ՎԱԽԹԱՆԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ -ՄԱՍՈՒՄՅԱՆ. ՎԱԽԹԱՆԳԸ ՄԵՂՐԻԻ ԴԻՐՔԵՐԻ ՄԻԱԿ ԶՈՀՆ ԷՐ…

Տեղադրված է at Հունվար 24, 2023
2532 0

Սպանդարյանցի Գրիշա պապը չցանկացավ, որ 2003 թ.-ի ապրիլի 27-ին ծնված թոռանը իր անունով կոչեն եւ առաջարկեց, եթե, իհարկե, ծնողները դեմ չէին, նրա անունը Վախթանգ դնել, որովհետեւ շատ էր սիրում այդ անունը: Ծնողները ոչ միայն դեմ չեղան, այլեւ հավանություն տվեցին ու սիրեցին այդ անունը: «Վախթանգս մեզ համար հա´մ վախ էր, հա´մ էլ`թանկ: Այդ երկու իրարամերժ զգացողությունները միշտ ուղեկցեցին մեզ, սրտիս մի գաղտնի անկունում, հպարտությանս, ուրախությանս հետ միաժամանակ, միշտ վախ ու տագնապ եմ ունեցել ե´ւ նրա, ե´ւ մեծ տղայիս` Արթուրի համար»,– ասում է 2022-ի սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի ժամանակ Մեղրիի դիրքերում թշնամու հարձակման հետեւանքով նահատակված Վախթանգ Ստեփանյանի մայրը` Հեղինե Ստեփանյանը: Պատմում է, որ թե´ Վախթանգը, թե´ Արթուրը մեծացել են ջերմ ու համերաշխ ընտանիքում, ինքն այնքան երջանիկ էր, որ ուներ Հրաչի նման ամուսին, Արթուրի եւ Վախթանգի նման զավակներ, ու երբեմն ցանկություն է ունեցել ամբողջ ձայնով գոռալ իր երջանկության, աշխարհի ամենաերջանիկ մայրն ու կինը լինելու մասին: Դարբասից Սպանդարյան հարս գնացած Հեղինեն պատմում է, որ գյուղի միջնակարգ դպրոցում սովորող Վախթանգը ուսման հետ սեր չուներ, բայց շատ ընդունակ էր, բոլոր առարկաներից կարող էր հաջողության հասնել, սակայն չէր սիրում սովորել: Դրան հակառակ` սիրում էր աշխատել, դեռ փոքր տարիքից աշխատել է, օգնել ծնողներին, նրանց թեւ ու թիկունք եղել, ինչ գործ արել են, հետները հավասար աշխատել է: Նրանց օգնել է անգամ Մոսկվայում, ուր ծնողները գնացել էին օրվա հացը վաստակելու: Իրենց պահելու, մեծացնելու` ծնողների չարչարանքը գնահատող տղան երազում էր մեծ բիզնես հիմնել, առեւտուր անել, օգնել նրանց, սեփական տուն գնել, որովհետեւ թե´ Սպանդարյանում, թե´ Երեւանում, ուր տեղափոխվել էին մի քանի տարի առաջ, վարձով էին բնակվում: «Ասում էր` դուք շատ եք տանջվել, շատ եք չարչարվել, չեմ թողնելու աշխատեք, ամեն ինչ ես եմ անելու, որ դուք հանգիստ նստեք-վայելեք»,– պատմում է մայրը, ապա հավելում, որ բանակ գնալուց առաջ Վախթանգը որոշել էր մի փոքրիկ առեւտրակետ բացել, բանջարեղեն վաճառել, բայց արցախյան առաջին պատերազմի մասնակից, 6 տարի Սիսիանի զորամասում պայմանագրով ծառայած, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատում աշխատած հայրը` Հրաչ Մասումյանը չէր խրախուսել որդուն, ասելով` կգնաս բանակ-կգաս, հետո…

2021-ի հուլիսի 12-ին Սիսիանի զինկոմիսարիատից ծնողներն ու հարազատները բանակ ճանապարհեցին իրենց անչափ ժիր. շարժուն, ակտիվ, կենսախինդ Վախթանգին: Արթուրը նոր էր վերադարձել ծառայությունից, ավելի ստույգ` հենց Հադրութից վերադարձավ, սկսվեց 2020-ի պատերազմը, ու ծնողները հույս ունեին, որ Վախթանգը խաղաղ կծառայի եւ փառքով ու պատվով տուն կգա, Արթուրի հարսանիքի եւ նրա զորացրվելու խնջույքը միասին կանեն: Եղբայները նվիրված էին իրար, անբաժան իրարից, այնքան էլ նման, որ թվում էր` զույգ են: Ծառայությունը Մեղրիի զորամասում էր:

