#ՀԱՂԹԵԼ ԵՔ. ԱՐՄԵՆ ՆԻԿԱԼՅԱՆ. ԵՍ ՄԻ ԲՈՒՌՆ ԵՄ ՔՈ ՀՈՂԻ…

Տեղադրված է at 18:47
241 0

Նիկալյանների ընտանիքի համար դժնդակ 2020-ի ամենավերջին օրն էլ ծանր էր ու ցավատանջ… 81-օրյա փնտրտուքից, դեգերումներից, հիվանդանոցից-հիցանդանոց, դիահերձարանից-դիահարեձարան վազվղեքից հետո դեկտեմբերի 31-ին Սիսիանի պանթեոնում հողին հանձնեցին իրենց 39-ամյա սերժանտ որդու` Արմեն Նիկալյանի աճյունը, ու ինչպես վկայում է նրա կինը` Մերի Սարգսյանը, փակեցին ծանր տարվա դուռը` մնալով իրենց հիշողությունների, իրենց լավ ու վատ օրերի հուշերի հետ, որ հիմա ամենաթանկն ու անմոռանալին են…

Արմենը նվիրյալ զինվորական էր, որ երիտասարդ կյանքի 12 տարիները նվիրել էր համազգեստին, զենքին, հայրենիքի պաշտպանությանը, ու պայմանագրային ծառայության անցել սկզբում Սիսիանի, 2017 թվականից` Վայքի զորամասում: Թեեւ անկատար էր մնացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվելու, զինվորական պրոֆեսիոնալ կրթություն ստանալու երազանքը, բայց համազգեստի հանդեպ սերը նրան կրկին տարել էր դեպի զենքը, դեպի զինվորությունը, որ, գոնե, այս կերպ մոտ լիներ զինվորի համազգեստ կրելու իր երազանքին, որն այնքան շատ էր սիրում…

Որոշ ժամանակ միաձուլել է երկրի պաշտպան զինվորի եւ հայոց հնավանդ` Դադիվանքի վերանորոգմանը մասնակցելու աշխատանքը, ու հոգու ողջ տարողությամբ զգացել հայրենի երկիրը սիրելու, այն պահել-պաշտելու ուժն ու հմայքը: Վանքի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո` 2017-ին կրկին նվիրվել է զենքին, պայմանագրային ծառայության անցել Վայքի զորամասում, որտեղ բոլորը սիրել են Արմենին բացառիկ մարդկային վերաբերմունքի, բոլորին հասնել-օգնելու, բարության, ոսկե ձեռքերի, ամեն դժվարին կացությունից ելքեր փտնտրել-կգտնել կարողանալու համար եւ սիսիանցի լինելու պատճառով փաղաքշորեն նրան Սիսո են անվանել: Կինը` Մերին պատմում է, որ երբ վերջերս գնացել էր Վայքի զորամաս` Արմենի փաստաթղթերի համար, պատմել են, որ պատերազմի առաջին օրերին, երբ հրամանատարը դիմել է զինվորներին, թե ով է ուզում պատերազմ գնալ, բոլորը հակել են գլուխները, իսկ Արմենը բարձրացրել է ձեռքը, որից հետո մյուս զինվորները նույնպես միացել են նրան: Երբ հետո զինակից ընկերները հարցրել են, թե ինչու ձեռք բարձրացրեց, Արմենը պատասխանել է` պատերազմ է, բոլորս ենք գնալու, բայց զինվորի համար ավելի արժանապատիվ ու վայելուչ է ինքը գնա, քան`…  իրեն տանեն…

Մերին պատմում է, որ պատերազմը սկսելուց դեռեւս շատ առաջ կարծես Արմենը կանխազգացել է, եւ երբեմն-երբեմն ասել, որ ինքը թուրքի գնադկից է ընկնելու, բայց երբ պատերազմը սկսել էր, ինքն է հույս տվել իրենց, որ իրեն գնդակ չի դիպչի, վերադառնալու է հաղթանակով եւ թուրքի երկու ականջ է բերելու իրեն նվեր… «Իր 12 տարվա զինվորական ծառայության ընթացքում չեմ հիշում դեպք, որ Արմենը հաղորդագրություն գրեր ինձ եւ պատգամեր երեխաներին լավ պահել… հատկապես` ամենափոքրին` վեցամյա Լաուրիային: Ինքը շատ վստահ էր, որ ես երեխաներին լավ եմ պահում, բայց հոկտեմբերի 5-ին Վայքի Բարձրունու դիրքերից նման գրություն էր ուղարկել, որը եղավ վերջինը»,- ասում է Մերին ու հավելում, որ Արմենը տեղեկացրել էր ամսի 5-ին Ջաբրայիլ մեկնելու հնարավորության, հետո` հրամանը փոխվելու մասին, բայց հոկտեմբերի 9-ին արդեն Ջաբրայիլից զանգահարել եւ ասել էր, որ այնտեղ է, չանհանգստանա, ծնողներին էլ հորդորի չանհանգստանալ, ինքը լավ է… Արմենը եւ ընկերները չեն էլ հասցրել մարտական գործողությունների մեջ մտնել, երբ հոկտեմբերի 10-ին ժամը 10-ի սահմաններում թուրքերը պայթեցրել են նրանց տեղափոխող մեքենան…

Արմեն Նիկալյանի միակ եղբայրը` Աշոտը, նույնպես պայմանագրային ծառայության մեջ էր, եւ նույնպես մեկնել էր պատերազմ մեկ այլ զորախմբի հետ, բայց, բարեբախտաբար, նրանց իջեցրել էին իրենց տեղափոխող մեքենայից` անսարքությունը վերացնելու համար, ու հենց այդ ժամանակ էլ ռմբահարվել է այդ մեքենան ու… տղաները ողջ են մնացել…

