ՊԱՏԵՐԱԶՄԸ ՈՐԴԻՆԵՐԻՑ ՀԵՏՈ «ՍՊԱՆԵՑ» ՄԱՅՐԵՐԻՆ…

1480 0

Սամսոնը տան միակ արու զավակն էր: Իրենից մեծ եւ փոքր երկու քույրերը ամուսնացել էին, իրենց տունն ունեին: Բոլորը, հատկապես` մայրը` Թամարան, սպասում էր, որ Սամսոնն էլ ամուսնանա, սիրած աղջիկ ուներ, եւ շարունակի տան ծուխը, եւ շենացնի երկհարկանի ընդարձակ տունը, որն իր ձեռքերով էր վերակառուցել, ձեւափոխել, հարմարավետ դարձրել… «Ինչ աշխատեց` դրեց էս տան վրա, բայց չվայելց, հիմա ինչի՞ս է պետք էս ամենը, երբ որդիս չկա, ու՞մ է պետք էսքան արած-դրածը… Տանս մինուճարն էր…»-ասում է Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Սամսոն Ամարյանի մայրը` տիկին Թամարան: Սիրունատես, երիտասարդ կին է տիկին Թամարան, բայց արդեն մեկ տարի չցամաքող արցունքներից բացի ուրիշ բան չի հիշում, ուրիշ բանի մասին չի խոսում, ուրիշ բան նրան չի հուզում ու հետաքրքրում:

Սիրուն, ջահել աղջիկ էր, որ Գորիսի Վերիշեն (Ակներ) գյուղից 19 տարեկանում հարս տարան Բաքու` համագյուղացի Ռաչիկ Ամարյանի տուն… Առաջնեկին` Անիկային, Գորիսում ունեցավ, ծնողների մոտ, 1987 թիվն էր… Սումգայիթում հայերի սպանդից հետո ավելի հեռատես հայերը հասկացան, որ թրքաբարո երկրում ապագա չունեն, եւ տան տղամարդիկ` սկեսրայրն ու ամուսինը մտածեցին` ինչքան շուտ հեռանան Բաքվից, էնքան լավ… Հետաքրքվեցին, մարդիկ գտան, Բաքվի չորս սենյականոց բնակարանը փոխանակեցին Շաքեում ապրող մի թուրքի տան հետ, եւ 88-ին արդեն Հայաստանում էին, ու նոյեմբերի 15-ին ծնվեց Սամսոնը, հետո` Անուշը… Ապրում էին բոլորի նման… Մի քանի տարի ապրեցին Վերիշենում` կեսրայրի հայրական տանը, որտեղ հետո հուղարկավորվեցին նաեւ նրանք, ապա մշտապես հիմնավորվեցին Շաքեում… 2006-ին Շաքեում դպրոցն ավարտելուց հետո Սամսոնը ծառայեց բանակում: Ծառայությունն Արցախում էր, Ստեփանակերտում: Ցորի զորամասում կապավոր էր: Սիրեց կապավորի աշխատանքը, լավ էլ գլուխ էր հանում, եւ 2008-ին զինվորական ծառայության ավարտից հետո որոշեց պայմանագրային ծառայության անցնել Սիսիանի զորամասում: Ծնողները դեմ էին, մտածում էին` տան գործերով զբաղվի, տնտեսությունը մեծացնի, բայց դա Սամսոնին քիչ էր թվում… Զուգահեռ հեռակա սովորեց նաեւ Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում, բայց ուշքն ու միտքը կապն էր… Մի քանի տարի Սիսիանի զորամսում ծառայելուց, Սիսիանի դիրքերում ծառայության եւ աշխատանքի մանրամասները յուրացնելուց հետո տեղափոխվեց Նորավանի զորամաս, որտեղ նաեւ քրոջ ամուսինը` Հայկ Հովակիմյանն էր աշխատում: Հետո էլ քրոջը տարավ իր մոտ… «Այդպես ավելի լավ էր, բոլորս միասին էինք…մինչեւ պատերազմը… Սամսոնը կապի վաշտի հրամանատարն էր, լավ էր աշխատում, շատ հմուտ էր ու սիրում էր իր աշխատանքը: Կապի պետին հավասար գործ էր անում: Թղթերն արդեն պատրաստ էր, հոկտեմբերի 10-ին պիտի կապի պետ դառնար, անհամբեր սպասում էր այդ օրվան… Բայց հոկտեմբերի 10-ը ուրիշ ճակատագիր էր բաժին հանել նրան…»,- ասում է Սամսոնի քույրը` Անուշը: Պատերազմի առաջին օրը հրահանգ եկավ` լինել նախանշված վայրում, հոկտեմբերի 3-ին նոր հրաման ստացան` մեկնել Արցախ: Ջրականում էին: Ամեն օր խոսել են, ծածկագրերով էին հաղորդակցվում: «Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 9-ին` ասաց, հրաշքով փրկվեցնիք, մազի վրա էինք…Ասացի` փախե՛ք, ասաց` ի՞նչ ես ասում, բա ես փախնող ե՞մ…Լաց եղա, հերթափոխից հետո եկա տուն… Շատ անհանգիստ էի: Մոմ մառեցի, բաժակը, որի մեջ մոմն էի դրել, պայթեց… Սիրտս չար բան գուշակեց, ինձանից անկախ գոռացի, հենց այդ պահին էլ Սամսոնը զոհվել էր… Հորաքրոջս տղան նույնպես կապի վրա էր, լուր էր տվել Սամսոնին, որ օդում աթս կա, թաքնվեն, մինչ Սամսոնը վազել է մյուսներին էլ զգուշացնելու, աթս-ն հարվածել է… Սամսոնը եւ 3 զինակիցները տեղում զոհվել էին…Ամուսինս վիրավորում էր ստացել, թեթեւ էր, ապաքինվել է…»,-ասում է Անուշը:

