ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՀՈՐ ԱՐՑՈՒՆՔԸ` ՔԱՐ ԾԱԿՈՂ, ՍԻՐՏ ՔՐՔՐՈՂ… Զոհված Տիգրան Հակոբջանյանի հայր

Տեղադրված է at Նոյեմբեր 10, 2021
1707 0

1988-ի նոյեմբերին, հազարավոր հայերի նման, Դրաստամատ Հակոբջանյանը մազապուրծ փախել է Բաքվից, փրկել ընտանիքը: Այս ընտանիքի պատմությունը որքան նման, նույնքան էլ տարբեր է փախստական մյուս ընտանիքների պատմությունից, որովհետեւ ամենքը յուրովի է ապրել «եղբայրական ժողովրդի» երախից փրկվելու սարսափը, ամենքը յուրովի է կրել հայի իր ճակատագիրը` մի կերպ դուրս պրծնելով Հայաստանից հեռացած եւ Բաքու լցված, հայերի հեռանալը աղաղակող գազազած ամբոխի արյունոտ երախից…

84-ամյա Դրաստմատ հայրիկը մինչեւ հիմա էլ հուզմունքով է պատմում, մինչեւ հիմա էլ այնքան վառ ու գունեղ է նկարագրում եղելությունը, որ թվում է` գեհենը դեռ հետապնդում է նրան… «Երբ փոքր տղաս` Ռուդիկը, լսելով դրանց ոռնոցը լաց եղավ, հասկացա, որ ինչքան շուտ հեռանանք այս դժողքից, այնքան լավ մեզ համար: Երեխային հանգստացնելու համար ասացի, որ «Արարատը» հաղթել է «Նեւթյանիկին», դրա համար են թուրքերը կատաղել…»,- ասում է Դրաստամատ հայրիկը, հետո պատմում, թե ինչ հնարքներով, ինչ հնարամտությամբ, ինչ ճարպկությամբ, զգուշավորությամբ ու զգոնությունը չկորցնելով կարողացան նոյեմբերի 29-ին հասնել օդանավակայան, նստել Երեւան թռչող վերջին չվերթային օդանավը ու փրկվել…

Դրաստամատ հայրիկը հայրենի Դարբասից դուրս է եկել եւ Բաքու գնացել 19 տարեկանում, իսկ 88-ին, երբ արդեն 51 էր, ճակատագիրը  նրան կրկին պիտի  հայրենի ափերը բերեր, Դարբասում կամ` Շամբում ապրող եղբայրների մոտ, ու պիտի բնավորվեր-տնավորվեր Որոտան գյուղում, Բաքվի իր տունը փոխանակեր տեղի ադրբեջանցիներից մեկի տան հետ, որտեղից նրանք հեռացան ոչ թե մահվան սպառնալիքով, ոչ թե` ունեզրկված, այլ, հային վայել մեծահոգությամբ ու արժանապատվությամբ, անգամ` մեքենաներով դուրս բերվեցին Հայաստանից …

Ամենածանր հիշողություններից, ծանրագույնը, Դրաստամատ հայրիկի համար, թերեւս, առաջին կնոջ` Ռիմայի մահն էր` ծննդաբերության ժամանակ, երբ Հեյդար Ալիեւի քենու ղեկավարությամբ գործող հիվանդանոցում ծնունդն ընդունող բժիշկը միտումնավոր ուշացրել էր ծննօգնությունը, որ լույս աշխարհ չգար եւս մի հայ տղա, որ հենց ծննդաբերության սեղանին մնար մի հայ կին, անմայր թողնելով եւս երկու երեխայի… Երկրորդ կինը նույնպես արմատներով սիսիանյան ծագումով էր` Բարձրավան գյուղից, ասել էին` չբեր է, բայց հինգ տարի հետո լույս աշխարհ բերեց Տիգրան որդուն, ապա եւս մեկ աղջիկ ու մեկ տղա… «Տիգրանից մեծ էի 14 տարով, մինչեւ ամուսնանալս նրան ես եմ պահել-մեծացրել, Տիգրանն ինձ համար եւ եղբայր էր, եւ երեխա, ինձ նույնիսկ մամա էր ասում»,- ասում է Տիգրանի զոհվելու տարելիցի համար Ռուսաստանից եկած ավագ քույրը` Ռենան ու խորին ցավ ապրում նրա կորստի համար, որ նոր-նոր սկսել էր երջանիկ ապրել:

