#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ԱՐՏԱՇԵՍ ԲԱԼՅԱՆ. ՏՈՀՄԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԱՀԱՏԱԿԸ ՀԱՆՁՆՎԵՑ ՀՈՂԻՆ…

Տեղադրված է at 09:30
472 0

Մեր հոգում պատերազմը դեռ չի ավարտվել… Ու չի ավարտվել նաեւ մեր հողում, քանի դեռ զինվոր ենք հանձնում հողին, քանի դեռ զինվոր ունենք հողին հանձնելու…

Ու ամեն անգամ Սիսիանի նահատակների պանթեոն մտնելիս` պատերազմը շարունակվում է մեր աչքի առաջ, այն ալեկոծում է մեր միտքը, ընդվզում մեր հոգին… Ու ամեն նոր նահատակի հայրենի հողին հանձնելիս վերստին փաստում ենք, որ մեր կռիվը անավարտ է, ինչպես որ անավարտ են մեր երազանքները, նահատակների իղձերը եւ մեր պարտքը` նրանց հիշատակի առաջ… Պանթեոնը մեծանում-ընդարձակվում է, մեր պարտքը` խորանում, ցասումը` խտանում, ցավը` աղմկում, վրեժը` չի՛ լռում, չի՛ լռում, չի՛ լռում…

Վեց ամիս անհայտ, անորոշ, անհույս մթնեցրեց ու լուսացրեց Արտաշես Բալյանի ընտանիքը: Վեց ամիս մեռավ ու հառնեց, վեց ամիս ընկավ ու բարձրացավ, վեց ամիս սգաց ու սուգը վանեց, հուսաց ու հասահատվեց… Հետո եղավ այնպես, որ երազեց, անգամ, գոնե, իրենց զավակը գերի լինի, քանի որ գերեվարվածների մեջ մեկին շատ էին նմանեցրել Արտաշեսին, նաեւ` անունն էին կարդացել գերեվարվածների ցուցակում, բայց հույսի այդ նշույլն էլ չքվեց… Հետո երազեց, գոնե, այն մի բուռ հողը, որտեղ կայցելեն, կսգան, կխնկեն, կաղոթեն, կխոնարհվեն ու կերդվեն…

2020-ի հոկտեմբերի 2-ից հետո, երբ համառորեն լռել էր Արտաշեսի հեռախոսազանգը, 2021-ի ապրիլի 6-ին եկավ այդ լուրը, որ եւ աղետ էր, եւ` մխիթարանք… Եկավ այդ օրը, ու Սիսիանի նահատակների պանթեոնում, մարտական ու զինակից ընկերների կողքին նոր հողափոս փորվեց, որը Արտաշեսի հավերժումի հասցեն էր… Ու նրա անվան տառերով հյուսված ծաղկեպսակների շարասյունը նրան ուղեկցեց վերջին հանգրվան, որից անդին հավերժ խոնարհումն է, հավերժ փառավորումը եւ հավերժ երախտագիտությունը…

Համագյուղացիներն ասում են, որ Արտաշեսը շատ խիզախ, համարձակ տղա էր: Երկու եղբայրների եւ քրոջ սիրելին, հարեւանության հարեհասը: Եթե տեսներ հարեւաններից մեկը խոտի հակերն է բարձում մեքենան, կամ` թափում մեքենայից, չէր սպասի դիմեն` կօգներ, եթե տեսներ մեկի ջրի ծորակն է խափանվել, իր օգնությունը կառաջարկեր, ու իրեն լավ կզգար, որ օգտակար եղավ, որ մի խնդիր լուծեց… Ու երբ հայրենի Բռնակոթում արդեն լսել էին Արտաշեսի զոհվելու շշուկները, հիշել էին, վերհիշել, եւ յուրաքանչյուրը պատմել էր, թե Արտաշեսը ոնց է օգնել իրեն, ու ափսոսացել էին, շատ էին ափսոսացել, որ ընդամենը 35 գարուն ապրեց կենսասեր, ծնողասեր, հարազատասեր, բարի, անկեղծ, բարեկամասեր, հարեւանասեր, Բռնակոթասեր իրենց Արտաշը…

Արտաշես Բալյանը պայմանագրային ծառայության էր անցել Սիսիանի զորամասում: Հետո հանգամանքների բերումով 2019-ին տեղափոխվել էր Վանաձոր` կնոջ` Լիլիթի ծննդավայր, եւ ծառայությունը շարունակել այնտեղ: Պատերազմի լուրը լսելուն պես Վանաձորից էլ մեկնել մարտադաշտ: Նույն ժամանակ Սիսիանում Արտաշեսի մյուս եղբայրը` Արմենն էր զորահավաքով կամավորագրվել եւ պաշտպանում էր Սիսիանի դիրքերը:

Տնեցիների հետ Արտաշեսը վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 2-ին Ջաբրայիլից… Հետո ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն…

Շատ փնտրեցին, երկար փնտրեցին… Ցավի ու ցասման վեց ամիսների ընթացքում հայրենի հողին հանձնեցին Բալյան-Առաքելյան տոհմի եւս երեք նահատակի` լուսաժպիտ Նարեկ Հարությունյանին, պայծառադեմ Արտակ ու Մհեր Առաքելյաններին… Արտաշեսը տոհմի չորրորդ նահատակն էր, որ միացավ նրանց անվախճանության երթին, հավերժի երթին…

Հարազատներն ասում են, որ Արտաշեսի աճյունը ճանաչել են մարմնի վրայի դաջվածքից: Նրան ճանաչողներն ասում են նաեւ, որ Բռնակոթ գյուղը, Բալյան-Առաքելյան տոհմը, Ալբերտ հայրիկի եւ Շողիկ մայրիկի ընտանիքը, հայոց երկիրն ու հայոց բանակը կորցրեցին մի նվիրյալ զավակի եւ նվիրյալ զինվորի, որ նրա երկու զավակները կորցրեցին սիրասուն հայրիկի, կինը` Լիլիթը, կորցրեց անսահման նվիրված ամուսնու… Իրենք կորցրեցին, բայց երկինքը գտավ, իրենք կորցրեցին, բայց` հայրենի հողը գտավ, գտավ ու թանկացավ, գտավ ու հարստացավ, գտավ ու պատգամեց` կիսատ չթողնել նրանց գործը…

Մեր սրբազան երկրի մի աստվածընիր մասը կորցրել ենք, հերոսական սերնդի մի մասը կորցրել ենք, բայց չենք կորցրել այս նահատակներին հավերժ պարտք լինելու զգացողությունը, գիտակցությունը եւ արժանապատվությունը` նրանց հիշատակի առաջ եւ նրանց շիրիմներին խոնարհվելիս նորոգել մեր ուխտը` հայրենատիրության ուխտը…

Դու #հաղթել ես, արքայանուն Արտաշես Բալյան, հաղթել ես մահին, հաղթել ես ժամանակին… Հավերժ փառք քեզ ու հավերժ խոնարհում քո հիշատակին…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

08.04. 2021

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՄ ԲԱԺԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ. 44-օրյա պատերազմ

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2022 0
44-օրյա պատերազմի նահատակների մասին գիրք տպագրելու միտքը հետո ծնվեց: Պատերազմի առաջին օրերին, երբ գրեթե ամեն օր զինվոր էինք թաղում, պանթեոնից…

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27. ԶՈՀԵՐԴ ՆՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ…

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2021 0
Սեպտեմբերի 27-ից առաջ էլի պանթեոն էինք գալիս, էլի խոնարհվում ու խնկարկում էինք հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը դրած նահատակների հիշատակի առջեւ…Սեպտեմբերի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code