ՅՈՒՐԻԻ ԶՈՀՎԵԼՈՒ ՕՐԸ ՆՐԱ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՍԼԱՔՆԵՐԸ ԿԱՆԳ ԷԻՆ ԱՌԵԼ

Տեղադրված է at Ապրիլ 26, 2022
1459 0

Արդեն սեպտեմբերի 27-ին Յուրին փոխել էր ֆեյսբուքյան իր հարթակի նկարը` «Մենք անպարտելի ենք» մակագրությամբ. հոգով, մտքով նա արդեն անպարտելի էր: Շտապում էր Սիսիան գալ: Մայրը հորդորում էր համբերել, սպասել որեւէ զանգի, ծանուցագրի, բայց Յուրին անհամբեր էր: Մոր` սպասելու հորդորներին պատասխանում էր` մի երկու օրով գնամ Սիսիան, տեսնեմ ի՞նչ կա-գամ… Ու կարողացավ համոզել մորը: Սեպտեմբերի 29-ին եկավ Սիսիան, գիշերեց ազատամարտիկ Մարիետա մորաքրոջ տանը, բայց սեպտեմբերի 30-ին ոչ թե ետ գնաց Երեւան, այլ` կամավորագրվեց: Նորավանի զորամասից անակնկալ արեց մորը. այնտեղից զինվորական համազգեստով առաջին լուսանկարն ուղարկեց նրան: Մեկ շաբաթ այնտեղ մնալուց հետո տարել էին Մեղրի: Քրոջ` Մարիամի հետ գաղտնագրերով էր հաղորդակցվում. Նորավանի զորամասից գրել էր` «իմ խաղալիքի վրա եմ», երբ տանում էին Մեղրի, գրել էր` «գնում եմ նռների երկիր», իսկ Արցախ մեկնելիս` «գնում ենք Ք. Կամ` Ջ.»: Տնեցիները կռահել էին` Քալբաջար կամ` Ջրական… Հոկտեմբերի 13-ին տարել էին Արցախ: Հոկտեմբերի 14-ին վերջին հաղորդագրությունն էր ուղարկել մորը` չնեղվես, պինդ մնա, դուխով մնա, պաչում եմ…

Յուրին հավատում էր, որ գնում են հաղթեն-գան, հավատում էր հաղթանակին, հավատում էր պատերազմի աստված իր D-30 հրետանու անվրեպությանը: Երկու տարի չկար, ինչ զորացրվել էր Ասկերանում անցկացրած պարտադիր զինվորական ծառայությունից, բայց մտովի դեռ «հրաժեշտ չէր տվել զենքին», իր հրետանուն, իսկ հմուտ հրետանավոր – նշանառու լինելու համար ծառայության ընթացքում ստացած «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանը կարծես նրան նոր պարտավորությունների էր կոչում: Յուրին, իրոք, սիրում էր իր հրետանին, ինչն ավելի զորավոր գտնվեց մոր` մի քիչ էլ սպասելու հորդորներից` նրան տանելով հաղթանակը տուն բերելու մեծ երազանքի հետեւից…  Սակայն հոկտեմբերի 15-ին Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղից 20 կմ դեպի Ջրական տանող ճանապարհին աթս-ն հարվածել էր: Յուրիի հետ զոհվել էին եւս հինգ սիսիանցի` Կարեն Իսրայելյանը, Արմեն Գալստյանը, Էդգար Սարգսյանը, Պողոս Ներսիսյանը եւ Վահիկ Ավանեսյանը, ինչպես նաեւ Մասիսի Արբաթ գյուղից կամավորականներ Ֆուրման Սաֆարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սիսիանի զինվորական պանթեոնում վեց նահատակները հիմա ննջում են իրար կողք` նույն շարքում` հավերժ մնալով հայոց մեծ երազանքի անպարտելի զինվորը…

