ՀՈՒՇԱԿՈԹՈՂ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

3936 0

Քաղաք Սիսիան, Կոմիտաս 4 տուն… Մինչեւ 2020-ի հոկտեմբերի 9-ը սովորական մի տուն, որտեղ ապրում էր երջանիկ մի ընտանիք, որտեղ հասակ էին առել երկու քույր, մի եղբայր, որտեղ մայրը աղոթասեր էր ու աստվածավախ, հայրը` աշխատող ու ստեղծող… Սակայն 2020-ի հոկտեմբերի 9-ից հետո ամբողջությամբ խաթարվեց այս ընտանիքի երջանկությունը, փոխվեց նրանց կյանքը, առօրյան, տրամադրությունը… Զոհվել էր տան միակ տղան… Ծնողները կորցրել էին օջախի ծուխը շարունակողին, քույրերը` նվիրած եղբորը, զարմիկները` ամենաբարի քեռուն… Բայց կորցնողը միայն նրանք չէին… Պարզվեց` Հովոն միայն նրանցը չէր. ընկերները կորցրել էին լավագույն ընկերոջը, ուսուցիչները` գերազանց աշակերտին, զինակիցները` գաղափարական ու անձնուրաց զինակցին, հայ առաքելական եկեղեցին` հավատավոր զավակին, հոգեւորականները` հոգեկից ու հավատակից, ծառայակից դպրին, ուսանողական ընկերները` լավագույն ուսանողին, պատերազմող բանակը` աննահանջ ավագ լեյտենանտին, Կամիտաս փողոցը` բոլորի սիրելի Հովոյին, Սիսիան քաղաքը` ճակատագրի սերնդի ոսկեհատիկ մի սերմ, եւ յուրաքանչյուրը` իր Հովոյին…

Մեկ տարի անց` հոկտեմբերի 9-ին այս տան պատին ցուցանակ փակցվեց` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ, «Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի» արժանացած, ավագ լեյտենանտ Հովհաննես Գրիգորյանի: Մեկ տարի անց այս տան խաչմերուկ-բակում հուշակոթող բացվեց` նվիրված ամենքի եւ յուրաքանչյուրի Հովոյին… Բոլոր բառերը Հովոյինն էին, բոլոր խոնարհումները Հովոյինն էին, բոլոր ծաղիկները Հովոյինն էին, բոլոր արցունքները Հովոյինն էին, բոլոր փառավորումները Հովոյինն էին` բոլորիս Հովոյինը, մեր Հովոյինը, Հովհաննես Գրիգորյանինը…

Հովհաննես Գրիգորյանն սովորել է Երեւանի ճարտարագիտական համալսարանում, ուսմանը զուգահեռ վերապատրաստվել մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտում, ավարտելուց հետո ծառայել է Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում որպես ռադիոյի դասակի հրամանատար: Ծառայության ընթացքում հրամանատարության կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ շնորհակալագրերի… եւ սկսվում է 44-օրյա պատերազմը …

Բաց խորան հիշեցնող սյունակերտ հուշակոթողը Հովոյի ապրած կյանքի եւ ճակատագրի խտացումն է ու մարմնացումը, ամրակուռ սյուներ են, խաչ է, արծիվ է, սուր է, վահան է, արկեր են ու կենաց ջուրը… եւ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների դրոշները, հանուն որի կռվեց եւ ընկավ մեր ամենապայծառ նահատակներից մեկը: Խաչի նվիրյալ էր, հավատի նվիրյալ, գաղափարի նվիրյալ, հպարտ ու հզոր հայրենիքի նվիրյալ, երկրի զավակն էր, երկրի սյունը, երկրի կենարար արյունը, հավերժումի հարահոս ընթացքը…

Հովոյին ճանաչող յուրաքնչյուր ոք իր բաժին Հովոն ուներ, իր մասնիկը, բայց ամենից շատ եւ ամենից առավել` նա ազգի Հովո-Հովհաննեսն էր, ու հավետ պիտի նրանը մնա` հայոց սրբազան նահատակների փաղանգում… Հովոն, բոլորի Հովոն… Թվում է` նրա մասին ասվել են բոլոր խոսքերը, թվում է` նրա մասին գրվել են բոլոր բառերը: Բայց Հովոյի մասին դեռ չասված բառեր կան, չգրված տողեր, չհնչած հույզեր, չարտաբերված մտքեր:

Հուշակոթողի ձեւը եւ բովանդակությունն ընտրել են ընտանիքի անդամները` յուրաքանչյուրն իր մասնիկը դնելով ընդհանուր գաղափարի մեջ: Նրանցից առավել ոչ ոք այնպես չէր կարող ճանաչել իրենց որդուն… Բայց` ոչ… Ինչպես խոստովանեց հայրը` Կառլեն Գրիգորյանը, թեեւ 25 տարի պահել-մեծացրել են իրենց զավակին, թվում է` ամեն ինչ գիտեին նրա մասին, բայց այս մեկ տարվա ընթացքում այնքա~ն նոր բաներ բացահայտեցին ընկերների, զինակիցների միջոցով, ինչը միայն հպարտությամբ լցրեց իրենց ցաված հոգին, մխիթարություն բերեց իրենց անօգ վիճակին եւ թեթեւություն` իրենց վշտին…

Տան պատին փակցված հուշատախտակը բացեցին Հովհաննես Գրիգորյանի ծնողները` Կառլեն եւ Աստղիկ Գրիգորյանները, հուշակթողի բացման ժապավենը կտրեցին Հովհանես Գրիգորյանի մարտական ընկեր, գնդապետ Արմեն Իսրայելյանը եւ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգսյանը: Հայաստանի եւ Արցախի հանրապետության դրոշները բարձրացրեցին Հովհաննեսի մարտական ընկերները,  դասընկերները եւ ընկերները, հուշակոթողը բացեցին երկու քույրերը: Իրենց օրհնության խոսքն ասացին հավատակից հոգեւորականները, եւ խնկաբույրը տարածվեց-տարրալուցվեց համակ ցավի մեջ որպես բալասան ու սպեղանի` բոլոր ցաված հոգիներին…

Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ սովորել է Հովհաննես Գրիգորյանը, իրենց հավերժ աշակերտին հիշում են մշտապես, նրա անվան դասասենյակ են բացել, իսկ հուշակոթողի բացման ժամանակ հնչած դպրոցի տնօրեն Գոհար Սարգսյանի խոսքը ամենադիպուկն էր բնորոշում երբեք չնահանջող, դժվարություններից չընկրկող, գիտակ ու բանիմաց աշակերտին, երբ «Հայ ասպետ» խաղին մասնակցության համար հենց ինքն էր ընտրել «Քաջությամբ սկսած գործը պիտի քաջությամբ ավարտել» նշանաբանը: Այդպես ապրեց եւ այդպես էլ անմահացավ հավերժ իրենց աշակերտը:

Սիսիանի ավագ դպրոցում, որտեղ հետո սովորել է Հովհաննես Գրիգորյանը, ուսուցիչները դասերի ժամանակ հաճախ են օրինակ բերում իրենց խոհեմ, ուշիմ, համեստ, խելացի աշակերտին, եւ անասելի ափսոսանք ապրում, որ նա կյանքին շատ բան կարող էր տալ, այնինչ` իր կյանքը տվեց հայրենիքին` փրկելու շատ կյանքեր, փրկելու այլ արժեքներ, փրկելու հայրենիքը… Ինպես նշեց Հովհաննես Գրիգորյանի նախկին ուսուցչուհի Նարա Հովհաննիսյանը, Հովոյի ամենասիրած տողերը Սեւակի տողերն էին` «Ես օգնեցի բոլորին, ես ինձ մենակ չօգնեցի»… Ի՞նչ իմանար Հովոն, որ դրանք սոսկ բանաստեղծական խոսքեր չէին եւ սոսկ ուրիշի ապրած խոհեր էին, բայց պատերազմ կոչվող իրական կյանքում ինքն էլ այդպիսին եղավ… Ուսուցչի հետ ներկա էին նաեւ Հովհաննեսի դասընկերները… Շարքում Հովոյի կանգնած տեղը թափուր էր… Թափուր էր, բայց ոչ` դատարկ… Հովոն ներկա էր իր հավերժ ներկայությամբ, Հովոն ներկա էր շարք կանգնած տղաների թիկունքին` որպես լուսանկար, որպես հուշակոթող, որպես կենաց ջուր, որպես երդում, որպես սուր եւ վահան, որպես աստվածաշնչյան պատգամ եւ նժդեհյան խորհուրդ…

