#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ… ԶԻՆՎՈՐԸ, ՈՐ ԸՆԿԱՎ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԻ ԿԻՍԱՃԱՆԱՊԱՐՀԻՆ…

Տեղադրված է at 21:46
199 0

Մեր աչքերը դեռ արցունքոտ են, մեր վերքերը դեռ` արյունածոր, մեր մտքերը` անհանգիստ, մեր սրտերը` տագնապած, մեր օրերը` խառն ու խրթին, բայց մեր հույսերը դեռ ապրեցնող են, մեր ցավերը` համախմբող, մեր մայրերը դեռ հավատում են, որ հայրենիքին զոհաբերած իրենց որդիները վերածնվելու են նոր անուններով ու նոր նպատակներով: Մեր հայրերը իրենց անափ ցավը դեռ սեղմում են բռունցքի մեջ, մեր նահատակները դեռ տուն են վերադառնում` եռագույնով զարդարուն, ու քանի դեռ մեր բոլոր ճամփաները դեռեւս պանթեոն են տանում, մենք շարունակում ենք հավատալ էն մեծ գործին, որ կիսատ մնաց, էն մեծ երազանքին, որ անկատար մնաց…

Էդ մեծ երազանքի, մեծ նպատակի կիսաճանապարհին ընկավ նաեւ Գրիգոր Գրիգորյանը, բոլորի սիրելի Գոքորը, ընդամենը 27 գարուն ապրած բռնակոթցի երիտասարդը, ընկավ, բայց` գիտակից մահով, քանի որ ողջ գիտակցական կյանքը նույնպես նվիրում է եղել գյուղին, ընտանիքին, ընկերներին, հայրենիքին…

2017-ին Գրիգոր Գրիգորյանը պայմանագրային ածառայության էր անցել Սիսիանի զորամասում: Մինչ այդ հեռակա ուսուցմամբ սովորել էր Երեւանի Եվրասիա միջազգային համալսարանում եւ աշխատել: Օգնում էր մեխանիզատոր հորը` տնտեսության գործերն անելիս: Ոչ միայն հոր թիկունքն էր, այլեւ` մոր, եղբոր, քրոջ ու բոլոր հարազատ-բարեկամների օգնող-հասնողը: Ծնողների խոսքը երբեք գետնով չէր տվել, ոչ մեկի խոսքի վրայից չի թռել, հասել է, օգնել է, ձեռքից ամեն ինչ գալիս էր…

Գոքոր-Գրիգորի մասին Բռնակոթի դպրոցի ուսուցչուհի Անահիտ Երեմյանը փորձում է փնտրել-գտնել ամենաարժանի բառերը, ամենալավ խոսքերը, ասում է` ախր շատ լավ տղա էր, հասնող, օգնող, կամեցող, ձեռնահաս, խելոք, աշխատող, ստեղծող, կյանքով լեցուն, աշխույժ, բարեկամասեր, ամբողջ թաղի պարծանքն էր, երբեք չի մերժել իր օգնությունը որեւէ մեկին, ու դրա համար ողջ գյուղը այսպես մղկտում է իր զավակի համար: Շատ ափսոս Գրիգորին…

Ծնողներն այնքան էլ կողմ չէին, որ իրենց որդին զինվորական դառնար, ապրում-աշխատում էին, սեփական քրտինքով տուն-տեղ ստեղծում, տնտեսություն վարում, երկու տղա եւ դուստր մեծացնում, հարսանիք անում, մտադիր էին նաեւ Գոքորի համար տուն գնել Երեւանում, ամուսնացնել եւ մնացյալ կյանքը նվիրել թոռներին… Եւ երբ իրենց կարծիքն էին հայտնում, որ Գոքորը դուրս գա պայմանագրային ծառայությունից, հակադարձում էր` որ տղա է ծնվում, հպարտանում, ուրախանո~ւմ եք, չէ՞, բա տղան նաեւ հայրենիքի համար է, երկրի համար է, բանակի համար է… Ապա հավելում էր, որ եթե պատերազմ լինի, առաջինը իրենք պիտի գնան: Երբ փորձել են հակաճառել` ինչի՞ մենակ իրե՞նք են, պատասխանել է` հա, մենք ենք, բա մեր հողն է, մեր տունն է, հենց մենք պիտի պահենք… Հետո կատակի, հումորի տալով փակում էր թեման… Բայց կյանքը կատակ չէր, ոչ էլ` հումոր… Ու Գոքոր-Գրիգորը ամենից լավ ինքը գիտեր դա, երբ պայմանագրային ծառայության էր անցել Սիսիանի զորամասում, երբ բոլոր զրույցներն ավարտում էր` տղան պիտի ծառայի հայրենիքին, հետո` ընտանիքին, հետո` բոլորին վերջաբանով… Ասում էր, ու, գուցե, մտովի նաեւ իրեն նախապատրաստում հարաբերական խաղաղության մեջ գտնվող երկրի համար հնարավոր ու անհնարին բոլոր վերջաբաններին…