Մայրն ասում է, որ Վախթանգը ողնաշարի խնդիր ուներ, առաջարկել էին տարկետում վերցնել, հետաձգել ծառայությունը, բայց տղան էնքան հայրենասեր էր, էնքան խանդավառ, էնքան տրամադրված, որ մերժել էր տարկետման հնարավորությունը, պնդելով, որ պիտի ծառայի հանուն իր հայրենիքի, հանուն իր երկրի:

Սիրում էր հաճելի անակնկալներ անել: Սիրում էր ուրախացնել բոլոր նրանց, ովքեր սրտամոտ էին իրեն: Կողքինին ուրախացնելը իրեն ուրախություն էր պարգեւում: Հարազատ ծնողի պես սիրում էր գյուղի հոպարին ու նրա կնոջը, նրանք էլ` իրեն: Վախտոյին չսիրել հնարավոր չէր, իրեն սիրել տվող էր, մեծ հմայք ուներ, սիրուն էր, նուրբ ու գեղեցիկ դիմագծերով: «Երբ առաջին արձակուրդին տուն եկավ, դռների միջով չէր անցնում, այնքան էր բոյովացել, հաղթանդամ դարձել` իսկական Վախթանգ…»,- ասում է մայրը, ապա հավելում, որ իր ծննդյան օրը նախապես ծաղկեփունջն էր ուղարկել, հետո գիշերը ինքը անակնկալ եկել, որ իրեն ուրախացնի, հարազատներին ուրախություն պարգեւելը իր տարերքն էր: 2021-ի հոկտեմբերի 14-ին ծառայակիցների հետ ծննդյան շնորհավորական ուղերձ էր հղել հորը, գրել, որ թեեւ մեկ տարի է` հետը չէ, բայց հոգով-սրտով կողքին է, որ հոր համար ոչ միայն զավակ է, այլեւ` ընկեր, ու հավաստիացրել, որ հոր նպատակներն օդում չի թողնելու… Ի~նչ իմանար, սակայն, որ նենգաբարո թշնամին ոչ միայն հոր, մոր, եղբոր, այլեւ` իր ամենապյածառ երազանքներն ու նպատակներն է օդում թողնելու` Ներքին Հանդի դիրքերի վրա 2022-ի սեպտեմբերի 12-ի հարձակմամբ: Վախթանգը դիրքերում էր, իր հերթափոխն էր, երբ գիշերը թշնամին հրետակոծեց դիրքերը: Հրամանատարի` թաքնվիր հրահանգից շփոթվել է, չի կարողացել կողմնորոշվել, բայց հավաքել է իրեն, թաքնվել, հետո դուրս է եկել թաքստոցից ու գոռացել` հո վիրավոր չունե~նք, հո զոհված չունե~նք… Ամսի 13-ին երբ փորձել է երկրորդ անգամ դուրս գալ թաքստոցից, արկի բեկորը քունքի ուղղությամբ հասել է գլխուղեղին եւ … Ծանր վիրավորում ստացած Վախթանգին հասցրել են Կապանի, ապա` Երեւանի Էրեբունի հիվանդանոց, բայց նրա վիրավորումը անհամատեղելի էր կյանքի հետ, եւ սեպտեմբերի 17-ին 19-ամյա Վախթանգ Հրաչի Ստեփանյան-Մասումյանը կնքեց իր մահկանացուն: Սեպտեմբերի 19-ին հուղարկավորվել է Եռաբլուրում: Վախթանգ Ստեփայնան-Մասումյանը Մեղրիի դիրքերի միակ զոհն էր…

«Վախթանգս որ տուն էր մտնում, տան պատերն էլ էին ծիծաղում: Տանս աչքաուլունքն էր, ձեռքներիցս թռավ… Վախթանգս էնքան չափած-ձեւած էր, խելոք, հավասարակշիռ, ընկերական մեծ շրջապատով, ամեն ինչից գաղափար ուներ, հինգ րոպեում տասը բան էր երազում, իրենից մեծերի հետ էր ընկերություն անում, իր տարիքի համեմատ շատ հասուն էր, մեծերն էլ էին զարմանում, որ էդ տարիքում մեծի պես էր դատում, բանում, գործում, ապրում, երազում: Չէ բառը չուներ: Եթե որեւէ մեկին ինքը չկարողանար օգնել, ասում էր` մի բան կանենք, ու անում էր, թեկուզ` ուրիշի օգնությամբ…»- ասում է մայրը:

Տիկին Հեղինեն պատմում է, որ Վախթանգի կորուստը իրենց պես եւ իրենց հետ հավասարապես սգացել են բոլորը, ովքեր ճանաչել են նրան: Ասում է`2020-ի պատերազմից հետո երբեք չի կարողացել Եռաբլուր գնալ, մտածել է` սիրտը չի դիմանա, ճանապարհին կուշաթափվի-կընկնի: Բայց հիմա Եռաբլուրը դարձել է իր հիմնական ճանապարհը… Թե ո~նց Վախթանգը փշուր-փշուր արեց իրենց սիրտը, ո~նց ջարդեց իրենց մեջքը, ո~նց կոտրեց իրենց թեւերը, իրենք էլ չգիտեն… Չիրականացավ ավագ որդու` Արթուրի հարսանիքն ու Վախթանգի զորացրման խնջույքը միասին անելու իղձը, բայց տիկին Հեղինեն չի կարող ապրել առանց Վախթանգի, ու երազում է այն օրը, որ Արթուր որդին նոր Վախթանգ կպարգեւի իրենց, նոր Վախթանգ կծնվի ու կվազվզի իրենց տանը, իրենց աչքի առաջ, որ շարունակեն ապրել նրանով, շարունակեն տանը հնչեցնել Վախթանգ անունը ու այդպես դիմանալ անդիմանալիին…

Տիկին Հեղինեն մեկ էլ մխիթարվում է, որ չենք մոռացել որդուն, որ մեր կողմից գնահատվում է նահատակների թանկ արյունը, որ տղային հիշում ենք, նրա մասին գրում-հավերժացնում. «Սփոփանքի մեկ բառը, մեկ խոսքն անգամ ուժ է տալիս մեզ` հաղթահարել անհաղթահարելին»,- տխուր, բայց անչափ երախտապարտ ձայնով ասում է Հեղինեն:

Հ.Գ. 2022-ի դեկտեմբերի 28-ին Վախթանգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում տեղադրվեց բարեկամի` Աննա Առաքելյանի այս գրառումը` Իմ երկրում կա մի վայր, որտեղ մահացածները շատ են ողջերից, որտեղ երազանքները, նպատակները անավարտ են մնացել

Նկարների քաղաք է` երիտասարդ են տղաները, շա՜տ երիտասարդ, բայց արդեն չկան….

Իմ երկրում կան մայրեր, որոնց ծաղիկներ չեն բերում իրենց տղաները, այլ իրենք են տանում, կան մայրեր, ովքեր ամենացուրտ եղանակին գրկում են սառը գերեզմանաքարը ու տաքանում

Իմ երկրում կան հայրեր, ովքեր հարսնացու չեն ընտրում որդիների համար, կամ` ծաղիկներ, որ տանեն իրենց հետ աղջկա տուն. մոռացված մատանին էլ միշտ մոռացված է մնում։  Իմ երկրի հայրերն ընտրում են գերազմանաքարեր՝ ամենահավերժացնողը, ընտրում են անթառամ ծաղիկները, որ ծաղկուն մնան սառը քարերը, եւ չեն մոռանում երբեք տանից խունկ տանել….

Էսպիսին է իմ երկիրը, էստեղ ողջերը քիչ են մահացածներից, որովհետեւ պատերազմը խլում է կյանքեր ու թաղում բոլորիս միասին

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Երբեմն նեղանում եմ աստծուց, թե ինչու է ինձ այսքան ուժեղ ստեղծել… 44-օրյա պատերազմի նահատակ Արեգ Ազարյանի այրի

Տեղադրվել է - Նոյեմբեր 24, 2021 0
Արեգ Ազարյանի եւ Հերիքնազ Աղաջանյանի ընտանիքները Սիսիանի շրջանի Մորենի գյուղ են արտագաղթել 1992 թվականին` Շահումյանի շրջանից: 1994-ին Արեգի ծնողները տեղափոխվել…

ԻՄ ԲԱԺԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ. 44-օրյա պատերազմ

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2022 0
44-օրյա պատերազմի նահատակների մասին գիրք տպագրելու միտքը հետո ծնվեց: Պատերազմի առաջին օրերին, երբ գրեթե ամեն օր զինվոր էինք թաղում, պանթեոնից…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code