#ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ…ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԶԻՆՎՈՐԸ, ՈՐ ԵՐԿՐԻՍ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
198 0

Ամեն աստծո լուսաբացի, բարի լույսի հետ եւ բարի լույսի պես առաջին հարցը զինվոր-տղերիք մասին է` ի՞նչ կա-ի՞նչ չկա…Եւ առաջին արձագանքն էլ լինում է պատասխանից կախված` փառք աստծո, կամ` վախ, տեր աստված…  Ու մինչ հայրենյաց նահատակը երկիրը պաշտպանող կրակագծից վահանի վրա տուն կգա, ափսոսանքի հառաչները, խնկարկումի խոսքերը, հավերժի փառքերը լցվում են հայոց երկրի ամեն տուն ու անկյուն, ամեն սիրտ ու ամեն հոգի… Փոքր քաղաք է, գրեթե բոլորս ճանաչում ենք իրար, ու վիշտը դառնում է բոլորինս, սփսփանքը` բոլորինս, մխիթարությունը` բոլորինս… Եւ մեկս մեկից անկախ, մեկս մեկից համոզված արտաբերում ենք` էս ի~նչ ոսկե սերունդ է, էս ի~նչ ազգընտիր քաջեր են, էս ի~նչ հատընտիր զինվորներ…

Ամեն նահատակին հայրենի հողին հանձնելիս թվում է` բառերս սպառվել են, թվում է` էլ ասելիք չմնաց, թվում է` ամեն ինչ ասված է, թվում է` էլ թանաք չկա ու արյուն չկա` հյուսելու նոր փառապսակ, գրելու հերոսապատման նոր էջ, անմահներին վայել նոր ձոն ու տող… Բայց` չէ… Ամեն նահատակի համար իմ երախտապարտ ու սիրագորով գրիչը, իմ երախտագետ հոգին, իմ խնկաբույր աղոթքը բառեր գտնում է, իրենց արժանի բառեր, իրենց բնորոշ յուրահատուկ բառեր, իրենց սխրանքին ու նահատակությանը վայել բառեր: Ամեն նահատակ իր բաժին սերը ունի, իր բաժին խոնարհումը, իր բաժին խնկարկումը, իր բաժին ծնրադրումը, իր բաժին անմահությունը, հավերժումի իր տեղը հայոց փառքի տաճարում, հայոց քաջապատում-հերոսապատում մատյանում…

Հետո ցավը դադարում է մեկինը լինել, ընտանիքինը լինել. այն դառնում է բոլորինս, քաղաքինը, երկրինը, ազգինը… Հետո ցասումը դառնում է բոլորինս, երկրինը, ազգինը, հետո հաղթանակի հավատը ահագնանում է, հետո զինվորի շիրմի առաջ հաղթանակի երդումը ծառանում է դեպի երկինք, հասնում ամենակալին, որ մեր հույսը ամոթով չթողնի, որ մեզ չամաչեցնի այս գարուն կյանքերի առջեւ, Վարդան անունով 19-ամյա այս լուսերես պատանու հիշատակի առջեւ…

…Եւ ափսոսանքի խոսքեր էր, որ Վարդանի հասցեին հոսում էր սրտից սիրտ, տնից տուն, բակից բակ… «Վարդանն ա ինքը, քաջ Վարդանը, արժանի իր անվանն ու ապրած ու ապրեցրած 19 տարիներին։ Վարդանն ա, մեր փողոցի ամենասիրուն տղան, մեր տան ամենալավ ու ամենասպասված տղան, ամենասիրուն ու ամենակախարդական ժպիտով, ամենաջիգյարով տղան, ով այլևս հավերժի ճամփորդ է՝ ձուլված հայրենի հողին, միացած քաջարի մարտիկներին, ամփոփված Փառքի Պանթեոնում….»,- իր էջում գրեց Anna Hakobyan-ը:

«Մանկությունս ավարտվեց… Ցավում եմ… Էս անգամ դու մենակ գնացիր ՀԱՂԹԱՆԱԿԻ հետևից… Ես կորցրի մի ամբողջ մանկություն, իմ մանկությունը ՀԵՐՈՍԱՑԱՎ… 2020 -ը խլեց մանկությունս… 2020 թվականի նոյեմբերի 3-ը… Իմ պատերազմը սկսվեց հենց այդ օրը… Պատերազմ ցավի ու վրեժի, արցունքի ու ուժի միջև… Ես կորցրի իմ ՄԱՆԿՈՒԹՅԱՆԸ: Խոստանում եմ, որ մանկության վառ օրերը, բարի խաղերը, ժպիտը ու հոգատարությունը կպահեմ իմ մանկության պահարանում… երբեք չմոռանալով, որ ես ապրում եմ քո կյանքի գնով… Իմ մանկությունն ավարտվեց, բայց դու կմնաս իմ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ: Ննջի’ր խաղաղությամբ, իմ մանկության լավ ու վատ օրերի ՀԵՐՈՍ ընկեր…»,- գրեց Լարիսա Հարությունյան-ը:

Այս ցավեցնող բառերն արդեն բավարար են, հասկանալու, թե ինչ լավ մարդ, ինչ հասնող ընկեր, ինչ ազիվ հայորդի էր Վարդանը, որ ընկավ հաղթանակի ճանապարհին…