Երրորդ դասարանից Տիգրանը սովորեց Որոտանի դպրոցում: 8-րդ դասարանն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Օդեսա, ավագ եղբոր` Ռոմանի մոտ: Սակայն լուրեր հասան ականջին, որ, իբրեւ, բանակից ազատել տալու համար է տղային Ռուսաստան ուղարկել, սիրտը նեղվեց, ետ բերել տվեց որդուն, որ գնա-ծառայի բանակում: «Ծառայությունը Կարմիրի շրջանի Արտանիշի զորամասում էր: Գոհ եմ, Տիգրանս պատվով ավարտեց ծառայությունը եւ վերադարձավ տուն»,-ասում է հայրը:

Գյուղում երիտասարդ տղայի համար հարմար աշխատանք չկար, բայց Տիգրանն անգործ չի նստել, հոր հետ չոբան է գնացել, հոր հետ այգի է մշակել, տան գործերում էլ օգնել է մորը… Բայց, այ, անձնական կյանքը չկարողացավ իր ուզածով կազմակերպել… Անհաջող ամուսնությունից հետո բաժանվեց, բայց շարունակեց նույն սիրով սիրել որդուն, հոգալ նրա հոգսերը, հայրություն անել…

Ճակատագիրը, սակայն, նրան հանդիպեցրեց Նելլին, ով աշխատում էր Աղիտուի հոսպիտալում: 2014-ին ամուսնացան: Դրաստամատ հայրիկի սրտով էր, տունը խաղաղ էր, համերաշխ… Տիգրանը, որպես պայմանագրային զինծառայող, աշխատանքի ընդունվեց Նորավանի զորամասում: Ե՛ւ հմուտ վարորդ էր, ե՛ւ դիպուկ հրետանավոր: Հայրն ասում է, որ մի քանի անգամ ցանկացել է փոխել աշխատանքը, դուրս գալ զորամասից, բայց հրամանատարությունը մերժել է նրա խնդրանքը:

«Մենք երջանիկ ընտանիք էինք: Ես, Տիգրանս, սկեսրայրս… Ամեն օր Տիգրանիս հետ միասին էինք աշխատանքի գնում, ես` հոսպիտալ, Տիգրանը` Նորավանի զորամաս, արձակուրդ էինք վերցրել, որ տունը վերանորոգենք, բայց տագնապ եղավ, Տիգրանը գնաց, մեր երազանքի տունը կիսատ մնաց, փլվեց մեր երջանկությունը, որ այնքան ապրեցնող էր ու գեղեցիկ… Տիգրանը գյուղը չէր սիրում, մտադիր էր պատերազմից հետո վաճառել հողը, անասունը եւ Սիսիանում տուն գնել… Ամեն ինչ թերի ու անկատար մնաց … Տիգրանը շատ բարի էր, շատ ազնիվ ու անկեղծ, ուժեղ, անվախ ու խիզախ, ժպիտը` դեմքին, կատակները` բերանում, չէր սիրում ինձ տխուր տեսնել…Մահից չէր վախենում, գիտեր, որ պատերազմ է լինելու ու հավատում էր, որ մենք հաղթելու ենք, ասում էր` գնալու եմ Բաքու, մեր տունը գտնեմ…Օրը հինգ անգամ զանգում էր, հետաքրքրվում ինձանով, գիտեր, որ շատ վիրավորներ ունենք հոսպիտալում, ու բոլորս շատ զբաղված էինք… Ձեռքերից զրկված վիրավոր զինվորներին մենք էինք կերակրում, ասում էի` աստված իմ դեմը կբերի: Ամեն օր երեք մոմ էի վառում` Տիկոյիս, եղբորս ու նրա որդու համար…Վերջին անգամ զանգեց իր մոմը վառելու պահին, հավատում էի, սպասում էի, որ գալու է, որ մատաղ ենք անելու, որ մեր փոքրիկ ու երջանիկ ընտանիքը շարունակելու է իր երջանիկ կյանքը… Հոկտեմբերի 20-ին զանգերս անհասանելի էին…Անհանգիստ էի շատ, հաջորդ օրը զանգահարեցի Տիկոյիս ընկերոջ` Զորիկի մորը, որ մի տեղեկություն իմանամ տղաներից, ասաց` Տիկոդ ու Մարատը չկան, զոհվել են… Իմ երջանկությունը փլվեց… Գիտեմ, որ Տիկոս չի գալու, բայց սպասում եմ նրա գալուն, գիտեմ, որ չի զանգելու, բայց սպասում եմ նրա զանգին…»,-ասում է Տիգրանի այրին` Աղիտուի հոսպիատալի բուժքույր Նելլի Հարությունյանը:

