրքում, սահման էր պահում չէ՞, հանուն հայրենիքի էր, չէ՞, ծառայության մեջ էր, իր պարտքն էր կատարում, երդում էր տվել… Իսկ հանուն հայրենիքի միայն «թուրքի գնդակից չեն ընկնում…»:

Վահեն շատ էր կապված մոր հետ: 40-ամյա Թերմինեն ասում է, որ որդին պատմում էր բոլոր գաղտնիքները, վստահում ամեն ինչ, ընկերուհու մասին առաջինն իրեն է հայտնել: Ճիշտ է, ֆուտբոլ շատ էր սիրում, բայց հետո որոշել էր ատամնատեխնիկ դառնալ, գումար վաստակել, հիպոտեկով տուն գնել, թեթեւացնել իրենց հոգսը: Վահեն Վախթանգ Ստեփանյանի հետ նույն օրն էր զորակոչվել, երկուսն էլ Մեղրիում էին ծառայում: Սեպտեմբերի 13-ին թշնամու ագրեսիայի ժամանակ Վախթանգի զոհվելու լուրը շատ ծանր է տարել: «Այդ օրը զանգեց, շատ տխուր էր, իր ֆեյսբուքի էջում իրենց համատեղ նկարն էր տեղադրել ու գրել` լույսերի մեջ մնաս, հալալս… Վահես գնաց իր հալալ ընկերոջ մոտ: Լավերը, երեւի, աստծուն ավելի շատ են պետք… Երեք տարի առաջ ենք Սիսիանից տեղափոխվել Երեւան, բայց իմ կեսը հիմա Սիսիանում է, եթե հնարավոր լինի Սիսիանում աշխատանք գտնել, անմիջապես կվերադառնանք, որ Վահեին մոտ լինենք, չնայած մշտապես մեզ հետ է: Նրա լուսանկարով կախազարդ եմ սարքել, կախել վզիս, սրտիս մոտ, որ հավերժ ինձ հետ լինի…»,-ասում է մայրը:

Եւ հայրը, եւ մայրը դժվարանում են մխիթարություն գտնել, իրենց միակ մխիթարանքը Թելմանն է, որ ամուսնանա, տղա ունենա, անունը Վահե դնեն ու շարունակեն ապրել եւ ապրեցնել ամեն ինչ կիստ թողած, ամեն ինչ անկատար թողած, ամեն ինչ անավարտ թողած իրենց Վահեի հիշատակը: Մխիթարվում են մեկ էլ նրանով, որ Վահեին չեն մոռանում դպրոցում, նրան նվիրված միջոցառումներ են կազմակերպում, նկարն ամրացնում փառքի տախտակներին, որ Ագարակի զորամասում նրան նվիրված անկյուն են սարքել, նորակոչիկ զինվորից մինչեւ զորացրվող ճանաչում է նրան, ափսոսում ու հարգում հիշատակը: Դժբախտ դեպքի վայրում հայրը խաչքար է դրել` որպես զգոնության, ուշադրության, զինվորական կարգապահությունը ամեն ինչից վեր դասելու խորհրդանիշ` այդուհետ բացառելու անփութությունը, պահպանելու ծառայության կարգ ու կանոնը, հարգելու գաղտնաբառի խորհուրդն ու նշանակությունը, որ «անփութորեն» նոր աղետներ չգան մեր գլխին: Հայրը ցանկանում է, որ իրենք վերջինը լինեն…

Հ.Գ. Դեկտեմբերի 17-ին նշեցին Վահեի ծննդյան օրը` առանց Վահեի ֆիզիկական ներկայության: Ընկերուհին` Ռուզան Բաբաջանյանը գրեց իր ցավոտ գրառումներից մեկը` Շնորհավոր քսան ամյակդ, իմ հավերժ տասնինը… Քեզանից հետո ամեն ինչ կորցրեց իր համն ու հոտը, քեզանից հետո ոչ մի բան էլ առաջվանը չէ: Քո բացակայության հետ համակերպվել չի լինում ու չի էլ լինի, Վահես… Գիտեմ, որ հիմա երկնքում Հերոսներով ծնունդ եք նշում ու այն էլ ո~նց եք նշում, իսկ մենք դեռ հույսով սպասում ենք ինչ որ լավ բանի… Վահես, ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ քեզ` իմ կյանքում լինելու համար, իմ լավ ընկերը լինելու համար, ինձ հարազատ ու ջերմ լինելու համար, ինձնից նեղանալու ու խրատներ տալու համար, շնորհակալ եմ քեզ ամեն-ամեն ինչի համար…Դու հավերժ զինվոր մնացիր, իսկ մեզ դարձրիր հավերժ սպասող…

Նույն օրը դասընեկուհին` Գոհար Պողոսյանը գրեց` Ասում են երկնքում ծնունդ են նշում, հա՞։ Մեր լույս Վահե, իմ հավերժ ընկեր, շնորհավոր երկնային ծնունդդ: Քո հիշատակը վառ կմնա դարեր ու դարեր, քեզ կփնտրենք երկինքների մեջ, կխոնարհվենք ամեն անգամ` երկնքին նայելիս: Շնորհավոր հերոսական ծնունդդ, մեր հին, բայց երբեք չհնացող իմ ընկեր, իմ մանկության լավագույն, ամենավառ հիշողություն։ Շնորհավոր 20-րդ չապրածդ տարեդարձը… Հայրենիքի համար զոհվածները հրեշտակներ են: Դուք չեք երևում, բայց միշտ մեզ հետ եք: Դու էլ ես մեզ հետ։ Քո աթոռը, նստարանը, տեղը, ափսեն ու բաժակը միշտ քոնն են` նույն տեղում դրված… Դու միշտ քո տեղում ես` մեր սրտում։ Ծնունդդ շնորհավոր, հավերժ ժպտացող, հավերժ անկեղծ ու հավերժ ներկա մեր Վահե: Երկնային արքայության մեջ լինես: Խաղաղ ննջիր, իմ հերոս ընկեր, դասընկեր, եղբայր…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Տեղադրվել է - Օգոստոս 17, 2021 0
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ցանկանալով զբաղվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններից բխող գործունեությամբ, 2021թ. օգոստոսի 16-ին…

Ինչո՞ւ է ոտնահարվել զինվորի պատիվն ու արժանապատվությունը…

Տեղադրվել է - Մայիս 31, 2022 0
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 77,5 մլն դրամ գումար է հատկացրել Սիսիանի համայնքապետարանին`  44-օրյա պատերազմում զոհված եւ Սիսիանի պանթեոնում հուղարկավորված…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code