Հայկ Գրիգորյան. ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ, ՀԵՏՈ ՆՈՐ` ՄՆԱՑԱԾԸ

Տեղադրված է at Ապրիլ 13, 2022
1219 0

Երկու դուստրերից հետո Դավիթ եւ Ծովիկ Գրիգորյանները երկար էին սպասել տղա զավակի: Աղջիկները` Մարիամն ու Հերմինեն արդեն մեծ էին, 3-4 դասարանի աշակերտ, երբ 1985-ի փետրվարի 17-ին ծնվեց շատ սպասված, շատ սիրված տղան` Հայկը: 67-ամյա տիկին Ծովիկը` լծենյան արմատներով իմ բարեկամուհին, մի քիչ` ամոթխած, բայց երանավետ օրերի հիշողությունը վերապրելով ասում է, որ Դավիթը Սիսիանի ռեստորանը փակել էր տվել, տղայի ծնվելու աչքալուսանքն էր նշում, ապա «վերադառնալով» տխուր իրականություն` մրմնջում` Հայկս դժվար ծնվեց, դժվար պահեցինք, հեշտ կորցրեցինք…

Հայկը քեֆ-ուրախությունով եկավ, քեֆ-ուրախությունով ապրեց, ուտող-խմողի բուռն սիրով սիրեց կյանքն ու մարդկանց, իր զավակներին ու իր զինվորներին ու էդպես էլ գնաց` թողնելով հայրենյաց նահատակի խնկելի հիշատակ, արժանապատիվ զինվորականի փառապսակ անուն եւ խոնարհումի մի շիրմաքար` Սիսիանի քաջաց պանթեոնում…

Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Հայկն ընդուվել է Արցախի պետական համալսարանի նախնական զինվորական պատրաստության եւ ֆիզկուլտուրայի ֆակուլտետ: 2002-2004 թ.թ. ծառայել Արմավիրի, հետո` Վարդենիսի Զոդի զորամասերում: 2006-ին ամուսնացել է իր մանկության լորաշխարհի սիրուն աղջկա, իր մանկությունը նույնպես Լորում անցկացրած Արմինեի հետ, ու ծնվել են երիտասարդ զույգի կյանքն իմաստավորող աղջիկները: Արմինեն ուսանող էր, Հայկը որոշ ժամանակ աշխատեց Երեւանում, բայց 2011-ին ընտանիքով տեղափոխվեց Սիսիան եւ պայմանագրային ծառայության մտավ Սիսիանի զորամասում: Ծառայությունից որոշ ժամանակ անց տեղափոխվեց Վայքի զորամաս: Մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասընթացներին, ստացել ավագ լեյտենանտի կոչում: Իր աշխույժ, կենսասեր, ուրախ, ուտող-խմող բնույթի համար Վայոց Ձորում գրեթե բոլորը ճանաչում էին իրենց Հայկոյին, սիրում, հարգում, գնահատում, ընկերություն անում, սեղան նստում: Երկու տարի Վայքի զորամասում ծառայությունից հետո պիտի կապիտանի կոչում ստանար եւ վերադառնար Սիսիանի զորամաս, բայց սկսվեց 44-օրյա պատերազմը…

Հայկը պիտի զինղեկ, կամ` ֆիզկուլտուրայի ուսուցիչ դառնար, բայց ընտրության հարցում հաղթեց զինվորականի համազգեստը, ինչը Հայկը շատ էր սիրում, իրեն էլ անչափ սազում էր` իր բոյ-բուսաթին, տեսքին, կերպարին, շարժուձեւին, անգամ` ձայնին: Շատ էր սիրում իր գործը: Նվիրված էր: Տնեցիներն ասում են, որ Հայկին չեն պատկերացնում այլ աշխատանքում: Ներդաշնակ էր իր աշխատանքի, իր համազգեստի հետ, ինչը ուրախություն էր պարգեւում նրան: Ուտող-խմող լինելով հանդերձ` ազդեցիկ էր, եւ ծառայության մեջ որեւէ մեկը չէր կարող շահագործել նրա` կենսուրախ ու կենսախինդ լինելը… Սիրում էր իր զինվորին, նրանց հետ ընկերություն անում, տուն հրավիրում, սեղան նստում: Որքա~ն է եղել, որ իր սիրած զինվորներին տուն է բերել, Արմինեն անտրտունջ լվացել է նրանց շորերը, հաց դրել ու չի փոշմանում. հիմա այնքա~ն ջերմորեն է հիշում այն ամենը, ինչ կապված է Հայկի հետ, նրա ծառայության հետ, ու ի~նչ երանությամբ ետ կպտտեր ժամանակի անիվը, եթե կարողանար…