Պատերազմի առաջին օրերին Սիսիանի դիրքերում էին: Հոկտեմբերի 5-ին զանգահարել է տուն եւ ասել, որ Արցախ են գնում: էն գնալն էր, որ գնաց… Բերձոր հասնելուց հետո իմացել է, որ նույն մեքենայում նաեւ հորեղբոր տղան է` Մարատը, որ ուշացած է նստել մեքենա, եւ ղեկին լինելով` ինքը չէր տեսել: «Զանգեց-ասաց` երկու եղբայրով գնում ենք կռվի, հասնում ենք Մարտակերտ: Հետո զանգում էր ասում` պապ, հնձում ենք, փրթում ենք, ջարդում ենք, իր բնավորությունը գիտեի, ասում էի` զգույշ եղիր, քեզ բան չպատահի, բայց դրանց հնձելը քիչ է, դրանց բոլորին պիտի կոտորեք եւ ուրախանում էի»,- պատմում է հայրը:

Տիգրանն ամեն օրը երեք անգամ, առավոտյան, կեսօրին, երեկոյան զանգահարում էր հորը… «Հոկտեմբերի 20-ին գյուղի ոչխարի հոտը դաշտ էի տարել, իմ հերթն էր… Տիգրանիս առավոտյան զանգը ուշացավ… Ընկերոջ` Զորիկի հայրը հանդիպեց, նա էլ որեւէ տեղեկություն չուներ… Կեսօրվա զանգն էլ ուշացավ… ասացի` մի բան ուտեմ, խելքս գա գլուխս… Հացս մնաց բկիս… Զանգեցի թոռանս` Տիգրանի տղային, նա էլ ոչինչ չգիտեր… տարօրինակն այն էր, որ այդ օրը ոչխարն էլ էր կարծես զգում իմ տրամադրությունը, կողքիցս հեռու չէր գնում, ուր գնում էի, շուրջս պտտվում էր…Երեկոյան զանգն էլ ուշացավ… Դու մի ասա` Տիգրանս ու Մարտաս արդեն զոհվել էին, բոլորը գիտեին, մեզանից բացի… Երբ հաջորդ օրը Նելլին դեռ աշխատվայր չհասած` ետ եկավ, գլխիս խփեցի… Իմ գոռոցը ողջ գյուղը լսեց… Տիգրանս չկար…Իսկ ես սպասում էի, որ գար, մատաղ անեի…»,-պատմում է հայրը:

Ռուսաստանում բնակվող մեծ եղբայրը` Ռոման, որ նույնպես զինվորական է, ամեն անգամ նրա հետ խոսելիս հորդորել է հանկարծ գերի չընկնել, մոտը միշտ նռնակ պահել, որ, աստված մի արասեց, երբ գերի ընկնելու իրավիճակ լինի, համ իրեն պայթեցնի, համ` գերեվարողին… Իրենք ապրել էին թուրքի մեջ, իրենք տեսել էին 88-ի արնածարավ Բաքուն, իրենք գիտեին թշնամու բնույթը…

