ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ -105. ԿԱԾԱՆԸ, ՈՐ ԴԵՊԻ ՍԱՀՅԱՆ ԷՐ ՏԱՆՈՒՄ…

Տեղադրված է at Ապրիլ 14, 2022
1417 0

Աչք եմ բացել` մեր սեղանին լավաշ էր, գրապահարանում` Սահյան, եւ հորս` ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ` ունեմ վեց երեխա ու այսքան գիրք խոսքերը…

Գարունը գալուն պես մեզ տալիս էինք սարերին, ձորերին, քար ու քերծերին, ծերպերից ծաղիկ ու բանջար էինք քաղում ու լիքը գոգով տուն գալիս: Մեզ հետ մրցող չկար ոչ մեր թաղում, ոչ էլ` գյուղում: Տատս գովում էր, հո չէ՜ր գովում` դաշտից խնջլոզ, մարաժո, սիբեխ, շուշան, բոխի բերող իր թոռներին: Մի օր էլ Թելի մամը բողոքել էր տատիս, թե էդ «կրակի կտորներդ» չասացին` մեծ կին է, դեմը չկտրենք, թող մի բան էլ ինքը քաղի… Ախ, Թելի մամ, լույս` մամռաքար գերեզմանիդ, ներիր, որ քո հիվանդ որդու` Պավլուշի համար մարաժո էիր քաղում` փորձելով ոտ գցել «դաշտերը ոտատակ տվող, քամի կուլ տված կրակի կտորների հետ»…

Մեր բերածից տատս բաժին էր հանում գյուղի տարեցներին, ու հենց մենք էինք տանում նրանց առաջին համտեսը` նուբարը: Ընդունված էր, որ նուբարի համար «վարձահատույց լինեին», ու ծերերը մի երկու ձու, 20 կոպեկ, բատոն տեսակի մի քանի կոնֆետ էին տալիս մեզ, ու մենք երջանիկ էինք… Եվ սիրուն, անասելի սիրուն, ձնծաղկաբույր, դաղձաբույր, կակաչագույն, հարբազաթույր մանկության մի շքեղազարդ հեքիաթ էր հյուսվում Լորաձորի մեր բարձունքում` Լծենում: Մեր տանն էլ միշտ կոնֆետ կար, բայց Արուս տատի, Խաչո ապոր, Զինա բիբու, Արամ դայու, Դանղենց Շիմոյի, Վարդեր քեռակնոջ տված կոնֆետները մի ուրի՜շ հավեսով էինք վերցնում: Սակայն ամենաաննկարագրելին իմ Հերիքնազ տատի տված խուրմաներն էին. քաղաքում ապրող իր տղաները` իմ քեռիներն էին բերում… Գյուղի երեխա ու խուրմա… դա ուրի՜շ համ ու հոտ ուներ, ու մինչեւ հիմա խուրման ինձ համար իմ Հերիքնազ տատի գոգնոցի գրպանի համ ու ձեւ ունեցողն է` դարչնագույն, փայլուն, կողքերը` մի քիչ տափակած: Տատիս խուրմաներն էլ միայն խնջլոզով կամ` մարաժոյով չէինք վաստակում:

Իմ իմաստուն Առաքել պապը, որ Բաքվում 3-րդ դասարանի կրթություն էր ստացել, ամեն անգամ մեզ շարք էր կանգնեցնում ու իր սիրած գրողների` Րաֆֆու, Շիրվանզադեի, Պատկանյանի, Նալբանդյանի, Սեւակի գրածներից էր հարցնում, ստանում պատասխանը, հետո միայն աչք-ունքով նշան տալիս իմ Հերիքնազ տատին, որ մեր «արդար» վաստակը մեզ տա… Լորաձորյան մեր մանկությունը տոն օրերի անվերջ շարան էր, որ ոչ սկիզբ ուներ, ոչ` վերջ…

Երբ հայրս գործից տուն էր գալիս, հայրական տատս` Շուշիկը, ափսեների մեջ լցնում էր թանապուրը, ու դաղձի անուշաբույրը տնով մեկ էր լինում: Հայրս մի առանձին վայելքով էր ճաշակում թանով ապուրը` իր ասելով` փռռացնելով, դա ուրի՜շ լազաթ էր, ու, ինչքան թանապուր ուտեինք, ասում էր` «Թանապուրի տաք գոլորշին գերանին առնում, ու սյունն ի վար գլոր-գլոր ուլունք է դառնում»… Ասում էր, հետո անպայման մի մե՜ծ հիացմունքով բացականչում` փա՜հ… Ես բան չէի հասկանում, բայց հորս դեմքի` հիացմունք արտահայտող տեսքից զգում էի, որ մի սքանչելի գեղեցիկ բան է կատարվում նրա հոգում… Միամիտ-միամիտ նայում էի մեր տան առաստաղին, սյուն չէի տեսնում, թանապուրի տաք գոլորշու` գլոր-գլոր ուլունքաշար չէի տեսնում, ու թռչնի նման թռչում էի դուրս` իմ ծիածանաթեւ երազների ետեւն ընկած…