Տիկին Թամարը, ոչ մի վայրկայն չխաղաղվելով, պատմում է, որ իրեն խնայել են, չեն ասել, որ Սամսոնը Արցախում է, նա էր այդպես պահանջել, մոր առողջությունը տկար էր, եւ չէր ուզել ավելորդ անհանգտություն պատճառել նրան: Վերջին անգամ էլ մոր հետ էր խոսել` հոկտեմբերի 10-ին, ասել, որ չանհանգստանա, ամեն ինչ լավ է, բայց դարձյալ չի ասել, որ Արցախում է… Ժամեր անց զանգահարել է Գորիսի քույրը` Անիկան, անընդհատ Սամսոնից հարցրել…

«Մինչեւ հիմա էլ սպասում եմ իմ տղային, տանս մինուճան էր, աչքս դեռ ճամփին է, աչքս գցում եմ դռանը ու սպասում… Արդեն մեկ տարի է` ամեն օր էդպես է: Օրումեջ պանթեոն եմ գնում, իրա ծաղիկները տանում եմ, բայց մեկ է, չեմ հավատում, որ չի գալու… Բա էսքանը արել-դրել է ինչի՞ համար, ու՞մ համար… տան բակում երկու-երկու մեքենան թողել է` ու՞մ համար, ինչի՞ համար… Ես չվայելեցի էս տունը, թող մեղավորն էլ իր տունը չվայելի, որ ինձ հասկանա: Ասում էի` ամուսնացիր, ասում էր` հոկտեմբերին մի 10 օրով արձակուրդ եմ վերցնելու, ամուսնանամ, գոնե` մի երեխա թողներ, նրան պահեի, մեծացնեի: Բան չեմ ասում` աղջիկներ ունեմ, ընտանիք ունեն, ինձ մենակ չեն թողնում, թոռս ինձ մոտ է մնում, Շաքեից է գնում Սիսիան դասի, ամեն մեկն իր տղեն ունի, բոլորը լավ լինեն, բայց Սամսոնն ուրիշ էր…

Բոլորի համար իրենց զավակներն ուրիշ են, բայց, իրոք, Սամսոնն ուրիշ էր… Էնքան հոգատար էր, էնքան ուշադիր, էնքան մարդկային, ողջ գյուղն էր ափսոսում Սամսոնի համար, հարեւաններս ինձ հետ հավասար մղկտում են… Էս մղկտոցը, որ ինձ տվեցին, թող տվողն էլ մղկտա, նոր կհասկանա իմ ցավը, իմ վիշտը, իմ դատարկ կյանքը… Ապրելս էլ է անիմաստ դարձել… Անտեր մնացի…Աստծուց խնդրում եմ, որ իմ կյանքը տա Սամսոնին, ինքը վերադառնա, ես գնամ…Ես չեմ ապրում, ես ոտքի վրա մեռնում եմ»,- ասում է ընդամենը 53 տարեկան կինը, ու ավելորդ, անտեղի, անիմաստ են թվում բոլոր բառերը, բոլոր խոսքերը, որ փորձում ես ասել… Ամուսինն էլ երիտասարդ է մահացել հինգ տարի առաջ, բայց տիկին Թամարան դեռ Սամսոն ուներ, նրա հետ կապված երազանքներ ուներ, նպատակներ ու բարի, բարի ցանկություններ ուներ, բայց Սամսոնի մահը նրան կոտրել է, ջարդել…

