Որքա˜ն հարստացար, հայրենի հող, քո գիրկն առնելով փոխգնդապետ Արթուր Գալստյանին…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
273 0

Արթուր Գալստյանը էն գլխից էլ Արցախի բաժինն էր, ճակատագրորեն արդեն հայրենիքի սրբազան հողինը, երբ դեռեւս մեր հերոսական 88-ին արդեն անդամագրվել էր Սիսիանի շրջանի ինքնապաշտպանական ջոկատին, իսկ արդեն 1992-ին կամավորագրվել ՀՀ զինված ուժերին: Բայց զինվորի, պրոֆեսիոնալ զինվորականի նրա ճակատագիրը դեռ պիտի իր հաղթական էջերը գրեր հայոց բանակաշինության, արցախյան առաջին հերոսամարտի, հայց զինված ուժերի տարեգրության մեջ, իր ողջ նվիրումը բերեր մեր բանակի կայացմանը, զորեղացմանը, սերնդափոխությանը, հետո միայն զինվորի իր կյանքը նվիրաբերեր հայրենի հողի ազատագրմանը այս անգամ որպես կամավոր: Տավուշյան դեպքերի ժամանակ նահատակված Գրիշա Մաթեւոսյանին հողին հանձնելուց հետո մեկնել էր Երեւան, եւ երբ սեպտեմբերի 27-ին շուն-թշնամին կրկին սանձազերծ պատերազմ սկսեց Արացախի դեմ, Արթուր Գալստյանը Երեւանից կամավոր մեկնեց Արցախ եւ միացավ Սիսական ջոկատի իր մարտական ընկերներին… Հոկտեմբերի 2-ին Հադրութ քաղաքի` թշնամու հետ անմիջական շփման գծում փոխգնդապետ Արթուր Գալստյանն ընկավ հերոսի մահով` մեկ քայլով էլ մոտեցնելով մեր անտարակուսելի հաղթանակը…

Արթուր Գալստյանը մարտական փառավոր ուղի անցած պրոֆեսիոնալ զինվորական էր ու մինչեւ վերջ հավատարիմ մնացած զինվորականի իր կոչմանը, ուսադիրների ու համազգեստի պատվին…  Եւ որքա˜ն հարստացար, հայրենական հող, քո գիրկն առնելով փոխգնդապետ Արթուր Գալստյանին…

Արթուր Սուրենի (Արմո) Գալստյանը ծնվել է 1963 թվականին: 1971-1981 թ.թ.-ին սովորել է Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, 1981-86 թ.թ.-ին սովորել եւ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը: 1986 թվականին աշխատանքի է անցել Սիսիանի տնտհաշվարկային տեղամասում որպես շինարար-ինժեներ, իսկ 1989-ին` Սիսիանի շրխորհրդի գործկոմին կից ճարտարապետական բյուրոյում: Եղել է տարբեր նշանակության տասնյակ օբյեկտների նախագծերի հեղինակ:

Սակայն, ինչպես Արթուր Գալստյանի հուղարկավորության ժամանակ նշեց նրա մարտական ընկեր, պահեստի փոխնգդապետ Ժիրայր Հակոբյանը, ազգային զարթոնքից հետո ամբողջությամբ փոխվել է Արթուրի կյանքն ու ճակատագիրը, երբ նա զինվորագրվել է հայոց մեծ ազատամարտին: «Արթուր Գալստյանն առաջիններից էր, որ կանգնել է հայոց բանակաշինության եւ «Սիսական» գնդի կազմավորման ակունքներում: Առաջիններից էր, որ մեկնեց մասնակցելու ՌԴ բարձրագույն սպայական դասընթացներին: Ծառայությունը սկսել է որպես դասկի հրամանատար, հետո որպես վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատր: Իր գումարտակի սպայական կազմի հետ մասնակցել է Կուբաթլուի մի շարք գյուղերի, Զանգելանի, Ջաբրաիլի, Հորադիզի եւ Ֆիզուլիի շրջանի մի քանի գյուղերի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին: 1994 թվականի ապրիլի 15-ին վիրավորվել է եւ, դեռեւս չապաքինված, վերադարձել ռազմի դաշտ: Մինչեւ 1996 թվականը գումարտակի կազմով մարտական հերթապահություն է իրականացրել Ֆիզուլիի պաշտպանական հենակետերում, 1996-2000 թվականներին` Սիսիանի պաշտպանական հենակետերում: Նրա գլխավորած գումարտակը միշտ ճանաչվել է լավագույնը գնդում եւ բանակային կորպուսում, իսկ 1999-ին որպես գծային գումարտակներից լավագույնը` ՀՀ զինված ուժերում:

2000-2004 թ.թ-ին զբաղեցրել է ՀՀ ՊՆ Վայքի զորամսի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնը: 2004-ին նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնի ավագ սպայի պաշտոնում, 2013-2015 թ.թ.-ին` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: 2015-ից տեղափոխվել է ՀՀ Զինված ուժերի պահեստազոր` պահեստազորի փոխգնդապետի կոչումով:

Փոխգնդապետ Արթուր Գալստյանի`հայրենիքին մատուցած ծառայությունը բարձր է գնահատվել, եւ նա ՀՀ եւ ԼՂՀ նախագահների կողմից խրախուսվել է «Արիության» եւ ԼՂՀ «Մարտական ծառայության», ՀՀ պաշտպանության նախարարի կողմից` «Գարեգին Նժդեհ», «Ծովակալ Իսակով» «Անբասիր ծառայության» մեդալներով, «ՀՀ զինված ուժեր-20» հոբելյանական մեդալով, ինչպես նաեւ մի շարք շքանշաններով, հուշամեդալներով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով: Իր ողջ ծառայության ընթացքում վայելել է հրամանատարության եւ անձնակազմի սերն ու հարգանքը»,- նշեց մարտական ընկեր, պահեստազորի փոխգնդապետ Ժիրայր Հակոբյանը:

Փոխգնդապետ Արթուր Գալստյանը գնաց միանալու իր մարտական ընկերներին, գնաց նրանց հաղորդելու լուրը, որ սա է մեր վերջին կռիվը եւ պայքարը մեր մեծ, ու զուր չի թափվել այն թանկ արյունը, որ ամենասկզբում իրենք են հեղել հայոց սրբազան հողի համար…

Հարստացիր, հայրենի հող, սեւ ցելերի քո արդար սերմնացանները հառնելու են որպես հաղթանակ, որպես հավերժում եւ հավիտենություն` կերտելով մեր մեծ երազանքի ՀԱՅՔ-ՀԱՅԱՍՏԱՆԸ…

#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

5 հոկտեմբեր

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ

Տեղադրվել է - Մայիս 14, 2021 0
Մեր բակերում, մեր փողոցներում, մեր շենքերի մոտ նոր ցայտաղբյուրներ, նոր խաչքարեր ու հուշարձաններ, նոր հուշաղբյուրներ են դրվելու մեր նորօրյա նահատակների…

ՍԻՍԻԱՆՅԱՆ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐ…

Տեղադրվել է - Հոկտեմբեր 17, 2022 0
ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԲՆԱՇԽԱՐՀԻ ՍԻՐՈՎ Ուրախությունն ընդհանուր էր: Այդ օրը Սիսիանի շրջանային մշակույթի տան ցուցասրահի դռները լայնորեն բացվեցին արվեստասեր այցելուների առջեւ:…

Հայրենական պատերազմի միակ վետերանը

Տեղադրվել է - Մայիս 9, 2022 0
Լորեցի 98-ամյա Հակոբ Լեւոնի Վարդանյանը Սիսիանի տարածաշրջանի` Հայրենական պատերազմի միակ վետերանն է: Հայրենական պատերազմի հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ նրան շնորհավորել, բարեմաղթանքներ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code