Յուրիի հայրենասիրությունը «օդից չէր ընկել». հայրը` Սամսոն Օհանյանը մասնակցել է 1992-94 թ.թ. արցախյան ազատամարտին, Լյուդվիգ պապը եղել է Վուրգ Ոսկանյանի ջոկատի կամավորներից, Յուրին ամառներն անցկացնում էր պապի մոտ, ու անհնար էր, որ թոռը նրանից լսած չլիներ այն հերոսական տղաների մասին, ովքեր իրենց կյանքը տվեցին Արցախի ազատագրմանը: Յուրին մեծացել էր Լյուդվիգ պապի քրոջ` ազատամատիկ Մարիետա Խաչատրյանի աչքի առաջ, ձեռքի տակ` անվերջ լսելով արցախյան առաջին պատերազմի մասին: Մորաքույր Մարիետան հիմա իրեն «շատ մեղավոր է զգում» Յուրիի ճակատագրի համար. եթե այդքան չխոսեր, չպատմեր, նրա հոգում հայրենասիրության կրակը թեժ չպահեր… Յուրին շատ էր ջահել, շատ էր ափսոս…

Յուրի Սամսոնի Օհանյանը ծնվել է 1998 թ. ապրիլի 1-ին Սիսիանում: Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոցի առաջին դասարանն ավարտելուց հետո 2006-ին ընտանիքով տեղափոխվել են Երեւան: Երկրորդ դասարանից սովորել Երեւանի` Գ. Ադդարյանի անվան էիվ 133 դպրոցում: 2012 թ.-ին ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարան, որն ավարտելուց հետո սովորել է նույն համալսարանի գյուղատնտեսական հումքի եւ պարենամթերքի փորձաքննություն, սերտիֆիկացում եւ ստանդարտացում բաժնում: Բանակից զորացրվելուց հետո, ուսմանը զուգահեռ, նախապես վերապատրաստվելով «ԲԵՐԿՈՒՏ» թիկնապահական եւ պահնորդական ուսումնական կենտրոնում, աշխատել է «ԱՐ-ՄՈԲԻԼ» անվտանգության ծառայությունում որպես «Գազպրոմ Արմենիայի ուսումնա-սպորտային համալիրի» անվտանգության աշխատակից:

Յուրին մեծ նպատակներ ուներ, մեծ ծրագրեր, ասում էր` կամ բիզնեսմեն եմ դառնալու, կամ` զինվորական, ավելի կոնկրետ` գնդապետ: Մասշատաբային այս մտածողությունը նրան բանակն էր տվել, Ասկերանում անցկարցրած զինվորական ծառայությունը շատ բան էր սովորեցրել նրան:

Բանակային խստությունը, կարգապահությունը, պատասխանատվությունը յուրացրած Յուրին, սակայն, քրոջ` Մարիամի բնութագրմամբ` շատ բարի էր, հանդուրժող նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր ցավեցրել էին իրեն: Յուրին նրանց նկատմամբ իր վերաբերմունքը չէր փոխում: Ընկերասեր էր, նվիրված իր ընկերների ընտանիքներին, ընկերներն էլ` իրեն: Բոլոր դժվարին պահերը հարթելու, մեղմելու հատկություն ուներ, բոլոր իրավիճակներում միայն լավն էր տեսնում: Ձգտող էր, նախաձեռնող: Որեւէ գործ ձեռնարկելիս, եթե անգամ իմանար` ձախողելու է, միեւնույն է, անում էր, փորձում էր, քրոջն էլ հորդորում երբեք չընկճվել անհաջողություններից, չկոտրվել: Յուրին վախենում էր կոտրվելուց, հիասթափվելուց, բայց միշտ պայքարում էր իր նպատակներին հասնելու համար…

Յուրին շտապում էր ամեն ինչում: Հատկապես` վերջին երկու տարում: Շտապում էր տուն ունենալ, մեքենա, հաջողված բիզնես: Մոր` մի քիչ սպասելու հորդորներին պատասխանում էր` ինչի՞ն սպասեմ: Հանգիստ չուներ, չափազանց աշխատասեր էր, Տաշիր-Պիցցայում սուշի ու պիցցա է պատրաստել, անշարժ գույքի գործակալությունում՝ միջնորդ աշխատել։ Նոր-Նորքի 2-րդ զանգվածում վարձակալությամբ տարածք էր վերցրել եւ ֆոտո, գունավոր տպագրության ու պատճենահանման ծառայություն էր մատուցում, ինչը քովիդի պատճառով փակեց: Յուրին այդ ընթացում, սակայն, պարապ չմնաց. հիմնադրեց «Օհանյան» մաքրման ծառայությունը (Ohanyan Cleaning Service), եւ Նոր-Նորքի 4-րդ զանգվածի շենքերի մուտքերի եւ շքամուտքերի ախտահանման անվճար աշխատանքներ էր իրականացնում: Մտադիր էր այն մեծ կազմակերպություն դարձնել: Ուզում էր ստեղծել «Օհանյան» բարեգործական ընկերություն։ Շատ երազանքներ ուներ, իսկ վարձակալությամբ ապրող ընտանիքի համար իր ամենամեծ երազանքը սեփական տուն ունենալն էր: Չհասցրեց… Անմահների պանթեոնը դարձավ նրա «սեփական տունն ու մշտական հասցեն»…

