#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ. ԴՈւ ԸՆԿԱՐ, ԲԱՅՑ ՄԱՐՏԱԿԵՐՏԸ ՄՆԱՑ ԿԱՆԳՈՒՆ…

Տեղադրված է at Ապրիլ 9, 2021
202 0

Ասում են` մեր բոլոր նահատակ զինվորները մի առանձնահատուկ հմայիչ են, առանձնահատուկ` ոգեղեն, մի ուրի՜շ հայացքով, որն ակնհայտ երեւում է հատկապես պատերազմի օրերին արված լուսանկարներում… Իրոք` այդպես է: Աստված էն գլխից արդեն նրանց օծել էր հավերժի լուսապսակով եւ դասել իր աջակողմյան սրբերի շարքում… Նայեք այս լուսանկարի հրեղեն պատանուն` Վահագն Հովակիմյանն է` նվիրյալը, անվախճանը, հավերժականը, հավերժազինվորը… 2000-ի ոսկե սերնդի մի ոսկեհատիկը, ԵՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետի ապագա ուսանողը, որն այդպես էլ չնստեց ուսանողական սեղանին, փոխարենը` կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին…

85-օրյա հոգեմաշ, սրտամաշ, կյանքամաշ սպասումներից, փնտրտուքներից, դեգերումներից, հուսավառում-հուսահատությունից, ապրել-մեռնելու սահմանագծում հայտնվելուց, նաեւ` ուժ ու կամքի, հույս- հավատի ծանր փորձությունը հաղթահարելուց հետո Հրաչյա եւ Անժելա Հովակիմյանների ընտանիքը «գտավ» կրտսեր սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ, աննահանջ ու խիզախ իրենց Վահագն որդուն, եւ, իրար հենվելով, իրար սատարելով, իրար մխիթարելով, իրար պահպանելով, փլված հույսերի փլատակներից իրար բարձրացնելով, հանուն Վահագնի անմեռ հիշատակի ապրելով` փորձեցին «հաշտվել» անհաշտվելիի հետ, փորձեցին «ընկալել» անընկալելին, փորձեցին «հասկանալ» անհասկանալին…

Եղել է, որ մտածել են` երնեկ փախած-մի տեղ թաքնված լինի, հետո իրենք իրենցից ամաչել են. Վահագնը փախչող-թաքնվողներից չէր: Եղել է, որ մտածել են անգամ` գոնե գերեվարված լինի, հետո մեղավոր զգացել կրտսեր սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ իրենց որդու առաջ. Վահագնը վերջին փամփուշտը իրեն կպահեր, բայց գերի չէր ընկնի, կմեռներ, բայց արժանապատիվ մահով, կզոհվեր, բայց հանուն հայրենիքի, եթե չէր կարողանալու ապրեր հանուն հայրենիքի…

Վահագնը «տուն է վերադարձել» զինվորի պատիվն ու արժանապատվությունը ամեն ինչից բարձր պահած` որպես մեր լինելիության երաշխավոր, անունը հավերժին պահ տված, հայոց փառավոր` երկնային զորավոր զորքին միացած, իր թափած արյամբ ու հերոսացմամբ բոլոր դարերի եւ բոլոր ժամանակների մեր նահատակների կողքին հավերժացած…

Հայոց պատմություն առարկան խորությամբ էր յուրացրել Վահագնը, ողջ գիտակցությամբ  ընկալել «մահ իմացյալի» թանկ գինը, «միայն զենքով կա հայի փրկություն» դարավոր պատգամը, «հողը արյունով են պահում, իմացեք» երկաթյա դարեգրությունը, ու այդ ընկալմամբ էլ երկու տարի առաջ համալրել հայոց բանակի շարքերը` իր սրբազան պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ, որից հետո միայն զինվորի համազգեստը փոխելու Երեւանի պետական համալսարանի ուսանողի հագուստով… Բայց…

Պայթեց պատերազմը`փորձելու մեր կամքն ու ոգին, մեր նվիրումն ու անվերապահ հավատը հայոց բանակի ու հայոց զինվորի ոգուն… Բանակը կռվեց, զինվորն անմահացավ…

Ավագ քույրը` Անահիտ Բաբայնը գրեց. «Դու աշխարհ էիր եկել, որ ցույց տայիր, թե ինչ է սերը ընտանիքի նկատմամբ, սերը, հարգանքը հարզատների, ծանոթ ու անծանոթների, ընկերների, հայրենիքի հանդեպ: Քո հայրենասիրությանը, ընկերասիրությանը չկար սահման: Հպարտ էիր, որ ծառայում էիր, ու ավելի հպարտությամբ կրում էիր զինվորական համազգեստդ: Ասում էիր «մամ ջան, տղան որ հագնում ա ֆորման, պիտի պոստ պահի»: Դու ապացուցեցիր` ինչ է նշանակում ծառայել հանուն հայրենիքի ու զոհվել հանուն նրա… Չհանձնեցիր դիրքդ… Քո ու ընկերներիդ կյանքով կանգուն մնաց Մարտակերտը…»…

