#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ԳԵՈՐԳԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. ՇԱՄԲԸ ՔԵԶ ՇԱՏ ԿԿԱՐՈՏԻ, ԳԵՈՐԳԻ-ԺՈՐԿԱ…

Տեղադրված է at Մայիս 1, 2021
2106 0

Հունիսի 18-ին լրանալու է 44-օրյա պատերազմի նահատակ լծենյան թոռ, Շամբի զավակ Գեորգի Վարդանի Միքայելյանի 20 ամյակը: Ընդամենը` 20: Երկրային կյանքում ապրեց միայն 19 գարուն, իսկ երկնայինում նրա գարունները հավերժ են, կյանքը` հարատեւ, հոգին` մշտագո, անունը` անմեռ…

Գեորգի Միքայելյանը Շամբում չի ծնվել, ծնվել է հեռավոր Սանկտ-Պետերբուրգում, բայց ողջ էությամբ շամբեցի էր ու Շամբի զավակ… Երբ առաջին անգամ ոտք է դրել հոր ծննդավայր Շամբ` մեծ տատի հուղարկավորության ժամանակ, ընդամենը երեք տարեկան էր, սակայն ողջ արյամբ, նյարդերով ու բոլոր զգայարաններով զգացել էր հարազատ ու տաք միջավայրի ընտանեկան ջերմությունը, ու որոշվել էր` վերջ, Գեորգին էլ չի վերադառնա Սանկտ-Պետերբուրգ, կմնա Շամբում, տատիկ-պապիկի մոտ… Եկավ ու մնաց… Մնաց ու դարձավ Շամբինը ու շամբեցիների սիրելին: Բոլորի համար Ժորկա էր, բոլորի Ժորկան էր… Ռուսախոս Ժորկան շուտով սովորեց հայերն խոսել, հաճախեց Շամբի դպրոց, ընկերացավ հասակակիցների հետ: Իր շիտակ, մաքուր, պարզ բնավորության համար բոլորը սիրեցին իրենց Ժորիկ-Ժորկային… Դարձավ Արեւիկ տատի եւ Ժորիկ պապի ամենամեծ սիրո բաժինը, անմնացորդը, բոլորանվերը… Արեւիկ տատն էլ դարձավ թոռան աստվածուհին, պաշտելին, որ եւ տատություն արեց իր Ժորկային, եւ` մայրություն, եւ` ընկերություն: Շամբի քար ու քերծերից առաջին շրեշտը Ժորկան էր բերում տատի համար, առաջին խնջլոզն ու առաջին մարաժոն, առաջին բոխին Ժորկան էր բերում, ու երբ հարեւան-բարեկամները հարցնում էին` որտեղի՞ց, Արեւիկ տատը իբր մի քիչ նեղացած, թե դա ի՞նչ հարց է, անթաքույց հպարտությամբ պատասխանում էր` իյա, Ժորկաս ա բերել… Շամբի լիճը ափից-ափ լողում-անցնում էր ժորկան, ու Շամբի երեխաներին լողալ սովորեցնում: Երբ թաց մազերով տուն էր վերադառնում, տատը, իբրեւ թե նախատելով, ասում էր` էլի լի՞ճ ես մտել… Այ տատ, բա առանց ջուրը մտնելու ո՞նց էրեխեքին լողալ սովորեցնում, լինում էր Ժորկայի պատասխանը, որն արդեն հազարումիերորդ անգամն էր հնչում…

Ժորկան աչքերի կապույտը օտարուհի մորից չէր ժառանգել… Շամբի լճի կապույտն էր` լազուր ու թափանցիկ եւ Ժորա պապի գենը, որ անվան հետ թոռանն էր ժառանգել նաեւ իրենց տոհմիկ կապուտաչությունը, բոյ-բուսաթը, սիրուն, առնական դիմագծերը եւ անչափ բարի, բարի հոգին…

Շամբում բոլորը նրան շտապ օգնություն էին ասում, հասնում էր բոլորին, օգնում բոլորին, ու բոլորն էլ սիրում էին իրենց անուշ տղային` հենց այդ բարության, շիտակության, սրտաբացության համար:

Գեորգի-Ժորան Վարդան Միքայելյանի միակ զավակն էր, մինուճարը, տատի ասած` ամանաթը, որ ամանաթի պես էլ պահում էր նրան: Ժորա պապի եւ Արեւիկ տատի մյուս զավակները միայն աղջիկներ ունեն, ու դրա համար էլ Ժորկային մի ուրիշ սիրով էին սիրում, դրա համար էլ Ժորկան բոլորի եղբայրն էր ու բոլորի թիկունքը: Ամանաթ պահած թոռանը Արեւիկ տատը ցանկացավ նաեւ խոհարարի իր մասնագիտությունը փոխանցել, որ տղան նաեւ դրանով մոտ լինի իրեն: Շամբի դպրոցն ավարտելուց հետո Ժորան խոհարարություն սովորեց Երեւանում, եւ տատի սրտով էր… մտածում էր` բանակում էլ խոհարարություն կանի` ամանաթ տղա է, թող ամանաթ պահենք…

Բանակում ծառայելիս Ժորան, սակայն, դիպուկահարությունը գերադասեց խոհարարությունից, եւ Նուբարաշենում դիպուկահարի կուրսեր անցավ, ու հպարտանում, շատ էր հպարտանում իր դիպուկահար լինելով, եւ դա համարում էր հայրենասիրության չափանիշ… Ինքը պայքարեց եւ գնաց բանակ…

…Երանի էն օրը, որ Ժորիկին բանակ էին ճանապարհում… Օրն աշխատանքային չէր, ու ողջ ազգ ու տակը եկել էին նրան ճանապարհելու: Բոլորն ուրախ էին, բարձր տրամադրությամբ: Բարձրահասակ, գեղեցկադեմ, թիկնեղ, ատլետիկ Ժորկան արդեն զինվոր էր իր կեցվածքով ու պահվածքով: Միայն Արեւիկ տատի սիրտն էր կախ… Խնդրում-համոզում էր իր ամանաթ թոռանը բանակ չգնալ, Ժորան Ռուսաստանի քաղաքացիություն ուներ, եւ կարող էր չգնալ, Ժորան բայց լսել անգամ չէր ուզում, չէր ցանկանում ետ մնալ ընկերներից եւ ուզում էր ծառայել ընկերների հետ: Ժորկան, որ հնազանդորեն կատարում էր տատի բոլոր ասածները, էդ մի բանում հակադրվեց, ասաց` ինձ մի կտրիր ընկերներիցս, ասաց` ես պիտի ծառայեմ հայոց բանակում, ասաց` բա տղան պիտի ծառայի, հետո` աշխատի, հետո… Տատն ասում էր` քո աշխատանքը մեզ պետք չի, Ժորկան համոզում էր, որ թոռան վաստակածը աստծո պարգեւ է լինելու իրենց համար… Տատն ասում էր` սիրածդ աղջիկն ո՞վ ա, ասա` ջերմ աչքերով նայեմ, հոգուս մեջ պահեմ, բռիս մեջ պահեմ, Ժորկան սիրուն ժպտում եւ ասում էր` կգամ-կծանոթացնեմ… Նպատակ ուներ Երեւանում գործ դնել, շարունակել իր խոհարարությունը, օգնել տատ ու պապին: Արեւիկ տատն ասում էր` իմ գեներալ Ժորկաս, Ժորան ասում էր` տատիկ, գեներալ եմ գալու … Արեւիկ տատն ասում էր` վախենում եմ չդիմանամ կարոտիդ, չկարողանամ սպասել, Ժորկան ասում էր` այ տատ, երկու տարին ի՞նչ է, որ չդիմանաս, քեզ լավ պահիր, պապիկիս էլ` հետը… Շատը գնացել, քիչն էր մնացել… Մի քանի ամսից ժորկան պիտի զորացրվեր…

Բայց` Ժորկան գեներալ չեկավ, գեներալ բերեցին` եռագույնով ու զինվորական պատվով բերեցին, հայոց օրհներգի հնչյունների ներքո բերեցին, խնկաբույրով ու աղթոքով բերեցին,  ու բոլոր շամբեցիների կոտրված սրտի, Արեւիկ տատի ողբալաց ցավի միջով բերեցին, Ժորա պապի կծկված ուսերի վրայով բերեցին, միակին, մինուճարին, կյանքի իմաստին կորցրած Վարդան հայրիկի աղաղակող լռության, Սվետա մոր` կիսատ մնացած սիրո միջով բերեցին… Բերեցին անվան առաջին տառերով կազմված ծաղկեպսակների ավտոշարասյան ուղեկցությամբ… Բերեցին ու Շամբի փոխարեն Սիսիանի քաջաց պանթեոնը հարստացավ, բերեցին, ու ժորկայից դատարկված Շամբի փոխարեն նահատակների պանեթոնը տրտմորեն հառաչեց` այս էլ որերորդ անգամ… Բերեցին պատերազմից 7 ամիս, 200 օրվա հուսավառ ու հուսահատ սպասումներից հետո, բայց` որպես հերոս բերեցին…

