# ՀԱՂԹԵԼ ԵՍ. ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱԲԱՅԱՆ. «ՈՒՐԱԽԱՑԵԼ ԷԻ, ՈՐ ԳՏՆՎԵԼ ԷՐ ԵՂԲՈՐՍ ԱՃՅՈՒՆԸ»

Տեղադրված է at Ապրիլ 17, 2021
1182 0

Սիսիանի հերոսական պանթեոնի նոր հողաթումբը Անդրանիկնն է… Թարմ շիրմաթմբին, բյուր ծաղիկների ու ծաղկեպսակների հետ դրվեց նոր ցուցանակ` Անդրանիկ Մանասերի Բաբայան…

…Եւ որքան հույսեր խորտակվեցին… Սպասումի օրերը հաջորդեցին իրար, դարձան շաբաթներ, դարձան ամիսներ… Անդրանիկի վերադարձին գրեթե վեց ամիս հույսով, հավատով, աղոթքով ու տագնապով սպասեցին ծնողները, քույրը, եղբայրները, կինը, երեք զավակները, հատկապես` ավագ որդին, 12 ամյա Տիգրանը, որին հայրը ձգտում էր խիզախ ու համարձակ, ուժեղ ու կորովի մեծացնել:

Բազմանդամ ընտանիքում է ծնվել ու մեծացել Անդրանիկը, որտեղ մեկը մեկով էր մեծանում, մեկը մեկին պահել-շահելով էին հասակ առնում, իրար հասնում, իրար օգնում: Անդրանիկը ծնվել է 1986 թվականին բնության գողտրիիկ մի անկյունում` Բալաքում, ծառ ու ծաղկի, սար ու դաշտի հարեւանությամբ, բնության հետ ներդաշնակ: Դրա համար էլ անսահման բարի էր, ջերմ ու սրտակից, ոսկե սիրտ ուներ, խոսքն ու զրույցը ջան ու ջիգյար էր, գյուղում չկա մեկը, որ չցավա Անդրանիկի համար, չկա մեկը, որ չափսոսա նրա կորուստը…

Բալաքի տարրական, ապա` հարեւան` Շաղատի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է հայոց բանակում: Զորացրվելուց հետո վերադարձել հայրենի գյուղ ու օգնել ծնողներին տնտեսության մեջ:

2017-ին պայմանագրային ծառայության է մտել Սիսիանի զորամասում: Պատերազմի հենց առաջին օրերին էլ մեկնել է Արցախ, մասնակցել Կարկա-Բազար գյուղի մարտական գործողություններին: Հոկտեբմերի 13-ին զանգահարել է մորը, ասել, որ ինքը լավ է, իր համար չանհանգստանա, միայն իրենց լավ պահեն… դա եղել է նրա վերջին զանգը: Զինակից ընկերները հետո պատմել են, թե որքան խիզախ ու համարձակ էր կռվում դիպուկահար Անդրանիկը: Առաջ էր գնում առանց վախենալու: Ու երբ գնդացիրը լիցքավորելու համար դուրս էր եկել խրամատից, թշնամին հենց այդ պահին էլ խփել է նրան: Մարտական ընկերները Անդրանիկի դին դրել են մի ծառի տակ, ծածկել, որ ետ դառնալիս վերցնեն իրենց հետ, բայց տեղանքն անցել է թշնամուն, ու ընկերներն այլեւս կորցրել են իրենց զոհված ընկերոջը: Նրա աճյունը, ինչպես պատմում են հարազատները, դուրս է բերվել միայն խաղաղապահ ուժերի կողմից մեկ ամիս առաջ եւ միայն հինգ օր առաջ է հաստատվել նույնականացման թեստի պատասխանը, ու նահատակ զինվորի աճյունը հանձնվել է հարազատներին:

Անդրանիկ Բաբայանի աճյունը հանձնվեց հողին ապրիլի 12-ին: Քույրը` Արմինեն, խեղդելով ցավը, ասում է, որ ինքը եղբոր զոհվելու մասին իմացել է հենց նույն օրը, բայց խնայել են ծնողներին, չեն ասել: Ծնողները հարեւաններից են իմացել: «Ի՞նչ ասեի, ո՞նց ասեի, զանգահարեի հույսով-հավատով սպասող մորս ու ասեի` որդիդ զոհվե՞լ է… Մենք իմացել ենք հենց զոհվելու օրը` հոկտեմբերի 13-ին, բայց ծնողներիս տեղեկացրել ենք ավելի ուշ, որ նրանց հույսը մի քիչ էլ երկարի, նրանց սպասումը մի քիչ էլ հույսով լցվի: Ի՞նչ կարող է ասել նահատակ եղբայր հուղարկավորող քույրը, ով վեց ամիս էլ տեղ չի թողել, էլ մորգ չի թողել, փնտրել է: Քրոջ համար եղբայրը հպարտություն է, ասում էր` քուրս, թիկունքիդ կանգնած եմ, բայց խոսքի տերը չեղավ, գոնե իր երեխաների գլխին լիներ, ոչ մեկիս չխղճաց: Բայց թող իր զոհաբերությունը անտեղի չանցնի, ինչ որ մենք ենք տեսել, ուրիշները չտեսնեն:  Հերացիում բոլորն արդեն ճանաչում էին ինձ, էնքան էի գնացել-եկել, վերջին անգամ զանգեցի եղբորս կնոջը` Անահիտին, ասացի, որ Հերացի փողոցից արդեն զզվում եմ, էլ չեմ գնալու, բայց հինգ րոպե հետո զանգահարեցին ինձ եւ ասացին, որ եղբորս դնթն-ն հաստատվել է…. Ուրախացա, պատկերացնու՞մ եք, ուրախությունից չգիտեի` ինչ անեի: Էդպիսի բան կլինի՞, որ քույրը ուրախանա զոհված եղբոր համար, բայց ես ուրախացել էի, որ նրա չարչարված աճյունը գտնվեց, որ այդքան դեգերումներից հետո կհանձնենք հայրենի հողին եւ նրա հոգին կխաղաղվի… Ինձ համար եւ բոլորիս համար Անդոն կա, Անդոն անգամ երազում է ինձ օգնում, հուշում, ձայն տալիս: Անգամ` զոհված, էլի ինքը իմ թիկունքին է: Բայց ցանկանում եմ, որ այն, ինչ մենք տեսանք, ոչ ոք չտեսնի, ինչ մենք ապրեցինք, ուրիշները չապրեն, մերը թող վերջինը լինի, բայց մեր նահատակների թափած արյունը իզուր չդառնա… Իսկ իմ Անդոն կա, իր հոգին կա, իր հիշատակը կա…»,-ասում է քույրը` Արմինեն:

Պատերազմ մեկնելու նախօրեին կնոջը` Անահիտին խնդրել է միասին նկարվել, ասել է` թող միասին նկար ունենաք: Ի՞նչ իմանար, որ վերջինն է լինելու: Մայրը` Էմման էլ մղկտացել է, բա որ իմանար վերջինն է լինելու, ինքն էլ կնկարվեր տղայի հետ… Ի՞նչ իմանային, ո՞նց իմանային անիմանալին ու անքննելին…

ՀՀ նախագահի հրամանագրով Անդրանիկ Բաբայանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալի, որը Էմմա մայրիկին հանձնվեց Անդրանիկի հուղարկավորման օրը: Տատն ամենայն պատասխանատվությամբ եւ վստահությամբ այն փոխանցեց թոռանը` Տիգրանին եւ պատգամեց լավ պահել ու միշտ հիշել, որ հայրը զոհվել է հանուն հայրենիքի, հանուն իրենց ապագայի եւ հանուն բոլորիս…

Թաց աչքերով 12-ամյա Տիգրան Բաբայանը, որ ամուր գրկել էր հոր մեդալը, ասես գրկել էր կարոտած հորը, որն այդպես էլ տուն չվերադարձավ եւ մնաց հեռուներում…

Կանցնի ժամանակը, ինչպես որ անցել է արդեն վեց ամիս, հետո` վեց տարի, հետո… Բայց ցավը չի անցնի, չի մոռացվի, պարզապես կսկսենք ապրել ցավի հետ ու երբ նահատակների որդիները փեսայանան, դուստրերը` հարսնանան, այրիները`ճերմակեն, ամեն անգամ հաց կիսելիս, ինչպես որ միշտ ենք արել ու հիմա ենք անում, առաջին բաժակը հեղելու ենք սուրբ հացի վրա ու հավերժ պարտք ենք մնալու նրաց, ովքեր ընկան վասն հայրենյաց, վասն ապրողաց…

Հ.Գ. Սիսիանի հերոսապատում Պանթեոնում Նարեկներ, Վարդաններ, Արմեններ, Դավիթներ, Արաներ, Անդրանիկներ եւ հայանուն այլ նահատակներ են ննջում` անկատար երազներով, անավարտ թռիչքներով… Տարբեր են նրանց ճակատագրերը, տարբեր` ապրած կյանքը, բայց նույնն է բոլորի կոչումը` նահատակ, նույնն է բոլորի զոհաբերումը` հանուն հայրենյաց եւ նույնն է բոլորի պատգամը` հատուցում…

Նույնն է նաեւ ապրողներիս` ձեռն ի սիրտ խոնարհումը` բոլորի հիշատակի առաջ, նույնն է նրանց թանկ արյան հաշվին ապրելու պարտքի անպարագիծ զգացումը եւ նույնը` նրանց գործը կիստ չթողնելու ազգային ուխտը…

Դու #հաղթել ես, Անդրանիկ Բաբայան, հավերժ փառք քեզ եւ հավերժ խոնարհում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

12.04.2021

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՍԻՍԻԱՆՍ…

Տեղադրվել է - Դեկտեմբեր 2, 2022 0
Սիսիանս… Ամեն անգամ ինքնակենսագրական վեպեր կարդալիս որոշում եմ ես էլ մի գիրք գրել իմ համեստ, մաքառող, տուժած ու պաշտպանվող քաղաքի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code