ՀԻՄԱ ՈՉ ՈՐԴԻ՛Ս ԿԱ, Ո՛Չ ԷԼ` ՇՈՒՇԻՆ… 44-օրյա պատերազմի նահատակ Արմեն Գրիգորյանի մայր

Տեղադրված է at Փետրվար 11, 2022
879 0

Գրիգոր Գրիգորյանի եւ Մանյա (Մարգարիտ) Քարամյանի երկու տղաներն էլ ծնվել են արցախյան առաջին պատերազմի տարիներին: Ծնողները դժվարությամբ, մեծ տանջանքով են մեծացրել Խաչիկին եւ Արմենին, բայց հավատով, որ երկրի, հայրենիքի, իրենց օջախի համար դաստիարակված, պարկեշտ մարդիկ են մեծացնում: Մայրը պատմում է, որ որդին` Արմենը, անհամբերությամբ էր սպասում սեպտեմբերի մեկերին, որ հպարտությամբ ստանար բարձր առաջադիմության համար իր գովասանագրերը եւ ուրախացներ իրեն: «Կարգապահության, համեստության, պարտաճանաչության, լավ սովորելու համար 9-րդ դասարանում դասղեկ Ծովինար Սերգեեւնան Արմենիս դասարանի ավագ էր նշանակել, հպարտանում էր նրանով… Կյանքը որքա~ն հակասական է: Հիմա իմ որդին չկա, իսկ նրա սիրելի դասղեկը դեռ սպասում է իր տղային… Դժվար է, ծանր է…»,- ասում է տիկին Մանյան:

Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Արմեն Գրիգորյանը մտադիր էր բժիշկ դառնալ, բայց մայրը որդու` շատ բարի, մեղմ բնույթը համատեղելի չի համարել բժշկության հետ, ու նա 2009-ին դարձել է Ազգային ագրարային համալսարանի հողագույքային հարաբերություններ բաժնի ուսանող եւ բարձր առաջադիմությամբ սովորել չորս տարի…

Ուսումը մագիստրատուրայում շարունակել չի հաջողվել, քանի որ պիտի պարտքը կատարեր հայրենիքի հանդեպ եւ ծառայության կոչվեր բանակ… Արմենը չէր սիրում զենքը, բայց կարծես ճակատագիրը նրան անընդհատ տանում էր դեպի բանակ: Փոփոխված օրենքի համաձայն` այլեւս չէր կարող ծառայել 18-ամյա զինվորների հետ, ուստի նրան առաջարկվում է մեկ տարի սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 2014-ին, լեյտենանտի կոչումով, Արմեն Գրիգորյանն ավարտել է ռազմական ինստիտուտի դասակների հրամանատարների պատրաստման մեկամյա դասընթացը` հրետանային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ եւ 3 տարի ժամկետով ծառայության գործուղվել Ջրականում (Ջաբրայիլ): Զուգահեռ` համապատասխան քննություններ է հանձնել Երեւանի մանկավարժական համալսարանի իրավագիտական բաժնի մագիստրատուրայում, բանակային ծառայությունից հետո ուսումը շարունակելու ակնկալիքով…

Սակայն զենք եւ զինվորական գործը չսիրող լեյտենանտին պատերազմը կարծես «հետապնդում էր». ռազմական առաջին մկրտությունը Արմեն Գրիգորյանը ստացել է ապրիլյան քառօրյայում, որտեղ էլ դրսեւորվել են նրա կազմակերպչական, մարտական բարձր որակները, ինչի համար արժանացել է պատվոգրի: Եռամյա ծառայության պայմանագիրը լրանալուց հետո Արմենը լրջորեն մտադրվել է դուրս գալ համակարգից, շարունակել ուսումը մագիստրատուրայում, բայց այս անգամ էլ հրամանատարությունը, գնահատելով ավագ լեյտենանտ Արմեն Գրիգորյանի մասնագիտական որակները, նվիրվածությունը, գրագիտությունը, պատրաստվածությունը, առաջարկել է մնալ համակարգում եւ ծառայության մտնել Սիսիանի զորամասում: «Ասում էր` մամ, ես չեմ կարող խիստ լինել զինվորների նկատմամբ, ամեն մեկը մի տան տղա է… Նրանց հետ հարազատի պես էր վերաբերվում, ոչ թե` ենթակայի… Բայց համաձայնվեց ու մնաց, եւ 2018-ին ծառայության մտավ Սիսիանի զորամասում…Մեր աչքի առաջ էր, մեզ հետ, եւ դա արդեն լավ էր: Ասում էր` որտեղ ուզում ես աշխատիր, մարդ պիտի գրագետ լինի, չէր կարողանում համակերպվել անգրագետների հետ հատկապես` զինվորական համակարգում: Ասում էի`բալես, հերոս լինելու համար մի կյանք է պետք, գիտնական լինելու համար` մի ամբողջ կյանք»,- պատմում է մայրը ու հավելում, որ Արմենը շատ բարձունքների կարող էր հասնել…