Հայրս երբեմն «մոռանում էր» փակել մոխրագույն կազմով` «Կանչե կռունկ» գիրքը եւ որեւէ էջի մի ծայրը ծալած` թողնում էր սեղանին… Ինչո՞ւ է ծալել, մտածել էի ու փորձել իմանալ` կարդալով ծալած էջը… «Նաիրյան դալար բարդին» ինձ համար առաջին անգամ խշշացել է ծայրը ծալած էջի վրա, հետո` դպրոցի մոտ գտնվող Գուրգեն Մանուկյանի այգու մի անկյունում… Ծառաշատ Լծենում ընդամենը երկու բարդի կար` Բադալենց Գուրգենի բարդիներն էին` սլացիկ, երկինք ճախրող ճյուղերով… Հայրս Սովետի անծայրածիր քարտեզին ցույց էր տալիս երկրի հարավային սահմանի մի կետ` Հայաստանը, եւ ասում` Նաիրյան դալար բարդին է… տեսած կա՞ք` բարդին այգու կենտրոնում տնկեն…

Իսկ հետո, շատ հետո, երբ ինձ համար «աշխարհն այլեւս այնպես պարզ, այնպես դյուրին չէր», իմացել էի զոհվածի այրի Շուշիկ տատիս աշխօրը կտրելու եւ դատարան տալու մասին, որովհետեւ կոլխոզի կովը, որ ինքն էր կթում, ընկել էր ձորը, բայց Սիսիանի դատավորն ասել էր` ամոթ է, ամոթ, զոհվածի կին է: Իմացել էի, որ երիտասարդ, մեծ հեռանկարներով հորս, գյուղից «հեռացնելու» համար, «ստիպել» էին հեռակա կրթությունը առկայով փոխել` կարդացած, գրագետ երիտասարդ էր, մեկ էլ տեսար… Իսկ տարիներ անց արդեն ոչ թե` իմացել, այլ` ականատեսն էի եղել, թե ինչպես էին «խեղճացնում» կոմունիստ հորս` Արսեն որդու (հետագայում` Տեր-Նարեկ քահանա Ամիրյան)` 1984-ին Էջմիածնի ճեմարանի ուսանող դառնալու համար… ու խորը ցավ ապրել, երբ ամեն անգամ կրկնել էր իր սիրած սահյանատողերը` «Ես եզ էի ծնվել լոկ ամոլի համար, Բայց մաճկալս եզ էր, չհասկացավ»…

Հորս մեջ մինչեւ կյանքի վերջ դաջված մնաց որբի խեղճությունը, աստվածային բարությունն ու ներողամտությունը: Լրագրողական իմ համարձակ, խիզախ, երբեմն` հանդուգն, բազմիցս դատարաններ անցած ու միշտ արժանապատվորեն հաղթող դուրս եկած հրապարակումների համար ինձ էլ են փորձել «կոտրել, ջարդել, վերացնել, ոչնչացնել, խեղճացել» հնարավոր ու անհնար, անբարո ու քստմնելի բոլոր ձեւերով, բայց ես չեմ խեղճացել ու կոտրվել…հայրս իմ հենարանն էր …