Հովհաննես Գրիգորյանի մարտական ընկեր, N զորամասի հրամանատարի տեղակալ, խոգնդապետ Ավալյանն ի մասնավորի նշեց, որ շատերը Հովհաննես Գրիգորյանին ճանաչում են որպես լավ բարեկամ, լավ զավակ, լավ ընկեր եւ հարեւան, բայց ինքն առավելապես կուզենար, որ բոլորն իմանային ավագ լեյտենանտ Հովհաննես Գրիգորյանի զինվորական գործունեության մասին, քանի որ ամենից զատ եւ ամենից առաջ Հովհաննես Գրիգորյանը, որպես զինվորական, իրեն դրսեւորել է բացառապես դրական կողմերով, ճիշտ ու հստակ է կատարել իր առջեւ դրված բոլոր մարտական եւ ուսումնական խնդիրները, ինչի վառ ապացույցը զինվորական ծառայության կարճ ժամանակահատվածում նրա ստացած պատվոգրերը, գերատեսչական մեդալներն էին, որոնք շնորհվել էին իրենց սիրելի ընկերոջը որպես լավ ծառայության խորհրդանիշ: «Ինձ եւ իմ մարտական ընկերներին բախտ է վիճակվել ճանաչել այնպիսի մի վառ անհատականության, այնպիսի մի հերոս զինվորականի, ինչպիսն էր Հովհաննեսը, մեր մարտական ընկերը, ով իր խիզախությունը եւ արիությունը կարողացավ դրսեւորվել նաեւ 44 օրյա պատերազմի օրերին: Հովհաննեսի հետ շփվել եմ նաեւ անմիջապես եւ անմիջական մարտական գործողությունների ընթացքում, 7-րդ պաշտպանական շրջանի Տոնաշեն կոչվող հատվածում: Մարտական գործողություններից մեկին նախապատրաստվելիս մի զրույցի ընթացքում Հովհաննեսն ասաց, որ միեւնոււյն է, մինչեւ վերջին պահը, մինչեւ վերջին վայրկյանը մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է կատարել իր առջեւ դրված խնդիրները եւ մինչեւ հաղթանակի չհասնենք, չպետք է լքենք մարտի դաշտը: Այսօր ես մեծ ոգեւորությամբ իմ բոլոր ընկերների հետ իմ ընկերոջ հուշաքարի մոտ խոստանում եմ բոլորիդ, որ անպայմանորեն կիսատ չենք թողնելու մեր մարտական ընկերոջ գործը… Փառք մեր հերոս ընկերներին, փառք ավագ լեյտենանտ Գրիգորյանին, փառք հայ ժողովրդին»,- ասաց փոխգնդապետը:

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանը, ով նաեւ Հովհաննես Գրիգորյանի դասընկերոջ հայրն է, շեշտեց, որ 2020-ի սանձազերծ պատերազմի նպատակն էր քոչվոր հիմքի վրա ստեղծված եւ մինչ օրս էթնիկ ինքնության փնրտրուքի մեջ գտնվող արհեստածին Ադրբեջան կազմավորման եւ ադրբեջանցիների համար մեծ Ադրբեջան ստեղծելու հեռահար նպատակով զավթել բուն հակական տարածքները, ստեղծել մեծ Ադրբեջան եւ այն հենակետ դարձնել պանթուրքիզմի գաղափարախոսությամբ նախանշված միանալու կենտրոնական Ասիայի թրքալեզու ժողովրդներին: «Լայնածավալ այս պատերազմի ընթացքում հայոց բանակը արեց ամեն ինչ իր հերոս քաջորդիներով, որ պաշտպանի հողը հայրենյաց :Եվ պաշտպանեց: Այս նենգադավ, թուրք-ադրբեջանական պատերազմում մենք չենք պարտվել, մենք ռազմական ձախողում ենք ունեցել, բայց չենք պարտվել: Հաղթանակները, լիահույս եմ, դեռ առջեւում են»,-ասաց պատմաբանը:

Գեւորգ Ստեփանյանը նշեց, որ Հովհաննեսի ամբողջ կերպարը, նրա մարդկային էությունը պետք է բնութագրել հետեւյալ բանաձեւի մեջ` ազգ, եկեղեցի եւ հայրենք, եւ, ի մասնավորի շեշտեց, որ Հովհաննեսը 10 տարի սվորել է մի դպրոցում, որը կրում է ազատամարտիկ Արշակ Գրիգորյանի անունը, եւ 10 տարի նա դպրոցի բակում կանգնեցված Արշակի կիսանդրու ներքո է հաճախել դպրոց, տոգորվել Արշակի եւ մեր ազատամարտիկների կերպարով ու գաղափարախոսությամբ, առաջին իսկ դասարանից նրա մեջ ձեւավորվել է ազատագրական պայքարի ուղին, մարտնչող ուղին: Հովհաննեսը պատանի հասակում հաճախել է Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, իր հոգեւոր ձառայությունն անցկացրել որպես դպիր, այստեղ էլ ձեւավորվել է նրա աստվածահաճո գործունեությունը, հավատն առ աստված` ծառայել հայ ժողովրդին, ծառայել հայ ազգին: «Հովհաննեսի խտացված կերպարի մյուս մարմնավորումը հայրենիքի նկատմամբ ունեցած նրա սերն էր, որը վերածվել էր հողապաշտության»,-ասաց պատմաբանը եւ նշեց, որ շուրջ 10 տարի պատմության ինստիտուտի աշխատակիցներով շրջել են հայոց բանակի զորամասերում, դասախսություններ կարդացել զինվորների համար ու ամեն անգամ Հովհաննեսի զորամասում լինելիս մեծ երանությամբ է լսել նրա հրամանատար, գնդապետ Թաթուլ Հովակիմյանի գովեստի բացառիկ խոսքերը Հովհաննեսի մասին ու դրանք հիացմունքով փոխանցել նրա ծնողներին:

«Նայելով այս գեղեցիկ հուշահամալիրին հպարտության վեհ զգացումներ ենք ապրում, խորհուրդը մեծ է` ոչ այնքան, որ կառուցված է իր մանկության, պատանեկության տան մոտ, այլ շատ ավելին. կառուցված է այն դպրոց տանող ճանապարհին, որը կրում է Սիսիանի մերօրյա ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնադիր Վուրգ Ոսկանյանի անունը: Քիչ այն կողմ, անկյունում, կա մի փոքրիկ հուշաղբյուր` նվիրված ազատամարտիկ Արմենի, քիչ վերեւ` մեկ հուշաղբյուր նվիրված ազատամարտիկ Գեւորգին, մեկ փողոց այն կողմ արցախյան 44 օրյա պատերազմում զոհված Վահագն Հովակիմյանի հուշաղբյուրն է ու պատի մեծադիր նկարը, քիչ ավելի ներքեւ Վուրգի արձանն է` թեևատարած ու բռունցքված, որը մեր ազատամարտի հավերժության խորհրդանիշն է: Այսօր կա Արցախը, փոքրիկ, վիրավոր, բայց` կա: Հիշեցնեք Մոնթեի մարգարեական խոսքը` եթե մենք կորցնենք Արցախը, կփակենք հայոց պատմության վերջին էջը: Մենք դրա իրավունքը չունենք: Արցախի Հանրապետությունը Հայաստանի գոյության առհավատչյան է»,-նշեց պատմաբանը:

Հովհաննեսի մասին սրտառուչ խոսք ասաց Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նախկին սպասավոր Տեր-Գրիգոր քահանա Հովսեփյանը եւ առանձնապես շեշտեց Հովհաննեսի խոնարհ լինելը, եկեղեցասեր լինելը, իր հասակից բարձր մոմակալը պատասխանատվությամբ կրելը, օրվա եւ տարվա ցանկացած ժամանակ իր ծառայությունը եկեղեցուն անտրտունջ եւ սիրով կատարելը, ինչը եւ նրան դարձրեց հայ առաքելական եղեղեցու նվիրյալ զավակ, ազգի պահապան հրեշտակ, որը հիմա երկնային թագավորությունից է հսկում բոլորիս:

Կարճ էր Հովհաննեսի կյանքը, բայց` բովանդակալից, նա խորը հետք թողեց իր ապրած կարճ կյանքում` իր կյանքով փրկելով բազմաթիվ կյանքեր: Հովհաննեսը շարունակվում է արցախցի մարտական ընկերոջ` լույս աշխարհ եկած զավակի մեջ` կրելով նրա անունը, Հովհաննեսը շարունակվում է Արցախ-Հայաստան անքակտելի կապի մեջ, որ հիմա երկրորդ տուն է դարձել Հովհաննեսի ծնողների համար եւ հավերժորեն իրենց կապել Արցախի հետ: Հովհաննեսը շարունակվում է այնքան, ինչքան որ կա բոլորիս հիշողություններում եւ մեր հերոսական պատմության էջերում…

Սիսիան քաղաքի Կոմիտաս փողոցի թիվ 4 տան խաչմերուկ-բակում Հովհաննես Գրիգորյանի հուշակոթողն է, խաչն է, սուրն է, վահանն է, կենաց ջուրն է… Քաջաց խաչմերուկն է, որտեղից սկսվում եւ որտեղով անցնում են մեր բոլոր նահատակների ոտնահետքերը, որ մի օր պիտի հաղթանակ բերեն բոլորիս տուն, հայոց տուն…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ, ԶԻՆՎՈՐ…

Տեղադրվել է - Հուլիս 9, 2021 0
Որքան վաղուց իմ գրիչն ուրախ նյութեր չի գրել, որքան վաղուց իմ ֆոտոխցիկը ուրախությունից ճառագող դեմքեր չի տեսել, որքան վաղուց ես…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code