Մայիսի 5-ը սովետական մամուլի օրն էր. ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ…

Տեղադրված է at Մայիս 5, 2022
799 0

Երեք հիշարժան դիպված իմ կյանքում կապված է սովետական մամուլի օրվա` մայիսի 5-ի հետ. գուցե` ճակատագրորեն, գուցե` զուգադիպությամբ, գուցե` ոչ պատահական…

Առաջին անգամ` 10-րդ դասարանում սովորելիս…

Սովորում էի Վաղատինի միջնակարգ դպրոցում: Իմ ծննդավայր Լծենի դպրոցն ութնամյա էր: Սիսիանի շրջսովետի գործկոմի դահլիճում կազմակերպված միջոցառման ժամանակ ինձ հրավիրել էին ելույթ ունենալ: Գնացել էի դպրոցի տնօրեն Պայքար Գալստյանի եւ իմ սիրելի դասընկերուհի Նվարդ Աթայանի հետ: (Իմ հասակակիցներից շատերի նման ես էլ էի այդ տարիներին թղթակցում «Պիոներ Կանչ» թերթին, «Պիոներ» ամսագրին, դպրոցական արձակուրդներին հաճախում էի Հայաստանի ժուռնալիստների միությունում գործող «Ֆուչիկի» անվան պատանի լրագրողների դասընթացներին: Լույս` հիշատակիդ, ՀԺՄ նախագահ Արմեն Հակոբյան, ինձ նամակ գրելիս գրում էր` թանկագին Արեւ, քեզ հազար բարեւ…): Հիմա բոլորովին չեմ էլ հիշում` ինչի մասին եմ խոսել, միայն աղոտ մտաբերում եմ, որ ասել եմ` շրջանային «Որոտան» թերթում, բացի սիլոսից, ՍՄԿԿ այսինչ համագումարի լույսի ներքո` հնգամյակը 4 տարում կատարելու մասին նյութերից, պիտի լինեն նաեւ այլ թեմաներ, որ սիլոսահոտից բացի ծաղկահոտ էլ գա…. Դահլիճում նստածները հետաքրքրվել են, թե ով է էս աղջիկը: Երբ մեկը մեկին շշնջացել է` Արամայիս Ամիրյանի, ասել են` ա՜, պարզ է… Հիշում եմ նաեւ, որ դպրոցի տնօրենս ինձանից շատ էր ուրախացել իր աշակերտուհու համար. դրանք այն ժամանակներն էին, երբ դեռ «աշխարհն ինձ համար այնքան պարզ ու այնքան դյուրին էր»…

Երբ դուրս էի մնացել բուհի ընդունելության մրցույթից, եւ, ստաժի համար գյուղում հորթ էի պահում, 1980-թ.-ի մայիսի 5-ին հրավիրվել էի մասնակցելու ՀԿԿ Սիսիանի շրջկոմի դահլիճում նշվող` մամուլի օրվան նվիրված միջոցառմանը: Ու, թերեւս, ինձ համար  անսպասելի, ինձ նվիրեցին այս ժամացույցը: (Անցել է 40 տարի, պահում եմ սրբորեն: Տուփի վրայի ստորագրությունը, հավանաբար, շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչինն է, հետագայում որքան էլ փորձեցի պարզել, թե ում ստորագրությունն է, այդ ժամանակներից որեւէ մեկը չմտաբերեց:  «Որոտան» թերթի խմբագիրը երջանկահիշատակ Բենիկ Գասպարյանն էր)…

Ժամանակը թռավ, այս դեպքերի տպավորություններն ի պահ տրվեցին հիշողության ծալքերին: Կյանքը շարունակվեց…

Ավարտել էի բուհ-ը, եւ ուղեգրով նշանակվել Լեռնաշենի ութնամյա դպրոցում որպես մայրենի լեզվի ու գրականության ուսուցչուհի, ու հայրենի Լծենում սպասում էի սեպտեմբերի 1-ին, որ գնամ դպրոց…

1985 թ.-ի օգոստոսն էր: Այդ տարիներին Լծենում մի քանի տուն միայն հեռախոս ուներ, մեր տանն էլ կար, բայց Հրանուշ բաջունց տնից (գյուղում բոլորը նրան Հրանուշ բաջի էին ասում) ինձ կանչեցին հեռախոսի մոտ: Հեռախոսափողի մյուս ծայրից կանացի մի ձայն ասաց` «Որոտան» թերթի խմբագրությունից Ծովինար Պետրոսյանն է` նամակների բաժնի վարիչը, խմբագիրը ձեզ հրավիրում է խմբագրություն, կգաք հայրիկիդ հետ…

