#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ՀԱՄԼԵՏ ՄԻՐԶՈՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՀԱՅՐԸ ՀՈՂԻՆ Է ՀԱՆՁՆՈՒՄ ԶԻՆՎՈՐ ՈՐԴՈՒՆ…

Տեղադրված է at Ապրիլ 9, 2021
324 0

42-ամյա Համլետ Գրիշայի Միրզոյանը կյանքի մեծ մասը նվիրել է զենքին, բանակին ու հայրենիքին: Կարող էր եւ ուրիշ ուղի ընտրել կյանքում, ուրիշ ախշատանք գտնել, ուրիշ գործով զբաղվել: Բայց աչք էր բացել` ազատամարտիկ հոր` Գրիշա Միրզոյանի զրույցներն էին առաջին արցախյան պատերազմի մասին, հոր ազատամարտիկ ընկերների հանդիպումներն ու հերոսական պատմություններն էին, որ չէին կարող ազդեցություն չթողնել նրա ներաշխարհի ձեւավորման եւ կայացման վրա: Գուցե հենց դա էր նպաստել նաեւ, որ Համլետ Միրզոյանը պայմանագրային ծառայության էր մտել Սիսիանի զորամասում: Դրանից առաջ ու դրանից հետո էլ չէին դադարել ազատամարտիկ հոր եւ զինվորական որդու զրույցները` հայրենիքի, զինվորի կերպարի, ազատամարտի ու հող-հայրենին արժանապատվորեն պահել-պահպանելու մասին: Համեստ ու զուսպ հորից եւ անչափ բարի ու աշխատասեր մորից Համլետը ժառանգել էր նաեւ հոր ճարպկությունը, ժրաջանությունը, ճկունությունն ու արագաշարժությունը: Հայր ու որդի շատ ընդհանրություններ էլ ունեին. Գրիշան միշտ հավատարիմ մնաց ազատամարտիկի իր կոչմանը, որդին` հայրենիքի զինվորի: Ու բնավ պատահական չէր, որ «Սիսական» ջոկատի հետ առաջին արցախյան պատերազմի ժամանակ ողջ առաջնագիծը հաղթահարած, 1994-ին Ֆիզուլիում վիրավորված Գրիշա Միրզոյանը չխուսափեց նաեւ որդու հետ ապրիլյան քառօրյային մասնակցելուց` պահպանելով ոգու կորովն ու հաղթանակած զինվորի հպարտությունը:

Վերջին` 44-օրյա պատերազմին նորից հայր ու որդի պատրաստակամ պատերազմ մեկնեցին: Մի տարբերությամբ, որ այս անգամ նրանց էր միացել նաեւ Համլետի բուժքույր քույրը` Շուշան Միրզոյանը: Համլետն ու Շուշանը Մարտունի երկուսի կռվի ամենաթեժ կետերում են եղել, կապավոր Համլետը կատարել է ոչ միայն կապավորի, այլեւ` ամեն հնարավոր ու անհնարին գործ, ինչ պատահել է: Մարտական ընկերները հետո են պատմել, թե Համլետը ինչ ճարպկությամբ, ինչ փութաջանորեն ու ինչ արագությամբ է վիրավորներին դուրս բերել կրակի բերանից, տեղափոխել ապահով տեղ, օգնել բուժքույր քրոջը, ցուցաբերել առաջին բուժօգնություն… Քույր ու եղբայր անընդհատ միասին են եղել, իրար հետ ու իրար կողքի: Հետո եղբայրը անսպասելի անհետացել է քրոջ տեսադաշտից… Համլետը հանձնարարություն էր ստացել ապահովել գումարտակի կապը Կարմիր Շուկայի հետ եւ չորս ընկերների հետ անցել էր գործի, ու Շուշանն ու Համլետը այլեւս իրար չեն հանդիպել…

Հետո սկսվել է տառապագին որոնումների անվերջ թվացող հավիտենությունը… Որոնողական աշխատանքներին մասնակցել է նաեւ Գրիշա Միրզոյանը. իր կռված վայրերն էին, անգիր գիտեր տեղանքը, փնտրել են հնարավոր ու անհնար բոլոր վայրերը, բայց` ապարդյուն…

