#ՀԱՂԹԵԼ ԵՔ. ԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ. ԵՍ ՄԻ ԾԻԼՆ ԵՄ ՔՈ ԱՐՏԻ…

Տեղադրված է at 17:59
158 0

Համագյուղացիները, Բռնակոթի դպրոցի դասատուներն ասում են, որ Արտակը, իսկապես ծիլ էր, որ չհասկակալեց, զուլալ էր, ինչպես սարից իջնող վտակ, պարզ էր, ինչպես առավոտի ցողը, անկեղծ էր` ինչպես լինում են միայն պարզ ու ազնիվ հոգիները: Թույլերին օգնում էր, ինչով կարողանում էր, իրենից մեծերին հասնում էր, միայն թե` օգտակար լինի, միայն թե` մի բանով սատարի…Սկզբում հաճախեց ծննդավայր Բռնակոթի դպրոց, հետո տեղափոխվեց Սիսիանի հինգերորդ, ապա սովորեց Երեւանի մարզական դրոցներից մեկում, բայց միշտ ամուր պահեց հայրենի գյուղի դպրոցի ընկերների հետ կապը, շարունակեց ընկերությունը, մտերմությունը: Ու բնավ զարմանալի չէր, որ էսօր Սիսիանի պանթեոնում էդքան շատ էին հատկապես դպրոցականները, իր ընկերները, համադասարանցիները, որ անթիվ անհամար ծաղիկներ էին բերել` սիրելի Արտակին ծաղիկներով հավիտենություն ճանապարհելու…

Դպրոցն ավարտելուն պես զորակոչվել էր բանակ, ծառայում էր Իջեւանի զորամասերից մեկում, հունվարին պիտի զորացրվեր ու, պատվով հրաժեշտ տար զինվորի համազգեստին, շարունակեր իր ազնիվ ու պարզ կյանքը… Բայց պատերազմն արդեն թակել էր նաեւ Առաքելյանների տան դուռը, ու 20 ամյա Արտակը հենց Իջեւանի զորամասի ծառայակիցների հետ մեկնել էր Արցախ` պաշտպանելու հայրենի երկրի սահմանները, բարձր պահելու հայ զինվորի պատիվն ու արժանապատվությունը…Պատմում են, որ Արցախ գնալու ճանապարհին Սիսիանի խաչմերուկում հարազատները հանդիպել, ողջագուրվել են Արտակի եւ նրա ծառայակիցների հետ, եւ, ճակատագրի ինչպիսի՜ քամահրանք, նրան տաք շոր հագցրել… որով նույն հարազատները ճանաչել են պատերազմի հենց առաջին օրերին առաջնագծում զոհված եւ միայն հրադադարից մեկ ամիս հետո գտնված նրա մարմինը, որն այսօր, զինվորին վայել հարգանքով ու պատվով, հանձնվեց Սիսիանի քաջաց պանթեոնին… 20 ամյա պատանին մնաց հավերժ զինվոր, հայրենյաց նահատակ, որի հիշատակի առջեւ ծնրադիր խոնարհվում է ողջ ժողովուրդն ու երկիրը…

Ապրեց մաքուր, թեթեւ, ինչպես հովը, որպես տան առաջնեկ` ջերմացրեց ծնողների պապակ սիրտը, բայց հետո մխացող մի ցավ թողեց, ու հեռացավ կյանքից` դեռ կյանքը չճանաչած, դեռ կյանքից բան չհասկացած, եւ, ինչպես կասեր մեր սրտագեր քնարերգուն` «դեռ չգրկած էակ փունջ մը»…

Ծնվել եւ մեծացել էր աշխատավոր, քրտինք թափող մի ընտանիքում, ուր բոլորը օգնում էին իրար, հասնում նեղ ու լեն օրերին: Մայրը` ազնվակենցաղ Քրիստինեն, հայրը` Սիսիանում իր արած-դրածով քաջածանոթ, իր քրտինքով իր հացը վաստակող Սեյրան Առաքելյանը իրենց զավակներին դաստիարակել էին հենց այնպես, որ չկորցնեն մարդկային նկարագիրը, չմեծամտանան, ապրեն` չվնասելով կողքինին, իսկ անհրաժեշտության դեպքում` ձեռք մեկնեն… Արտակն էլ էր այդպես մեծացել… Պատմում են, որ փոքրամարմին, նրբակազմ զինվոր Արտակը զոհվել է այն ժամանակ, երբ փորձել է թշնամու գնդակից զոհված իր ըկերոջը, որ քաշով իրենց ծանր էր ու խոշոր, դուրս բերել կրակագծից եւ թաքցնել մոտակա անտառում…

Դժվար, շատ դժվար է նայել այս պայծառ տղային, տեսնել նրա լուսաճառագ ժպիտը, միամիտ ու պարզ հայացքը, եւ մեղավոր չզգալ, որ… մեր կյանքով նրան ենք պարտական, անհունորեն չափսոսալ, որ նենգադավ պատերազմը տարավ այս զուլալ հոգով երիտասարդին… ու չմորմոքել, որ նա էր մեր բախտը փրկում, այն էլ` ի՜նչ գնով…

Ննջիր խաղաղությամբ, Արտակ Առաքելյան… Եղբայրդ` Վլադիմիրը, եւ քույրդ` Անին, կապրեցնեն քո անավարտ երազանքները, քեզնից երբեք չդատարկվող քո սենյակում կշարունակեն պահել-պահպանել քեզ` լուսավոր ու մաքուր հիշողություններով, իսկ քո Բռնակոթը, Սիսիանը, քո ընկերները, քո դասարանցիները մշտավառ կպահեն քո լուսվոր հիշատակը…

Հազար փառք քեզ ու հավերժ խոնարհում…

#ՀԱՂԹԵԼ ԵՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

12 դեկտեմբեր

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Նրա սրբությունը ծնողներն էին, բայց էնպես ստացվեց, որ առաջին տեղում հայրենիքն էր… 44 –օրյա պատերազմի նահատակ Անուշավան Խաչատրյան

Տեղադրվել է - Դեկտեմբեր 6, 2021 0
Շաղատեցի Վարուժան Խաչատրյանի բազմանդամ ընտանիքում ծնվել-մեծացել է 7 երեխա, 5 աղջիկ, 2 տղա… Տղաները ծնվել են աղջիկներից հետո… Հայոց օջախներում…

Ինչո՞ւ է ոտնահարվել զինվորի պատիվն ու արժանապատվությունը…

Տեղադրվել է - Մայիս 31, 2022 0
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 77,5 մլն դրամ գումար է հատկացրել Սիսիանի համայնքապետարանին`  44-օրյա պատերազմում զոհված եւ Սիսիանի պանթեոնում հուղարկավորված…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code