#ՀԱՂԹԵԼ ԵՍ… ՕԳՍԵՆ ԹՈՎՄԱՍՅՆԱՆ. ՈՒՐԱԽ -ՏԽՈՒՐ ՄԱՐԴԸ…

Տեղադրված է at 22:03
544 0

Ճակատագիրը շռայլ չի եղել Օգսենի նկատմամբ: Կյանքը շատ է հարվածել նրան: Բայց, ի հեճուկս հենց իրեն բաժին ընկած ոչ բարեհաճ ճակատագրի, հոգին չի դառնացել, չի չարացել… Ընդհակառակը, ասող, խոսող, քեֆեր, սեղանապետություն անել սիրող մարդ էր, ինչպես ոսկե ձեռքեր ունեցող բոլոր շնորհալի վարպետները, բոլոր լավ արհեստավորները… «Չէ» բառը չկար նրա բառապաշարում եւ մտածողության մեջ: Եթե կարող էր օգնել, օգնում էր, եթե չէր կարող` մի ելք էր փնտրում` օգտակար լինելու իրեն դիմողներին:

Անսահման բարի էր, հասնող, սրտաբաց, կարեկից, հումորով, սրախոս, ոսկե ձեռքերի հետ էլ ոսկե սիրտ ուներ, ու հենց դրանով էր հաղթել ճակատագրին, որ իր կամքով ու իր ցանկությամբ չէր իրեն վիճակվել…

Սովորել է Սիսիանի թիվ 4 դպրոցում, որ այն ժամանակ ռուսական կրթությամբ էր, մտածելով, որ կտեղափոխվի Ռուսաստան, բայց հետո տեղափոխվել է Շաքեի դպրոց, մորական պապի տուն: Դպրոցում առանձանպես լավ չի սովորել, բայց դա չէր էականը, կարեւորը` շատ լավ յուրացրել էր բոլորին օգտակար լինելու` կյանքի դասերը: Ընկերության մեջ լավ ընկեր էր, բարեկամության մեջ` լավ բարեկամ, աշխատանքի մեջ` հմուտ ու գիտակ… Սիսիանում գրեթե բոլոր մեքենատերերը գոնե մեկ անգամ առնչվել են նրա հետ, իրենց մեքենաները նորոգելու, «դզել-փչելու» նպատակով տարել վարպետ Օգսենի մոտ ու գոհացել ոչ միայն նրա լավ աշխատանքից, այլեւ` մարդկային լավ որակներից: «Որքան էլ ուրախ լիներ, միեւնույն է, աչքերում մի անհուն տխրություն կար, մի խորը թախիծ, որ, որքան էլ փորձեր թացնել, հոգատար ու ուշադիր աչքը չէր կարող չնկատել նրա հոգու թախիծն ու տխրությունը»,- ասում է հորեղբոր կինը` Վարդիկ Ստեփանյանը ու մեծ սիրով եւ մեծ ցավով պատմում այն ծանր օրերի, դաժանագույն սպասումների եւ ապրումների մասին, որ ունեցել է Թովմասյանների ընտանիքը արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ու դրաից հետո, երբ Սիսիանի զորամասի պայմանագրային զինծառայող Օգսեն Խաչատուրի Թովմասյանը նույնպես զինակից ընկերների հետ հոկտեմբերի 8-ին Սիսիանի դիրքերից իջան եւ գնացին Արցախ` հայրենիքի փրկության կանչին…

Վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 13-ին` Ֆիզուլիից, հորեղբոր կնոջ` Հայարփիի հետ, հուսադրել, հույսով լցվել, որ…

Բայց հենց հաջորդ օրերին էլ բարեկամ-հարազատների ականջին լուրեր հասան, որ Օգսենը զոհվել է, որ շատերի կյանքն է փրկել` վիրավորներին տեղափոխել առաջնագծից, բայց… Հետո ընկերները պատմել են, որ երբ աթս-ն հարվածել է Օգսենի մեքենային, տեղում անդամահատվել է, բայց գիտակցությունը տեղն է եղել, ու խնդրել է, որ չթողնեն տանջվի ու… Սակայն ընկերներից ոչ մեկի ձեռքը չի գնացել, չեն համարձակվել… Հարազատներն ասացին, որ հենց Օգսենի հրամանատար Լեռնիկն է իրենց պատմել, որ իր կյանքով պարտական է Օգսենին… Շատերին է փրկել, բայց չի կարողացել փրկել իրեն…

