#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ… Քո արյան գինը հաղթանակն է լինելու, մեր զինվոր Նարեկ…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
809 0

Երբ Սիսիանի պանթեոնում հնչում է պետական օրհներգը, երբ խնկաբույր օդի մեջ տարրալուծվում է տիեզերական թախիծը ու լուսապայծառ մի երիտասարդի աճյուն էլ է ամփոփվում հայրենի հողում, հողը մի պահ սարսռում է, երկինքը ըմըոստանում է, օդը կանգ է առնում… Ապա երիտասարդի դին մեղմորեն, հանդարտ իջնում է հողի գիրկը… Այսպես կերտվում է մեր հերոսական ազգի հնօրյա ու նորօրյա պատմությունը… Այդ պատմությանն այսօր միացավ մի ազնվական երիտասարդի, մի սիրված հայորդու, մի պայծառ սիսիանցու` Նարեկ Սուրենի Մանուկյանի անունը…

2000-ին Սիսիանում ծնված պատանին 2003-ին տեղափոխվել էր Երեւան, սովորել տեղի դպրոցում, ապա ուսում ստացել պոլիտեխնիկական քոլեջում, անխաթար պահել սիսիանյան նկարագիրն ու սիսիանյան դիմագիծը: 2019-ին զորակոչվել էր հայոց բանակ, ծնողներին, ընկերներին, հարազատներին հրաժեշտ տվել խանդավառ, բարձր տրամադրությամբ: Բանակը ավելի էր կոփել ու գոտեպնդել նրան, դարձրել ավելի կամային ու պինդ: Եվ պատահական չէ, որ մարմնին դաջել էր երդումի ու պատգամի պես հնչող` «հանձնվել չկա» բառերը… ու այդպես ապրել բանակային կյանքը, այդպես մասնակցել այս օրերին հայրենիքի համար ընթացող թշնամի թուրքի սանձազերծած պատերազմին… Բայց պատերազմը նրա երիտասարդ կյանքն էլ տարավ…

Նարեկ Մանուկյանի վերջին հրաժեշտին ստրառուչ ու ցավ պատճառող խոսքեր հնչեցրեց պահեստի փոխգնդապետ Ժիրայր Ամիրջանյանը, ում ձայնն արդեն կերկերում է վերջին օրերին այսքան շատ դամբանական խոսքեր ասելու պատճառով…

Նարեկի շուրթերով պահեստի փոխգնդապետը ներողություն խնդրեց Սուրեն եւ Թամարա Մանուկյաններից` իրենց այդքան ցավ պատճառելու համար, սիրած աղջկանից, որ այդպես էլ չպահեց վահանով վերադարձի խոստումը, հարազատներից, որ դարձան ոչ թե իր պսակադրության, այլ` հավերժություն ճանապարհելու վկաներն ու մասնակիցները…

Այսքան սեր, այսքան արյուն, այսքան մատաղ կյանք, այսքան զոհաբերում, այսքան խոյանք, այսքան ցավ ու ցասում, այսքան անմնացորդ նվիրում ու նահատակություն է՞լ որ երկրի համար է դրվել… Դրա համար է այսքան թանկ ու այսքան անփոխարինելի այս սրտաչափ Հայաստան երկիրը, մեր երկիրը, մեր հայրենիքը…

Քո թանկ արյան գինը հաղթանակն է լինելու, սիրելի զինվոր Նարեկ…

Հավերժ փառք քեզ, հիշատակդ` անմար, անունդ` անմահ… Հավերժ խոնարհում…

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

14 հոկտեմբեր

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Ինչո՞ւ է ոտնահարվել զինվորի պատիվն ու արժանապատվությունը…

Տեղադրվել է - Մայիս 31, 2022 0
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 77,5 մլն դրամ գումար է հատկացրել Սիսիանի համայնքապետարանին`  44-օրյա պատերազմում զոհված եւ Սիսիանի պանթեոնում հուղարկավորված…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code