ՆԱՐԵԿԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԵԼԻՍ ԺՊՏՈՒՄ ԵՄ. նահատակ Նարեկ Մանուկյանի մայր

Տեղադրված է at Ապրիլ 29, 2022
1220 0

44-օրյա պատերազմի նահատակներից յուրաքնաչյուրը յուրովի ինքնատիպ է, յուրովի տարբեր, յուրովի առանձնահատուկ: Նարեկն էլ: Փոքրամարմին, բայց սիրտը տիեզերքի չափ մեծ, ու էդ  սրտի մեջ բոլորը տեղ ունեին, բաժին ունեին, սեր ունեին իր անսահման սիրուց, անչափելի բարությունից, օգտակար լինելու անսպառությունից: Փոքրամարմին էր, բայց` լիդեր, կազմակերպիչ, համախմբող, իր շուրջը հավաքող: Դեռեւս դպրոցական տարիներին էին այդ որակները դրսեւորվել, դասղեկը բոլոր ծնողների ներակայությամբ է բազմիցս ասել, որ դասարանը կարող է հանգիստ վստահել Նարեկին ու որեւէ բանից չանհանգստանալ, ինչը փառավորել է մոր սիրտը: Այդ որակները բանակում ծառայելիս առավել բացահայտվեցին. թույլերի, անպաշտպանների պաշտպանն էր, սատարը, հասնողը, նրանց խնդիրները լուծողը: Անարդարություն չէր սիրում, արդարության, ճշմարտության ջատագով էր ու պահապան: Կյանքում հանդիպող խոչընդոտները հաղթահարելու, դիամակայելու, արդարության համար պայքարելու իր բանաձեւը չհանձնվելն էր դեռեւս բանակից առաջ, պատերազմից առաջ: Մարմնի վրա (կողքին)` անգլերեն բառաձեւով դաջել էր` «հանձնվել չկա»: Այդ դաջվածքով էին նրան փնտրողները մի քանի տասնյակ նահատակների մեջ ճանաչել նրա մարմինը:

Նարեկին սիրում էին բոլոր նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ մի քանի բառ էին փոխանակել հետը: Նարեկին սիրում էին արցախյան առաջին պատերազմում զոհված Դավիթ Հովսեփյանի անունը կրող Երեւանի թիվ 91 դպրոցում, որտեղ սովորել էր, սիրում էին Երեւանի պոլիտեխնիկական քոլեջում, որտեղ ուսանել էր ռադիո-էլեկտրատեխնիկա մասնագիտություն, սիրում էին բանակում` Դիլիջանի N զորամասում, որտեղ գրադ-հրթիռային համազարկի հաշվարկի վարորդ էր, սիրում էին ծննդավայր Սիսիանում, որտեղից դեռեւս 2,5-3 տարեկանում էր Երեւան տեղափոխվել ընտանիքի հետ, բայց տատ ու պապի տան սիրված թոռն էր եւ ընկերներ ուներ: Նարեկին սիրում էին Սիսիանի ավտոդպրոցում, որտեղ վարորդություն սովորեց հատուկ նրա համար, որ բանակում մեքենա վարի. մեքենան իր տարերքն էր: Նարեկին սիրում էին անգամ պատահական զրուցակիցները. Արցախ մեկնելու ճանապարհին 37 տոննա քաշով նրա մեքենան խափանվել էր, Եղեգնաձորում դադար էին առել, զրույցի էր բռնվել միջահասակ մի զինվորականի հետ, ով հորդորել էր չգնալ առաջնագիծ, քանի որ ինքն այնտեղից է գալիս, լավ բան չկա, ինչին Նարեկը պատասխանել էր` հոպա՛ր, էդ ի՞նչ ես ասում, էնտեղ մեր տղերքն են, ես պիտի նրանց գրադ հասցնեմ… Տեսնելով փոքրամարմին Նարիկի մեծ կամքն ու անկոտրուն ոգին, ընդամենը 30 րոպե նրան ճանաչած միջահասակ զինվորականը որոշել էր ընկերություն անել հետը:

Փոքրամարմին լինելու համար փաղաքշաբար նրան թե՛ բանակում, թե՛ շրջապատում Նարեկո էին ասում, կամ` Փոքր… Մայրը պատմում է, որ չափազանց մեծ ընկերական շրջանակ ուներ` սպորտսմենից մինչեւ… խուլիգան: Բայց եւ` շատ համեստ էր, զուսպ, չափած-ձեւած, չէր սիրում իր մասին խոսել, իր նկարները տարածել, հիմա ամենուր իր նկարներն են, իր մասին զրույցները, իր շուրջը ծավալվող պատմությունները:

Ծնողների հետ նաեւ ընկեր էր: Տան միակ երեխան էր, անսահման սիրում էր իր ընտանիքը, ընկերներին եւ երեխաներ… 9 տարեկանում մտել է տուն, վիրավորված տոնով դիմել մորը` ինչո՞ւ բոլորը երկուսն են, ես` մեկը… Ես քույրիկ կամ` ապերիկ եմ ուզում… Մեկ տարի հետո Սուրեն Մանուկյանի եւ Թամարա (Տոմա) Տատինցյանի ընտանիքում ծնվել է երկրորդ տղան: Անունը Նարեկն է դրել` Էրիկ:

Նախաձեռնող էր: Դիլիջանում մեկ տարի վեց ամսվա ծառայության ընթացքում իր նախաձեռնությամբ հասցրեցին զորամասում մատուռ կառուցել, շատ օգնեց քարագործ հայրը` Սուրեն Մանուկյանը, այնտեղ տեղադրեց երկու խաչքար: Նարեկը բոլորի մեջ միայն լավն էր տեսնում, ու ամեն մեկին ընդունում հենց այնպիսին, ինչպիսին կա: Չկա մեկը, որ նրա մասին վատը խոսի, վատը հիշի:

Անթիվ էին ընկերուհիները. Նարեկի դեմքին, աչքերին, ժպիտին նայողը սիրահարվում էր: Բայց Նարեկը գիտեր «մեկին սիրել ու լավ սիրել»… Անսահման սիրուն էր նրա եւ Հերմինեի սերը, որ ծնունդ էր առել մինչեւ զորակոչվելը: Բանակից պիտի գար, նշանվեր, արդեն ընտրել էին մատանին, հարսնազգեստը, հարսանիքի վայրը… Որոշել էր նշանդրեքին, ինչպես ինքն էր ծիծաղելով ասել, մի «թույն ծաղկեփունջ» Հեմկայի համար գնել, մեկը` նրա մայրիկի, մեկն էլ` իր մայրիկի, ու մոր` ի՞նձ ինչի համար հարցին պատասխանել` որ ջոկողություն չլինի, իսկ իր «թույն ծաղկեփունջը» մոտ 100 հազար դրամ արժեր: Ընտրել էին անգամ ապագա դստեր անունը` Ադրիանա: Պիտի բանակից գար, ու իր Հեմկային ծանոթացներ մոր հետ: Մայրը, որ էս աշխարհում սիրում էր այն ամենը, ինչ իր Նարեկն էր սիրում, սիրում էր նաեւ նրա սիրած աղջկան, պատերազմի օրերին միմյանցից էին տեղեկություններ ստանում Նարեկի մասին: Նարեկի մայրը Հեմկային առաջին անգամ, սակայն,  տեսավ Սիսիանում. Հերմինեն եկել էր իր բացառիկ, իր եզակի Նարեկին Սիսիանի պանթեոնում հավերժություն ճանապարհեր:

Պատերազմի առաջին օրը Դիլիջանի զորամասը տարել էին Մեհրաբներ, բայց երբ Արցախում կռիվը թեժացել էր, հոկտեմբերի 5-ի գիշերը տարել էին Արցախ: Երբ Սիսիանի մոտով անցնելիս հայրը հարցրել էր տեղները, Նարեկը պատասխանել էր` քո ծննդավայրում ենք, երբ հասել են Գորիս, մոր` որտեղ եք հարցին պատասխանել` քո ծննդավայրում… Մայրը հուզվել, արտասվել է, Նարեկը նրան խնդրել է չհուզվել, չլացել, ու երկու անգամ կրկնել է` մամ, մի լացի, ես գնում եմ, որ գամ… Մոր` չե՞ս վախենում հարցին ծիծաղելով պատախանել է` ինչի՞ց… Նարեկը բոլորին գոտեպնդում էր, ոգեւորում, ոգի տալիս ու կրկնում` չվախենաք, լավ ա լինելու: Փոքրամարմին էր, բայց «դուխն իրեն ուտում էր»: Բոլորին դուխ էր տվել, բայց գիտեր, որ ետ չեն գալու:

Ջրականում մղված վերջին մարտերից մեկի ժամանակ իր փոքրիկ ձեռքերով տուփից հանել է պահածոյի կտորները, բաժանել բոլորին, վերջում ինչ մնացել է` իրեն, հետո հրաժեշտ տվել ընկերներին, ասել` էստեղից դուրս չենք գալու: Հրակոծության դադարին լսվել է ընկերոջ` Դավիթի ձայնը` հասեք, Նարեկոն ընկել ա: Բոլորը վազել են նրա մոտ, Նարեկն ընկել էր դեմքի վրա, արագ հանել են դիրքից, փորձել փրկել, բայց շատ էր վնասված: Զորամասի կապի պետ Սյուզին պատմել է, որ վերջին պահին բռնել է իր ձեռքը, պինդ սեղմել, մարող հայացքով նայել աչքերին, ասես ինչ-որ բան ուզենար ասել, բայց Կապան տեղափոխելու ճանապարհին մահացել է:

«Եթե Նարեկը վիրավոր չլիներ, գուցե այդքան արագ չգտնվեր»,- ասում է աստվածասեր, աղոթասեր, հավատավոր մայրը ու հավելում, որ Նարեկը խոսքի տերն էր, եթե ինչ-որ բան խոստացել էր, անպայման պիտի աներ: Հոկտեմբերի 10-ի կիրակնօրյա պատարագից տիկին Տոման տուն է եկել, տեսել` Նարեկը խոսում է հոր հետ ու նրա` ինչ կա հարցին պատասխանել` մեկ անձրեւ ա, մեկ` կարկուտ, բայց ես սարի հետեւում եմ, ապահով եմ, երեկոյան կզանգեմ… «Բայց խաբում էր… Երեկոյան չզանգեց, գիշերը չզանգեց: Գիշերվա ժամը 2-ին Աստվածաշունչ էի կարդում, նայում էի շուրջս, համոզվեմ` ուրիշ մարդ չկա՞, հանկարծ բազմոցին նստած հոր գլխավերեւում տեսա թափանցիկ պատկեր, զենքը ձեռքին. Նարեկս էր, եկել էր հրաժեշտ տալու: Կանչեցի` աստված ջան, Նարեկս զոհվե՞լ է… Բացեցի Աստվածաշնչի մի պատահական էջ ու կարդացի` նա գնաց հանուն իր հողի…  սարսռում էի, դողում, կարծես քնի մեջ լինեի, բայց` արթուն էի, մշուշի մեջ: Առավոտյան ինքնաբերաբար մոտեցա զգեստապահարանին, հագիս կարմիր շորը հանեցի ու սեւ հագա: Նարեկս արդեն զոհվել էր: Բոլորը գիտեին, ողջ Սիսիանը, Նարեկիս ընկերները գիտեին, մենք իմացել ենք միայն հոկտեմբերի 12-ին: Ես չգիտեմ` իմ հավա՞տն է, աստվածասիրությո՞ւնը, հայրենասիրությո՞ւնը, որ Նարեկիս գոնե մի անգամ չեմ ասել` մի գնա, փախիր, բայց կռվի ժամանակ ինձ նախապատրաստել էի ուժեղ լինել, խնդրել եմ աստծուն, եթե Նարեկս պիտի գերի ընկնի, թող զոհվի, իսկ եթե պիտի զոհվի, թող դեմքը տեսնեմ… Նարեկը չէր դիմանա, եթե գերի ընկներ: Էդպես էլ եղավ: Նարեկիս դեմքը տեսա, մարմինը շատ էր վնասվել, բայց սիրուն դեմքին մի փոքր քերծվածք էր միայն: Նարեկիցս հետո կարծես նեղացել էի աստծուց, հավատս ճաք էր տվել, բայց կամաց-կամաց վերադառնում եմ իմ հավատին: Թերահավատությանս պահերից մեկի ժամանակ կրկին դիմել եմ աստծուն, իմանալու` որտե՞ղ է տղայիս հոգին, բացել եմ Աստվածաշնչի պատահական մի էջ, գրված էր` նա բարձրացավ ամպերից վեր… Հավատում եմ, որ այնտեղ անպայման հանդիպելու եմ իմ լուսավոր, բարի, սիրառատ տղային, այդ միտքն է, որ ապրելու ուժ, մարդկանց սիրելու ջերմություն է տալիս, մխիթարում ինձ, չեմ չարանում: Եթե այնտեղ նրան հանդիպելու միտքը չլինի, կխելագարվեմ»,- ասում է 41-ամյա կինը ու ժպտում: Եւ երբ ակնարկում եմ որդեկորույս մոր ժպիտը տեսնելու հաճելիության մասին, թաց ժպիտով ասում է, որ Նարեկի մասին պատմելիս ինքը ժպտում է. այդ ժպիտն իրեն տալիս է Նարեկի լուսավոր հոգին, բարի սիրտը, աշխարհն ու մարդկանց սիրելու նրա ձեւը:

20-ամյա Նարեկ Սուրենի Մանուկյանը հուղարկավորվեց հոկտեմբերի 14-ին` Սիսիանի պանթեոնում: Մայրը պատմում է, որ Նարեկը սիրում էր նկարել, դեռեւս Դիլիջանից իրեն մի նկար էր ուղարկել` ամբողջությամբ կարմիր գրիչով նկարած եկեղեցի, կողքին` շիրմաքար: Նարեկի զոհվելուց հետո մայրը նկատել է, որ եկեղեցին նման է Սիսիանի եկեղեցուն, իսկ շիրմաքարը ճիշտ նույն տեղում, որտեղ հուղարկավորված է Նարեկը:

Դիլիջանի զորամասում հուշաքար են տեղադրել` նվիրված զորամասի 22 նահատակներին, որոնց մեջ նաեւ սիսիանցի Նարեկ Մանուկյանի ու շաքեցի Դավիթ Դանիելյանի անուններն են: Երեւանի թիվ 91 դպրոցի բակում խաչքար են կանգնեցրել` ի հավերժումն դպրոցի 7 նահատակների, որոնցից 3-ը Նարեկի դասընկերներն են, հիմնվել է պուրակ, տնկվել են անվանական եղեւնիներ: Երկու վայրերում էլ Նարեկի հայրը` Սուրիկ Մանուկյանն է կատարել քարի աշխատանքները` ի սփոփումն իր անհուն ցավի:

Աստվածահավատ տիկին Տոման պատմում է, որ Նարեկի զոհվելուց հետո նրա հետ կապված շատ առեղծվածային դեպքեր ու միջադեպեր են կատավել: Բայց ամենից խորհրդանշականն այն է, որ նրա զոհվելու օրը` հոկտեմբերի 11-ին երկու տղա զավակ ունեցող Ռուզան անունով երիտասարդ մի կին գնացել է Սիսիանի հիվանդանոց` պարզելու իր ապագա երեխայի սեռը ու որոշել, եթե տղա լինի, չի պահելու: Բժիշկները հորդորել են պահպանել երեխային, անունն էլ դնել այդ օրը զոհված տղայի` Նարեկի անունով: Երբ Ռուզաննա Բաբաջանյանն առաջին անգամ տեսել է զոհված Նարեկ Մանուկյանի լուսանկարը, միանշանակ որոշել է` այդպես էլ անելու է: 2021-ի ապրիլի 11-ին ծղուկեցի երջանիկ մի ընտանիքում Նարեկ է ծնվել:

Հավերժ խոնարհում նահատակ Նարեկին: Աստված պահի նրա անվանակիր Նարեկին: Դեռ շատ Նարեկներ պիտի ծնվեն, դեռ նահատակ Նարեկի արյան գինը պիտի հատուցվի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱն

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Երբեմն նեղանում եմ աստծուց, թե ինչու է ինձ այսքան ուժեղ ստեղծել… 44-օրյա պատերազմի նահատակ Արեգ Ազարյանի այրի

Տեղադրվել է - Նոյեմբեր 24, 2021 0
Արեգ Ազարյանի եւ Հերիքնազ Աղաջանյանի ընտանիքները Սիսիանի շրջանի Մորենի գյուղ են արտագաղթել 1992 թվականին` Շահումյանի շրջանից: 1994-ին Արեգի ծնողները տեղափոխվել…

Երբ Աշոտն ընդամենը 4 տարեկան էր, մահացավ հայրը… Երբ իր Էրիկ որդին 4 տարեկան էր, զոհվեց ինքը …

Տեղադրվել է - Նոյեմբեր 30, 2021 0
Բացի Սիսիանի քաղաքային զինվորական պանթեոնից, զինվորական պանթեոններ կան նաեւ Սիսիանի տարածաշրջանի Շաղատ, Անգեղակոթ, Բռնակոթ գյուղերում, որտեղ ամփոփված են արցախյան բոլոր…

#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ՄՀԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ. Հորեղբոր որդու աչքը էլ Մհերի ճամփան չի պահում. Հիմա նրանք հավերժ միասին են…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Երբ դեկտեմբերի 12-ին հուղարկավորված Արտակ Առաքելյանի շիրմաթմբի եւ դեկտեմբերի 20-ին հուղարկավորված մեր մյուս նահատակի` Էդգար Սարգսյանի շիրիմների արանքում որոշակի տարածք…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code