#ՀԱՂԹԵԼ ԵՔ… ՄԵԼԻՔ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. Սիսիանի Որոտանից մինչեւ Քաշաթաղի Քարոտան…

Տեղադրված է at 12:04
771 0

Ու այս ճանապարհին մի ընտանիքի պատմություն է` Սեյրան Սողոմոնյանի ընտանիքի պատմությունը, որ մի քիչ նման ու մի քիչ էլ տարբեր է հայկական ընտանիքներից… Բազմանդամ, աշխատասեր, հողի, քարի հետ կռիվ տվող, տուն-տեղ դնող, զավակ մեծացնող, ոստան շենացնող էր Սեյրան Սողոմոնյանի ընտանիքը, որ խաղաղ ու բերքաբեր կյանքի հույսով մի օր Սիսիանի Որոտան գյուղից տեղափոխվել էր Քաշաթաղի Քարոտան գյուղ: Որոտանում ծնված վեց երեխաներին ավերալցել էր եւս երկուսը, ու ապրում էին, աշխատում էին, շենանում էին… Ընտանիքի մեծ զավակներն էլ իրենց հերթին էին ամուսնացել, տուն-տեղ դրել, զավակներ ունեցել, եւ իրար թեւ-թիկունք` Որոտանից Քարոտան տարած հայոց երկրի մեծ սերը ավելի էր մեծանում Արցախ աշխարհում… Մելիքը, որ տան երրորդ զավակն էր, բոլորի սիրելին, բոլորի հույս-հավատը, ամենաակտիվն ու ամենաճարպիկը, ամենահեռանկարայինն ու վճռականն էր: Դեռեւս Որոտան գյուղի ութնամյա դպրոցում արդեն դրսեւորել էր ուսման նկատմամբ սերն ու հետաքրքրությունը, Քարոտանի միջնակարգն ավարտել բարձր առաջադիմությամբ, ու, առանց ծնողներին տեղյակ պահելու, հանձնել 3 քննություն, ընդունվել Ստեփանակերտի համալսարանի ֆիզիկո-մաթեմատիկական բաժին, եւ դեռեւս չորրորդ քննությունը չհանձնած, չօգտվելով տարկետման իրավունքից, զորակոչվել էր բանակ, հավատով, որ բանակից կվերադառնա, կհանձնի մյուս քննությունը, կսովորի, կավարտի եւ կգնա իր փայփայած, իր երազած բազմերանգ երազանքների ետեւից…

Տնեցիները պատմում են, որ սեպտեմբերի 1-ին համալսարանից զանգահարել են եւ Մելիքին հրավիրել դասի` չսպասելով նրա վերջին քննությունը հանձնելուն, քանի որ մյուս երեք քննությունները բարձր միավորներով էր հանձնել… բայց անակնկալի են եկել, երբ Մելիքի հարազատները հայտնել են, որ տղան զորակոչվել է բանակ…

Ծառայել է Մատաղիսում, ստացել կրտսեր սերժանտի կոչում… Արդեն բոլորել էր ծառայության մեկ տարին, Մելիքը դարձել էր հմուտ զինվոր, լավ զինական, սակայն ճակատագիրը ուրիշ անակնկալ էր պատրաստել կրտսեր սերժանտ Մելիք Սողոմոնյանի եւ նրա ծառայակից ընկերների համար… Սեպտեմբերի 27-ին պայթեց պատերազմը… եւ պատերազմի առաջին օրն էլ առաջնագծում Մելիքը զոհվեց… Նրա անունը արցախյան պատերազմի առաջին զոհվածների չորս տասնյակում էր, բայց ոչ ծնողներն ու հարազատները, ոչ որեւէ մեկը չէր ուզում հաշտվել այդ մտքի հետ, սակայն դիրքը, որը պաշտպանում էին մեր տղաները, արդեն ընկել էր…

Մելիքի դին գտան նոյեմբերի 9-ի հրադադարից 10 օր հետո միայն, երբ կարմիր խաչի աշխատակիցները որոնողական աշխատանքներ էին տանում պատերազմական գոտում…