Ծառայությունը Ջրականում էր: Այստեղ էլ էին սիրել Ժորկային, սիրել էին եւ զինակիցները, եւ հրամանատարները: Սիրել էին իրենց Ժորա-Ժորկա-սիսիանցի կյաժին, իրենց Գեորգի Միքայելյանին: Հնարավոր չէր չսիրել ծովի պես կապույտ նրա աչքերը, հնարավոր չէր չսիրել նրա մաքուր հոգին, բոլորին հասնելու, օգնելու նրա սրտաբացությունը… Բանակից անգամ Արեւիկ տատի ծննդյան օրը տոն սարքեց Ժորկան: Ընկերները սիրով իրենց գլխավերեւում պահեցին տատի անվան առաջին տառերով կազմված բառը եւ նկարն ուղարկեցին նրան…

Երբ պատերազմը սկսվեց, հենց առաջին օրը դիպուկահար Ժորան եւ ընկերները առաջինը իրենց վրա վերցրեցին մահասփյուռ գրոհը … Մարտի էր բռնվել ու անմիջապես էլ զոհվել…

Պատմում են, որ երեք վիրավոր են եղել, երկուսին դրել են շտապ օգնության մեքենա, ու երբ եկել են, որ Ժորային էլ վերցնեն, մեքենան պայթել է: Ընկերները Ժորայի դին թաքցրել են եղեգների մեջ, հուսացել, որ իրենց հետ կհանեն կրակագծից… Ժորայի զինակից ասորի ընկերն է հետո նկարագրել այն վայրը, այն եղեգնուտը, որտեղ թաքցրել էին նրան: Դաժան սպասումների, տագնապների, հույսերի ու հուսահատությունների յոթ ամիս հետո միայն Ժորայի հորեղբոր որդի Սեյրանը խաղաղապահների ուղեկցությամբ կարողացան դուրս բերել նրա մասունքները: ԴՆԹ անալիզը հաստատվեց ապրիլի 23-ին: Ապրիլի 25-ին հողին հանձնեցին լույսի պես զուլալ, Շամբի ջրամբարի պես կապուտաչ Գեորգի Վարդանի Միքայելյանի մասունքները:

Երբ Ժորիկի լուրը հասավ, Շամբը սարսռաց, Շամբը փշաքաղվեց, Շամբը փշուր-փշուր եղավ իր հույսերի վրա… գարունը, որ առաջինն է Շամբ մտնում, շփոթվեց-մնաց շամբեցիների անմշակ ծաղկանոցներում… մինչդեռ` նրանք առաջինն են իրենց ծաղկանոցները մաքրում ու կարգի բերում…սպասել էին ժորիկին… Ողջ Շամբն էր սպասում Ժորիկին, Շամբի կապուտակ լիճն էր սպասում իր կապուտաչ Ժորկային, Խութիսի սար ու քարերն էին սպասում, Շտրիկն ու Շամբի մարգարիտկան էր սպասում, շամբամիջի բարձրաբերձ ընկուզենիներն էին սպասում, արցախյան առաջին պատերազմի նահատակ Մակիչի ցայտաղբյուրն էր սպասում, բոլորն էին սպասում…