«32 տարեկան տղամարդ էր, մի անգամ խոսքիս պատասխան չի տվել, եթե ասեի` մի գնա, կուզենար խոսքս չմերժեր, բայց ընկերներից ետ չէր մնա, կգնար պատերազմ… Ժամը 6-ից ոտքի վրա էր, տան բոլոր գործերն ինքն էր անում, գոմի, այգու գործերը, չէր թողնի, որ մի բան ես անեմ, ասում էր` մաման վատառողջ է: Ամուսինս 90-ականներին Գորիսի ջոկատով կամավոր մասնակցել է Արցախյան կռվին, մենք գիտեինք` կռիվն ինչ բան է, մենք չէինք ուզում, որ զինվորական դառնար, բայց դարձավ…»,-աչքերն անընդհատ սրբելով` ասում է մայրը:

Պատերազմը որդիներից հետո «սպանեց» ծնողներին, սպանեց մայրերին, եւ ոչ մի գին չունի որդեկորույս մոր արցունքը, ոչ մի սպեղանի չկա որդեկորույս մոր ցավին, ոչ մի մխիթարություն չկա ընդարձակ տների մեջ մենակ, մեն-մենակ մնացած մոր համար, որ պատերազմից մեկ տարի հետո էլ դեռ սպասում է նահատակ որդուն, որ օրումեջ նրա շիրմին այցի է գնում Սիսիանի պանթեոն, բայց աչքը դռանը` սպասում է որդու վերադարձին, որ տան ամեն իրն ու առարկան նրա բացակայությունն են հիշեցնում, բայց եւ` ներկայությունը, ու, ինչպես տիկին Թամարան է ասում` մինչեւ վերջին շունչը պիտի սպասի որդու վերադարձին…

Հինգ տարի աշխատելուց հետո, ծառայության ընթացքում, անբասիր ծառայության համար պարգեւատրվել է «Արիության», իսկ պատերազմից հետո` ետմահու` «Մարտական ծառայության» մեդալներով:

Հ.Գ. Սամսոն Ռաչիկի Ամարյանին հուղարկավորեցինք հոկտեմբերի 12-ին` Արայիկ եւ Գեղամ Սաֆյանների ու Վրեժ Պողոսյանի հետ նույն օրը, իրար կողք: Ցավը մտերմացրել է որդեկորույս մայրերին… Գրեթե օրումեջ նրանք հանդիպում են իրար եւ չցամաքող աչքերով անիծում պատերազմը, անիծում պատերազմ հրահրողին եւ միայն մի բան փափագում` թող իրենց որդիների թափած արյունը մշտարթուն վրեժ դառնա…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

05.10.2021

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Երբ Աշոտն ընդամենը 4 տարեկան էր, մահացավ հայրը… Երբ իր Էրիկ որդին 4 տարեկան էր, զոհվեց ինքը …

Տեղադրվել է - Նոյեմբեր 30, 2021 0
Բացի Սիսիանի քաղաքային զինվորական պանթեոնից, զինվորական պանթեոններ կան նաեւ Սիսիանի տարածաշրջանի Շաղատ, Անգեղակոթ, Բռնակոթ գյուղերում, որտեղ ամփոփված են արցախյան բոլոր…

Տղայիս դժվար պահեցինք, հեշտ կորցրեցինք … Սեպտեմբերի 19-ին Արցախում զոհված Անդրանիկ Պետրոսյանի մայր

Տեղադրվել է - Նոյեմբեր 1, 2023 0
Սպանդարյանցի Վաչագան Պետրոսյանն ու Անգեղակոթ գյուղից նրա օջախ հարս եկած Նորվարդ Մկրտումյանն ամուր, հայկական ավանդական օջախ հիմնեցին, հող վարեցին, արտ…

ԻՄ ԲԱԺԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ. 44-օրյա պատերազմ

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2022 0
44-օրյա պատերազմի նահատակների մասին գիրք տպագրելու միտքը հետո ծնվեց: Պատերազմի առաջին օրերին, երբ գրեթե ամեն օր զինվոր էինք թաղում, պանթեոնից…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code