«Հերոսն ուներ մեկ կյանք եւ այն տվեց հայրենիքին` հասնելով ամենաբարձր` անմահության բարձունքին» իմ միջամտությունը մորը չի մխիթարում, ասում է` չի ուզում այդպիսի բարձունք, դա իրեն պետք չէր…

Պատերազմից երեք ամիս առաջ զորավարժությունների էին: Հետո տղաներին տարան Սիսիանի դիրքեր: Օգոստոսի 26-ին իջան, նորից բարձրացան… «Սեպտեմբերի 27-ին Աղոթարանից զանգեց, ասաց` մամ, գիտե՞ս, որ Ջաբրայիլում կռիվ ա, ասացի` Արմեն ջան, աստված կա վերեւը, տես, դու Ջաբրայիլից եկել ես այստեղ, ապահով ես, ասաց` է~, մամ…»: Հոկտեմբերի 1-ին Արմենը տնեցիներին տեղեկացրել է, որ տանում են Ջաբրայիլ: Քանի որ տեղանքին լավ ծանոթ էր, իրեն են վստահել ջոկատը այնտեղ հասցնելու կարեւոր առաքելությունը: Ճանապարհին, սակայն, շարասյունը հրետակոծվել է, բարեբախտաբար, ինչպես ասել է Արմենը, պայթել է ոչ թե զենքի, այլ` սննդի մեքենան…

«Ջաբրայիլից ամեն օր զանգում- ասում էր` մամ, մորթոցի ա, մորթում ենք, ինձ Ջաբրայիլի գազան են ասում, ես ախուվախ չունեմ, 2 միավոր եմ խփել, 30 միավոր եմ խփել, ես չէի հասկանում` ինչ է դա…Նրա զինվորներն են հետո ասել, որ Արմենը մեծ շարասյուն է խփել… Արմենս շատ հավատքով էր, կարծես աստված էր իրեն ոգեշնչում, ներշնչում, անհավանական մի ուժ էր իջել վրան, էնքան ոգեւորված էր, էնքան վստահ, որ մենք հաղթելու ենք, ասում էր` թուրքը ում շունն ա, որ մեզ հաղթի… Ընկերուհիներս, որ երբեմն ներկա էին լինում մեր խոսակցություններին, ասում էին` Արմենը հերոսի կոչումով ա գալու…»,-պատմում է մայրը:

Հոկտեմբերի 14-ի առավոտյան Արմենը զանգահարել է մորը, խնդրել հորը հիվանդանոց տանել` ստուգման: Հայրը հրաժարվել է` սպասելով որդուն: Սակայն որդին համոզել է ծնողներին գնալ հիվանդանոց: Հոկտեմբերի 14-ի երեկոյան իրենց զանգերին չի պատասխանել: Հոկտեմբերի 15-ին` նույնպես: Ավագ եղբայրը` Խաչիկը, արդեն խիստ անհանգստացած, զանգահարել է Արմենի վարորդին` սիսիանցի Գոռին. Գոռն ասել է` Արմենը հեռու է: Հաջորդ զանգի ժամանակ արդեն չի կարողացել թաքցնել իրողությունը… 34 հոգանոց վաշտից զոհվել էր միայն… հրամանատարը` Արմեն Գրիգորյանը, մեկն էլ` թեւից թեթեւ վիրավորվել…

Հետո ամենուր փնտրել են Արմենի աճյունը, բայց մոր սիրտը վկայել է, որ նրան փնտրեն հենց այնտեղ, որտեղ վարել է վերջին մարտը… Կարմիր Խաչի միջոցով դեկտեմբերի 22-ին այդտեղից էլ գտան 28-ամյա ավագ լեյտենանտ Արմեն Գրիգորի Գրիգորյանի աճյունը ու հանձնեցին ծնողներին: Դնթ անալիզի պատասխանին չսպասեցին, որդու հագուստներից, իրենց գնած զինվորական կոշիկներից հարազատները ճանաչել էին իրենց նահատակին: 2020-ի դեկտեմբերի 23-ին նրա աճյունն ամփոփվեց Եռաբլուրում: Մեկ ամիս հետո միայն ստացան դնթ թեստի դրական պատասխանը, չնայած` կասկած էլ չունեին…

Ի պատասխան իմ` ինչո՞ւ Արմենին հուղարկավորեցին ոչ թե Սիսիանի պանթեոնում, այլ` Եռաբլուրում, մայրն ասաց, որ Արմենը Երեւանը շատ էր սիրում, գրանցված էր այնտեղ, մի փոքրիկ բնակարան էր գնել… Որդու մահից հետո ինքն ու ամուսինը տղափոխվել են Երեւան, ապրում են այդ տանը, որ մոտիկ լինեն որդուն, որ ավելի հաճախ գնան նրան այցի, որ որդուն մենակ չթողնեն, չնայած` մենակ չէ, շատերն են այցելում նրան, հատկապես` իր զինվորները, ովքեր իրենց կյանքը իրենց հրամանատարի անգին նվերն են համարում իրենց…