«Այդ օրն ու հենց այդ ժամերին ծանր կանխազգացումներ ունեի, հոգիս անհանգիստ էր, սիրտս` տագնապած, երեխաներս էին փորձում ինձ հանգստացնել, որ հայրիկին բան չի պատահի… Օրվա մեջ մի քանի անգամ զանգահարեցի այն հեռախոսահամարով, որով վերջին անգամ Արմենը զանգել էր ինձ, համարը անհասանելի էր, հետո փորձեցի նրա ընկերների միջոցով մի տեղեկություն իմանալ, բայց որեւէ կոնկրետ բան ինձ չէին ասում… Սակայն ամեն ինչ պարզից էլ պարզ էր… Արմենին մի հրաշքով ողջ գտնելու հույսը չկորցրեցինք, սակայն սկսվեց մի ծանր ոդիսական գոնե նրա աճյունը գտնելու եւ հողին հանձնելու հյուսով: Ամուսնուս Սասուն հորեղբայրը 81 օր տուն չմտավ, 81 օր աշխատանքի չգնաց, 81 օր խաղաղություն ու հանգստություն չունեցավ, մինչեւ որ դեկտեմբերի 25-ին ստացանք Սովետաշենի դիահերձարանում գտնված նրա աճյունի դնթ անալիզի պատասխանը, եւ դեկտեմբերի 31-ին հողին հանձնեցինք Արմենի մասունքները»,- ասում է Մերին ու հավելում, որ կգժվեին, եթե իմանային, որ միայն իրենք են սգակիր, որ միայն իրենց ընտանիքն է զոհ ունեցել, որ միայն Արմենն է նահատակ, բայց, որքան էլ տարօրինակ ու անհավատալի թվա, զոհերի հարազատներն ու ընտանիքները միմյանցով են միխթարվել, միմյանցից են ուժ ստացել, միմյանց ցավը կրելով ու կիսելով են գիտակցել, որ այս մեծացող եւ ընդարծակվող պանթեոնի նահատկներն են, որ թուրքին կանգնեցրել են, թուրքին հասկացրել, որ հայ զինվորի ոգին անկոտրուն է, զենքը` դիպուկ, նպատակը` երկրի փրկությունը, հայրենի օջախների խաղաղությունը…

«Այս տրվա հունվարի 17-ին լրանում էր Արմենի պայմանագրի ժամանակը, բայց նա մտադիր էր եւս երեք տարով երկարացնել այն: Մենք դժվար ենք ապրել, ծանր օրեր շատ ենք հաղթահարել, ապրել ենք վարձով, բայց մեր երեք երեխաներին ոչ մի բանից չենք զրկել: Արմենի հետ չոլերից փայտ եմ կրել, գարունը բացվելուն պես` դաշտերից` բանջարեղեն, իրար թեւ ու թիկունք ենք եղել եւ պահել մեր տունն ու մեր երեխաներին: Արմենը երեւվի վստահ էր, որ կարողանալու եմ երեխաներին պահել, ու, հավատում եմ, խիղճը հանգիստ է, որ իր զավակները հպարտ են ապրելու, արժանապատիվ են մեծանալու որպես հայրենիքի նահատակի զավակներ …

… Մեր միակ նպատակը սեփական տուն ունենալն էր, եւ Արմենը ուզում էր շարունակել ծառայությունը, որպեսզի կարողանայինք տուն գնել, մեր սեփական տանիքն ունենալ… Սակայն` Արմենի այս երազանքը անկատար մնաց… Մի բան ասեմ` չզարմանանք… Արմենի երազանքը ես իրականություն եմ դարձնելու, այդ ծանր հույսը նա ինձ վրա է դրել…»,-  արցունքի միջից ասում է Արմեն Նիկալյանի երիտասարդ այրին…

Հայրենյանց նահատակ Արմեն Նիկալյանը հանգրվանեց իր հավերժական տանը` Սիսիանի հերոսների պանթեոնում, դարձավ երկրի մի բուռ հողը, որ նոր որդիներ ու նոր զավակներ ծնվեն հայոց հողում, ու բոլորը տուն ունենան սեփական հայրենիքում…

Ճակատագրի կամոք` ծղուկեցի Արմեն Նիկոլյանը արցախյան քառօրյայում զոհված Արմեն Հովհաննիսյանի համագյուղացին լինելուց զատ նաեւ` նրա ընկերն էր ու աջի ձեռքը, մտերմն ու հավատարիմը: Մերին պատմում է, որ երբ Արմենը սրտնեղում էր, բարձրանում էր պանթեոն, նստում Արմեն Հովհաննիսյանի շիրմի մոտ, կիսվում նրա հետ ու թեթեւացած սրտով վերադառնում… Հիմա` երկու շիրիմ լուռ դրկից, հավերժական ուղեկից… ու հավերժի փառապսակով օծուն…

Ննջիր խաղաղությամբ, Արմեն Սամվելի Նիկալյան, դու քո արյամբ նաեւ շաղախեցիր քո գեղեցիկ ընտանիքի` սեփական տուն ունենալու նվիրական երազանքը…

#ՀԱՂԹԵԼ ԵՔ. Հավերժ փառք ու հավերժ խոնարհում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

9 հունվարի

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՍԻՍԻԱՆՍ…

Տեղադրվել է - Դեկտեմբեր 2, 2022 0
Սիսիանս… Ամեն անգամ ինքնակենսագրական վեպեր կարդալիս որոշում եմ ես էլ մի գիրք գրել իմ համեստ, մաքառող, տուժած ու պաշտպանվող քաղաքի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code