Օգսենի մասին մի քիչ դժվարությամբ են անցյալով խոսում հարազատներն ու տնեցիները, ասում են` հենց փողոցում մի մեքենայի ձայն են լսում, ակամա մտածում են, որ հիմա դուռը կբացվի, ներս կմտնի բարի, բարի, անսահման բարի ժպիտով, հաղթահասակ Օգսենը ու կասի` Ստեփանյան, սուրճս դրե՞լ ես… Վարդիկը պատմում է, որ երբ հարս է եկել Թովմասյանների օջախ, Օգսենն իր աչքի առաջ է մեծացել, իր դուստրերի եւ հատկապես որդու` Տիգրանի համար մեծ եղբայր ու ընկեր է եղել, ու հենց նա է Տիգրանի մեջ մեծ սեր ու մեծ հետաքրքրություն առաջացրել մեքենաների, տեխնիկայի նկատմամբ, ու միասին հորինել-սարքել-հավաքել էին «Խիշնիկ» անունով մեքենան եւ հրճվում, ուրախանում էին իրենց գյուտարարությամբ…

Վարդիկն ասում է, որ որդին` Տիգրանը հուլիսին էր զորակոչվել բանակ, երեք մասվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց: Շատ ծանր է տարել ընկերոջ`Վարդան Հովհաննիսյանի, ապա` Օգսենի զոհվելու լուրը, ինքն էլ վիրավորվել է, բայց, փառք աստծո, Տիգրանը հիմա բուժվում եւ ապաքինվում է…

«Օգսենը շատ էր սիրում երեխաներ, նրանց մեջ էր տեսնում իր մխիթարանքն ու սփոփանքը, պայմանագրային ծառայության էր մտել, որ կարողանար հոգար իր 4 զավակների կարիքները: Բայց, ցավոք, ճակատագրը իր զավակների հանդեպ էլ բարեհաճ չգտնվեց»,- ասում է հորեղբոր կինը, ապա ավելացնում, որ նրա երեխաները, սակայն, հպարտությամբ կկրեն արցախյան պատերազմի նահատակի զավակները լինելու խաչը ու պատվով կտանեն այդ պատասխանատվությունը…

«Փոքր զավակը դեռ շատ է փոքր, երեք տարեկան է, մեծ աղջիկն արդեն ուսանող է»,- ասում է հորեղբոր կինը եւ հավատում, որ Օգսենի ընդհատված կյանքը, չապրած տարիներն ու երազանքները կշարունակեն նրա զավակները…

Սիսիանի զորամասի պայմանագրային զինծառայող, հայրենյաց նահատակ 41-ամյա Օգսեն Խաչատուրի Թովմասյանի մարմնի նույնականացման լուրը հարազատներին հայտնվեց մարտի 18-ին: Մարտի 21-ին Սիսիանի պանթեոնում նրա աճյունը հանձնվեց հողին:

Հայրենի հողում մի պտղունց բարություն, մի սրտաչափ սեր էլ ավելացավ, մի լուսավոր հոգի էլ միացավ մեր սրբազան նահատակների` հոգելույս անուններին, մի քարագիր պատգամ էլ գրվեց մեր արյունոտ ու ոգեղեն հերոսամատյանում` մենք հավերժ պարտք ենք ձեզ, տղերք…

#Հաղթել ես… Հավերժ փառք ու հավերժ խոնարհում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

27.03.2021 թ.

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱԵՍՏՐՈՆ. ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Տեղադրվել է - Օգոստոս 14, 2021 0
…Ու լռությունն այդ զնգում-զրնգում է քաղաքով մեկ, աշխարհով մեկ, տիեզերքով մեկ: Զրնգում է այնտեղ, որտեղ տեղադրված են նրա քանդակները, զրնգում…

93-ԱՄՅԱ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԷՋԵՐ

Տեղադրվել է - Մայիս 7, 2023 0
Ամեն անգամ մեծ ուրախությամբ եմ ընդունում մեր հարգարաժան հայրենակից, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր-պրոֆեսոր Գրիգոր Ալեքսանդրի Ղարիբյանի` իր մանկության, պատանեկության…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code