Հայկը պատասխանատու էր, ուներ իր շուրջը համախմբելու շնորհք, նրան լսում էին, ենթարկվում, բայց եւ` հարգում էին իր ազդեցիկ տեսքի, պահվածքի, անգամ` ազդու ձայնի համար… Բնածին զինվորական էր, մշտապես` իր դիրքում, իր զինվորի կողիքն: Նրա համար առաջինը ծառայությունն էր, հետո նոր` մնացածը…

Կինը` Սիսիանի թիվ 4 դպրոցի քիմիայի ուսուցչուհի Արմինե Առաքելյանն ասում է, որ Հայկն աշխույժ էր, աղմկոտ, շարժուն, քեֆ-ուրախության սիրահար, կենսասեր, ընկերասեր, հարեւանասեր, թասիբով: Առանց ընկերոջ սեղան չէր նստի, առանց հարեւանության` տարեմուտ չէր նշի, ավելի շատ շրջապատի, ընկերության մարդ էր, բայց երբ տուն էր մտնում, տունը լցնում էր իրենով, իր ներկայությամբ, իր լիությամբ: Երեք աղջիկների երջանկությունն էր, տարիքով ամենափոքրի` Վիկայի ուրախությունը, ով նստում էր հոր ուսերին ու նրան դարձնում աշխարհի ամենաերջանիկ հայրը: Երկու դուստրերը ծնվել էին, երբ Հայկը դեռ շատ երիտասարդ էր` 22-23 տարեկան, իսկ Վիկան ծնվեց ավելի ուշ, ու, ինչպես Արմինեն է ասում, Հայկը նրանով առավել խորությամբ ապրեց հայրության ողջ բերկրանքը: Հիմա էլ, երբ Հայկն այլեւս չկա, Վիկան, երջանիկ օրերի պատկերացումով, խնդրում է մորը իրեն դնել ուսերին ու պտտել, ինչպես հայրն էր անում: Մայրը չի մերժում, հնարավորություն տալով դստերը վերապրել հորից մնացած ամենավառ հիշողությունը…

Թեեւ աղջիկներն ամենաթանկ հարստությունն էին, Հայկը երազում էր տղա ունենալ, որ նրան հոր անունով կոչեր, ինչպես որ հայրն էր իր հոր անունը դրել իր վրա եւ անասելի ուրախացել… Նույնիսկ կատակել է` եթե դարձյալ աղջիկ ծնվի, մեկ ա` անունը Դավիթ եմ դնելու… Երազանքը անկատար մնաց: Եւ որքա~ն երազանքներ ու նպատակներ անկատար մնացին: Զգացե՞լ էր Հայկը, որ կարճ պիտի ապրի, ու գինովցած տրամադրությամբ պատերազմից առաջ մի օր ասել` մնացել է մեկ ամիս… Պատերազմից առաջ Հայկը բոլորովին իրեն նման չէր, էն աշխույժ, ուտող-խմող, քեֆեր սարքող տղան դարձել էր մտահոգ, քչախոս, անտրամադիր…Կարտոֆիլը հանլեիս, իբր, կատակել էր` ով ուտելու է, նա էլ թող քանդի… Մայրն ասում է, որ սեպտեմբերի 26-ին Հայկը լուսադեմին տուն եկավ, գնացել էր Լոր` հոր գերեզմանին այցի, զգո՞ւմ էր, որ վերջին այցը պիտի լինի, ապա մորը խնդրել, որ հոր անկողնում քնի…

