ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` ՆՎԻՐՎԱԾ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

2777 0

Հոկտեմբերի 2-ին, արցախյան 44-օրյա պատերազմում զոհվելու առաջին տարելիցի օրը, Սիսիան քաղաքի իրենց շենքի բակում բացվեց պատերազմի նահատակ, փոխգնդապետ Արթուր Գալստյանին նվիրված հուշաղբյուր:

Արթուր Գալստյանը կանգնած է եղել հայոց բանակաշինության ակունքներում, մեծ ավանդ ունի Սիսական ջակատի կազմավորման, կայացման ճանապարհին, անցել է արցախյան առաջին պատերազմի ամենաթեժ մարտերով, պատերազմից հետո զբաղվել հայոց բանակի մարտունակ զինվոր պատրաստելու պատասխանատու գործուենությամբ:

Ծառայությունը սկսել է որպես դասկի, հետո` վաշտի, ապա` գումարտակի հրամանատար: Իր գումարտակի սպայական կազմի հետ մասնակցել է Կուբաթլուի, Զանգելանի, Ջաբրաիլի, Հորադիզի եւ Ֆիզուլիի շրջանի մի քանի գյուղերի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին: 1994 թվականի ապրիլի 15-ին վիրավորվել է եւ, դեռեւս չապաքինված, վերադարձել ռազմի դաշտ: Մինչեւ 1996 թվականը գումարտակի կազմով մարտական հերթապահություն է իրականացրել Ֆիզուլիի, 1996-2000 թ.թ.-ին` Սիսիանի պաշտպանական հենակետերում: Նրա գլխավորած գումարտակը միշտ ճանաչվել է լավագույնը գնդում եւ բանակային կորպուսում, իսկ 1999-ին որպես գծային գումարտակներից լավագույնը` ՀՀ զինված ուժերում:

2000-2004 թ.թ-ին զբաղեցրել է ՀՀ ՊՆ Վայքի զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնը: 2004-ին նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնի ավագ սպայի պաշտոնում, 2013-2015 թ.թ.-ին` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: 2015-ից տեղափոխվել է ՀՀ Զինված ուժերի պահեստազոր` պահեստազորի փոխգնդապետի կոչումով:

Հարազատները պատմում են, որ արցախյան առաջին պատերազմը հաղթած, մարտական նման ուղի անցած եւ 2015-ից է ՀՀ Զինված ուժերի պահեստազորում գտնվող զինվորականը շատ ծանր է տարել ապրիլյան քառօրյային չմասնակցելու փաստը, քանի որ դստեր ամուսինը առաջնագծում էր` Թալիշում, ինքը պիտի երեխայի ծնվելուն սպասող դստեր մոտ լիներ… Ոգով, էությամբ եւ մասնագիտությամբ զինվորականը, սակայն, առաջիններից էր, որ 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը, լուրը լսելուն պես, մեկ վայրկյան անգամ չի երկմտել, եւ Երեւանից մեկնել է Ստեփանակերտ` միանալու Սիսական ջոկատի իր մարտական ընկերներին ու զոհվել հոկտեմբերի 2-ին` Հադրութ քաղաքի` թշնամու հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտերի ժամանակ:

Հուշաղբյուրի բացման ժապավենը, հայոց օրհներգի հնչյունների ներքո, կտրեցին Արթուր Գալստյանի զավակները` Սուրենը եւ Հասմիկը: Օրհնության կարգ կատարեց  Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր-Պարգեւ Զեյնալյանը, ով ի մասնավորի նշեց, որ կենաց ջուրը, որ հավիտենության խորհուրդն ունի, թող միշտ ապրի մեր ժողովրդի մեջ: «Ամեն ոք, ով կգա այստեղ, հերոսի հիշատակի առջեւ կխոնարհվի, այս ջրից մի կում կանի, թող հիշի, թե հանուն ինչի նրանք իրենց կյանքը զոհեցին, եւ այդ կյանքի թանկ գնով շահված ու պահված հայրենիքը հարատեւության խորհրդով պիտի միշտ լինի եւ հիշի իր հերոսներին եւ իրենց փառքը եւ հիշատակը անմար լինի մեր ժողովրդի մեջ»,-ասաց Տեր-Պարգեւը:

Հուշաղբյուրի բացմանն իր սրտի խոսքը հնչեցրած Դավիթ Այվազյանը նշեց, թե որքան ծանր ու դժվարին օրեր ապրեցինք ազգովի, իսկ երբ հոկտեմբերի 2-ին մարտադաշտից հասան սիսիանցի տղաների` Արթուրի եւ Գարիկի զոհվելու մասին լուրերը, արդեն հասկանալի եղավ, թե ինչ պատերազմ էր պարտադրվել մեզ: Դավիթ Այվազյանը նշեց, որ Արթուր Գալստյանը պահետազորում էր, կարող էր եւ չգնալ մարտադաշտ, բայց նրա համար չափազանց բարձր էին հայրենիքի, ընտանիքի, թոռների ապագան պաշտպանելու, առավելապես` սպայի պատիվը բարձր պահելու գաղափարները, եւ նա չէր կարող դիտորդի դերում հեռվից հետեւել հայրենիքի ճակատագրին…«Կանցնեն տարիներ, կգան նոր սերունդներ, եւ շատերը, որ կխոնարհվեն այս ցայտաղբյուրից ջուր խմելու, հաստատ կպրպտեն, կհետաքրքրվեն, թե ով է եղել այն քաջորդին, ում հիշատակին կառուցվել է այս հուշաղբյուրը, ով իր կենդանության օրոք «Սարսափ» մականունն էր ստացել, որովհետեւ թշնամուն սարսափի մեջ էր պահում»,-ասաց Դավիթ Այվազյանը…

Արթուր Գալստյանի քույրը` Գոհար Գալստյանը խորին շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, քովքեր ջանք են դրել հուշաղբյուրը իրողություն դարձնելու համար, ովքեր իրենց հարգանքն ու խոնարհում են բերել հուշաղբյուրի բացմանը եւ ովքեր իրենց սրտերում վառ են պահում ու վառ կպահեն փոխգնդապետ Արթուր Գալստյանի եւ մեր մյուս բոլոր նահատակների հիշատակը: «Տարի, թե տարիներ, կապ չունի, սխրանքդ մեծ է, փառքդ` վսեմ, իսկ մենք միշտ շնորհակալ ենք այն լուսաբացների եւ մայրամուտների համար, որոնք մեզ տրվեցին ձեր կյանքի գնով: Մենք ձեզ երբեք բացակա չենք դնելու»,-ասաց փոխգնդապետի քույրը:

Արթուր Գալստյանի դուստրը` Հասմիկը նշեց, որ հայրը գնացել էր հաղթանակած վերադառնալու խոստումով, բայց` չվերադարձավ, բերեցին, ավելի ճիշտ` նա վերադարձավ որպես հուշաղբյուր, որպես հավերժության խորհրդանիշ ջուր, որ միշտ ներկա է լինելու մեր բոլոր օրերի եւ ժամանակների մեջ: Իսկ որդին` Սուրենը ամենամեծ մխիթարությունը համարեց հոր թողած ժառանգույունը` թանկ անունը, որ գրվեց-մնաց մեր հերոսամարտի տարեգրության մեջ…

Հուշաղբյուրի բացմանն իրենց խոսքն ասացին դպրոցականները` ընդգծելով, որ հայրենիքը երգով չեն սիրում, ոչ էլ` պաթոսով, հայրենիքը սիրում եւ նրան անմնացորդ նվիրվում են այնպես, ինչպես` փոխգնդապետ Արթուր Գալստյանը, ում ողջ կյանքը դրա ապացույցն էր ու վկայությունը:

«Որոտան»

02.10.2021

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Առաջին պատերազմը կեսրայրիս տարավ, 44-օրյան` տղայիս… Արայիկ Կիրակոսյանի մայր

Տեղադրվել է - Հունվար 10, 2022 0
Գյուղամիջում արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնն է: Անգեղակոթը շատ զոհեր տվեց Արցախյան պատերազմներում: Զոհվածներից ոմանք հուղարկավորվեցին Սիսիանի պանթեոնում, ոմանք` Եռաբլուրում, 15…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code