#ՀԱՂԹԵԼ ԵՔ. Բռնակոթցի Արթուր, սիսիանցի Նարեկ… Երկինքը նրանց ուրի՜շ տեղ տարավ…

Տեղադրված է at 21:07
525 0

Սիսիանի հաղթական պանթեոնի շարքերն ինչքան խտանում են, էնքան մեր հոգիները թախկում են, պանթեոնի նախկին կանաչ հատվածները ինչքան պակասում են, էնքան մեր սրտերը բարակում են: Մեր հերոսացած տղերքի կողքին եւս երկու շիրիմ ավելացավ` 23-ամյա Նարեկի եւ 34-ամյա Արթուրի: Գրեթե չորս ամիս տեւած որոնումներից, փնտրտուքներից հետո հունվարի 25-ին նրանց միասին գտան, նրանք միասին «վերադարձան տուն» եւ իրար հետ ու իրար կողքի էլ հունվարի 27-ին ամփոփվեցին մայր հողում: Հիմա նրանց մայրերը մշտապես միասին են այցի գնալու իրենց զավակներին, միասին են նշելու նրանց հիշատակի եւ տոն օրերը, միասին են ամոքելու եւ մխիթարելու իրար, միասին են շարունակելու ապրելցնել իրենց զավակների ընդհատված կյանքը ոչ միայն նրա համար, որ նույն օրը գտնվեցին եւ հուղարկավորվեցին ու հավերժելու են կողք-կողքի, այլ որ Նարեկն ու Արթուրը քրոջ-եղբոր զավակներ են: Նարեկի մայրը` Արշալույսը եւ Արթուրի հայրը` Արայիկը, հալալ- քույր ու եղբայր են: Խեղճ մի բուռ դարձած Արշալույս, որ չգիտեր` իր գարուն-որդու մա՞հը սգար, թե՞ եղբոր թառլան, էս հոգեհան ժպիտով, ազնվական կեցվածքով եղբորորդու` Արթուրի մահը ողբար: Խեղճ աշխարհը գլխին թուլ եկած, իր աշխարհ-Արթուրի զոհվելու մտքի հետ այդպես էլ չհաշտված ու անկողին մտած տիկին Նաիրա, որ չգիտեր եռագույնով պատանված իր մի բուռ «աշխարհի» դագաղի՞ն փարվեր, թե` էս լուսաժպիտ, կենսասեր, մահը բութ մատի էս «ընտիր է» ժեստով հեգնած ու մերժած Նարեկի համար մղկտար…

Դե սիրտ բեր, որ դիմանա, դե միտք բեր, որ չկարկամի, հոգի բոր, որ չաղաղակի` աշխարհի անսեր անգութներ, ի՞նչ պատասխան եք տալու «հող ու ծաղիկ տվողին» Արթուրի էս ընդհատված ժպիտի, Նարեկի` «ընտիր է» կտրված երազանքի համար… Աշխարհը զրկվեց էս տեսակ ժպիտից եւ կյանքը էս տեսակ սիրելու հմայքից, աշխարհն աղքատացավ էս տեսակ ժպիտ եւ էս տեսակ «ընտիր է» կենսաձեւ կորցնելուց, փոխարենը` Սիսիանի հերոսական պանթեոնը հարստացավ, երկինքն ու տիեզերքը լցվեցին ժպիտով ու կյանքի սիրով…

Կյանքը էս տեսակ սիրելու, հայրենիքն այսկերպ ապրեցնլու համար էր, որ պայմանագարային Նարեկ Ելուղյանն ու Սիսիանի զորամասի սանմասի պատասխանատու Արթուր Առաքելյանը եւս գնացին պատերազմ: Հոկտեմբերի 8-ին Նարեկն իջավ Սիսիանի դիրքերից, եւ տաղաների հետ գնացին «այնտեղ», ինչպես գնալուց առաջ հայացքով ցույց էր տվել հորը: Կռվել են Կարմիր Շուկայում,  մասնակցել մարտական գործողությունների, հետները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 14-ին: Նարեկը զանգահարել է ծնողներին, որ իրենց տեղը փոխում են, գուցե հետո էլ կապ չլինի, չանհանգստանան, եթե չզանգի… Արթուրի զանգն էլ է նույն ժամանակ ընդհատվել: Արթուրը գիտեր, որ ինքը մոր աշխարհն է, ու եթե չզանգեր, աշխարհը փլվելու էր մոր գլխին… Արթուրն էլ այլեւս չէր զանգել…