Եռաբլուրում, իրենց խնդրանքով, մի օր հանդիպել են Արմենի զինվորներին, որ շատ հաճախ են այցի գնում հրամանատարին: Տղաներն ասել են, որ իրենց կյանքով պարտական են նրան, խոնարհվում են նրա շիրմին, երախտապարտ են, քանի որ այնքան գրագետ, այնքան կազմակերպված է կառավարել հզոր հրետանին, անթերի կատարել Որոտան-1 հրամանատարական կետի հրահանգները, որ մարդկային ոչ մի կորուստ չի ունեցել, բացի` իրենից… Խնայելով իր զնվորներին` թշնամու թիրախի տակ ինքն է անհրաժեշտ զինամթերքը տեղափոխել… Հրամանատարի ժպիտը, ոգին ուժ է տվել իր զինվորին, ոգեշնչել նրանց: Զինվորները պատմել են, որ իրենց հրամանատարը մինչեւ վերջին պահը համոզված ասել է` լավ է լինելու, ես ձեզ խոսք եմ տալիս, որ բոլորդ գնալու եք տուն… «Բոլորս եկանք, բացի հրամանատարից…» ասել են զինվորները: Հոկտեմբերի 14-ին Արմենը զոհվեց, հոկտեմբերի 15-ին Ջրականը ընկավ:

Տիկին Մանյան զրույցի ընթացքում հաճախ էր շեշտում որդու` հավատավոր լինելը, որ դեռեւս դպրոցական տարիքից խնդրել է ծնողներին` մկրտել իրեն: Երջանիկ պատահականությամբ Արմենը մկրտվել է Շուշիի եկեղեցում, երբ հայրը շինարարություն էր անում Շուշիում, շենացնում, գեղեցկացնում քաղաքը: «Հիմա ոչ որդիս կա, ոչ էլ` Շուշին…Եւ գիտե՞ք` ինչն է վիրավորական… Չնայած ոչինչ չի փոխարինի իմ որդուն, ոչ մի մեդալ եւ շքանշան չի շքավորի իմ կորուստը, Արմենս գիտակցաբար է կռվել հանուն հայրենիքի, բայց հայոց բանակի ավագ լեյտենանտին, ով երկու պատերազմի է մասնակցել, իրենից բացի ոչ մի զոհ չի տվել, պարգեւատրվել է ընդամենը «Մարտական ծառայության» մեդալով… Բոլոր պարգեւներն էլ հարգի են, բայց միայն պատերազմի մասնակցի մեդալը չէր որդուս ծառայության եւ նահատակության գինը. նրա ամենամեծ պարգեւը իր փրկած կյանքերն են, որ պիտի նոր կյանքեր պարգեւեն մեր բանակին»,- շատ դառնացած ու վիրավորված ասում է նահատակի մայրը:

Արմենը միացել է հայոց երկնային փառահեղ, լուսապսակ բանակին, սակայն երկու ամիս էլ չկա` ինչ նրանց օջախում մի ուրիշ աստվածային լույս է կաթացել` այս հարկի տակ նոր զավակ է լույս աշխարհ եկել` Արմեն անունով… Նա ծնվել է, որ կրի հորեղբոր անունը, ծնվել է, որ ժպիտ պարգեւի տատի եւ պապի տանջահար դեմքին, ծնվել է, որ Արմենի մեծ եղբայր Խաչիկը ամեն անգամ որդուն կանչելիս հիշի հայրենյաց նահատակ իր զինվոր եղբորը, իր թիկունքը դատարկ չզգա, իր սիրտը` սգավոր… Ծնվել է, որ կյանքը շարունակվի, որ տարիներ հետո այսօրվա փոքրիկ Արմենը հպարտությամբ զգա իր անվան պատասխանատվությունը, հորեղբոր հանդեպ իր պարտքը, եւ այն, ինչ չհասցրեցին անել նրանք, անի ինքը եւ իր նման հազարավոր Արմենները… Ծնվել է, որ Նարեկ եղբոր հետ շարունակի կյանքով լցնել մի լուսավոր կյանք կորցրած Գրիգորյանների օջախը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Իրանը հայ արվեստագետների աչքերով» խորագրով ցուցահանդեսը

Տեղադրվել է - Նոյեմբեր 2, 2021 0
Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդների միջև հաստատվել են…

Հայրենական պատերազմի միակ վետերանը

Տեղադրվել է - Մայիս 9, 2022 0
Լորեցի 98-ամյա Հակոբ Լեւոնի Վարդանյանը Սիսիանի տարածաշրջանի` Հայրենական պատերազմի միակ վետերանն է: Հայրենական պատերազմի հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ նրան շնորհավորել, բարեմաղթանքներ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code