Ութ տարեկանից նրան անմնացորդ նվիրումով մայություն անող Սվետան ասում է, որ աշխարհի ոչ մի բառարանում եւ ոչ մի լեզվում չկան այն բառերը, որ կարող են նկարագրել իրենց տառապանքը, որ կարողանան սպեղանի ու մխիթարանք դառնալ որդեկարոտ իրենց սրտերի համար, որ կարողանան դարմանել մեն-մինուճար որդի կորցրած Վարդանի սիրտ բեկող լռությանը, իրենց ողջ սերն ու փափագը թոռանը տված Արեւ տատի եւ ժորա պապի ողբերգությանը: Ախր սա ցավ էլ չի, ողբ է, կսկիծ է, մրմուռ է, մուխ է… Ուզում են գրկել իրենց Ժորկային, իրենց Կյաժին, իրենց միակին, հիմա ի՞նչ անեն, հիմա ո՞նց պիտի ապրեն առանց իմաստի, առանց նպատակի, առանց Ժորկայի… Ժորա պապը իրեն մխիթարում է, որ մենակ իրենք չեն, հետո երբ հետեւում է` «ախր Ժորկան մինուճար էր» պատասխանը, Ժորա պապը ուժ է գտնում ասելու` ամենքի համար իր բալան մինուճար է…

Յոթ ամիս, 200 օր լիճը կարոտում էր քեզ ու սպասում, բակի ընկուզենին կարոտում էր քեզ ու սպասում, Ժորա պապը կարոտում էր քեզ ու սպասում, քո ատվածային Արեւիկ տատը կարոտում էր քեզ ու սպասում, Շամբը կարոտում էր քեզ ու սպասում… քո աչքերի կապույտը երկինքից էր, երազանքից, ծովից, կարոտից ու Արեւիկ տատի անպարագիծ սիրուց, որ իր անափ սերը քեզ տալով` քեզ էր տվել իր բոլոր իղձերն ու նպատակները, իր բոլոր երազանքներն ու ցանկությունները… Հիմա լիճը խռովված է ու տխրադեմ, հիմա Շամբը վշտահար է ու արցունքաչք, հիմա բակի ընկուզենին որբ է ու անընկեր, հիմա Ժորա պապը կորամեջք է, Արեւիկ տատը` աշխարհից խռոված, Վարդան հայրը`լռակյաց, Սվետա մայրը` մղկացող …

Գնացիր… Քո կապուտաչ երազները պահ տվեցիր լճին, քո անկատար թռիչքները պահ տվեցիր խաղընկեր ընկուզենու` երկինք սլացող ճյուղերին, քո երազանքների հատիկները պահ տվեցիր Շամբի քար ու քերծերին, որ պահեն, հավետ պահեն, իրենց սրտի ու իրենց ծոցի մեջ պահեն քո կապույտ աչքերի ծով հմայքը, քո կապույտ երազների անվախճանությունը…

Լծենյան թոռ, Շամբի կապուտաչ զավակ Ժորկա… Քո ցավը եկավ մոռացնելու արցախյան 44-օրյա պատերազմում լծենցի Բաբոյի (Լուսիկ մամի) գերդաստանի մյուս երեք վիրավորվածների ցավը, ովքեր, աստծո փառքով, ապաքինվել են, եկավ, որ բոլորի փառաց լուսապսակը քո գլխին դնեն, եկավ, որ Սիսիանի քաջաց պանթեոնում հանգչող քո շիրմաթմբին բոլոր օրերին բերվող Շամբի կակաչները հավերժորեն քո մասին լինեն…

Ննջիր խաղաղությամբ, մեր Գեորգի-Ժորա-Ժորկա, հավերժ փառք քեզ ու հավերժ խոնարհում… Դու #ՀԱՂԹԵԼ ԵՍ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԴԱՐԲԱՍԻ ԲԱՐԲԱՌԸ` ԻՐ ՈՂՋ ՀՄԱՅՔՈՎ…

Տեղադրվել է - Մարտ 6, 2024 0
ԱՇԿՏ ՏՈՒՍ ԿՅԱ, ԱՆՄԸՏ ՏՈՒՍ ՉԿՅԱ… Պարիօր ծեզ։ Հո՞ւնց էք։ Մետերնիտա կա՞մ մեր էն պաժառին պատմությունը, վեր փշերը վառիլից սաղ…

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ… Խաղաղ ժամանակ քրտինք պիտ խառնես հողին, պատերազմի ժամանակ` արյուն…

Տեղադրվել է - Ապրիլ 6, 2021 0
Արցախյան ազատամարտի հերոսական ուղի անցած Սիսական ջոկատի մարտակոչով կրկին Սիսիանի` Սիսակ Նահապետի անունը կրող հրապարակում էին հավաքվել սիսիանցի ազատամարտիկները` միանալու…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code