Սիսիանի ավագ դպրոցի ֆեյսբուքյան էջը խորը կսկիծ հայտնեց իր պայծառ շրջանավարտի նահատակության համար` «Ցավ ու հպարտություն խառնվել են իրար. գիտենք, որ դու՛ ես այն եզակիներից մեկը, որ երկրի ու դարաշրջանի պատմություն է կերտում ու դառնում պատմություն, տալիս է իր կյանքը եւ ապրեցնում շատերին, կորցնում է իր արեւը ու շողարձակում որպես կենսատու շող անմահության ճանապարհին»…

Հուսափշուր Լիլիթ (Հրաչուհի) հորաքույրը դառնաթախիծ գրեց. «Ահա եւ վերջ, Վահագս, քո հեքիաթը ավարտվեց չարի հաղթանակով, կտրվեց ջահել կյանքիդ թելը… Ապրեցիր 20 գարուն, բայց իմաստավորված, արժանապատիվ, սփռեցիր բարություն, սեր, նվիրվածություն, հարգանք, կամեցողություն։ Նպատակներդ ու երազանքներդ մնացին անկատար, սերդ՝ գաղտնի, կյանքդ՝ կիսատ… Մարեց մեր լույսը, փոխարենը երկնակամարում փայլեց քո լուսավոր աստղը»…

Չէ՛, Լիլիթ, հեքիաթները չեն ավարտվում չարի հաղթանակով, հեքիաթում հաղթում է բարին, հաղթում է սերը, նվիրումն ու հավատարմությունը, հաղթում է երազանքը, հաղթում է ազնիվ նպատակը, հաղթում է նվիրյալը… Վահագնը համակ սեր էր ու համակ բարություն, համակ նվիրում էր ու համակ երազանք, որ մի օր, երբեւէ, հենց այդ առաքինություններով կտրվելու է վիշապի, դեւի, սատանայի գլուխը` խաղաղություն բերելով բիբլիական այն երկրին, այն հայրենիքին ու հայրենյաց այն հողին, որի համար ընկավ Վահագնը` իր այս լուսավոր, հրեղեն ժպիտը պահ տալով մեզ որպես հաղթանակի առհավատչյա, որպես հաղթողի խորհրդանիշ ու հաղթաթուղթ…

Ա՛յս զինաթափող ժպիտը, ա՛յս զինող ժպիտը, ա՛յս հաղթող ժպիտը, ա՛յս հեգնող ժպիտը… Զինվորի ժպիտը, աշխարհն իրենով հարստացնող, երկիրն իրենով զորավորող երիտասարդի ժպիտը… Թուրքի գնդակը կտրեց նրա կյանքի թելը, բայց չկարողացավ ու չէր կարող երկրի երեսից, մեր մտքերից ու մեր սրտերից քերել-հանել զինվոր-Վահագնի` մահը հեգնած, մահին հաղթած, թշնամի հեգնած, թշնամուն հավերժ պարտապան թողած, ճակատագիր հեգնած, հայոց ճակատագրի ընտրյալ այս հրեղեն զինվորի լուսավառ ժպիտը…

Ընդունի՛ր երկնային զորքիդ հրեղեն զիվորին, երկի՛նք… Եւ արժանի արա մեզ նրա զոհողությանը, ընդունի՛ր նրա հոգու խաղաղության համար հղված մեր աղթոքները, մեր խնկարկումը, մեր ծնրադրումն ու ցկայնս պարտք մնալու գիտակցումը այդ զոհաբերումին…

Հավերժ փառք եւ հավերժ խոնարհում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

14 հունվար, 2021 թ.

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

#ՀԱՂԹԵԼ ԵՔ. ԱՐՄԵՆ ՆԻԿԱԼՅԱՆ. ԵՍ ՄԻ ԲՈՒՌՆ ԵՄ ՔՈ ՀՈՂԻ…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Նիկալյանների ընտանիքի համար դժնդակ 2020-ի ամենավերջին օրն էլ ծանր էր ու ցավատանջ… 81-օրյա փնտրտուքից, դեգերումներից, հիվանդանոցից-հիցանդանոց, դիահերձարանից-դիահարեձարան վազվղեքից հետո դեկտեմբերի…

ԳԱՐԵԳԻՆ ՆԻԿՈԼՅԱՆԻ ԱՍՏՂԸ ԵՐԿՆՔՈՒՄ ՓՆՏՐԵՔ…

Տեղադրվել է - Հունվար 27, 2022 0
Երբ զրույցի համար պայմանավորվում էի 44-օրյա պատերազմի նահատակ Գարեգին Նիկոլյանի ընտանիքի անդամների հետ, քրոջ` Սոնայի հոգուց միանգամից հորդեց ամիսների կուտակվածը,…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code