ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ

Տեղադրված է at Մայիս 15, 2021
917 0

Մեր բակերում, մեր փողոցներում, մեր շենքերի մոտ նոր ցայտաղբյուրներ, նոր խաչքարեր ու հուշարձաններ, նոր հուշաղբյուրներ են դրվելու մեր նորօրյա նահատակների անուններով` ի հավերժումն նրանց անմար հիշատակի, ի խոնարհումն նրանց անգին նվիրաբերումի եւ ի երախտագիտություն` ապրողաց…

Հուշաղբյուրը, որ մայիսի 13-ին բացվեց Սիսիանի Հովնան Որոտնեցի փողոցի տներից մեկի բակում, նվիրված է պատվախնդիր, հայրենավեր, մինչեւ կյանքի վերջին վայրկյանը հայրենքի համար մարտնչած եւ քաջաբար ընկած Վահագն Հրաչյայի Հովակիմյանին… 44 օրյա պատերազմի մեր ոսկե սերնդի այն ոսկեհատիկին, ում նահատակ մարմինն անգամ բիրտ ու բարբարոս, նենգ ու արյունռուշտ թշնամին, նրա գրպանում Աստվածաշունչը տեսնելով, վախեցավ խոշտանգել ու անարգել… եւ մարտիրոսի նրա աճյունը, ինչպես իրենք են ընկալել` որպես շահիդ, հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան օրը, պատերազմից 85 օր անց, հայոց կողմին վերադարձրեց որպես խաչի հրեղեն պսակակրի…

Վահագնը… Լուսավոր ու վարակիչ ժպիտով այս պատանին, ում համար քիչ են հազար ու մեկ անգամ հնչած ափսոսանքի խոսքերը, ում համար քիչ են հազար ու մեկ անգամ հնչած երախտագիտության խոսքերը, ում համար քիչ են անվերջ խոնարհումներն ու հավերժ փառավորումները…

Վահագնի ընտանիքի անդամներն ասում են, որ Վահագնը շարունակում է ապրել իրենց հետ եւ իրենց կողքին, բայց նրա հիշատակին պիտի հենց իրենց բակում հուշաղբյուր դնեին, որ բանուկ փողոցով անցնող յուրաքանչյուր ոք ամեն անգամ նրա հիշատակին կառուցված հուշաղբյուրից խոնարհվելով ջուր խմելիս մտապահի, որ հայրենիքն ապրում է Վահագնի նման նվիրյալների, Վահագնի նման հայորդիների արյան գնով եւ արյան հաշվին, որը հիմա հոսում է որպես կենարար ջուր…

Խիստ խորհրդանշական է նաեւ հուշաղբյուրի ձեւը` չպայթած նռնակ… Վիրավորված եւ թուրքի շունչը թիկունքին զգացող Վահագնը, չցանկանալով ընկնել նրա ձեռքը կամ` գերեվարվել, վերջին նռնակով պայթեցրել է իրեն… Վահանգի քույրը` Անահիտը, ով կորցրել է ամենաթանկն ու ամենասիրելին, ով նաեւ այս գաղափարի եւ մտահղացման հեղինակն է, ցանկանում է որ բոլոր նռնականերն այսուհետ դառնան նռնակատեսք հուշաղյուրներ ու ցայտաղբյուրներ եւ կյանքով լցնեն աշխարհն ու պատերազմասեր մարդկանց սրտերը…

Վահագնի մայրը` տիկին Անժելան, չհաշտվելով դաժան իրականության հետ, փորձում է իրեն մխիթարել Վահագնի` ջրի նման երկարող կյանքի իմաստավորմամբ, որ պիտի հովացնի անցորդի պապակը եւ շարունակի այսկերպ ապրել ու հավերժել յուրաքանչյուրի ու բոլորի համար…

Կյանքում շատ բան տեսած եւ շատ ցավեր հաղթահարած պապը` Գառնիկ Հովակիմյանն ասում է, որ իր ընտանիքից շատերն են իրենց կյանքը տվել հանուն հայրենիքի, որ մեծ եղբայրը զոհվել է Հայրենականում, մյուս եղբայրը` Արցախյան առաջին պատերազմում, կորցրել է երիտասարդ զավակ, բայց Վահագնի կորստի ցավը անչափելի է, որովհետեւ Վահագնը ուրիշ առաքելություն ուներ կյանքում, սակայն ճակատագիրը դաժանորեն «սրբագրեց» իրենց ընտանիքի մեծ երազանքը….