Մեր նահատակների հուղարկավորման ժամանակ Սիսիանի պանթեոնում գրեթե միշտ տեսել եմ Գրիշային, հետաքրքրվել որդու մասին, հույսը չէր կորցնում, ասում էր` քրոջ հետ է եղել, քույրը ողջ է, հավանական է` Համլետն էլ է ողջ, թաքնված է, մի տեղից դուրս կգա եւ կվերադառնա տուն… Ամեն հանդիպելիս Գրիշան աչքիս մի քիչ էլ էր ծերացած ու կոտրված թվում: Հետո հանդիպելիս արդեն հայացքներով էինք իրար հասկանում` Համլետին դեռ չեն գտել…

Համլետ Միրզոյանն էլ, իր զինակից շատ ընկերների նման, «տուն վերադարձավ» եռագույնով, տուն վերադարձավ` արժանացած մի բուռ հայրենյան հողի, իբրեւ սփոփանք ու մխիթարություն տկարացած առողջությամբ մոր եւ վշիտց ճկված հոր… Հիմա նրա երկու դուստրերն ու որդին, ծնողներն ու հարազատները արցունք թափելու տեղ ունեն, խնկարկելու տեղ ունեն, նաեւ` հպարտանալու տեղ, որ ազատամարտիկ հոր զինվոր որդին ընկել է հայրենիքը պաշտպանելիս…

Համլետ Միրզոյանի զինակից ընկերը` Մամիկոն Սայադյանը ամենալավ խոսքերը, ամենտիպական մտքերը, ամենաջերմ բառերն է ասում Համելտի մասին, ասում է, որ բարեխիղճ էր ու պատասխանատու, նվիրյալ էր ու անձնվեր… Հարազատներից մեկը, ում ամուսինն ու որդին էլ են եղել պատերազմի դաշտում, դժվարացավ բառեր գտնել Համլետի համար, ասաց միայն, որ հիմա Համլետի անչափ բարի, բարի ժպիտն է, որ հիշում է ու հավետ կհիշի… ու ամենուր կփնտրի այդ ժպիտը…

…Երբ Համլետ Միրզոյանը մեկնեց պատերազմ, աշուն էր, դեղնօրոր աշուն: Երբ հայրենի հողը պաշտպանելիս ընկավ` ծանրած հասկի նման, աշունը կարմիր էր, հողը` արնագույն: Երբ նրան որոնում էին, տունդարձի ճանապարհները ձյունածածկ էին, պանթեոնը` ձյունապատ… Երբ նրան այսօր հանձնեցին մայր հողին, գարունը թակում է մեր դուռը… Խառնվել են ժամանակներն ու եղանակները… Մի բան միայն անխաթար է` հայրենիքի նահատակ Համլետ Միրզոյանի հավիտենական փառքը եւ հավերժ ներկայությունը մեր բոլոր եղանակների ու բոլոր ժամանակների մեջ… Անխաթար է նաեւ իրենց կյանքի գնով ապրողներիս հատուցման պարտքը նրանց…

Հ.Գ. Սեպտեմբերի 28-ին արված այս լուսանկարում (վերջին լուսանկարը) Գրիշա Միրզոյանը ազատամարտիկ ընկերների հետ մեկնում է Արցախ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

  1. 02. 2021

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀԵՐՈՍԻՆ ՉԵՆ ՈՂԲՈՒՄ, ՀԵՐՈՍԻՆ ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՆ… Խաչքար` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Գեորգի Միքայելյանին

Տեղադրվել է - Նոյեմբեր 13, 2021 0
Շամբի միջնակարգ դպրոցի պատին Մակիչ Ասրյանի եւ Մարատ Հակոբջանյանի հիշատակի ցուցապաստառների կողքին ավելացավ եւս մեկը` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Գեորգի…

#ՀԱՂԹԵԼ ԵՔ… ՈՐՊԵՍ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Սիսիանցի վեց նահատակների մասին այս հոդվածը գրել եմ դեռեւս 23.10.2020-ին, երբ դեռ շարունակվում էին հայրենիքի համար մղվող թեժ մարտերը, երբ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code