Արթուրի մասին ասում են, թե ի~նչ նվիրայլ զավակ էր, ի~նչ նվիրված ամուսին, ի~նչ գորովագութ հայր, որ երկու զավակներին սիրում էր պաշտելու չափ, ի~նչ հոգատար եղբայր, իր գործին, զինվորին նվիրված ի~նչ սրտացավ բուժակ, ի~նչ բարեկիրթ, կազմակերպված, հավաք ու համեստ երիտասարդ, ամենքի տեղն իմացող մարդ: Գուցե հենց դա էր պատճառը, որ նրա աճյունից մի կերպ պոկեցին մորն ու կնոջը, քույրերին ու մտերիմներին: Արթուրի մայրը` սանէպիդկայանի բժշկուհի Նաիրան մարտակերտից էր, եւ Արթուրը գնացել էր մոր ծննդավայրը պաշտպանելու ու հավերժացել…

Նարեկի մասին ասում են, թե ի~նչ բծախնդիր զինվորական էր, միշտ կոկիկ, միշտ մաքուր, զինվորական համազգեստը` միշտ հարդարված, մշտապես` զենքը կողքին, զենքից անբաժան, իր բոլոր նկարներում` զենքի հետ: Իսկ երբ գտել են նրա աճյունը, վզին եղել է երկու խաչ, որը այնպես փայփայանքով ծնողները դրել են նրա մյուս մասունքների կողքին…

Պատերազմ գնալիս Նարեկը եւ Արթուրը ծնողներին հրաժեշտ չեն տվել, չեն ցանկացել իմանան, որ գնում են, բայց դե էդպես ո~նց կլիներ… Վերջին պահին հայտնել են, որ գնում են «էնտեղ»: «Նարեկին եւ ընկերներին մենակ մի բան եմ ասել` գերի չընկնենք… ես թուրքին լավ եմ ճանաչում…»,- ասում է Նարեկի հայրը ու պատմում է, որ Նարեկը դեռ երեխա ժամանակ զենք եւ զինվորական շորեր շատ էր սիրում, երբ որեւէ խանութ էին մտնում, իրենց ստիպում էր իր համար զենք-խաղալիքներ եւ զինվորական շորեր գնել: «Նարեկը զենք շատ էր սիրում, սիրում էր խաչեր, խաչքարեր: Ապրիլյան պատերազմի ժամանակ գնդակը կպել է Նարեկի զենքին, եւ այդպես է փրկվել նրա կյանքը: Նարեկը հետո այդ բեկորը իր հետ «նվեր է» բերել պատերազմից ու պահում էր իր իրերի մեջ: Մի փայտի կտորի վրա փորագրել էր` երկրորդ անգամ կյանք տվեց աստված: Իրերի մեջ գտել են նաեւ մի թուղթ, որի վրա գրված էր` կգա մի օր, կմնա մի օր…»,- ասում է հայրը` Յուրիկը ու չի կարողանում մեկնաբանել որդու գրածը:

Նարեկը սովորել է Սիսիանի պետական քոլեջում, հետո` ագրարային համալսարնում, բայց երազանքը եւ նպատակը սպա դառնալն էր, այնքան շատ էր սիրում զենքն ու զինվորական համազգեստը… Սակայն ինչպես անկատար մնաց այս երազանքը, այնպես էլ` ապրելու, սիրելու, սիրվելու իղձը: Նարեկի իրերի մեջ գտած թղթերից մեկի վրա գրել էր` «Օ, սեր իմ երկնային, կգտնեմ արդյոք քեզ, թե երազանք կմնաս…»…

Ասում են` կտրվելուց հետո է երեւում ծառի բուն հաստությունը: Բայց այս տղաների բուն մեծությունը, չափն ու կշիռը երեւում էր արդեն մինչ «կտրվելը», մեկն իր` սրտագեր ժպիտով, մյուսն իր` «ընտիր է» ընտրյալ կենսակերպով…

Մեկիկ-մեկիկ, զույգ-զույգ պահ ենք տալիս հայրենի հողին մեր ոսկեհատիկ սերմերին, որ հայրենի հողից ծլի-բարձրանա Արթուրի ժպիտը, Նարեկի «ընտիր է»-ն` մեր կռիվը հաղթնակով ավարտելու եւ  ժպիտով ու կյանքի սիրով հարատեւելու համար…

#ՀԱՂԹԵԼ ԵՔ, տղե՛րք: Թող խաղաղվի ձեր թափառիկ հոգիները, թող լույս իջնի ձեր շիրիմներին: Հավերժ փառք եւ հավերժ խոնարհում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

28 հունվար. 2021 թ.

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

93-ԱՄՅԱ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԷՋԵՐ

Տեղադրվել է - Մայիս 7, 2023 0
Ամեն անգամ մեծ ուրախությամբ եմ ընդունում մեր հարգարաժան հայրենակից, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր-պրոֆեսոր Գրիգոր Ալեքսանդրի Ղարիբյանի` իր մանկության, պատանեկության…

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Տեղադրվել է - Հունվար 11, 2024 0
Լրացավ աշխարհահռչակ գիտնական Նիկողայոս Ադոնցի ծննդյան 153 ամյակը։ Թեև այստեղ տապանաքար չունի, սակայն Բռնակոթում ﬓում է այն տունը, որտեղ ծնվել…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code