Երբ Դրաստամատ հայրիկը հերթով թվարակում էր երեք որդիների ու երկու դուստրերի անունները, զգացի, որ բոլորի անունները սկսվում է Ռ տառով, բացի` Տիգրանից… Մտածեցի` պատահականություն է, մտածեցի` դե լավ անուն է, հայկական անուն է, դրել են… Բայց հետո ինքս ինձ հուշեցի, որ նա հայրենիքի բաժինն էր, ու գուցե հենց ճակատագրորեն էին նրան Տիգրան անվանել` դեռեւս Բաքվում` 1978-ին, ծննդյան վկայականը հանելիս… Տիգրանը, թեեւ ընդամենը 10 տարեկան էր, որ Բաքվից դուրս եկան, գենով գիտեր թուրքին, իսկ արդեն հասուն տարիքում շատ լավ պատկերացնում էր` ինչ է կռիվը, ինչ է պատերազմը, ինչ է Արցախը եւ հայրենիքը ու զոհվեց հայրենիքը պաշտպանելիս…

Դրաստամատ հայրիկի տխուր-տխրամած հայացքը մերթ պատին կախված հանգուցյալ կնոջ լուսանկարին է, որ երկրային կյանքից հեռացել է դեռեւս 2012-ին, մերթ` Տիգրանի լուսանկարներին… Երանությամբ է վերհիշում Տիգրանի, նրա կնոջ` Նելլիի հետ ապրած երջանիկ տարիները, երբ բոլորը միասին էին, Նելլին ուշադիր էր ու հոգատար, ու Տիգրանից հետո էլ նրան շարունակում է սիրել որպես իր հարս, որպես իր Տիգրան, ու ողջ գյուղը գիտի այդ մասին:

Հ.Գ. 44-օրյա պատերազմի նահատակների մասին նյութերը գրելիս զրուցել եմ միայն նրանց մայրերի հետ, ու նրանց հետ կուլ տվել արցունքս… Բայց առաջին անգամն էր, որ զրուցում եմ որդեկորույս հոր հետ, ու չգիտեմ` ինչ ասել, ոնց մխիթարել, ոնց նայել ընտանիքը, անչափահաս երեխաներին վիշապի երախից փրկած, բայց հիմա կուչ եկած ու երեխայի պես արտասվող ծերունազարդ տղամարդուն…

Որդեկորույս հոր արցունքը… քար ծակող, սիրտ քրքրող, միտք ծվատող, հոգի տակնուվրա անող տղամարդու արցունքը…

Դրաստամատ հայրիկ, գլուխ ենք խոնարհվում քո տարիքի առաջ, քո ճերմակած հասակի առաջ, քո որդու անմեռ հիշատակի առաջ…

Հավերժ փառք քեզ, Տիգրան Հակոբջանյան, հավերժ փառք քեզ, Մարատ Հակոբջանյան… Հավերժ փառք ձեզ, հայրենիքի նահատակներ, ձեր արյունը դեռ չի չորացել, ձեր վրեժը դեռ չի հատուցվել, ձեր կռիվը դեռ չի ավարտվել…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

10.11.2021

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Երբ Աշոտն ընդամենը 4 տարեկան էր, մահացավ հայրը… Երբ իր Էրիկ որդին 4 տարեկան էր, զոհվեց ինքը …

Տեղադրվել է - Նոյեմբեր 30, 2021 0
Բացի Սիսիանի քաղաքային զինվորական պանթեոնից, զինվորական պանթեոններ կան նաեւ Սիսիանի տարածաշրջանի Շաղատ, Անգեղակոթ, Բռնակոթ գյուղերում, որտեղ ամփոփված են արցախյան բոլոր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code