Վահագնը… Լուսավոր ու վարակիչ ժպիտով այս պատանին…

Ծնվել է 2000 թվականի հուլիսի 22- ին՝ Սիսիանում։ Մանկությունն անցել է Անգեղակոթում: Երկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան՝ Չիտա քաղաք։ 2006 թ-ին վերադարձել է Հայաստան: Սովորել է Սիսիանի` Վուրգ Ոսկանյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում։ 2016-ին, գերազանց առաջադիմությամբ ավարտելով դպրոցը, ուսումը շարունակել է Սիսիանի ավագ դպրոցի իրավագիտական հոսքում։ Մասնակցել է բազմաթիվ օլիմպիադաների եւ ունեցել բազում ձեռքբերումներ։ 2019 թ-ին ընդունվել է ԵՊՀ -ի Արեւելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժինը։

2019 թ.-ի հուլիսի 30 ին զորակոչվել է հայոց բանակ եւ ծառայել Մատաղիսի զորամասերից մեկում: Ծառայության ընթացքում աչքի է ընկել իր ռազմական գիտելիքներով ու զարմանալի համարձակությամբ, հայրենասերի վառ կերպարով ու բացառիկ անհատականությամբ, ինչը աննկատ չի մնացել հրամանատրության կողմից, եւ Վահագնին նշանակել են հրետանու նշանառու: Ստեփանակերտում 2020-ի հուլիսին մասնակցել է դասընթացների, ստացել կրտսեր սերժանտի կոչում եւ նշանակվել դիրքի ավագ: Անշեղորեն կատարել է Ջալալ Հարությունյանի բոլոր ռազմական հրամանները, արժանանացել նրա քաջալերանքին: Եղել է պահանջված նշանառու, ում դիրքից դիրք են տեղափոխել։ Պատերազմի առաջին իսկ օրից եղել է առաջնագծի ամենաթեժ հատվածներից մեկում՝ Մատաղիս-Թալիշ հատվածի դիրքերում։ Անձնուրաց պաշտպանել է իրեն վստահված դիրքերը։ Սպետեմբերի 29-31-ին Վահագնի հրաձգային վաշտը ընկել է շրջափակման մեջ։ Մնալով միայնակ` հրամանատարի հետ 2 օր ապահովել են ծառայակից ընկերների նահաջը՝  հետ շպրտելով թշնամու 200 հոգանոց խմբի գրոհը եւ շրջափակումից դուրս բերել մի ողջ վաշտ։ Հրամանատարական կազմը, նկատելով Վահագնի հերոսական գործողությունները, որոշել էր հենց մարտի ժամանակ նրան շնորհել լեյտենանտի կոչում, բայց Վահագնը հրաժարվել է` առավել կարեւորելով մարտական գործողությունները, քան` կոչումները…

Կորցնելով հրամանատարներին, եւ չունենալով այլ ելք, ինքն է ստանձնել հրամանատարի պարտականությունները, անմիջապես ստացել մարտական առաջադրանք՝ պաշտպանել Մարտակերտի կարեւոր բարձունքը: Հոկտեմբերի 13 -ին, կրելով ծանր կորուստներ, ստացել է նահանջի հրաման, բայց չի նահանջել… Ոչնչացնելով թշնամու լուրջ ռազմական տեխնիկան, ապահովել է զինակիցների նահանջը` հորդորելով` դուք գնացեք, ես կպահեմ… Ու` պահել է… Ինքն ընկել է, բայց Մարտակերտը հիմա մերն է…

Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախություն եւ անմնացորդ նվիրումի, հերոսական սխրանքների համար, ցավոք, հետմահու, Վահագն Հրաչյայի Հովակիմյանը ԱՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով եւ «Մարտական ծառայության» համար մեդալով, որը ծնողներին է հանձնել Արցախի պաշտպանության բանակի գեներալ Բալայանը։

Հավերժ փառք քեզ, վահագնափայլ Վահագն… Դու, որ ոչ միայն նահատակ ես ու մարտիրոս, ոչ միայն գաղափար ես, դու հիմա նաեւ ջրի պես զուլալ ու ջրի պես երկար հավերժում ես որպես հուշաղբյուր…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

2016, ԱՊՐԻԼԻ 3. ԵՎ ԴԱՐԻՑ ԵՐԿԱՐ ՁԳՎՈՂ ՕՐԸ…

Տեղադրվել է - Ապրիլ 3, 2022 0
2016-ի ապրիլի 1-2-ին 18-20 տարեկան զինվոր- տղերքը սահմանին արդեն հաղթել էին մահին ու անմահացել, մինչդեռ մենք, անգիտությամբ բախտավոր, դեռ խաբար…

Զաքար Խաչատրյանի դիմաքանդակը. «ՏՈՒՆԴԱՐՁԻ» ԱԿՆԿԱԼԻՔՈՎ…

Տեղադրվել է - Մայիս 18, 2021 0
Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի վարիչը լինելու նախանձախնդրությունն ու շահագրգռվածությունը, միեւնույն ժամանակ` լրագրողական հետաքրքրասիրությունն ինձ տարան մի վայր, որը…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code