Հայրս եղել էր «Որոտան» թերթի արտահաստիքային թղթակից, հրաշալի բանաստեղծություններ տպագրել, թեպետ կրթությամբ եւ մասնագիտությամբ զոոտեխնիկ էր, բայց` էությամբ` պոետ, մտածողությամբ` լայնախոհ, գործունեությամբ` ստեղծարար… ու, առանց երկմտելու, հավանություն տվեց թերթում աշխատելու` ինձ արված առաջարկությանը:

«Որոտան» թերում ընդունվեցի աշխատանքի` փոխարինելով հերթական ֆիզարձակուրդը գնացող սրբագրիչ Ամալյա Ալեքսանյանին… Ազատ ժամանակ էլ գրում էի, տպագրվում: Մի քանի ամիս անց խմբագիրն ինձ հրամանագրեց որպես գրական աշխատող…

…Մայիսի 5-ին ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար, նախկինում` «Որոտանի», հետագայում` «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր Շչորս Դավթյանը խմբագրության աշխատակազմին հրավիրել էր իր աշխատասենյակ, եւ քննարկում էին խմբագրության աշխատանքները, անելիքները, յուրաքանչյուրի գործունեությունը: Ինձ համար, իսկապես, անհայտ ու անծանոթ մի աշխարհ, որին կամաց-կամաց սովորում էի…

Երբ հերթը հասավ ինձ, լուսահոգի Շչորս Դավթյանը, սկսնակիս համար անսպասելի, ասաց` այս աղջիկը նորություն է …ինչը, ի զարմանս ինձ, լավ չընդունվեց բազմափորձ հնաբնակներից ոմանց կողմից… Թեեւ ընդամենը մի քանի ամիս հետո հենց ինքն էլ իմ թեկնածությունը երաշխավորեց ՀԼԿՄ Սիսիանի շրջկոմի քարտուղարի պաշտոնում, բայց նրա խոսքերը, կարծես, ճակատագրական դարձան…

Կուսակցական աշխատանքը, սակայն, իմը չէր, եւ, թողնելով արդեն Սիսիանի տրիկոտաժի ֆաբրիկայի կուսկազմակերպության քարտուղարի պաշտոնը (ականջդ կանչի` լայնախոհ ու խորագիտակ տնօրեն Սամվել Դանիելյան, չէր համաձայնվում, բայց` թողեց իմ հայեցողությանը), երկրորդ անգամ վերադարձա «Որոտանի» խմբագրություն. թերթի նամակների բաժնի վարիչ Ծովինար Պետրոսյանը տեղափոխվել էր Սիսիանի նորաստեղծ` Ադոնցի անվան պատմության թանգարան, եւ ես ընդունեցի խմբագիր Կ.Գ.-ի` այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկը:(Ես հատուկ չեմ այդպես գրում այս անուն-ազգանունը, ինքն էր այդպես ստորագրում իր հոդվածների տակ):

…Սիսիանում էլ էր սկսվել հայոց համազգային շարժումը, եւ թափ էր հավաքել «հինը կործանելու եւ նոր կարգեր հաստատելու պայքարը»: Սիսիանում իշխանության եկած նորերից շատերը իմ պայքարի ընկերներն էին, ու «նոմենկլատուրային անդեմ, անդիմագիծ խմբագրին» թվացել էր, թե հեսա իրեն հանելու են աշխատանքից, ինձ դնեն խմբագիր, քանի որ «պիտիմինուտկաներից» մեկի ժամանակ «սեփական խելք էի  ունեցել» ասել` ամեն տարի որ գրում ենք` նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ այս տարի 5 օր շուտ սկսեցին գարնանացանը, ուրեմն` գարնանացանը սկսել են …հունվարին, «անդեմին» սա թվացել էր նորերի կողմից ինձ խմբագիր նշանակելու ուղերձ, եւ, թեպետ իր խնդրանքով էի երկրորդ անգամ վերադարձել խմբագրություն, փնտրում էր ինձնից «ազատվելու» ելք… Տեւական ժամանակ իմ գրած հոդվածները չէին իջնում տպարան, թեեւ շաբաթական 3 անգամ տպագրվող թերթը նյութերի մեծ պահանջ ուներ, տեւական ժամանակ նրա աշխատասեղանին ստվարանում էր իմ ստորագրությամբ գրված նյութերի դափոնը, տեւական ժամանակ որեւէ թեմա «չէր վստահվում ինձ», բայց ես… գրում էի, գրում… Տեսնելով, որ մանկամիտ հնարքները չեն կարողանում կոտրել իմ գրիչը, հաստիքների կրճատման անվան տակ, «գորշ-անդիմագիծը» կրճատեց նամակների բաժնի վարիչի (իմ) եւ պատասխանատու քարտուղարի (Սերգեյ Վարդանյանի) հաստիքները, սակայն երեք ամիս հետո վերականգնեց Սերգեյ Վարդանյանին… Ինձ համար ամեն ինչ պարզ էր…