Լուսաժպիտ, կենսասեր, անսահման բարի ու բոլորին հասնող, բոլորի մեջ միայն լավը տեսնող իրենց Յուրիի կորուստը մեծ ցավով ու ափսոսանքով արձանագրեցին թե Երեւանի` Գ. Ադդարյանի անվան դպրոցի, թե ՀԱԱՀ վարժարանի ուսուցիչները, ովքեր դասավանդել էին նրան:

ՀԱԱՀ վարժարանի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Սարգսյանն ափսոսանքով, ջերմորեն էր հիշել իր աշխույժ, չարաճճի ու ժպտերես, բանիմաց աշակերտին, ով նաեւ լավ ընկեր էր, ծնողներին սիրող ու արժանի զավակ, հոգատար եղբայր, միշտ ակտիվ, միշտ պատրաստակամ առաջինն օգնելու ընկերոջը, առաջինը կատարելու իր հանձնարարությունները։ Այդ նույն պատրաստակամությամբ էլ առաջիններից էր, որ կամավոր գնաց Արցախ՝ պաշտպանելու հող հայրենին։ Կռվեց անձնվիրաբար եւ նահատակվեց, դարձավ հավերժի ճամփորդ, պատմություն, լուսանկար, կարոտ ու անմահացավ:

Սրտառուչ ու ջերմ խոսքեր էր գրել Երեւանի` Գ. Ադդարյանի անվան թիվ 133 դպրոցի դասվար Լաուրա Միրզոյանը, շեշտելով, որ Յուրին դասարանում աչքի էր ընկնում իր դաստիարակվածությամբ, համեստությամբ, ընկերասիրությամբ, առաջադիմությամբ։ Նա հոգատար էր բոլորի նկատմամբ, օժտված բարձր հայրենասիրությամբ, իսկ հայրենասիրության մասին նրա գրած շարադրությունները տարբերվում էին մյուսների գրածներից, նա հայրենիքը վեր էր դասում ամեն ինչից:

Գրելով Յուրիի աշխատասիրության, ամեն ինչ հասցնելու, դրական նկարագրի մասին, ՀԱԱՀ վարժարանի ինֆորմատիկայի ուսուցչուհի Նարինե Հովակիմյանը շեշտել էր, որ Յուրին աննկարագրելի երիտասարդ էր, խելացի, բարի, բոլորին հասնող-նվիրվող։ Հիմա էլ շտապեց ընդամենը 22 գարուն տեսած իր կյանքը  նվիրել- նվիրաբերել մեր հաղթանակի բագինին:

Յուրիի կորուստն առավել դժվար էր ծնողների, քրոջ, ընտանիքի համար. տան միակ տղան էր, ում հետ իրենց օջախի շարունակությունը կապում էին ծնողները: ՀԱԱՀ վարժարանի մաթեմատիկայի ուսուչուհի մայրը` Նելիի Խաչատրյանն իրեն «բաժին ընկած» անսփոփ ցավից իր «փրկությունը» համարում է իր աշակերտներին, իր աշխատանքին ինքնամոռաց նվիրումը: Իսկ ծաղիկները, եթե աշխատանքի բերումով եւ հեռավորության պատճառով ավելի հաճախ չի կարողանում բերել Սիսիանի պանթեոնում ննջող տղային, տանում է Եռաբլուրում հանգչող իր սաներին, սիսիանցի տղաներին եւ խոնարհվում նրանց, խնկարկում, հավատով, որ Սիսիանում էլ նույն երախտագիտությամբ իր որդուն են խոնարհվում եւ խնկարկում:

47-ամյա ուսուցչուհին իր աշակերտներից վարպետորեն «թաքցնելով» հոգու ցավը, անփարատ վիշտը, ամեն օր դասարան է մտել իր սաներին նոր գիտելիքներ հաղորդելու մղումներով: Այնքան ուժ ու կամք է ունեցել, որ անգամ որդուն կորցելուց հետո 2020-ի հոկտեմբերին իր 5 սաների հետ մասնակցել է մինչ 44-օրյա պատերազմը նախաձեռնած եւ գրեթե մեկ տարի տեւած «Ես եւ իմ երկիրը» ծրագրին, որն անցկացվում էր եվրոպական հինգ երկրների միջեւ եւ մեծ հաջողություններ գրանցելով` պատվով ներկայացրել մեր երկիրը: Ետպատերազմյան իր առաջին 12-րդ դասարանի վերջին զանգը կազմակերպել է այնպես, որ նոր կյանք մտնող պատանիներն ու աղջիկները հաղթող սերնդին արժանի ինքնավստահությամբ հրաժեշտ տան աշակերտական սեղանին: 2021-ին մասնակցել է «Տարվա լավագույնները» մրցույթին, հաղթող ճանաչվել, արժանացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրի, իր բոլոր հաջողություններն ու հաղթանակները նվիրել որդուն ու 44-օրյա պատերազմի նահատակներին:

Հայրը լռությամբ է տանում որդու կորուստը, իսկ Նելլին, բոլորից «քողարկելով» հոգու ցավը, ասում է, որ Յուրիից հետո առաջին անգամ ժպտացել է 2022-ի հունվարի 17-ին, երբ ծնվել է իր որդու ժամկետային զինծառայության դասակի հրամանատար Հրայր Մինասյանի տղան, ում Յուրիի անունով են անվանակոչել: Նելլին ու Սամսոնը հաճությամբ են ստանձնել իրենց որդու հրամանատարի տղաների` Մոնթեի եւ Յուրիի մկրտության կնքահայրը լինելու պատասխանատվությունը:

Տիկին Նելլին պատմում է, որ երբ Յուրիի զոհվելուց հետո տանը նրան նվիրված հիշատակի անկյունն էին ստեղծում, հանկարծ նկատել են, որ նրա երկու ժամացյույցները, որոնցից մեկը տուփի մեջ էր, մյուսը` պատից կախած, կանգ էին առել. երկու ժամացույցների սլաքներն էլ կանգնել էին 8-ն անց 40-ի վրա… Զուգադիպությո՞ւն էր, պատահականությո՞ւն, օրինաչափությո՞ւն… Անբացատրելի ու անհավանական այս իրողությունը Նելլին մեկնաբանում է` այն կապելով Յուրիի զոհվելու օրվա հետ… Ներքին մի համոզմունք ունի, որ հոկտեմբերի 15-ի մարտը սկսվել է երեկոյան 8-ից 10 պակաս, իսկ 8-ն անց 40-ին տղաներն արդեն զոհվել էին… Հետո ճշտել են, որ, ժամերն, իսկապես, համընկնում են:

Յուրիի զոհվելու օրը նրա երկու ժամացյույցների սլաքները կանգ են առել: Կանգ է առել նրան տրված երկրային կյանքի ժամանակը, բայց անժամանակյա է նրա երկնային կյանքը, անմար` հիշատակը, անժամկետ` նրա հավերժումը, փառքն ու պատիվը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆ` ԲՆՈՒՆԻՍ, «ԷԴԳԱՐԻ ՏՈՒՆ». Պատը շարվի պիտի, ուրիշ հնար չկա, Կյանքն ապրվի պիտի, ուրիշ հնար չկա…

Տեղադրվել է - Օգոստոս 26, 2023 0
Սեպտեմբերի 27-ին Հադրութի զորամասերից մեկի զինծառայող, առաջին պաշտպանական գծի նռնակաձիգ Էդգար Մարգարյանի ծննդայն օրն էր. լրանում էր 20-ամյակը: Զորակոչվել էր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code