Մայրը` Սուսաննան, հայրը` Արայիկը, քույրն ու եղբայրը, հարազատները, բարեկամները համաձայն էին ցանկացած վերջաբանի, բացի այս մեկից, որ ճակատագրորեն պատերազմը պարտադրեց իրենց… Պատերազմ մեկնելիս ծնողներին նույնիսկ չէր ասել` ուր է գնում: Հոկտեմբերի 8-ի գիշերը իջել էին Սիսիանի դիրքերից, մտել էր բաղնիք, հետո բացել մոր սենյակի դուռն ու ասել` ստեղերանք եմ… ու գնացել պատերազմ… Ամեն օր առավոտյան զանգահարել է մորը, նորից ասել` ստեղերանք եմ, չանհանգստանաք… Ինչքան հարցրել են` որտեղ ես, պատասխանել է` ստեղերանք, դա իր սիրած բառն էր… Հոկտեմբերի 14-ին տնեցիները առավոտյան զանգը չեն ստացել, իր զանգի ժամն անցել էր, էլի են սպասել, ու զանգ չի հնչել… Անհանգստացել են… Գնալով` անհանգստությունն ահագնացել է, հետո լսել են, որ Կարմիր Շուկայի մոտերքը տղերքը վիրավորվել են, Գոքորն էլ` հետներն է, սկզբում ասել են` ոտնաթաթն է վիրավորվել, հետո ասել են` մատներն է կորցրել… Գոքորը դասակի հրամանատարի վարորդն էր, բայց քանի որ մատները վիրավոր են եղել, ինքը չի կարողացել վարել մեքենան, վարել է ընկերներից մեկը, մյուսը նույնպես եղել է վիրավոր, ու փորձել են դուրս գալ կրակագծից, բայց չեն կարողացել մեքենան դուրս բերել եւ… ու հետո այլեւս ոչ մի լուր…

Սպասումը երկար տեւեց… Հույս ունեին գոնե գերի ընկած լիներ, քույրն ու եղբայրը էլ տեղ չթողեցին, փնտրեցին, էլ հասցե չմնաց, չդիմեցին… բայց Գոքորից ոչ մի տեղեկություն…

Բարեկամուհին` հորաքույր Գայանեն պատմում է, որ շատ էր կիսվում իր հետ, իր բոլոր գաղտնիքնեն ու ծրագրերը պատմում էր իրեն, ասում էր` Գայանե հորաքույր, հեսա տես` հորս ի~նչ անակնկալ եմ անելու: Մտածում էինք` կամ ուզում էր հոր 50 ամյակը նշել, կամ` հարս բերել տուն… էդպիսի բաների էինք սպասում… Բայց հետո ամենավատ անակնկալն արեց բոլորիս… Հավատալու չէ, թե Գոքորի նման տղան այլեւս չկա, էնքան ճարպիկ էր, էնքան հնարամիտ, բայց անակնկալներից ընտրեց ամենավատն ու վատագույնը… Ասում է հորաքույր Գայանեն ու ավելացնում, որ թեեւ Գոքորի աճյունը գտան, բերեցին հանձնեցին մայր հողին, բայց ինքը դեռեւս չի հավատում, որ Գոքորի նման տղան կարող է այլեւս չլինել…

44-օրյա պատերազմին մասնակցել են նաեւ Գոքորի հորեղբոր տղան` Արմանը, եւս երկու բարեկամ` Հարությունը եւ Մայիսիկը, ու բոլորին Գոքորը պատվիրել է ողջ եւ առողջ վերադառնալ տուն… Փառք աստծո, բոլորը վերադարձել են, իսկ Գոքորը հավերժացավ հանուն հայրենիքի, հանուն զինվորական պատվի եւ հանուն վաղվա կերտվելիք հաղթանակների…

Հ.Գ. Սպասումը մաշեց բոլորի հույսը: Փետրվարի 23-ին ստացան ամենավատ բոթը` դնթ անալիզի դրական պատասխանը, իսկ փետրվարի 24-ին լուրը պաշտոնապես հայտնեցին ծնողներին… Փետրվարի վերջին օրը Գրիգոր Արայիկի Գրիգորյանին Սիսիանի քաջաց պանթեոնում հանձնեցին մայր հողին…

Վաղը գարնան առաջին օրն է, շնորհավոր ձեր անխռով գարունը, տղերք, որ ձեր գարուն կյանքը տվեցիք մեր խռովահույզ, ձնծաղկաբույր, արեւագալ գարունների համար… Հավետ պարտական ենք ձեզ, ձեզ հավերժ փառք եւ հավերժ խոնարհում…

#ՀԱՂԹԵԼ ԵՍ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

28.02.2021

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Առաջին պատերազմը կեսրայրիս տարավ, 44-օրյան` տղայիս… Արայիկ Կիրակոսյանի մայր

Տեղադրվել է - Հունվար 10, 2022 0
Գյուղամիջում արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնն է: Անգեղակոթը շատ զոհեր տվեց Արցախյան պատերազմներում: Զոհվածներից ոմանք հուղարկավորվեցին Սիսիանի պանթեոնում, ոմանք` Եռաբլուրում, 15…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code