Փոխտնօրենի պաշտոնում մոտ երկու տարի աշխատեցի «Որոտան» թերթի` այն ժամանակ ինձ համար ամենալավ գրիչ, նախկին կոլեգա, բայց արդեն Սիսիանի պատմության թանգարանի տնօրեն Ծովինար Պետրոսյանի հետ:

Մեկ-եկու տարի հետո շրջանային նոր իշխանությունները «անդեմ ու գորշ նոմենկլատուրայինին» ազատեցին աշխատանքից… Հաջորդող 4-5 տարվա մեջ փոխվեց եւս 4 խմբագիր, եւ 1932 թվականից տպագրվող ՀԿԿ Սիսիանի շրջկոմի եւ շրջսովետի գործկոմի պաշտոնաթերթ «Որոտանը» դադարեց գոյություն ունենալ…

Տարիներն անցան… Սիսիանի մտավոր կարողությունները, Սիսիանի ինտելեկտուալ դիմագիծը գնահատող, ինտելեկտուալ, գրագետ, պրոֆեսիոնալ, համայնքային կառավարման բոլոր ոլորտներում բարձր նշաձողեր սահմանած եւ այդպես էլ անգերազանցելի մնացած, Սիսիանի ինքնուրույնության, սիսիանյան հոգեւոր-բարոյական արժեքների եւ արժանապատվության համար կռիվ տվող, պրոֆեսիոնալիզմը առաջնային համարող, լրատվամիջոցի հարգը, արժեքը կարեւորող համայնքային նոր ղեկավարի նախանձախնդրությամբ, անկախ կարգավիճակով, 1997 թվականի տարեվերջին հիմնադրվեց «Որոտան» անկախ թերթը… եւ ինձ` մարզային «Սյունիք» թերթի Սիսիանի թղթակցիս առաջարկվեց խմբագրել նորաստեղծ «Որոտանը», որտեղից մի ժամանակ ինձ ազատել էին աշխատանքից` «հնգամյակը` չորս տարում» «բարեխղճորեն կատարել չկարողանալու համար»… Իմ խմբագրմամբ «Որոտան» անկախ թերթի առաջին համարը տպագրվեց 1998 թվականի հունվարի 1-ին` շնորհավոր վերածնունդդ, «Որոտան» խորհրդանշական ուղերձով…

Դա իմ երրորդ եւ վերջին վերադարձն էր…

Լուսանկարը` Գ. Սահակյանի

(Շարունակելի)

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

05. 05. 2020 թ.

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Էս կռիվը մեր կռիվն է, ու մենք այն պիտի մինչեւ վերջ տանք… 44-օրյա պատերազմի նահատակ Ռաֆիկ Սիմոնյան

Տեղադրվել է - Փետրվար 25, 2022 0
Պատերազմի լուրը լսելուն պես, սեպտեմբերի 28-ին, առանց ծնողներին, միակ քրոջը տեղյակ պահելու Ռաֆիկը Մասիսից եկել է Սիսիան, կամավորագրվել հրետանային վաշտում:…

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ` ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ…

Տեղադրվել է - Հունիս 4, 2021 0
Վերջին զանգ, որ հնչեց վերջին, վերջին անգամ… Բոլոր զանգերից ամենապարտավորեցնողը, բոլոր զանգերից` ամենահուզիչը, բոլոր զանգերից` ամենապատասխանատուն, բոլոր զանգերից` ամենազիլը, բոլոր…

ԳԱՐԵԳԻՆ ՆԻԿՈԼՅԱՆԻ ԱՍՏՂԸ ԵՐԿՆՔՈՒՄ ՓՆՏՐԵՔ…

Տեղադրվել է - Հունվար 27, 2022 0
Երբ զրույցի համար պայմանավորվում էի 44-օրյա պատերազմի նահատակ Գարեգին Նիկոլյանի ընտանիքի անդամների հետ, քրոջ` Սոնայի հոգուց միանգամից հորդեց ամիսների կուտակվածը,…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code