ՆՐԱՆՔ ՄԱՂԻ ԵՐԵՍԻ ԸՆՏՐՈՎԻ ՀԱՏԻԿՆԵՐՆ ԷԻՆ. Զոհված Կարեն Իսրայելյանի մայր

Տեղադրված է at Ապրիլ 22, 2022
776 0

Անծանոթ մարդկանց տան շեմին դիմավորող ճերմակած մազերով երիտասարդ տանտիրուհու դեմքին տագնապ կար ու սպասում: Ինքնաբերաբար ասացի` մի՛ վախեցեք… Երիտասարդ կինը վերջին շրջանում այնքան վիշտ ու ցավ է տեսել, որ լավ բանի սպասում, կարծես, չուներ: Չէ՛, ունի: Տղային եւ փեսային 44-օրյա պատերազմում կորցնելուց հետո սպասում է հոկտեմբերի 2-ից անհայտության մեջ գտնվող եղբորորդու մասին սիրտ ամոքող մի լուրի, հուսավառող մի տեղեկության, մի բարի խաբարի, որ սպասման ցավից ու հիվանդությունից այս աշխարհը լքած եղբոր` Գագիկ Սարուխանյանի գերեզմանին լուր տանի նրա որդու` Միքայելի մասին. զորացրվելուց 4 ամիս հետո նրան տարել էին Գորիսից, ու մինչ օրս հարազատները որեւէ տեղեկություն չունեն Միքայելի մասին: Սրտի անհանգիստ թրթիռով տիկին Գոհարը սպասում է մեկ էլ ավագ որդուն` 34-ամյա Բենիկին, որ վերադառնա Ռուսաստանից, ամուսնանա, ուրախությունից, եռուզեռից զրկված այս օջախում խինդ բերի, թոռան բերկրանք բերի, ապրելու իմաստ բերի:

Իմանալով մեր այցի նպատակը, ճերմակաթույր մազերով 55-ամյա տիկին Գոհարը մի պահ լռում է, հետո հյուրընկալ տանտիրուհու բարյացկամությամբ սուրճ առաջարկում, ապա` փլվում ինքն իր անդարման ցավի վրա, փղձկում, ասում, որ իրեն ուղղված մի հասարակ` «ո՞նց եք» հարցն էլ է հիմա սիրտը լցնում, դրանով էլ է մխիթարվում, ուր մնաց` Կարենի պատմությունը գրելու նպատակով իր տուն եկած լրագրողի այցից չհուզվի: Կարենի նման տղա կորցրած մայրը հիմա էդ տեսակ բաներից էլ է զգացվում, հուզվում, արտասվում, նաեւ` շնորհակալ լինում, որ Կարենին հիշում ենք, իրենց այցելում ենք:

Կարենը ծնված օրվանից նեղություն չի պատճառել մորը, խելոք էր, լսող, սիրուն: Իսկապես` սիրուն: Նկարներին նայելիս զգում ես կամային բնույթը, նպատակասլաց հայացքը, խոհուն աչքերը: «Կարենս ուրիշ էր, իրոք, ուրիշ, որ գովեմ, կասեն` իր տղան է, գովում է, գյուղի լավագույն տղաներից էր, կարող ես բոլորից հարցնել: Էնքան խելոք, էնքան քթածակով, ջոկովի: Մի բան էլ եմ զգացել` մեր բոլոր տղաներն էլ ջոկովի էին, անխտիր` բոլորը, ամենայուղալի պատառը, ամենաընտրովի սերունդը: Էն որ ցորենը խախալում ես ու ամենաառողջ, ամենալավ հատիկները բարձրանում են մաղի երեսին, մեր տղաներն էդ ոսկեսերմն էին, սերուցքն էին, որ պիտի ծլեին-ծաղկեին, բայց զոհվեցին էս տարօրինակ պատերազմում: Բոլորի համար էլ ցավում եմ»,- ասում է Կարեն Իսրայելյանի մայրը` Գոհար Սարուխանյանը, հետո պատմում, որ որդին թեեւ ուսման հետ սեր չուներ, բայց ձեռքերով հրաշքներ կստեղծեր, քարի, երկաթի, մեխանիզմի, մեքենայի, ծառի, թփի, ծաղկի մեջ հոգի ու ոգի կդներ, կարարեր, ու նրա արած ամեն գործ սիրուն էր ստացվում:

Շաքեի դպրոցն ավարտելուց հետո Կարենը ծառայել է Մարտակերտում: Բանակից հետո մի երկու տարի աշխատեց Ռուսաստանում, բայց չէր սիրել օտար ափերը եւ վերադարձել էր հայրենի գյուղ: «Կարենը մեր գյուղը շատ էր սիրում, ամուր կապված էր մեր հող ու ջրին, արմատները շատ խորն էին: Իր բոլոր նպատակներն ու երազանքները գյուղի հետ էր կապում: Պատրաստվում էր վերանորոգել տունը, ամուսնանալ… Դիրքերից իջնում էր, հորը խնդրում պատերի անկյունները նշել, մնացած ամեն ինչն ինքն էր անում: Հորից սովորել էր մեխանիզմի, մեքենայի, քարի, պատի հետ աշխատելու «լեզուն», անգամ` կոշկակարություն, ու չէր զիջում նրան: Հերիք էր մի բանը մի անգամ տեսներ, արագ յուրացնում էր, սովորում ու ինքնուրույն անում: Տունն իրենից հետո ենք կարգի բերել, բայց բոլորը իր նախագծերով, իր գծագրերով: Գնալուց առաջ տան մուտքի դուռը դրեց… Հիմա ամեն անգամ տան դուռը բացել-փակելիս մեզ հետ տուն է մտնում, մեզ հետ դուրս է գալիս, միշտ ներկա է»,- ասում է մայրը:

Ռուսաստանից վերադառնալուց հետո Կարենը 3 տարով պայմանագրային ծառայության էր մտել Սիսիանի զորամասում: Բայց դա էլ, կարծես, իրենը չէր: Գնաց Արցախ, շինարարություն էր անում, Կարմիր Շուկայում դպրոց ու մանկապարտեզի շենք էր սարքում, ձեռքով ամեն գործ գալիս էր: Ընկերները մականունը Հերոս էին դրել: Հանկարծ մեկի մատը փուշ մտներ, մեկի գործը մի քիչ լավ չլիներ, կանչում էին` էն սիսիանցի Հերոսին ասեք թող գա, մենակ ինքը կարա օգնի: Երբ Կարենի զոհվելուց հետո նախկին աշխատակիցներն ու ղեկավարները այցելել են հարազատներին, խորը ցավով ու ափսոսանքով են խոսել ոսկե ձեռքեր ու ոսկի հոգի ունեցող Կարենի մասին, քանիցս կրկնել` մենակ տեսնեք` ի~նչ գործեր է արել, ասես` ձեռք կպած չլինի, բայց պատերազմը քանդեց-ավերեց ամեն ինչ` խաթարելով բոլորիս կյանքը…

Մայրը պատմում է, որ 30 տարվա մեջ 30 վայրկյան իսկ դիտողություն, նկատողություն արած չկա որդուն: Երբ ամուսինը Ռուսաստանում էր, ավագ որդին` բանակում, տունը Կարենն էր պահում: Երեխա ժամանակից էլ մոր օգնականն էր: Մինչ հասակակիցները քնած էին, նա իր փոքրիկ, սառած թաթիկները փչելով օրվա վառելիքն արդեն չոլերից հավաքած-բերած էր լինում: Մոր հետ հավասար փոքրիկ ձեռքերով կարտոֆիլն էր ցանում ու մեծավարի հետաքրքրվում` քանի պարկ կարտոֆիլ կստանան ամեն առվից: Մեծ տարիքում էլ էր տան համար մտածում, տան հոգսերը իր ուսերին վերցնում: «Կարենն ինձ համար համ տղաս էր, համ եղբայրս էր, համ հերս էր… իմ ամեն ինչն էր, ուրիշ էր: Արցախում աշխատելու ժամանակ այնտեղ ծառայող բոլոր շաքեցիներին փնտրում-գտնում էր, այցելում, պետք լինելիս` օգնում»,– ասում է մայրը ու հավելում, որ նույնն էլ` պատերազմի ժամանակ: Ընդամենը 10 րոպե պահանջվեց Կարենից` տեղեկություն իմանալու որդուց լուր չունեցող հարեւանուհու տղայից եւ հայտնելու նրան, որ Արսենը Շաղատի դիրքերում է…

Սեպտեմբերի 27-ին Կարենը տանն էր: Պատերազմի լուրը լսելուն պես արագ զգեստափոխվել է, գնացել գյուղապետարան, այնտեղ ասել են` իր անունով ծանուցագիր չկա, գնացել է զինկոմիսարիատ, ետ են ուղարկել, հիմա գնա, քո ժամանակն էլ կգա ասելով, բայց Կարենը մտածել է` իսկական ժամանակը հիմա է ու կամավորագրվել է, հետո մտահոգությունը հայտնել մորը` չլինի էնպես, որ իրենց տանեն որպես պապիրոս ծխող, էս անգամ դրանց վերջը պիտի տանք, դրանց հարցերը պիտի լուծենք: Ականջալուր չի եղել հորաքրոջ աղջկա` մամադ մեղք է, ետ արի հորդորին, ու չի փոխել որոշումը: Միացել է Նորավանի զորամասին: Մեկ շաբաթ մնացել այնտեղ, որտեղից տարել են Մեղրի, իսկ հոկտեմբերի 13-ին` Ջրական: Մայրը որդու ամեն զանգից արտասվել է, Կարենը խնդրել է չլացել, ամեն ինչ լավ է լինելու: Բայց լավ բան չկար: Կարեն Իսրայելյանը զոհվեց հոկտեմբերի 15-ին, հոկտեմբերի 18-ին հուղարկավորվեց Սիսիանի պանթեոնում: Նույն օրը զոհվել է նաեւ Կարենի քրոջ ամուսինը` իր ընկեր Գագիկ Գրիգորյանը: Բայց սերժանտ Գագիկի աճյունն ավելի ուշ գտնվեց եւ պանթեոնում ամփոփվեց 2021-ի փետրվարի 3- ին:

Տիկին Գոհարը, տխրամած ու թաց աչքերով, ասում է` թեեւ Կարենին ու Գագիկին կորցնելու երկրոդ տարին է բոլորում, նրանց մասին ներկայով են խոսում, օրը սկսվում է նրանց հետ, ավարտվում նրանց հետ: Ամեն շաբաթ պարտադիր պանթեոն են գնում, անկախ նրանից` ձյուն է, ցեխ է, մրրիկ է, գնում են, ծաղիկներն են փոխում, շիրիմները մաքրում, Կարենն ու Գագիկը կոկիկ տղաներ էին, իրենց գերեզմանն էլ պիտի կոկիկ ու խնամված լինի: Այս ծանր ու անմխիթար օրերի միակ մխիթարությունը դստեր երկու երեխաներն են, ովքեր մշտապես իրենց հետ պանթեոն գնալիս մոտենում են իրենց հոր ու քեռու շիրիմներին եւ մեծանում` նրանց անունները շուրթերին: Կարեն Իսրայելյանն ու Գագիկ Գրիգորյանը դասընկերներ էին, առանց իրար սեղան չէին նստի, առանց իրար ոչինչ չէին անի: Ճակատագրով էլ միացան` հավերժ միասին ննջելով Սիսիանի քաջաց պանթեոնում:

«Կարենը շնորհաշատ երիտասարդ էր, հայրենասեր, գյուղում վայելում էր բոլորի հարգանքը: Համեստ էր: Հայրենասիրական ոգին հորից էր ժառանգել: Հայրը` Զորավիկ Իսրայելյանը մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, Սիսիանի ԵԿՄ անդամ է, Կարենի կամավորագրվելուց հետո էլ ինքն է գյուղի աշխարհազորայինների ջոկատի հետ բարձրացել մեր սահմանային դիրքերը պաշտպանելու: Դիքերից տուն է իջեցրել միայն հրամանատարը` Կարենի զոհվելուց հետո»,- ասում է Շաքեի համայնքապետարանի աշխատակից Ռուբեն Մանուչարյանը:

62-ամյա Զորավիկ Իսրայելյանը հաստատում է, որ հիմա էլ ուսապարկը պատրաստ է, որ երբ հայրենիքն իր կարիքն ունենա, անմիջապես գնա նրա կանչին:

Տան բակում տիկին Գոհարը ցույց է տալիս վարդի թփերը, որ Կարենն է իր համար բերել Արցախից ու կարոտում էդ երանելի օրերը, կարոտում Կարենի` Շաքեի բարբառով իրեն նանես կանչելուն, կարոտում է Կարենի` դռների միջից հնչող` «մամ ջան, կոֆեդ էնքան համով ա» խոսքերին, երբ ինքը դեռ սուրճը դրած չէր լինում, կարոտում է որդու կատակներին: Պատմում է, որ քովիդի պատճառով հորեղբայրները Բենոյին չեն թողել Ռուսաստանից գա Կարենի հուղարկավորությանը, ու, մոռանալով իրականությունը, Բենոն երբեմն մորը հարցնում է` Կարենը զանգե՞լ է, ու մայր ու որդի ցնցվում են հուզմունքից…

Քանդելով երանելի օրերի հիշողության կծիկը` Գոհարն ասում է, որ մի տարի իրենց կովը զույգ հորթ էր բերել, մեկը պահել էին Բենոյի հարսանիքին, մյուսը` Կարենի: Կարենի անունով հորթը մորթեցին նրա զոհվելու առաջին տարելիցին… Իսկ Բենոյի հորթը… Բենոն Ռուսաստանից վերադառնալու, իրեն Կարեն անունով թոռ պարգեւելու մոր թախանձանքներին պատասխանում է` ինձ զույգ տղա պիտի ծնվի` Կարեն ու Գագիկ անուններով…  Տիկին Գոհարը հավաստիացնում է, որ առաջիններից մեկը ես կիմանամ այդ ավետիսը… Թող աստված սրտներինը կատարի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՆՁ ԱՊՐԵԼ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀՈՂԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԸ ԵՎ ԳՐԵԼԸ… 44-օրյա պատերազմի անհայտ զինծառայող Կարեն Իսկանդարյանի հայր

Տեղադրվել է - Դեկտեմբեր 14, 2022 0
44-օրյա պատերազմի մասնակից սիսիանցի 5 զինծառայողի ճակատագիր դեռեւս անհայտ է: Նրանցից մեկը Սիսիանի զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ, հետախուզական դասակի հրամանատար…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code