Մայոր Դավիթ Թեւանյան. Ծանր վիրավոր` մեն-մենակ կռվեց մինչեւ վերջ…

Տեղադրված է at Ապրիլ 2, 2022
2046 0

44-օրյա պատերազմի նահատակ Դավիթ Սամվելի Թեւանյանը իսկական զինվորական էր` բառի բոլոր իմաստներով: Թե՛ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ստացած կրթությունը, թե՛ ընտանեկան դաստիարակությունը, թե՛ կյանքի հրամցրած դասերը Դավիթին կատարյալ զինվորական էին դարձրել, ում համար գերագույն արժեքը հայրենիքն էր, կարեւորագույն խորհրդանիշը` զինվորը: Այդ հոգեբանությամբ մեծացած երիտասարդը գիտեր զինվորի հարգը, դերը, ու այդ գիտակցությամբ լեյտենանտից դարձավ ավագ լեյտենանտ, կապիտան, շտաբի պետ, մայոր, սեպտեմբերի վերջին պիտի փոխգնդապետի` պարտավորեցնող կոչում ստանար, բայց սկսվեց պատերազմը, ու 2010-ից զինականի կոչմանն անձնվիրաբար ծառայող սիսիանցի Դավիթ Թեւանյանը 2020-ին ընկավ հայենիքի համար հերոսաբար մղված կռվում…

Դավիթն 8 տարեկանից զրկվել էր հորից, երբ հայրն ընդամենը 31 տարեկան էր: Երեք տղաների խնամքը մնացել էր մոր ուսերին: Նույն տարիքում ինքն անմահացավ, երբ դուստրը 4 տարեկան էր, որդին` մեկուկես… Առանց հոր մեծանալը դժվար է եղել տղաների համար, բայց տան ավագը` Դավիթը, ժամանակից շուտ «մեծացավ» եւ, ինչպես մայրն է ասում, եղբայրներին «հայրություն արեց»: Հետո «հայրական» գորովանքը, հոգատարությունը, պատասխանատվությունը, պահանջկոտությունը բոլորանվեր ցուցաբերեց նաեւ իր հրամանատարության ներքո ծառայող զինվորների հանդեպ, ինչի համար նրան սիրում էին բոլորը: Սիրում էին անկեղծ ու խորին հարգանքով:

Մայրը ցանկանում էր, որ Բռնակոթի, ապա` Սիսիանի վարժարանի, հետո` թիվ 5 միջնակարգ դպրոցներում բարձր առաջադիմությամբ սովորող որդին տնտեսագետ դառնար, բայց Դավիթը զինվորական դարձավ: Կարծես հենց դրա համար էր ծնվել. կարգապահ էր, պարտաճանաչ, պատասխանատու, բարեհոգի, սրտացավ, միաժամանակ` խիստ ու պահանջկոտ: Եւ 2006-ին ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: 2010-ին, ակադեմիան ավարտելուն պես, ծառայության է անցել Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքի N զորամասում որպես դասակի հրամանատար: Աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ, ռազմական գործին տիրապելու հմտությամբ եւ 2012 թ.-ին նույն զորամասում նշանակվել վաշտի հրամանատար: 2014-ին տեղափոխվել է Կապանի զորամաս որպես շտաբի պետ, երեք տարի ծառայուությունից հետո նշանակվել Վարդենիսում, բայց այնտեղ երկար չմնաց, եւ իր ցանակությամբ, նաեւ` կորպուսի հրամանատարի պահանջով կրկին վերադարձավ Քաշաթաղի` հարազատ զորամաս:

2014-ին լավագույն ընկերոջ` Արայիկ Պողոսյանի քույրը` Համեստը, գրավեց նրա սիրտը, ու համեստ, ներդաշնակ ընտանիքի երջանկությունը 2015-ին ամբողջացրեց առաջնեկը` Սյուզին, 2019-ին` որդին` Սամվելը: «Տղաներս «կռվում էին» իրար հետ, թե վաղամեռիկ հոր անունն ով է առաջինը դնելու իր տղային: Երբ ծնվեց Դավիթի տղան, ուրախ-ուրախ բացականչեց` ես հաղթեցի»,- ասում է Դավիթ Թեւանյանի մայրը` Նարինե Քոչարյանը ու հավելում, որ Դավիթն անսահման հարազատասեր էր, ծնողասեր, բարեկամասեր, ընկերասեր, տատին ու պապին սիրում էր անմնացորդ, ու եթե մեկն ու մեկին մի բան պատահեր, մեկ ժամում Քաշաթաղից կհասներ Բռնակոթ, նրանց ասածը կաներ ու ետ կգնար…

