#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ. ՆՆՋԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ, ԿԱՊԻՏԱՆ ԳԱՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
241 0

Սիսիանում մի սերունդ մեծացավ, որն աներկբայորեն կոչվեց արցախյան առաջին ազատամարտի հերոսական սերունդ, ով, դեռեւս անփորձ զինականի կարգավիճակով, կարողացավ ոչ միայն իր վրա վերցնել արցախյան առաջին ազատամարտի ողջ պատասխանատվությունը, այլեւ` թշնամուն հասկացրեց, որ հայրենիքի համար մղվող կռիվը անընկալելի ու անհասկանալի է քոչվորի իրենց նկարագրին: Հերոսական այդ սերնդի մեջ էր նաեւ շաղատեցի կապիտան Գարիկ Մուրադյանը, ով մասնակիցը եղավ արցախյան բոլոր պատերազմներին եւ գնաց գիտակցված մահվանն ընդառաջ` անմահանալով մեծ հաղթանակի ճանապարհին…

Անսալով հայրենիքի կանչին, միանալով մարտական ընկերներին` առաջին արցախյանն ավարտին հասցնելու հոգու պահանջով Գարիկ Մուրադյանը միացավ Սիսական ջոկատի իր մարտական ընկերներին եւ մեկնեց առաջնագիծ: Ցավոք, հոկտեմբերի 2-ին սիսիանցիները ստացան նրա զոհվելու լուրը:

Ազգային ազատագրական շարժման առաջին օրվանից 1989-91 թ.թ.-ից Գարիկն ինքնակամ նվիրվել է հայրենի Շաղատի սահմանների պաշտպանությանը, այնուհետեւ` թշնամու կողմից Արցախի զավթված տարածքների ինքնապաշտպանությանը եւ ազատագրմանը: Կամավորագրվել է հատուկ գնդի Սիսիանի վաշտին սկզբում որպես պայմանագրային ազատամարտիկ:

1992 թվականին հատուկ գնդի Սիսիանի վաշտն ընդգրկվել է սահմանապահ զորքերի կազմում, որտեղ Գարիկ Մուրադյանը նշանակվել է Սիսիանի պարետատան Շաղատի ուղեկալի հրամանատար: 1992 թ.-ին Սիսիանի պարետատան կազմում մասնակցել է Կապանի մի քանի գյուղերի եւ հարակից կրակակետերի վնասազերծման մարտական գործողություններին:

1992 թվականին մասնակցել է Քաշաթաղի (Լաչինի միջանցք), Հադրութի շրջանի Ազոխի եւ Դրախտիկ գյուղերի ազատագրման եւ պաշտպանության, Խնձորեսկի, Գյուլիբերդի մարտական գործողություններին, մի շարք այլ բնակավայրերի ազատագրման եւ պաշտպանության մարտական գործողություններին:

1993 թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ երկրորդ ԱՄՀԲ-ի 21146 զորամասի երկրորդ վաշտի հրամանատար: Նույն թվականին մասնակցել է Գյուլիբերդ գյուղի եւ Ղուբաթլիի շրջանի ազատագրման մարտերին, Զանգելանի պաշտպանությանը, մի քանի գյուղերի ազատագրմանն ու պաշտպանությանը:

1994 թվականին մասնակցել է Ֆիզուլի-Հորադիզ պաշտպանական գոտու ծանր մարտերին:

1994 թվականին մարտին նոր կազմավարված «Սիսական» գնդում նշանակվել է սկզբում` վաշտի հրամանատար, այնուհետեւ` առաջին գումարտակի շտաբի պետ:

1998 թվականին նշանակվել է 3-րդ հրաձգային գումարտակի շտաբի պետ, 2000 թ.-ին` Սիսիանի զորամասի պայմանագարային վաշտի հրամանատար:

«Կապիտան Գարիկ Սերոբի Մուրադյանը պատերազմանակ բոլոր բարդ իրավիճակներում կարողացել է ճիշտ կողմնորոշվել եւ ընդունել մի շարք բարդ որոշումներ, մշտապես վայելել է զինծառայողների սերն ու հարգանքը»,- մարտական ընկերոջն այսօր հայրենի հողին հանձնելիս ասաց պահեստի փոխգնդապետ Ժիրայր Ամիրջանյանը:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար կապիտան Գարիկ Մուրադյանն արժանացել է «ԼՂՀ Արիության», «Արցախի մարտական ծառայության», «Արցախի մայրերի երախտագիտության», ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», անբասիր ծառայության համար եւ այլ մեդալներով ու շքանշաններով, պատվոգրերով ու շնորհակալագրերով…

Ու ահա մարտական այսպիսի ճանապարհ անցած, նման վաստակ ունեցող զինականը դժվար թե հանգիստ նստեր տեղում, երբ վայրագ թշնամին, մինչեւ ատամները զինված, կրկին փորձել էր ոտնախոկ անել մեր սրբազան հայրենիքը եւ տրորել իր քոչվորական կճղակների տակ…

Սանձազերծած պատերազմի երկրոդ օրը 56 ամյա կապիտան Գարիկ Մուրադյանը միացավ «Սիսական» ջոկատի իր զինակից ընկերներին եւ մեկնեց առաջնագիծ ու քաջաբար զոհվեց հոկտեմբերի 2-ին…

Սիսիանի պանթեոնում կրկին հոգեհանգստյան աղոթք էր ու «վերջինը լինի» մրմունջ, կրկին երկրի պետական օրհներգի հնչուններ էին ու հրաժեշտի ծափեր ու ծաղիկների ծով, կրկին հավերժ փառքի եւ հիշատակն անմար մնալու սրտառուչ խոսքեր էին…

Հ.Գ. Հերոսական երկրի հերոսական ժամանակներ, երբ մի կողմից հայրենիքի զինվոր ենք հանձնում հայրենի հողին, մի կողմից` ազատագրում այդ հողը, մի կողմից էլ` նահատակվում այդ հողի համար… Հավերժ փառք հայրենիքի նահահատկներին…

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

7 հոկտեմբեր

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code