Շատ էր պատահում, որ մեր տանը հայրս ու նրա Գայանե հորաքույրը խոսում էին Կարապետ պապիս մասին, որ զոհվել էր Հայրենական պատերազմում, երբ հայրս ընդամենը 5 տարեկան է եղել: Մշտապես սեւազգեստ ու չորուկ, ծաղկատար դեմքով Գայանե հորաքույրը, որ պատերազմում կորցրել էր երկու եղբայրներին, ամուսնուն, տեգորը, գոգնոցի ծայրով սրբում էր աչքերը… Իմ Կարապետ պապը, Ղուկասենց Տիգրանի հետ, սովորել էր Լորի նշանավոր դպրոցում, աշակերտել Բակունցին, հետո Լծենում հողաշեն մի շինության մեջ հիմնադրել գյուղի դպրոցը, եղել առաջին ուսուցիչը: Նրան ուղարկել են վերապատրաստման, բայց սկսվել է Ֆիննական պատերազմը ու հենց էնտեղից էլ զորակոչել են բանակ: Նրանից միայն զինվորական հագուստով մի լուսանկար է պահպանվել` արիստոկրատ, լրջախոհ, ձեռքը` ծնկին… Հետո հայրս շատ արագ փոխում էր վշտից ցամաքած հորաքրոջ տրամադրությունը ու վերհիշում իր ու երկու քույրերի սոված, ոտաբաց մանկության սքանչելի պատմություններից, իր աստվածավախ, բարեպաշտ, գյուղի տատմեր Նազի մամից եւ ծիծաղում, ծիծաղում` արցունքի մեջ ծիծաղում… Հոր մասին խոսելիս անհնար էր, որ չասեր` «Աղունը կռիվ գնաց, աղանձը մնաց բովին»… ապա հիացմունքով, հուզմունքով, անասելի սիրով չավելացներ` ա´յ մարդ, է´ս մարդը էս ո՞նց ա գրել… Տեսնես` ո՞ւմ է ասում «էս մարդ, տեսնես` ո՞վ է էդ մարդը, ում հանդեպ այսպես ակնածանքով ու սիրով է լցված հայրս», մտածում էի ես, հետո խորհում` տեսնես` ի՞նչ է նշանակում` «Աղունը կռիվ գնաց, աղանձը մնաց բովին», մտածում էի, մտածում, ու էդպես էլ մանկական իմ երեւակայության մեջ չէի կարողանում հասկանալ հորս տխրության, նրա արտասանած բառերի, աղունի ու աղանձի մասին ասած խոսքերի իմաստը: «Աղունը» ո՞նց կարող էր կռիվ գնալ` մտածում էի… Ինձ համար աղունը մեր հարեւան Արշալույս տատիենց հարթ տանիքին փռված մեր լվացած ցորենն էր, որ հետո պիտի տանեին աղալու… Երբ մերոնք ամռանը ցորեն էին լվանում Նովի ջրում, աղունը փռում էին Արշալույս տատիենց հարթ կտուրին, եւ ես ու ինձանից մեծ քույրս` Անահիտը, գիշերը քնում էինք աղունի վրա… Իմ մանկության ամենասիրուն, ամենաստղաշատ, ամենախորհրդավոր գիշերներն էին աղունի վրա քնելու արարողությունները, երբ աստղաթափ գիշերվա մեջ քույրս արագ-արագ ասում էր` աստղ ընկավ, երազանք պահիր, անպայման կկատարվի…

Առավոտ վաղ, երբ տատս գալիս էր մեզ արթնացնելու, արոտ գնացող կով ու ոչխարի ձայներից, չոբանի բացականչություններից, գյուղի կանանց` ջրի հերթի համար կռվաձայներից արդեն արթնացած էինք լինում ու փորձում հիշել, թե ինչի համար ենք կռվել գիշերը… Տատս, մեկ էլ տեսնելով հարեւան Շուշան բիբունց բոստանի առուների մեջ բռերով լցված աղունը, երդվում էր, որ մեզ այլեւս աղունին պահակ չի դնելու… Բայց հաջորդ տարի նորից մենք փառավորապես գիշերում էինք հարեւան Արշալույս տատիենց հարթ կտուրին փռված մեր աղունի շեղջի վրա ու վայելում այլեւս երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվող` աղունաբույր մանկության աստղաթափ գիշերների խորհրդավորությունը…

Աղունն ու աղանձը մանկության իմ հազարաթեւ հեքիաթի պսպղոցներն են, որ մնացել են Լորաձորի մաքուր, մաքուր ձորաշխարհում, ուր ամեն ինչից հոր ձեռքերի ու մոր ծոցի հոտ է գալիս, ուր ամեն ինչ սահյանաշունչ ու սահյանակերպ է… Հայրս էլ, երբ արդեն տարիքն առել էր, շատ, անասելի շատ էր նմանվել Սահյանին…

Մանկությունս ավարտվեց այնտեղ, երբ առաջին անգամ ամբողջ խորությամբ ընկալեցի Համո Սահյանի` «Աղունը կռիվ գնաց, Աղանձը մնաց բովին» տողերի իմաստը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

14.04.2015 թ.

 

 

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ… Խաղաղ ժամանակ քրտինք պիտ խառնես հողին, պատերազմի ժամանակ` արյուն…

Տեղադրվել է - Ապրիլ 6, 2021 0
Արցախյան ազատամարտի հերոսական ուղի անցած Սիսական ջոկատի մարտակոչով կրկին Սիսիանի` Սիսակ Նահապետի անունը կրող հրապարակում էին հավաքվել սիսիանցի ազատամարտիկները` միանալու…

ՊԱՆԹԵՈՆԸ …

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2022 0
Սիսիանի պանթեոնը անգթորեն ընդարձակվել է… Բայց այս պանթեոնը մահվան մասին չէ, այլ` հավերժումի, այս պանթեոնը զոհվելու մասին չէ, այլ` հերոսացման,…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code