ՀԻՄԱ ԻՆՁ ԷԼ ԲԱՐԻ ԳԻՇԵՐ ԱՍՈՂ ՉԿԱ… 44 -օրյա պատերազմի նահատակ Սամսոն Հովակիմյանի մայր

930 0

44-օրյա պատերազմի նահատակ Սամսոն Միշայի Հովակիմյանի ընտանիքի պատմությունը մի տարօրինակ զուգադիպությամբ կարծես թե նույնությամբ կրկնվել է գրեթե 75 տարի անց… Սամսոնի հայրը` Միշան, երեք ամսեկան էր, երբ նրա հայրը` Հովակիմը, գնաց հայրենական պատերազմ ու չվերադարձավ… Սամսոնի դուստրը` Էլենը, քառասունքի մեջ էր, երբ հայրը գնաց հայրենիքը պաշտպանելու նենգադավ թշնամուց ու չվերադարձավ…

Միշան տան միակ երեխան էր, մեծացավ մենակ, մեծացավ դժվար, մեծացավ Անահիտ մոր սրտի ու բռի մեջ… Բայց ինքը շատ զավակներ ունեցավ` երեք աղջիկ, երկու տղա, ծնողների անունները իր զավակների վրա դրեց, ու էսպես ապրեցրեց նաեւ հոր ու մոր հիշատակը…

Սամսոնը տան փոքրն էր: Տանը բոլորն էին իրար սիրում, բայց բոլորն ամենից շատ Սամսոնին էին սիրում ոչ միայն փոքրը լինելու համար… Սամսոնը յուրահատուկ տղա էր, յուրահատուկ ծնողասեր զավակ, յուրահատուկ եղբայր, յուրահատուկ ընկեր, արդարադատ, ազնիվ, կեղծիքն ու սուտը չհանդուրժող… Հետո էլ յուրահատուկ ամուսին էր ու յուրահատուկ հայր: Հովակիմյանների ընտանիքում յուրահատուկ էլ սգում են նրա մահը, ամենքը յուրովի զգում է նրա պակասը, նրա կարոտը, նրա բացակայությունը: Բոլորին իր անհուն սիրուց բաժին էր հանել, բոլորին իր ուշադրության կենտրոնում էր պահել, ու հիմա, պատերազմից մեկ տարի անց էլ նրանց կարոտը դեռ թաց է, նրանք դեռ անհաշտ են այն դաժան իրողության հետ, որ Սամսոնն այլեւս ֆիզիկապես իրենց հետ չէ…

71-ամյա հայրը երեխայի պես է արտասվում, որեւէ կերպ չի կարողանում ընկալել, որ որդին չկա, չի կարողանում լցնել հոգու այն դատարկը, որ Սամսոնը թողեց իրենից հետո: 63-ամյա Սվետան գիշեր-ցերեկ որդու հիշողությունների հետ է: Հովակիմ եղբայրը դեռ չի կարողանում շտկել ջարդված մեջքը ու զարմանում է, թե հայրենասիրության էդ ոգին որտեղի՞ց էր եղբոր մեջ: 29-ամյա Լիլիթը մինչ օրս դեռ չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է ապրել առանց Սամսոնի, ինչպես պիտի երեխաներին մեծացնի առանց Սամսոնի, ու, ինչպես ինքն է ասում, կյանքի հոսանքի մեջ ընկած գնում է` ինքն էլ չգիտի` ուր…

Դպրոցն ավարտելուց հետո Սամսոն Հովակիմյանը ծառայել է բանակում, ծառայությունը Կապանի զորամասերից մեկում էր: Աչքի էր ընկել իր կարգապահությամբ, արդարամտությամբ, սերժանտի կոչում էին առաջարկել, հրաժարվել էր, պատճառաբանել, թե չի կարող ծառայակից ընկերներին հրամաններ տալ…

Ծառայության ավարտից հետո ճակատագիրը Երեւանում նրան հանդիպեցրեց Լիլիթին, ամուսնացան, Սամսոնը փախցրեց նրան, մի քանի ամիս ապրեցին Երեւանում, ապա` Հոկտեմբերյանում, որտեղից Լիլիթն էր… Բայց Սամսոնը ծնողների մոտ լինելու համար վերադարձավ Սիսիան, 2014-ին պայմանագրային ծառայության մտավ Սիսիանի զորամասում… 2016-ին ծնվեց առաջնեկը` Գոռը, մի ուրիշ լույս ու ջերմություն բերեց Սամսոնի եւ Լիլիթի ու Միշա եւ Սվետա Հովակիմյանների տուն: Որդու` Գոռ անունը Սամսոնն էր ընտրել, սիրում էր այդ անունը, ուժ, զորություն, հզորություն էր տեսնում այդ անվան մեջ, ու որդուն հենց այդպես էլ մեծացնում էր…