Զոհված կրտսեր սերժանտի գրպանում գտնված փաստթաղթերից իմացել են նրա ով լինելը, եւ անմիջապես տեղյակ պահել հարազատներին: Հայրը` Սեյրանը, որ մինչեւ վերջին պահը հույս էր փայփայում, թե հնարավոր է որդին թաքնված լինի որեւէ անտառում, որեւէ ձորակում, գնացել եւ իր աչքերով էր տեսել զոհված որդուն, ու որդու հետ գերեզմանել նաեւ վերջին հույսը… Փաստաթղթերի հետ Մելիքի գրպանում գտել են նաեւ արյունոտ գրություն, որտեղ զինվորը նշել է, որ վիրավոր է, որ պայքարում են, որ չեն նահանջի, բայց…

Մելիք Սողոմոնյանը զոհվել էր հենց պատերազմի առաջին օրը, ու նա եղավ նաեւ ետհրադադարի առաջին հուղարկավորվածը Սիսիանի պանթեոնում…

Քարոտանի համայնքապետ պարոն Վարդանը պատմում էր, որ երբ Մելիքը ամեն օր ոչխարը տանում էր արոտ, ձեռքին միշտ հաստափոր մի պայուսակ կար, հանդիպողները կատակել են, թե էդքան հացը որ տանում է, մենակ ո՞նց է ուտելու: Հաց չի, եղել է Մելիքի պատասխանը, գրքերս ու տետրերս են… Մելիքը դաշտերում սովորեց իր դասերը, դաշտերից ու ձորերից էլ սովորեց նվիրում, հայրենասիրություն, հայրենատիրություն… Հավատալով ուսումնատենչ ու նպատակասլաց երիտասարդի վառ ապագային, հարազատները հուշել են, որ համալսարանն ավարտելուց հետո Մելիքը Հայաստան կգնա, այնտեղ կապրի ու կաշխատի: Մելիքը, ընդհակառակը, ասել է, որ կմնա ու կապրի Քարոտանում, կդառնա գյուղի դպրոցի տնօրենը եւ իր սաներին իր օրինակով կսովորեցնի, թե ինչպես պետք է սիրել երկիրը, հայրենիքը, Արցախը, Սիսիանի Որոտանից Քաշաթաղի Քարոտան ընկած սիրո անքակտելի ճանապարհը…

Սիսիանի Որոտանքից Քաշաթաղի Քարոտան տեղափոխված Մելիքը այս անգամ չկարողացավ Քարոտանից իր ծննդավայր Որոտան վերադառնալ, նրա հանգրվանը Սիսիանի նահատակների պանթեոնն էր, դեպ հավերժացում, դեպ փառաբանում, դեպ համազգային ձեռն ի սիրտ խոնարհում…

19-ամյա զինվորին վերջին հրաժեշտ տվողներն ավելի քիչ էին, քան` դիմավորողները, որ երկնի դարպասները բացած` սպասում էին իրենց նահատակ ընկերոջը` որպես հավերժի ժամապահներ… Քիչ էին, քանի որ նահատակ զինվորի աճյունը րոպե առաջ պիտի հասներ հայրենի հողին, րոպե առաջ պիտի խաղաղվեր նրա չարչարված հոգին… եւ զինվորի դին Արցախից միանգամից տեղափոխեցին պանթեոն… Ժամանակը չէր սպասում…

Հավերժ փառք քեզ Հայաստանի եւ Արցախի խորհրդանիշ Մելիք Սողոմոնյան, հազար փառք քեզ հայրենիքի զինվոր… Վերից, ամենաբարձրից հսկիր Քաշաթաղի Քարոտան եւ Սիսիանի Որոտան գյուղերի անխախտ ուխտը եւ սրտիդ մեջ ամուր պահիր այդ երկար ու կարճ ճանապարհի` քո երազանքի հարատեւ հավատը… Հավերժ փառք քեզ…

#ՀԱՂԹԵԼ ԵՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

23 նոյեմբեր

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Համո Սահյան -110. ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Տեղադրվել է - Ապրիլ 11, 2024 0
1993 թվականի գարնան վերջերին Համո Սահյանի առողջական վիճակը բավականին վատացել էր։ Գանգատվում էր հատկապես շնչառական անբավարարությունից։ Դեղերն էլ քիչ էին օգնում: -Երբեմն…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code