Պատերազմից առաջ Հայկն արձակուրդում էր, Սիսիանում: Վիկան Սիսիանի հիվանդանոցում էր, հոջորդ օրը Երեւան պիտի տանեին, բայց առավոտյան անդադար զանգահարում էին` պատերազմի բոթն էր ստացել, եւ, նույնիսկ հիվանդանոցում գտնվող երեխային ու կնոջը հրաժեշտ չտալով, շտապ վերադարձավ Վայք` իր զորամաս: Տիկին Ծովիկը պատմում է, որ երբ շենքի աստիճաններից փութալով իջնում էր, հարեւաններից մեկը հարցրել էր շտապելու պատճառը, Հայկն ասել էր` վիճակը խառն ա, իսկ երբ հարեւանն ասել էր` մի գնա, ավագ լեյտենանտ Հայկ Գրիգորյանը զարմացած պատատսխանել էր` անհնարին է, ո՞նց չգնա, իր զինվորներն իրեն են սպասում, առանց իրեն չի լինի… Հայկը Վայքի գնդի կազմում հոկտեմբերի 8-ին մեկնել է Արցախ: Ջրականում էին: Հորեղբոր տղային խնդրել էր Վայքից Սիսիան բերել իր մեքենան, մեկին գումար էր պարտք` վերադարձնել, մեկն իրեն էր գումար տալու, վերցնել, օգնել տնեցիներին` հավաքել այգու բերքը… Սիրտը վատ կանխազգացո՞ւմ ուներ…

Հայկը զանգում էր, գրում, խոսում շատ քիչ, անհանգիստ էր հատկապես քրոջ վիրավորված տղայի` Հարություն Սարգսյանի համար: «Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 10-ին, հարցնում էր Հարութից, հետո կապն ընդհատվեց… Դա եղել է մեր վերջին խոսակցությունը: Հոկտեմբերի 11-ին չենք խոսել, իսկ 11-ի լույս 12-ի գիշերը Հայկը զոհվել է»,- ասում է Արմինեն, ու հավելում, որ ոչ մի վայրկյան չի մտածել, թե Հայկը կարող էր զոհվել, հանգիստ է եղել նրա համար, Հայկը բարդ իրավիճակներից դուրս էր գալիս, Հայկի զոհվելու լուրը իրենք ուշ են իմացել, միայն հոկտեմբերի 13-ին, մինչ այդ լսել են, իբր, Հայկը փախել է, անգամ` տեսնող է եղել: «Շատ կուզենայի, որ Հայկը փախներ, ողջ լիներ, բայց ես նրան լավ էի ճանաչում: Հայկը երբեք չէր փախնի: Երբ Հայկի մասին նման բաներ էին ասում, ասողներն աչքիցս ընկնում էին: Ո՞նց կարար Հայկը փախներ, ասում էի` երանի այդպես լինի, բայց դա անհնարին էր… Հակառակը, պատմել են, որ խրամատում իր մարմնով ծածկել է մեկին, փրկել նրա կյանքը, ով հետո ասել է, որ զգացել է անգամ Հայկի շնչառությունը, լսել նրա` ոչինչ, որ ինձ լինի, թող քեզ բան չլինի խոսքը»,- ցավով ասում է Արմինեն ու պատմում, որ անբասիր ծառայության համար Հայկը մեդալ էր ստացել, ուրախությանը չափ չկար, մեկ ամիս շարունակ տեսանելի տեղում էր դրել, նայում էր, ուրախանում:

Անբասիր ծառայության համար մեդալի կողքին հիմա Մարտական ծառայության մեդալն է, անձնական իրերը, այնքան սիրած զինվորական համազգեստը, եւ բազմաթիվ նկարներ` ուրախ ու ժպտուն: Միայն վերջին շրջանի նկարներից մեկում է տխուր, ինչպես որ վերջին մեկ ամսում էր մտահոգ ու անտրամադիր…

Հայկը սիրված էր ոչ միայն իր զորամսում, ոչ միայն` ընկերության մեջ, այլեւ` Գայի թաղամասի թիվ 2 շենքում, առավելապես` շենքի իրենց` 4-րդ մուտքում: Երբ 2020-ի հունիսին իր հարեւան Վարդան Հովհաննիսյանին բանակ էին ճանապարհում, բակում մի լավ ուրախություն սարքեց, ոչինչ, որ քովիդային սահմանափակումներ էին, ջահել տղան հո առանց «բարի ճանապարհի» չէ՞ր բանակ գնալու, ինքը բանակի մարդ էր, գիտեր` դա ինչ է, Վարդանը պիտի ուրախ սրտով բանակ գնար: Ուրախ ճանապարհեցին: Հայկը Վարդանին իր մեքենայով մինչեւ Արենի ուղեկցեց: Որքան էլ փորձեին թաքցնել, Վարդանը բանակում լսել էր Հայկի զոհվելու լուրը, շատ ծանր էր տարել… Հոկտեմբերի 31-ին էլ զոհվեց 19-ամյա Վարդանը… Սիսիան քաղաքի Գայի թաղամասի թիվ 2 շենքի հարեւանները հիմա էլ անբաժան հարեւան են Սիսիանի քաջաց պանթեոնում` հավերժ միասին, հավերժ իրար մոտ…