2020-ի օգոստոսի 30-ին Սամսոնը Շաղատի դիրքերում էր, երբ կնոջ` Լիլիթի զանգը նրան «իջեցրեց» դիրքերից, որ երկրորդ երեխան ծնվելիս կողքին լինի: Սամսոնն իջել էր, հետո ծածուկ հարցրել Լիլիթին` իրո՞ք ժամանակն է, հանկարծ այնպես չլինի, որ ինքը ծառայակիցների մոտ սուտ դուրս գա, խաբելը վայել չէր զինվորին, խաբելը վայել չէր տղամարդուն… Ու ծնվեց դուստրը` էլենը: Քույրիկի անունը Գոռը դրեց… Իրենց մանկոյում մի սիրունիկ էլեն կար, նրա անունն էր… Սամսոնը հրամանատարությանը խնդրեց մի քանի օր մնալ տանը, ընտանիքի հետ: Մայրը` Սվետան պատմում է, որ Սամսոնը գնում-գալիս, դստերը գրկում-պաչում էր, նորից ու նորից, ասում էր` շատ եմ կարոտում, էլենին կարծես մի ուրիշ ձեւով եմ սիրում, չեմ հագենում… Սի՞րտն էր վկայում, որ իր ծով սիրուց իր նորածին դստերը միայն դա էր բաժին մնալու… հետո իր Էլենը ցկյանս կարոտ է մնալու հայրական պաչիկների, իսկ ինքը այլեւս երբեք էլ չի գրկելու իր փոքրիկի երեխայահոտ խանձարուրը…

Էլենը մեկ տարով մեծեցել է, բայց ոչինչ չի հիշում հայրիկից: Մեկ տարով մեծացել է նաեւ Գոռը…Նա շատ բան է հիշում: Տատն ասում է, որ գալիս- փաթաթվում է իրեն ու ասում` չմոռանաս կարոտես պապայիս, մանկական թոթովանքներ է արտասանում, երգեր հորինում ու տատին ասում, որ իր պապայի համար է, փոքրիկ քույրիկին ասում է, որ իրենց պապան ամենալավ պապան է, Էլենը որ մեծանա, ինքը շատ բան է պատմելու նրա մասին, ասելու է, որ իրենց պապան հերոս էր, ինքն էլ որ մեծանա, իրենց պապայի նման հերոս է դառնալու ու գնալու է էն շուն թուր….ի հերը անիծի… Այս պատմությունները թեեւ ժպիտ են բերում ծնողների ցաված սրտերին, բայց անընդհատ դառնացնում են նրանց հոգները, ցավեցնում են կնոջ` Լիլիթի սիրտը: Սակայն ստացվել է այնպես, որ թե Սամսոնի ծնողների, թե կնոջ միակ մխիթարությունը մնացել են այս փոքրիկները, հիշողությունները եւ երեխաներին մեծացնելու պատասխանատվությունը…

Ինչ էլ լինի, սակայն, Հովակիմյանների հարկի տակ տխրությունը շատ էր, ուրախությունը քաշվել-փակվել էր անցյալի մեջ ու կուչ եկել տան բոլոր անկյուններում, որտեղից մի ժամանակ Սամսոնի ներկայությունն էր հորդում…

