ՆԱՀԱՏԱԿ ԴԱՎԻԹԸ ԾՆՈՂՆԵՐԻ 10-ՐԴ ԶԱՎԱԿՆ ԷՐ

Տեղադրված է at Ապրիլ 20, 2022
477 0

Դավիթը Հմայակ եւ Տատյանա Դանիելյանների 10-րդ զավակն էր, 7 քույրերից եւ 2 եղբայրներից ամենափոքրը, ինչպես ասում են` տան փոքրին վերապահված` բոլորի ամենասերը, որ հետո պիտի դառնար բոլորի ամենացավը: Ծառայում էր Դիլիջանի հրետանային վաշտում, նշանառու-օպերատոր էր: Զորավարժանքների ժամանակ ականատես էր եղել 2020-ի տավուշյան ռազմական գործողություններին, անհանգստացած ծնողներին սիրտ տվել «դուխով մնալ»: Երեք ամիս հետո պիտի տուն վերադառնար…

Սեպտեմբերի 27-ին ծննդյան օրն էր, տնից շնորհավորել էին 20-ամյակը, Դավիթն ասել էր` ժամանակ չունեմ, մեկ րոպե կարամ հետներդ խոսեմ, ու մտահոգ ծնողների` ինչո՞ւ հարցին պատասխանել` մեզ տանում են վերեւ… Թե դա ինչ էր նշանակել, ծնողները չեն խորացել, իրենց չարաճճի, հումորով, աշխույժ Դավիթն է, տեսնես ի՞նչ է մտածել… Երեկոյան ինքն է զանգահարել տուն, մորն ասել` էնքան չլվել եմ, բայց էնքան հագիստ եմ ու նրան էլ հորդորել հանգիստ լինել, դուխով, եւ չի ասել, որ հայրենի գյուղի` Շաքեի խաչմերուկով են հաջորդ օրն անցնելու-գնան Ջրական, որտեղ հայրենիքի ճակատագիրն էր որոշվում…

Զորամասին սկզբում տարել են Օմար, ապա` Ջրական, Քարվաճառ, Վարանդա, Մատաղիս, որտեղ Դավիթը մասնակցել է ամենաթեժ մարտերին ու հոկտեմբերի 16-ին զոհվել Հոռաթաղում: Մայրը, անհուն ցավը աչքերի մեջ, բայց մի անթաքույց հպարտությամբ ասում է, որ Մատաղիսի դիրքերը հիմա մեր վերահսկողության տակ են, հետո պատմում, որ հոկտեմբերի 16-ի ժամը 10-ին խոսել են Դավիթի հետ, երեկոյան 7 անց 15-ին խոսել է քրոջ ամուսնու հետ, 8-ն անց 15-ին զոհվել…

Հոկտեմբերի 18-ին Սիսիանի պանթեոնում երեք նահատակ հուղարկավորեցինք. 20-ամյա Դավիթ Դանիելյանն ու 30-ամյա Կարեն Իսրայելյանը Շաքե գյուղից էին, 32-ամյա Յուրի Օհանյանը` Սիսիանից:

Հիշողությանս մեջ դեռ թարմ է Դավիթի 72-ամյա հոր` Հմայակ Դանիելյանի` երկինք պարզած բողոքող ձեռքերը եւ «էդ գերեզմանն իմ տեղն ա…» սրտակտոր աղաղակը…

Շաքեի համայնքապետարանի աշխատակից Ռուբեն Մանուչարյանը, ում ուղեկցությամբ այցելել էի Դանիելյաններին, ասում է, որ Դավիթը երեւացող տղա էր, նրան սիրում էին թե՛ դպրոցում, թե՛ գյուղում: Տաս երեխաների մեջ մեծացած տան փոքրը, որ, թվում է` մի քիչ երեսառած պիտի լիներ, հակառակը, ամաչկոտ էր, երբ նայում էր դեմքիդ, մի տեսակ խաղաղություն էր իջնում վրադ: Ռուբենը պատմում է, որ նախորդ օրը գյուղում արդեն լսել էին Կարենի նահատակության լուրը, ու Շաքեն վշտի ծով էր դարձել, իսկ երբ հաջորդ օրը լսեցին Դավիթի զոհվելու բոթը, գյուղի երիտասարդները ցավից ոռնացին…