35-ամյա զավակ կորցրած տիկին Ծովիկը ոչ մի մխիթարություն չունի, ասում է` իմն իմ տղան էր, որ գնաց: Արմինեն մխիթարվում է իր երեք սքանչելի դուստրերով, ամուսնու թողած ճանաչելի անունով, զինականի` պատվարժան համբավով, ասում, եթե Հայկին էդքան կյանք էր տրված ապրելու, նահատակվել է գիտակցված մահով, իմացյալ անմահությամբ, ու դա բացատրել է նաեւ դուստրերին, ովքեր իրենց պարտավորված են զգում հոր անվան ու հիշատակի առաջ…

Հայկի զոհվելուց հետո նրա մեքենան Վայքից Սիսիան բերեցին: Կայանում էր իրենց պատուհանի տակ: Վիկան իջնում էր բակ, մոտենում հոր մեքենային, ձեռքերով շրջան անում աչքերի շուրջը, հպվում ու նայում ներս` փափագելով հորը տեսնել այնտեղ… Մեքենան վաճառելու ժամանակ փոշեպատ ապակու վրա դեռ երեւում էր նրա` պապա, քեզ կարոտել եմ գրածը…

Հիմա այն նույն տեղում, որտեղ մի ժամանակ կայանում էր Հայկի մեքենան, ցայտաղբյուր են տեղադրել` հավերժացնելով նրա հիշատակը… Հոսում է ջուրը, ցայտում են ջրի շիթերը` հավերժահոս մաղթանքով` հիշատակդ ջրի նման երկարի…

Հ.Գ. ԴՈՒՔ ՀԱՂԹԵԼ ԷԻՔ, ՄԵՆՔ ԷԻՆՔ ՊԱՐՏՎԵԼ…

2020-ի հոկտեմբերի 16-ին Սիսիանի պանթեոնում հուղարկավորում էինք 44-օրյա պատերազմի նահատակներ Հայկ Դավիթի Գրիգորյանին եւ Կոլյա Ռաֆիկի Արիստակեսյանին: #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ  կարգախոսը 9-րդ ալիքի վրա էր` մեր հաղթելու` անծիր փափագով ու երազանքով, որ ամբողջությամբ համակել էր մեր հոգին ու միտքը:  Այն ժամանակ նրանց մասին գրեցի ՄԵՆՔ #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ԻՆՉ ԷԼ ՊԱՏԱՀԻ վերնագրով հոդված, եւ հավատում էինք, որ հաղթելու ենք, ինչ էլ պատահի … Հետո այնքան իրական ու համոզիչ էր թվում այդ հաղթանակը, որ մի օր ապառնի ժամանակը դարձավ ներկա` ձեւափոխվելով #ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ-ի, որ նոյեմբերի 9-ին 9-րդ ալիքի բարձրությունից փշրվի մեր բաց գլխին` տակով անելով հաղթողի` մեր երազանքներն ու հաղթանակի հույսերը, ինչից հետո բոլորս պարտված էինք: Հաղթել էր միայն հայ զինվորը: Ժամանակի դաժան փորձությունը հաղթահարեց միայն #ՀԱՂԹԵԼ ԵՍ կարգախոսը` դրվելով նահատակների մասին գրվող հոդվածներին…  Մենք պարտվել էինք, Հայկն ու Կոլյան` #ՀԱՂԹԵԼ

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՊԱՆԹԵՈՆԸ …

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2022 0
Սիսիանի պանթեոնը անգթորեն ընդարձակվել է… Բայց այս պանթեոնը մահվան մասին չէ, այլ` հավերժումի, այս պանթեոնը զոհվելու մասին չէ, այլ` հերոսացման,…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code