Կարգ ու կանոն, խստություն ու պահանջկոտություն սիրելուց բացի Դավիթը սիրում էր շրջապատը մաքուր ու կոկիկ դարձնել, ստեղծել գեղեցիկ միջավայր ու ապրել դրանով, վայելել իր ստեղծած գեղեցկությունը: Քաշաթաղի զորամասի տարածքում ծաղիկներ էր ցանել, ցայտաղբյուր դրել, տարածքին բոլորը Թեւանյանի պարտեզ էին ասում: Ցայտաղբյուրի մոտ հավաքված երեխաներին մի անգամ հարցրել է` ո՞վ է սարքել, երեխաները պատասխանել են` չեն ճանաչում, բայց` Թեւանյանը… Խստորեն արգելված էր ծաղիկներ քաղելը. բոլորի համար էր: Սակայն ընկերներից մեկը մի վարդ էր պոկել-տարել կնոջը, եւ նրա` որտեղի՞ց հարցին հետեւել էր` Դավոյի պարտեզից, էլ որտեղի՞ց պատասխանը… Իր աշխատասենյակն անգամ տարբերվել է բոլորի սենյակներից, մաքուր էր, կոկիկ, ամենուր` ծաղիկներ, ու եթե ընկերներն ուզում էին սուրճ խմել, ամենասիրուն ու հաճելի վայրը Դավոյի մոտ էր:

Դավիթ Թեւանյանի վաշտը լավագույնն էր զորամասում: Հրամանատարության, կամ` նախարարության կողմից ցանկացած ստուգումից հետո միայն գովեստի խոսքեր է լսել, արժանացել պատվոգրերի: Երբ 2015-ին Վազգեն Սարգսյանի անվան մեղալ ստացավ, ուրախությունն անսահման էր, իր համար մեր հերոսների անվանական պարգեւները շատ կարեւոր էին:

«Կիրակի օրերին էլ հանգիստ չուներ, արթնանալուն պես գնում էր զորամաս, իր աչքով ամեն ինչ նայում, ստուգում: Սյուզին ասում էր` բոլորի պապաները շուտ են տուն գալիս, իմ պապան ամենաուշը: Շուտ գնում էր, ուշ գալիս: Զինվորական իր պատիվը վիրավորված կհամարեր, եթե հրամանատարն իրենից առաջ մտներ զորամաս: Տանը քիչ էր լինում, բայց եղած ժամանակ ամբողջովին նվիրվում էր երեխաներին, սիրում անհագորեն, կարծես սիրտը վկայում էր, որ շուտով զավակները զրկվելու էին հայրական սիրուց, գուրգուրանքից: Դավիթը բոլորի հետ ընկերություն էր անում, բայց մի կարեւոր սկզբունք ուներ` ընկերությունը` ընկերություն, գործը` գործ: Զորացրվելուց հետո էլ նրա զինվորները պահպանում էին կապը հրամանատարի հետ: Մի զինվոր` Սուրեն Աղասարյանը, զորացրվելուց առաջ ժամացույց էր նվիրել Դավիթին` իրենց անունները փորագրած: Պատերազմից հետո Դավիթից շատ քիչ իրեր են պահպանվել, քանի որ մետ տունը մնաց Քաշաթաղում, մեր բոլոր իրերը, մեր թանկ հիշողությունները, բայց այդ ժամացույցը հիմա կա, մեր տանն է, քանի որ Դավիթը թեւից չէր հանում… Սուրենը հիմա էլ է հյուր գալիս մեզ, հիշում անպատերազմ օրերը եւ ցավում ամենաբարի, ամենամարդկային, նաեւ` ամենախիստ ու պահանջկոտ իր հրամանատարի համար»,- ասում է Համեստը ու հավելում, որ զինվորականի կին լինելն էլ իր հմայքն ուներ, իր հետաքրքրությունները ու չի տրտնջացել որեւէ դժվարություններից, Դավիթի` իր գործին անսահման նվիրվածությունից: Ապրում էին իրենց զինվորական ընտանիքին բաժին հասած կյանքը, ծնունդներ, կնունքներ նշում: «Մեր երեխաների կնքահայրը Դավիթի զինակից ընկերն էր` կապիտան Ստեփան Պետրոսյանը, ով զոհվեց հոկտեմբերի 7-ին: Դավիթին խնդրել էին զանգել Ստեփանի ընտանիքին եւ տեղյակ պահել, հրաժարվել էր, ասել` չեմ կարող էդ լուրը հայտնել… Ամսի 8-ի առավոտյան գրել էր` մեզ մոտ ամեն ինչ կարգին է, կզանգեմ, ու էլ չզանգեց»,- ասում է Համեստը, պատմում, որ սեպտեմբերի 27-ին Քաշաթաղում էին, հրահանգ էին ստացել դուրս գալ տարածքից, շտապ զանգահարել էր ամուսնուն, տեղյակ պահել, Դավիթն արագ զորամասից եկել էր, երեխաներին հրաժեշտ տվել, ինչից հետո Դավիթի ընկերոջ մեքենայով, որ նրա կինն էր վարում, երկու ընտանիք հապճեպ դուրս է եկել եւ հասել Բռնակոթ:

Մայրը պատմում է, որ Դավիթն իր զինվորներին իր երեխաների պես սիրում էր, հոգում, երբեմն, երբ զայրանում էր, ուզում էր դուրս գալ, բայց նվիրյալ էր, զինվորի պաշտպան, զինվորի հոգի, զինվորի ոգի: Քաղցրասեր էր: Իր զինվորներին հաճախ է ասել` իմ անունից խանութից վերցրեք` ինչ պետք է… գոնե ես գիտեմ` քաղցրն ինչ է… էդքան լավ հասկանում էր իր զինվորին: Լսելով, որ զինվորներից մեկը գիշերը վատացել է, Դավիթն արագ նրան հասցրել է հիվանդանոց, հետո միայն նկատել, որ հողաթափով է, այն էլ` մեկ ոտքին… Շատ էր սիրում իր զինվորին ու պատասխանատվություն զգում նրանց հանդեպ: 2016-ի քառօրյայի ժամանակ Դավիթը հանկարծ նկատել է, որ իր զինվորներից երկուսը հրետակոծությունից խրամատում ծածկվել են հողով, նետվել է խրմատ, ձեռքերով արագ փորել հողը ու հանել նրանց: Զինվորներից մեկը բացել է աչքերը, Դավիթն ուրախացել է, որ ողջ է, գրկել, բուժկետ է հասցրել, որտեղ հայտնել են, սակայն, որ մահացած է: Շատ ծանր էր տարել իր զինվորի մահը, երկար ժամանակ չէր կարողանում մոռանալ…

Նարինե Քոչարյանն ասում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ինքը Մոսկվայում էր, ուզում էր գալ, Դավիթը չէր թողնում: «Հոկտեմբերի 6-ին զանգեց, ասաց` մամ, ուզում եմ դեմքդ տեսնեմ: Շատ տխուր էր, մինչեւ մահ-գերեզման չեմ մոռանա նրա հայացքը: Հարցրեցի վիճակից, գլուխը բացասաբար տարուբերեց` լավ բան չկա, դեմքի արտահայտությունից ամեն ինչ հասկացա»,- ասում է մայրը ու հավելում, որ պատերազմից առաջ զորամասի հրամանատար Վալենտին Բուռնուսուզյանը Մոսկվայում մասնակցում էր «Կովկաս-20» տանկային մրցումներին, Դավիթին նշանակել էին հրամանատարի պաշտոնակատար: Հրամանատարը վերադարձավ միայն հոկտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 3-ին զոհվեց Դավիթի թեւերի վրա: Դավիթը հրամանատար նշանակվեց: Երկու ոտքից, կրծքավանդակից ծանր վիրավոր էր, բայց իր զինվորներին հետ էր ուղարկել դիրքից, անգամ մոբի տղաներին չի թողել առաջ գան, ասել է` սա ձեր տեղը չի: Երբ առաջարկել են, գոնե, սապոգները հանի` այրված ոտքերը տեսնեն, հրաժարվել է` որ հանեմ, էլ չեմ կարա հագնեմ, ու էդ վիճակով մեն-մենակ կռվել է մինչեւ վերջ եւ զոհվել հոկտեմբերի 8-ին:

Դավիթ Սամվելի Թեւանյանը հուղարկավորվեց հոկտեմբերի 10-ին Սիսիանի պանթեոնում: Ետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» եւ «Արիության համար» մեդալներով:

Տիկին Նարինեն խորապես վիրավորված է, որ 10 տարի հայրենիքն անմնացորդ ծառայած, ապա եւ կյանքը հայրենիքին զոհաբերած ՀՀ պաշտպանության բանակի մայոր իր որդուն, ով մեն-մենակ կռվեց մինչեւ վերջ եւ ընկավ արժանապատիվ մահով, արժանվույնս չեն գնահատել, թեեւ դա հիմա արդեն էական էլ չէ, քանի որ ոչինչ չի փոխարինի իր կորստին: Իր համար ամենակարեւոր պարգեւը իր տղայի հրամանատրության ներքո ծառայծ զինվորների անսահման սերն ու հարգանքն է, որ մինչեւ հիմա էլ շարունակում է: Նրա զինվորները այցելում են իրենց, պատմում, հիշում, խոսում Դավիթի մասին, բայց եթե այստեղ էլ են խտրականություն դնում, իր սիրտը դրանից միայն ցավում է: «Կյանքը շատ դաժան է: Ովքեր կռվեցին, ովքեր զոհվեցին… Իրենց երեխաները` որբ, կանայք` սեւազգեստ, մայրերի մասին էլ չեմ խոսում»,– ասում է նահատակ զինվորի մայրը, հետո սփոփվում, որ թոռներին իրենց հորը արժանի զավակներ կմեծացնեն, կհպարտանան Դավիթով, նրա թողած լուսագիծ անունով, կատարած սխրանքով ու կշարունակեն նրան ապրեցնել իրենց ողջ կյանքում…

Դավիթը երազում էր տուն գնել Երեւանում, ինչպես կինն է ասում` դա էլ արեց` իր արյան գնով: 2021-ին ընտանիքը տեղափոխվեց Երեւան: Սյուզին, առանց հայրիկի, մոր եւ տատի ուղեկցությամբ Երեւանում գնաց առաջին դասարան, բայց երբ հարցնես որտեղացի ես, կասի` Բռնակոթից… Դա բռնակոթցի մորը եւ բռնակոթցի տատին անսահման մեծ հրճվանք է պարգեւում, քանի որ Դավիթը սրտանց կուրախանար իր երեխաների` բռնակոթցի լինելու գիտակցության համար…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հայացք` դրսից. Հայը իմ ճանաչած ամենահյուրընկալ եւ առատաձեռն ժողովուրդն է

Տեղադրվել է - Հուլիս 10, 2023 0
Անգեղակոթում դեռ հիշում են տարիներ առաջ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտներին անգլերեն սովորեցրած, գյուղացիներին շատ հարցերում օգտակար եղած «Խաղաղության կորպուսի» կամավոր,…

ԻՐ ՀԵՏ ՏԱՆԵԼՈՎ ՄԻ ՈՂՋ ԴԱՐԱՇՐՋԱՆ …

Տեղադրվել է - Փետրվար 14, 2024 0
Կյանքի 93-րդ տարում հունվարի 21-ին Սանկտ-Պետերբուրգում իր մահկանացուն կնքեց մեր հայրենակից, նշանավոր նկարիչ Զաքար Ավագի Խաչատրյանը: Զաքար Խաչատրյանը ծնվել է…

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ -110. Զրույց բանաստեղծի հետ

Տեղադրվել է - Ապրիլ 10, 2024 0
Գարունը կրկին իր լայնատարած թեւերով գրկել է Ձորերի ամենաչքնաղ անկյունը` սիրուն Լորը, ուր ամեն տարի Սյունյաց լեռնաշխարհի այդ հեռավոր ձրում…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code