Դավիթի մայրը պատմում է, որ տղան դպրոցում լավ չէր սովորում, ընթերցասեր մորն էլ կատակով հանդիմանում էր` քեզ նման շաշ չեմ, որ տառի համար աչք քոռացնեմ, ինձ ինչ պետք է, սովորում եմ… Եւ` սովորել էր… Դիլիջանի զորամասում դարձել էր հմուտ նշանառու-օպերատոր, սիրված զինվոր, իր գործի «ուստա», ով իր սովորածը հետո այնպես հմտորեն ու ճարպկորեն կիրառեց 44-օրյա պատերազմի ամենաթեժ մարտերում:

Դիլիջանի զորամսում մեկ տարի երեք ամիս Դավիթի հետ ծառայած ընկերը` Արման Հայրապետյանը, հիացմունքով է խոսում Դավիթի մասին, ասում, որ ազնիվ էր, անկեղծ, դրական, ջիգյարով: Իսկ երբ պատերազմի ժամանակ տեղափոխվել են Ջրական, տարբեր դիվիզիոններում էին, էլ չեն հանդիպել, բայց խորապես ցավել է զինակից ընկերոջ զոհվելու համար:

Դիլիջանի զորամասում նահատակների պատվո անկյուն են ստեղծել, հրամկազմը մինչեւ հիմա էլ պահպանել է կապը Դավիթի ընտանիքի հետ: Նրա զոհվելու առաջին տարելիցին ներկա են եղել զորամասի ներկայացուցիչները` հրամանատարի ղեկավարությամբ, ով խորը ցավ եւ ափսոսանք հայտնելով Դավիթի նման նշանառու-օպերատոր կորցնելու կապակցությամբ նշել է, որ կորցերել են իրենց ամենասիրված, խիզախ, ամենահմուտ նշանառու-օպերատորին, հայրենիքի նվիրյալ զինվորին, ով շարքից հանել է թշնամու մի քանի զրահատեխնիկա, մարդատար մեքենաներ, խոցել աթս, արժանացել խրախուսաքների, մեդալների ու նահատակվել հանուն հայրենիքի, հանուն մեր արժանապատիվ ապրելու: Դավիթը միաժամանակ 4 հրետանու նշանառու-օպերատոր էր, ամեն 5 րոպեն մեկ խփում էր 4 հրետանուց, խփածն էլ` խփած էր, ասեղի անցքով կանցներ: Տեսանյութ շրջանառվեց համացանցում, երբ աթս-ն խփելուց հետո ընկերները բացականչում են` կպա~վ, Դավո, կպավ… Դավիթը էնքան մեծահոգի էր, որ ինքը սոված կմնար, բայց իր հացը կտար վիրավորին: Դավիթը 20 օր խրամատ չի մտել, կրակագծում էր: Հրամանատարը հավելել է, որ 400 կմ ճանապարհ է կտրել-եկել Շաքե` երախտագիտություն հայտնելու Դավիթի նման զավակ դաստիարակած ծնողներին:

Մայրը պատմում է, որ երբ որդու աճյունը տուն բերեցին, 20 օրվա ծանր մարտերից դեմքը լարված էր, մրոտ, սեւացած, բայց հաջորդ օրը պայծառացել էր, սիրուն ժպիտը կրկին հայտնվել էր դեմքին, ու Դավիթին էդպես սիրուն էլ հանձնեցին հողին: Դավոն իր համար միշտ կմնա էն սիրուն ժպիտով, կատակասեր, «սրբած թուր» տղան, որ երազներին էլ է այդպես հայտնվում:

Դավիթը համարձակ էր, սիրում էր առաջինը լինել, արագաշարժ էր, առատաձեռն, մոր ասելով` մինչ ավագ որդին` Ջանիբեկը որոշեր` ինչ անել, մյուս տղան` Արթուրը մտածեր` գործը ոնց սկսեր, Դավիթն արած-պրծած էր լինում: Դավիթը ոչ միայն հոր, այլեւ` եղբայրների թեւ ու թիկունքն էր: Երբ եղբայրները Ռուսաստանում էին, բանակից օգոստոսին արձակուրդ էր եկել, օգնել հորը խոտը դաշտից տուն բերել, հետո հանգիստ վերադարձել իր ծառայության վայր: Դավիթը ծնողներին անընդհատ դուխ էր տալիս, ասում` բանակից վերադառնամ, ձեզ «պերիոդ եմ գցելու»:

«Դավոն չէր սիրում, որ իրեն կասկածում են, ասում էր` ինձ կասկածողը… Հրամանատարն ասել է` Դավոյի պես մի քանի զինվոր ունենայինք, առաջ կգնայինք…»,- պատմում է 59-ամյա մայրը, հետո հավելում, որ համարձակության շնորհիվ է մի վիրավոր զինվորի շալակած հանել է կրակագծից, մոտեցրել մեքնային, երբ մյուսները հրաժարվել էին ու մոր` բա ո՞նց արեցիր հարցին պատասխանել` կասկածում ե՞ս:

Մայրը երանությամբ է հիշում այն օրը, երբ Դավոն Դիլիջանից զանգել-ասել էր, որ իրեն զինուժով ցույց են տալու: «Ցույց տվեցին մայիսի 23-ին` իմ ծննդյան օրը, Դավոս ասաց` տեսա՞ր, ինչ զուգադիպություն էր` ծննդյանդ օրվա նվերս էր քեզ»,- ասում է մայրը ու թաց աչքերով հավելում` էնքան մեղավոր եմ Դավոյիս առաջ, ախր շատ անմեղ էր ու էդքան կարճ ապրեց…

27 տարի Շաքեի կոլտնտեսության շինարարությունը ղեկավարած, ապա` անասնապահությամբ, դաշտավարությամբ, քարի արտադրամասով բազմանդամ ընտանիքը պահած քեռի Հմայակին հարգում են Շաքեում: Ռուբենն ակնածանքով է խոսում տաս զավակ դաստիարակած Հմայակ Ջանիբեկիչի մասին, պատմում, որ այդ հարգանքը բազմապատկվել է այն ժամանակ, երբ 20-ամյա որդուն հուղարկավորեուց հետո հոգեհացի սեղանին քեռի Հմայակը դողդոջուն ձայնով, բայց` արժանապատիվ պահվածքով ասել է` 10 զավակներիցս մեկին էլ հայրենիքին բաժին տվեցի… Ինչքա~ն ուժ, կամք եւ իմաստություն պիտի ունենա մարդ, որ նման կորստից հետո քաջություն կունենա այդպիսի խոսքեր ասել:

72-ամյա քեռի Հմայակը հիմա մի տեսակ խեղճացած ու կոտրված է: Բայց հիմա էլ է արժանապատվությամբ լցված, փափագում է խաղաղություն լինի աշխարհում, հայ ընտանիքներում շատ զավակներ ծնվեն, ու դա է համարում էսօրվա մեր ամենամեծ ստրատեգիան:

Երբ զրուցում էինք, Դանիելյանների տուն եկավ հարեւանուհին` 40 տարի առաջ Գորիսից Շաքե հարս եկած տիկին Ալետան ու պատմեց, որ Դավիթը շատ առատաձեռն էր, երբ հանդավորի մոտ էր գնում, էդ օրը նրանց համար տոն էր: Մի 5 կգ վարունգ կլցներ ուսապարկը, կգնար դաշտ, երբ հարցնեին` էդքանը ինչի՞ ես տանում, կպատասխաներ` շատ մարդ կա, որ բոլորին հասնի: Ականջթեթեւ էր, մի բան պետք լիներ, արագ կվազեր գյուղ, կտաներ տեղ կհասցներ: Հետո տիկին Ալետան ասում է, որ մեր ամենամեծ լավությունն այս ընտանիքին այն կլինի, որ նկարենք Հմայակի անավարտ, կիսատ մնացած տունը, ցույց տանք, թե ինչ պայմաններում է ապրում բազմանդամ ընտանիքը, ինչի պատճառով 35 -ամյա Ջանիբեկն ու 25 -ամյա Արթուրը չեն ամուսնանում, ընտանիք չեն կազմում, որ երեխաներ ունենան: Այնինչ` այս տնից պիտի մանկան ճիչ լսվի, նոր Դավիթներ պիտի ծնվեն այս տանը, որ ավարտին հասցնեն նահատակ Դավիթի կիսատ թողածը…

Հուսամ` այդպես կլինի: Կգտնվեն բարի եւ կամեցող մարդիկ, որ իրենց օգնությունը կառաջարկեն 72-այմա Հմայակ Դանիելյանին` ավարտելու կիսակառույց տան շինարարությունը, որ նոր կյանքեր ծնվեն այս օրհնված օջախում:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ

Տեղադրվել է - Մայիս 14, 2021 0
Մեր բակերում, մեր փողոցներում, մեր շենքերի մոտ նոր ցայտաղբյուրներ, նոր խաչքարեր ու հուշարձաններ, նոր հուշաղբյուրներ են դրվելու մեր նորօրյա նահատակների…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code