Հասկանում ես, որ Գայի 2-ի բակից մի ժպիտ պակասեց, որ փողոցից մի զվարթ ծիծաղ պակասեց, Հովհաննիսյանների տնից մի ջերմ սիրտ պակասեց, Սիսիան քաղաքից մի խոստում պակասեց, ընկերների շրջապատից մի նվիրում պակասեց, հայոց երկրից մի լուսապայծառ ապագա պակասեց, հայոց բանակից մի նվիրյալ զինվոր պակասեց, տիեզերքից` մի սրտաչափ սեր պակասեց, ու այս ամենի անունը Վարդան էր…Վարգան Գեւորգի Հովհաննիսյան…

Հոկտեմբերի 4-ին ծննդյան օրն էր, 19 էր դարձել, բարի, անփորձանք, խաղաղ ծառայության մաղթանանքներ ստացել, բայց… պատերազմն արդեն սկսված էր… Ու նոյեմբերի 3-ին զինվոր Վարդանն ընկավ խրամատում` հաղթանակի հավատով…

«Վարդանը շտապում էր բանակ գնալ, դեռ զինվորական չդարձած, արդեն զինվոր էր… Փոքր տարիքից ինձ հետ զորամաս էի տանում, շփվում էր զինվորների հետ, նվագախմբի տղաների հետ կատակներ էր անում, հետները ուրախ, աշխույժ երգեր էր նվագում, բոլորը սիրում էին Վարդանին, ինքն էլ բոլորի հետ էր կապված, ու հոգով արդեն զինվոր էր, իմ հերոս զինվորս…Իսկ այսօր նույն նվագախումբը Վարդանիս համար պետական օրհներգն է հնչեցնում»,-մղկտալով ասում է Վարդան Հովհաննիսյանի հորաքույրը` Արուսը, ով աշխատում է Սիսիանի զորամասի գրադարանում: Հորաքույրը Վարդանին հաճախ է զորամաս տարել, ու արդեն կայացած-ձեւավորված երիտասարդ էր, երբ մի քանի ամիս առաջ զորակոչվեց հայոց բանակ… «Վարդանի զոհվելու լուրը զորամասում խնամքով թաքցնում էին ինձանից, գիտեին, որ չեմ դիմանա, գիտեին, որ Վարդանի կորուստը ծանր հարված կլինի ինձ, խնայում էին, չէին ասում… Բայց խնամքով թաքցրած գաղտնիքը երկար չէր կարող գաղտնի մնալ… Վարդանս, քաջս, հերոսս, նվիրյալս»,– կրկնում էր Արուս հորաքույրը…

Անիծվես, պատերազմ, անիծվես, պատերազմի հրձիգ գիշատիչ թուրք, անիծվես հավերժ… Անիծվես հավիտայանս, ժառանգներով ու թոռներով, անիծվես որդոց որդի… Անիծելուն անսովոր, անեծքին խորթ ու անեծքով երբեւէ չպղծված իմ շուրթերը հիմա միայն մի բան են շշնջում` անիծվես հավետ ու հավերժ…#գյոռբագյոռ լինես, եւ լինելու ես…

Մեր արյունը մեր հողի համար է, մեր կռիվը մեր հայրենականն է: Չենք ընկրկելու, չենք վհատվելու, չենք կոտրվելու` որքան էլ ցավը խորը լինի, որքան էլ կորուստները թանկ լինեն, որքան էլ պատերազմը դաժան լինի, ուժերը` անհավասար: Մենք մեր տունն ենք պահում, մեր սուրբ օջախը, մեր սրբազան պանթեոնները, մեր լինելիության հավերժական արժեքները… Դուք կորչելու եք վայրագ հողմերի պես…

#ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ…

Փառք հայրենիքի նահատակներին, հավերժ փառք…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

5 հոկտեմբերի

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թոռներիցս թաքուն եմ արտասվում, արտասվում եմ գոմում, դաշտում, բակում… 44-օրյա պատերազմի նահատակ Կարեն Ստեփանյանի հայր

Տեղադրվել է - Դեկտեմբեր 2, 2021 0
Որքա~ն դժվար է ինձ համար արցախյան 44-օրյա պատերազմի հրադադարից մեկ տարի հետո էլ զոհված զինվորի ծնողի, կնոջ, երեխաների հետ խոսելը……

ՄԵՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ. ՅՈՒՐԻ ՋԱՎԱԴՅԱՆ-80. «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ, ՄԻՇՏ ՕԳՆԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ»

Տեղադրվել է - Մայիս 20, 2022 0
Հանդիպեցինք պատահաբար: -Այս ո՞ւր այսպես վաղ,-ասաց իմ «հարյուր տարվա ընկեր» Գագիկ Ոսկանյանը,-այս ժամին խմբագիրներն աշխատանքի չեն գնում, միայն ուսուցիչներն ու…

#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ՄՀԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ. Հորեղբոր որդու աչքը էլ Մհերի ճամփան չի պահում. Հիմա նրանք հավերժ միասին են…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Երբ դեկտեմբերի 12-ին հուղարկավորված Արտակ Առաքելյանի շիրմաթմբի եւ դեկտեմբերի 20-ին հուղարկավորված մեր մյուս նահատակի` Էդգար Սարգսյանի շիրիմների արանքում որոշակի տարածք…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code