«Սեպտեմբերի 26-ին չքնեցի… Անհասկանալի տագնապ կար: Հաջորդ օրը պատերազմ էր, առավոտ վաղ Սամսոնին կանչեցին: Սեպտեմբերի 29-ին տարան Արցախ, Մարտակերտ: Զանգում էր, երեխաներից էր հարցնում, կռվից ոչինչ չէր ասում, ասում էի` վերադարձիր տուն, հանդիմանում էր` ես իմ հայրենիքն եմ պաշտպանում, զինվորը չի կարող լքել դիրքերը: Հարցնում էինք` ի՞նչ կա, ասում էր` ցենտր ա, դա իր սիրած բառն էր, ասում էր, որ գամ, շատ բան եմ պատմելու, մի անգամ էլ խնդրեց, որ գնամ Գոռի համար խաղալիք զենքեր գնեմ, տանկ, հրացան, ասացի` կգաս, միասին կգնանք, բայց գնացի տանկ գնեցի… խնդրում էի գալ` Էլենի քառասունքը նշենք, ասում էր` մի քանի օրից գալու է…Երբ խոսելիս ձայնս դուրը չէր գալիս, զայրանում էր, որ այլեւս էդպես լացակումած չխոսեմ հետը… Ասում էր, հենց վերադարձա, մի լավ ուտուշ-խմուշ ենք անելու… Վերջին անգամ խոսեցինք հոկտեմբերի 19-ին, ժամը 10 անց կեսին, երկուսն անց կեսի մոտերը զոհվել է: Մենք միայն հաջորդ օրը` ամսի 20-ի գիշերն ենք իմացել, բոլորն իմացել են, բացի մեզանից…»,- պատմում է Սամսոնի կինը` Լիլիթ Աբրահամյանը, հետո վերհիշում տարօրինակ մի պատմություն… Նույն պահին, երբ Սամսոնը զոհվել է, իրենց սենյակի սրբապատկերն ընկել-փշրվել է… Նյարդային վիճակով դստերը գրկած դուրս է եկել տնից եւ գնացել ընկերուհու տուն, նրանք էլ են իմացել Սամսոնի զոհվելու մասին, բայց ոչինչ չեն ասել, երկար մնալ չի կարողացել, դուրս է եկել, երեխան գիրկը` վայր է ընկել փողոցում, սարսափել, որ փոքրիկին մի բան պատահած չլինի… իր թեւն էր չորս տեղից ջարդվել, ու, ինչպես Լիլիթն է ասում, այդ տագնապները, անհանգստությունը դեռ շարունակվում են իր կյանքում, իսկ հոգին կարծես չորացած լինի…

«Անկեղծ ասած` ես Սիսիանը չէի սիրում, Սամսոնին անընդհատ խնդրում էի` գնանք Երեւանում ապրենք, չէր համաձայնվում, ինքն էլ Սիսիանն էր շատ սիրում… Էդ սերը փոխանցվել է Գոռին… Գոռը 5 տարեկան էր, երբ հայրը զոհվեց: Ամեն օր հարցնում էր` պապաս ե՞րբ ա գալու, ասում էի` շուտով, ասում էր` մի անգամ էլ քնեմ-զարթնեմ գալու ա՞, հետո մատներն էր ծալում` էսքան էլ որ անցնի, գալու ա՞… Պապիկը մի անգամ Գոռին տարել է երկրորդ դպրոց, որտեղ Սամսոնն է սովորել, ու Գոռը պատին տեսել է հոր նկարը, դրանից հետո անընդհատ ասում է, որ իրեն անպայման իր պապայի դպրոց տանենք սովորելու, որ բոլորն իմանան, որ ինքը հերոս Սամսոնի տղան է… Եկող տարի Գոռը դպրոց կգնա` առանց հայրիկի, բայց նրա լուսանկարը միշտ նրան ուղեկից կլինի դպրոցում…»,- ասում է Լիլիթը:

Մայրը` Սվետան հավելում է, որ պատերազմի օրերին երբ ցանկացել է եկեղեցի գնալ, հնգամյա թոռը խնդրել է իրեն էլ հետը տանել, որ պապայի համար մոմ վառի…

«Այդ օրը Հովհաննեսի թաղումն էր, մորը` Աստղիկին գրկեցի, զորակցեցի, ի~նչ իմանայի, որ մի քանի օր հետո բախտակիցներ ենք դառնալու…Ամեն անգամ, երբ գնում եմ պանթեոն, Գոռը խնդրում է իրեն էլ տանել պապայի մոտ, բայց լաց չլինել, որովհետեւ իր պապան երկնքից տեսնում է… Սամսոնից հետո մեր կյանքում ամեն ինչ փոխվել է…Ամեն օր ինձ բարի գիշեր էր ասում, հետո ինքը գնում-քնելու… Անգամ պատերազմի ժամանակ Լիլիթին ասում էր հեռախոսը ինձ փոխանցի, որ բարի գիշեր մաղթի… Հիմա բարի գիշեր ասող չկա… Ես եմ գնում նրա նկարների մոտ իրեն բարի գիշեր ասում, էլի վերադառնում խոհանոց, սպասում ու հավատում… Եթե աստծուն չհավատամ, կխելագրավեմ, կիմանամ` Սամսոնս չկա, բայց իմ հավատքը ինձ ուժ եւ հույս է տալիս ապրել, ես զգում եմ, ես գիտեմ, որ նա երկնային արքայության մեջ է, դրանով եմ ապրում, դա է իմ հույսը, այլապես չեմ կարող ապրել…»,-ասում է Սվետան:

Սամսոնի հայրը որքան էլ փորձում է թաքցնել արցունքը, չի կարողանում, բայց կարողանում է ուժ գտնել եւ պատմել կրտսեր սերժանտ Սամսոնի ընկերների վկայությունները, թե ի~նչ խիզախությամբ, ի~նչ քաջությամբ եւ ի~նչ անձնազոհությամբ են տղաները պահել իրենց դիրքը, թե ինչպես է Սամսոնն իր ջոկի 6 տաղների հետ անվերպ կրակել թշնամուն, չեն լքել դիրքերը, չեն փախել, կռվել են մինչեւ վերջ, այնքան են կրակել, որ հրանոթի փողը շիկացել էր, այնպես հմտորեն են պաշտպանվել աթս-ների հարվածներից, որ ոչ մի զոհ չեն ունեցել, բայց թշնամին, տեսնելով, որ դիրքը անառիկ է, սկսել է ինքնաթիռից արկակոծել տղաների պաշտպանած դիրքը, ու բոլոր վեցն էլ զոհվել են, մնացել հողի հաստ շերտի տակ… Ընկերները կարողացել են օգնության հասնել միայն այն ժամանակ, երբ երկարատեւ հրետակոծությունը դադարել է, որից հետո միայն հողի տակից դուրս են բերել տղաների անշնչացած մարմինները…

Հոկտեմբերի 22-ին վեց նահատակի աճյուն հանձնվեց հարազատներին: Արեգ Ազարյանի, Վահագն Գրիգորյանի եւ Սամսոն Հովակիմյանի աճյունները դրվել էին Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում… Արեգի դագաղը փակ էր, Սամսոնի եւ Վահագնի դագաղները բաց էին… Վլադի, Մարատի եւ Տիգրանի աճյունները դրվել էին քաղաքի սգո սրահներում…

2020-ի Հոկտեմբերի 23-ին Սիսիանի պանթեոնում վեց նահատակ միաժամանակ հանձնվեց հայրենի հողին… Քաղաքը ցնցվեց, բայց մնաց ոտքի վրա, մարդիկ երերացին, բայց մնացին ոտքի վրա, զոհվածների հարազատները «մեռան» նրանց հետ, բայց հառնեցին` նրանց ապրեցնելու, նրանց հավերժացնելու, նրանց շարունակելու համար, որ հավերժի նրանց փառքը, որ հավերժի նրանց անմահությունը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

23.12.2021

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՄ ԲԱԺԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ. 44-օրյա պատերազմ

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2022 0
44-օրյա պատերազմի նահատակների մասին գիրք տպագրելու միտքը հետո ծնվեց: Պատերազմի առաջին օրերին, երբ գրեթե ամեն օր զինվոր էինք թաղում, պանթեոնից…

#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ԻԳՈՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ԹՈՒՐՔԻ ԵՐԱԽԻՑ ՓՐԿՎԵՑ, ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ԹՈՒՐՔԻ ԳՆԴԱԿԻՑ…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Տասներկու-տասներեք տարեկան տղա էր Իգորը, երբ ծնողների, երկու քույրերի եւ հազարավոր հայրենակիցների հետ տեղահանվեց արյունռուշտ Բաքվի կոտորածներից, փրկվեց թուրքի արյունոտ…

ՀԵՐՈՍԻՆ ՉԵՆ ՈՂԲՈՒՄ, ՀԵՐՈՍԻՆ ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՆ… Խաչքար` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Գեորգի Միքայելյանին

Տեղադրվել է - Նոյեմբեր 13, 2021 0
Շամբի միջնակարգ դպրոցի պատին Մակիչ Ասրյանի եւ Մարատ Հակոբջանյանի հիշատակի ցուցապաստառների կողքին ավելացավ եւս մեկը` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Գեորգի…

Առկա է 1 կարծիք

  1. Փառք հերոսներին, համբերություն հարազատներին։ Հոդվածը կարդալիս սարսափելի հուզվում, բայց միեւնույն ժամանակ ուժ ու լավատեսություն եմ զգում…Նրանց աննկարագրելի հերոսությունն ու զորավոր ներկայությունը հավերժ է։

    Պատասխանել

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code